27/05/2014

Հնչյունային այբուբենի ստեղնաշար հայերենի համար

Ձեզնից (կամ Ձեր ընկերներից) ովքեր գործի բերումով  (կամ «հավեսի համար» ։)) հայերեն հնչյունային այբուբենի գործածության կարիք են ունենում (հատկապես հայագետներին է սա շատ պետք գալիս), կարող են տեղակայել մեր պատրաստած մի ստեղնաշար, որպեսզի անհրաժեշտ տառաձևերն ամեն անգամ այլագրի միջոցով չմուտքագրեն։ Այդ ստեղնաշարը ներբեռնելու  և գործածելու համար, եթե Լինուքս համակարգն եք գործածում, կարդացեք մեր մեկ այլ գրառման վերջին մի քանի պարբերությունը։ Իսկ եթե Ուինդոուս համակարգն եք գործածում, ապա պարզապես ներբեռնեք նույն այդ ստեղնաշարի ուինդոուսյան տարբերակը (թարմացրել ենք 2017 թ. հնվ. 30-ին)։

Եթե նայեք ներքոբերյալ պատկերին, կտեսնեք, որ այս ստեղնաշարը նույն անգլերեն ստեղնաշարն է, միայն վերին շարքի թվերը փոխարինված են հայերենի համար անհրաժեշտ գրանշաններով։ Դրանք այն բոլոր գրանշաններն են, որ անհրաժեշտ են հայերեն բառերը Հյուբշման-Մեյե-Բենվենիստի հնչյունային այբուբենով վերարտադրելու համար։ Այդ շարքում կտեսնեք, որ միայն մեծատառ J̌-ը չկա. այն գրելու համար պետք է երկու նշան գործածել՝ սեղմել մեծատառ սովորական J-ը և ապա փակող փակագծի տակ երևացող շրջված caret նշանը։

26/05/2014

Հ. Աճառյանի ներբեռնելի գրքերը համացանցում

Այս ցուցակը, հնարավոր է, արդեն հին լինի։ Վերջին տարբերակն ԱՅՍՏԵՂ է։

(Ցուցակը թարմացվել է 2016 թ. մայիսի 20-ին)


◈ Ուսումնասիրութիւններ հայկական գաւառաբանութեան (հանուած Բազմավիպի ԾԶ. հատորէն), Վենետիկ, 1898. կամ այստեղ
◈ Ուսումնասիրութիւններ հայկական բարբառախօսութեան, Գ, Քննութիւն Ղարաբաղի բարբառին, Վաղարշապատ, 1899. կամ այստեղ
◈ Ցուցակ հայերէն ձեռագրաց Սանասարեան վարժարանի ի Կարին / Catalog der armenischen Handschriften in der Bibliothek des Sanassarian-Institutes zu Erzerum, von H. Adjarian, Վիեննա / Wien, 1900. կամ այստեղ
◈ Թուրքերէնի ազդեցութիւնը հայերէնի վրայ եւ թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ, «Էմինեան ազգագրական ժողովածու», հտ. Գ, Թիֆլիս, 1902. կամ այստեղ
◈ Հայոց նոր վկաները, հտ. Ա (1155-1485), Վաղարշապատ, 1902 (համահեղինակ՝ Յակոբ Մանանդեան)
◈ Հայոց նոր վկաները, հտ. Բ (1486-1843), Վաղարշապատ, 1902 (համահեղինակ՝ Յակոբ Մանանդեան)
◈ Հայոց նոր վկաները, Վաղարշապատ, 1903 (համահեղինակ՝ Յակոբ Մանանդեան).  կամ այստեղ, կամ այստեղ
◈ Lautlehre des Van-Dialekts. Von H. Adjarian. Հանդէս հայագիտութեան - Zeitschrift für armenische Philologie: Erster Band, Marburg (Hessen), 1903, էջեր 74-86 և 121-138
◈ Քննութիւն եւ համեմատութիւն Եզնկայ նորագիւտ ձեռագրին, Վիեննա, 1904 (համահեղինակ՝ Տէր-Մկրտչեան Գալուստ)
◈ Պատմութիւն հայոց նոր գրականութեան, պրակք Ա-Բ, Վաղարշապատ, 1906
◈ Պատմութիւն հայոց նոր գրականութեան, պրակ Գ, Նոր-Նախիջեւան, 1912
◈ Հայերէն նոր բառեր նորագիւտ Մնացորդաց գրոց մէջ, Վիեննա, 1908
◈ Հայերէն նոր բառեր Տիմոթէոս Կուզի հակաճառութեան մէջ, Վիեննա, 1909
◈ Հայ բարբառագիտութիւն, «Էմինեան ազգագրական ժողովածու», հտ. Ը, Մոսկուա - Նոր-Նախիջեւան, 1911. կամ այստեղ
◈ Հայերէն նոր բառեր հին մատենագրութեան մէջ, հտ. Ա, Վենետիկ, 1913
◈ Հայերէն նոր բառեր հին մատենագրութեան մէջ, հտ. Բ, Վենետիկ, 1926
◈ Հայերէն գաւառական բառարան, «Էմինեան ազգագրական ժողովածու», հտ. Թ, Թիֆլիս, 1913. կամ այստեղ
◈ Տիմոթէոս Կուզ եւ Սբ Գրքի նորաբեր թարգմանութիւնը, «Շողակաթ», գիրք Ա, Վաղարշապատ, 1913, էջ 1-22
◈ Հայոց գրերը, Վիեննա, 1928
◈ Հայոց լեզվի պատմություն, մաս Ա, Երևան, 1940. ՑԱՆԿԸ
◈ Հայոց լեզվի պատմություն, մաս Բ, Երևան, 1951. ՑԱՆԿԸ
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Ա (Ա-Գ), Երևան, 1942
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Բ (Դ-Կ), Երևան, 1944
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Գ (Հ-Յ), Երևան, 1946
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Դ (Ն-Ս), Երևան, 1948
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Ե (Վ-Ֆ), Երևան, 1962
◈ Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ, Վիեննա, 1951
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի (համեմատությամբ 562 լեզուների), հտ. Ա, Երևան, 1952
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Բ, Երևան, 1954
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, Ներածություն, Երևան, 1955
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Գ, Երևան, 1957
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Դ-1, Երևան, 1959
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Դ-2, Երևան, 1961
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Ե, Երևան, 1965
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի, հտ. Զ, Երևան, 1971
◈ «Լիակատար քերականության» բոլոր հատորների ցանկերը
◈ Հայերեն արմատական բառարան, հտ. Ա (Ա-Դ), Երևան, 1971
◈ Հայերեն արմատական բառարան, հտ. Բ (Ե-Կ), Երևան, 1973
◈ Հայերեն արմատական բառարան, հտ. Գ (Հ-Չ), Երևան, 1977
◈ Հայերեն արմատական բառարան, հտ. Դ (Պ-Ֆ), Երևան, 1979
◈ Հայերեն արմատական բառարան. Հավելլիք և ուղղելիք, Երևան, 1982
◈ Հայոց գրերը, խմբագիր՝ Աղայան Էդ., [եռամաս, 1928-ի հրատարակությունը սրա միայն երրորդ մասն է], Երևան, 1984
◈ Կեանքիս յուշերէն, Անթիլիաս, 2003 (համառօտուած արեւմտահայերէն փոխադրութիւն պատանիների համար)
◈ Հայոց պատմություն (հյուսված ընդհանուր պատմության հետ), Երևան, 2004. կամ այստեղ
◈ Լիակատար քերականություն հայոց լեզվի (Իմաստաբանություն, բառաքննություն, շարահյուսություն), Երևան, 2005. կամ այստեղ
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Ա (Ա-Գ), Գ տպ., Հալեպ, 2006. կամ այստեղ
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Բ (Դ-Կ), Գ տպ., Հալեպ, 2006. կամ այստեղ
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Գ (Հ-Յ), Գ տպ., Հալեպ, 2006. կամ այստեղ
◈ Հայոց անձնանունների բառարան, հտ. Դ (Ն-Ս), Գ տպ., Հալեպ, 2006. կամ այստեղ
◈ Պոլսահայ անգիր բանահյուսություն, Երևան, 2009. կամ այստեղ
◈ Քննություն Կիլիկիայի բարբառի, Երևան, 2013
◈ Հայոց լեզվի պատմություն, մաս Ա, Երևան, 2013. կամ այստեղ
◈ Հայոց լեզվի պատմություն, մաս Բ, Երևան, 2013

24/05/2014

Կոմիտասյան և եկմալյանական պատարագներ և հավելումներ հայերեն էլ. գրադարանների մեր ցանկում


Եկմալյանի և Կոմիտասի մշակմամբ պատարագների նոտագրված հրատարակությունները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով՝

Եկմալյանի պատարագ

Կոմիտասյան պատարագ, Ա մաս

Կոմիտասյան պատարագ, Բ մաս

Սեղմված նիշքի տեսքով կարող եք ներբեռնել նաև պատարագի մեկ այլ նոտագրված հրատարակություն՝ եկեղեցական ութ ձայների նիշքերով հանդերձ։

Հայերեն էլ. գրադարանների մեր ցանկում ավելացրել ենք նաև «Հայ Եկեղեցւոյ գրադարանը», որտեղ և գտնվում են վերոնշյալ գրքերը, ինչպես նաև բազմաթիվ այլ գրքեր՝ ոչ միայն կրոնական, այլև բառարաններ, բանասիրական և պատմական գրականություն։ Բոլոր գրքերը տեսնելու համար օգտվեք ընտրացանկի Books բաժնի ստորաբաժանումներից։

Հայ Եկեղեցւոյ գրադարան


Ավելացրել ենք նաև հետևյալ հղումները՝

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գրադարան  
Բավական հարուստ գրադարան է։

 ՀՀ ԳԱԱ-ի թվայնացրած բոլոր ամսագրերը

Մատենադարանի մայր ցուցակի հատորները

«Նոյյան տապանի» էլ. գրադարանը
Սա դեռևս աղքատիկ էլ. գրադարան է, բայց, հնարավոր է, Ձեզ անհրաժեշտ գիրքը հենց այնտեղ գտնեք։




23/05/2014

Ինչպես մուտքագրել հատուկ գրանշաններ և պատկերակներ

Հատուկ գրանշաններ մուտքագրելու համար պետք է իմանալ տվյալ գրանշանի յունիկոդային այլագիրը կամ տասնվեցական թիվը (hexadecimal code/number), որը կարելի է գտնել բազմաթիվ ծրագրերում գտնվող կամ առանձին ծրագրի տեսքով ներկայացվող գրանշանային աղյուսակներում (Character map)*։ Այդ այլագրերը ներկայացվում են  U+ թվեր/թվատառային համադրություն տեսքով, օրինակ՝ U+058F (դրանցում մեզ պետք են U+ նշանակապակցությունից հետո եղած թվերն ու տառերը միայն, իսկ մեծատառով ներկայացվող տառերն իրականում փոքրատառով պիտի գործածվեն)։ Այս այլագրերը գործածելու ձևերը տարբեր են տարբեր օպերացիոն համակարգերում։

15/05/2014

Հայերենի դասական տառադարձություն և հնչյունային այբուբեններ

Հայերենի դասական տառադարձության սկզբունքները, որոնք հիմնված են գլխավորապես հունարենից վերցված բառերի հայերենացման սկզբունքների վրա, մի փոքր տարբերվում են այսօր ընդունված տառադարձության սկզբունքներից։ Եթե ժամանակին հունարեն Χ տառը հայերենում արտահայտվում էր «ք» տառով, կամ Φ-ն՝ «փ», ապա, հայ լեզվաբանների ընդունած տառադարձական վերջին կարգավորման համաձայն (1985 թ.), դրանք հայերենում պետք է տառադարձվեն որպես «խ» և «ֆ»։ Սա է պատճառը, որ ունենք հնուց եկած «քաոս», «մեքենա», «քղամիդ» և այլ «ք»-ավոր բառեր և դրանց կողքին՝ «մեխանիկա», «սխեմա», «խոլերա» ևն, ինչպես նաև՝ հնուց եկած «փյունիկ», «փասիան», «Փիլիպպոս» և այլ «փ»-ավոր բառեր և դրանց կողքին՝ «ֆիզիկա», «ֆոսֆոր», «Աֆրիկա» և այլն։

Ներքոբերյալ աղյուսակը ներկայացնում է`

Gallica bibliothèque numérique


Եվս մեկ հավելում համացանցում առկա հայերեն գրքերի աղբյուրների ցանկին։ Gallica թվանշային գրադարանում կա հայալեզու գրականության մի փոքր հավաքածու ևս։ Տեղադրված գրքերը ներբեռնելի են, սակայն դրանք գտնելու համար պետք է փնտրել. հայերեն գրքերի մեկ ընդհանուր ցանկ չի տրամադրվում։ Փնտրել պետք է հայերենի ավանդական ուղղագրությամբ և ամբողջական բառեր գործածելով։ Փնտրման ամենամեծ արդյունքը տվեց «Պոլիս» բառը, որ ներկայացնում է Կոստանդնուպոլսում հրատարակված գրքերի ցանկը՝

http://gallica.bnf.fr/Search?ArianeWireIndex=index&p=1&lang=EN&f_typedoc=livre&q=%D5%8A%D5%B8%D5%AC%D5%AB%D5%BD&x=0&y=0

Այդ փնտրման արդյունքներում եղած հեղինակների ցանկը տեսեք էջի ձախ կողմում։

Հաջորդ ամենամեծ արդյունքը տվեց «և» տառով փնտրտուքը, հետո՝ «տպարան»։ Փնտրեք նաև հեղինակների անուն-ազգանուններով։

Այստեղ կգտնեք հիմնականում արևմտահայ հեղինակների երկեր (Յակոբ Օշական, Մինաս Չերազ, Յակոբ Պարոնեան, Համաստեղ, Գրիգոր Սարաֆեան, Զարեհ Արշակեան ևն), թեև կան նաև Իսահակյանի, Թումանյանի, Դեմիրճյանի և էլի մի քանի արևելահայ հեղինակի գործեր։

Փնտրման արդյունքների մեծ մասը ներկայացված է ոչ թե հայագիր, այլ հայերենի համար ստեղծված ՄՀԱ-ի (միջազգային հնչյունային այբուբեն) տառադարձական համակարգով։ Սրան մենք կանդրադառնանք մեկ այլ գրառման մեջ։ Սակայն այս այբուբենի գործածությունը պիտի որ մեծ խնդիր չլինի նրանց համար, ովքեր դժվարանում են այդ տառադարձությամբ կարդալ, քանի որ գրքերի տիտղոսաթերթերի պատկերները ևս տրվում են ցանկում և կարելի է գրքերին ծանոթանալ նաև այդ պատկերների միջոցով։



12/05/2014

CherryTree. հայացված ևս մեկ և շատ օգտակար ծրագիր

Ուրախ ենք ներկայացնելու ձեզ ևս մեկ հայացված ծրագիր։ Այնքան լավն է այս ծրագիրը, այնքան քաղցր պտուղներ ունի այս բալենին, որ եթե կարողանայի ներբողյան հյուսել նրա պատվին, էլի քիչ կլիներ ։))

Այն կարող եք ներբեռնել հեղինակի կայքից։ Կան և Ուինդոուսի, և Լինուքսի համար ստեղծված տարբերակներ։

Ծանոթանանք CherryTree-ին։ Սա պատկանում է նշատետր-տեքստային խմբագրիչների ցեղին։ Եվ բալենի է կոչվում, որովհետև ծառանման նվիրապետական կառուցվածք ունի, ուր կարելի է ծլեցնել-աճեցնել ճյուղեր, ենթաճյուղեր, թոռնիկ ու ծոռնիկ ճյուղեր և այլն, որոնք ներկայացված են տարբեր գույների բալերի տեսքով (բայց եթե չեք ուզում այս պատկերակները, կարող եք նախընտրանքներում փոխարինել սովորական կետանշաններով կամ ընդհանրապես պատկեր չգործածել)։







Ծրագիրն օգտակար է թե՛ սովորական օգտվողներին, ովքեր ուզում են մի տեղ հավաքել-կազմակերպել իրենց նշումները, օրագրային գրառումները, հոդվածները, համացանցից վերցված նյութերն ու նկարները, անգամ ամբողջական գրքեր, և թե՛ ծրագրավորողներին, քանի որ թույլ է տալիս այլագրի վանդակներ (code box) դնել և ծրագրավորման բազմաթիվ լեզուներ գործածել՝ շարահյուսական գունանշմամբ (syntax highlighting)։ Ընտրության ենթակա ծրագրավորման լեզուներն ու ձևաչափերն այնքան շատ են այս ծրագրում, որ լիովին կարող են բավարարել շատ ծրագրավորողների կարիքները և, ավելին, մի տեղ հավաքել նրանց բազմաթիվ նիշքերը՝ կազմակերպված ծառի տեսքով։

11/05/2014

Հայերեն «արևելյան» (Eastern) և «արևմտյան» (Western) ստեղնաշարային դասավորությունների մասին

Շատերին կարող է հետաքրքրել, թե ինչ տարբերություն ունեն համակարգչի համակարգում տեղակայված «արևմտյան» և «արևելյան» կոչվող հայերեն ստեղնաշարները, և թե Դուք ո՛րը պիտի ընտրեք սրանցից։ 

 Սրանք հնչյունային դասավորությամբ ստեղնաշարներ են և տառերի դասավորությամբ տարբերվում են միմյանցից։ Ուստի, եթե Դուք արևելահայ եք, ընտրեք արևելյանը, եթե արևմտահայ՝ արևմտյանը։ Սրանց միջև տարբերությունն այն է, որ արևելյանում տառերի դասավորությունը համապատասխանում է արևելահայերենի հնչյունական համակարգին, արևմտյանում՝ արևմտահայերենի։ Օրինակ՝ եթե արևելահայ եք և պիտի «դ» տառը մուտքագրեք, ապա, քանի որ այն արևելահայերենում հնչում է ինչպես անգլերեն d տառը, այն կգտնեք անգլերեն d-ի դիրքում։ Բայց այսպես չի լինի արևմտահայերենի համար ստեղծված ստեղնաշարում, քանի որ արևմտահայերենում հայերեն «դ» տառը ոչ թե d է հնչում, այլ շնչեղ t, ուստի արևմտահայը հայերեն «դ» գրելու համար պիտի սեղմի ոչ թե d-ի ստեղնի վրա, այլ t-ի։ Արևմտահայի համար սա է հարմար։ Այս ստեղնաշարում հայերեն «բ»-ն կգտնեք անգլ. p-ի դիրքում, որովհետև արևմտահայերենում «բ»-ն «փ» է հնչում։ Եվ այսպես շարունակ։

Համեմատեք երկու հնչյունային ստեղնաշարները և կտեսնեք տարբերությունները։ Պատկերները վերցված են http://en.wikipedia.org/wiki/Armenian_alphabet-ից։

Արևմտահայերենի հնչյունային ստեղնաշար


Արևելահայերենի հնչյունային ստեղնաշար

Լինուքս-3. Հայերենը Լինուքսում

Նախորդ մասը՝ այստեղ։

Առաջին հերթին մարդկանց կարող է մտահոգել հայերենի հարցը. «Արդյոք ինչպե՞ս պիտի մուտքագրենք հայերեն, ի՞նչ է պետք դրա համար», «Կա՞ն արդյոք հայերեն տառատեսակներ»։ Միանգամից պատասխանենք, որ Լինուքսում հայերենի հարցը, ես կասեի, ավելի լավ է լուծված, քան Ուինդոուսում։ 

Ստեղնաշարներ
Լինուքսյան բաշխումներում արդեն իսկ տեղադրված են հայերեն թե՛ գրամեքենայի (typewriter), թե՛ հնչյունային (phonetic) դասավորությամբ ստեղնաշարներ, որոնք պարզապես պետք է ընտրել ստեղնաշարների ցանկից։ Ստեղնաշարների դասավորությունը փոխելու համար էլ կարելի է ընտրել ստեղնային այն համադրությունը, որը հարմար է Ձեզ. սովորաբար մենք գործածում ենք alt+shift համադրությունը, ուստի, եթե լինուքսյան Ձեր բաշխումում այլ համադրություն կլինի, խնդիր չկա, փոխեք ալտ-շիֆտի։

Լինուքս-2. Սկիզբ

Առաջին մասը՝ այստեղ։

Որոշել եք ռիսկի՞ դիմել, լինուքսյան որևէ բաշխո՞ւմ տեղակայել ձեր համակարգչում։ Համացանցում փնտրեք կամ ծանոթ լինուքսասերներին-լինուքսագետներին հարցրեք, և եթե որևէ բաշխում հավանեցիք, այդ բաշխման մասին համացանցում ավելի շատ տեղեկություն ձեռք բերեք։ Օրինակ՝ կարևոր է, որ այդ բաշխումը հասարակ օգտվողների շրջանում տարածված բաշխումներից մեկը լինի։ Կարևոր է, որ նրա համար ավելի շատ պատրաստի ծրագրեր լինեն։ Կարևոր է, որ գործածության առումով ավելի հարմար լինի սկսնակին։ Շատ կարևոր է, որ ձեր համակարգչի պարամետրերին համապատասխանի։ Եթե, օրինակ, շատ հին ու թույլ համակարգիչ ունեք, պետք է այնպիսի բաշխում ընտրեք, որը հնարավոր է նորմալ աշխատեցնել ձեր համակարգչում։ Օրինակ՝ Bodhy Linux-ը, Lubuntu-ն և Linux Lite-ը շատ հարմար են հին համակարգիչների համար։ Այս բաշխումները նաև նրանով են լավ, որ Ուբունտու հայրիկից են սերել, եթե կարելի է այսպես ասել, ինչը նշանակում է, որ Ուբունտուի (մինչ այժմ ամենից շատ ուշադրության արժանացած ու տարածված բաշխման) համար առկա ծրագրերից շատերը կկարողանաք գործածել ձեր համակարգչում։ Ընդհանրապես ես խորհուրդ եմ տալիս սկսնակներին տեղակայել և գործածել ուբունտուահիմն բաշխումներ, որոնք շատ-շատ են։ Շատ գովում են LinuxMint-ը, Zorin OS-ը։

Լինուքս-1. Որպես նախաբան



Նկարը գողացված է http://s717.photobucket.com/user/prestonjjrtr/media/Christmas/PenguinJumpsRopeLOL.gif.html-ից։



«Լինե՞լ, թե չլինել»,– ասել է ծագումով հայ Համլետը ;) անգլիացի մեծն Շեքսպիրի գրչով։ «Իսկ գող լինե՞լ, թե չլինել»,– նույնքան կարևոր գոյաբանական հարց եմ տալիս ես՝ համակարգչային ստեղնաշարին տկտկացնելով։ ☺

Այն պահից, երբ սկսում ես անհարմար զգալ, որ գործածում ես «գողացված», օրինական ճանապարհով ձեռք չբերված, չգրանցված ապրանք, օրինական ճանապարհով քեզ չտրամադրված այլագրեր՝ ծրագրերն ակտիվացնելու կամ ամբողջական օպերացիոն համակարգ տեղադրելու համար, ահա այդ պահից պետք է մտածել այլընտրանքային ծրագրերի և օպերացիոն համակարգի մասին, որոնք գործածելիս խիղճդ էլ, ձեռքերդ էլ մաքուր կլինեն։

28/04/2014

Գրաբարյան առցանց Աստվածաշունչ և համաբարբառ՝ զուգադիր անգլերեն Աստվածաշնչով հանդերձ


Armenian E-Bible: Classical Armenian - English Concordance
https://bible.armeniancathedral.org/

Վերոբերյալ հղմամբ գնալու դեպքում կօգտվեք գրաբարյան Աստվածաշնչի էլեկտրոնային համաբարբառից։ Հիանալի էլեկտրոնային գործիք է։
Համաբարբառը, ցուցադրման ու որոնման համակարգը ստեղծվել են «Առակ-29» բարեգործական հիմնադրամի (Երևան) լեզվաբանների և համակարգչային ծրագրավորողների խմբի կողմից (Թովմաս Սամուելյանի գլխավորությամբ)։

Առակ-29-ի կայքի հասցեն է՝ https://www.arak29.org։

Համաբարբառից օգտվելու համար ընտրեք անհրաժեշտ տառը։
























Իսկ եթե սեղմեք Table of Contents-ի վրա և ապա ընտրեք Աստվածաշնչի որևէ գրքի որևէ գլուխ, կտեսնեք այդ գլուխը գրաբարով և զուգադիր անգլերեն տարբերակով։






















25/04/2014

«Աշխարհացույցի» հեղինակը

Դարեր շարունակ «Աշխարհացույցը» համարվել է Մովսես Խորենացու գործը, սակայն  խորհրդային շրջանում այս գործը վերագրեցին 7-րդ դարում ապրած Անանիա Շիրակացուն, աշխարհաբար թարգմանությամբ հրատարակեցին դարձյալ Շիրակացու անունով և նրա ժողովածուում։ Այսպիսի վերագրման հիմնական պատճառն այն էր, որ «Աշխարհացույցում» կան տվյալներ, որոնք վերաբերում են ոչ թե 5-րդ դարին, այլ 7-րդ։ Դրանք, սակայն, «Աշխարհացույցի»՝ 7-րդ դարում կատարված խմբագրության հետևանք են, ինչպես ցույց է տալիս երջանկահիշատակ պատմաբան Բաբկեն Հարությունյանը դեռևս 1997 թ.-ին, այսինքն՝ 17 տարի առաջ, հրատարակած մի խիստ կարևոր ուսումնասիրության մեջ՝ «Աշխարհացոյցը» եւ չորս Հայքերի խնդիրը» (Երեւան, 1997)։ Այստեղ նա համոզիչ կերպով ապացուցում է, որ այս երկն իրոք գրվել է 5-րդ դարում և պատկանում է Մովսես Խորենացուն,  ինչպես և նշվում է մեզ հասած ձեռագրերում։

24/04/2014

Հատված «Շվեյցարական գյուղ»-ից

Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղ»-ից (1913 թ.)։ Վերահրատարակությունը՝ շուտով մեր կողմից։ Էլ. գրքի տեսքով կարող եք բեռնել մեր կայքից։


Ես երբեք չեմ կարող մոռանալ մի դեպք, որին ականատես եղա շվեյցարական գյուղում և որ խորապես հուզեց ինձ։ Ամրան սկզբին հեռավոր գյուղում հարմար պանսիոն փնտռելով՝ կանգ առա մի գյուղացու տան առաջ։ Տանտիկինը, որից տեղեկություններ էի խնդրում, հետաքրքրվեց իմ ազգությամբ. ես մի փոքր շփոթված մնացի՝ հաստատ համոզված, որ այս գեղջկուհին այս խուլ լեռներում հայ անունը լսած չպիտի լինի, և հետևապես հարկավոր է երկար-բարակ բացատրել, թե ի՞նչ ասել է հայ․ սա մի հանգամանք էր, որ շատ էլ չէր շոյում իմ ազգային հպարտությունը։
- Հայ եմ,– ասացի վարանոտ եղանակով։
- Ի՞նչ եք ասում, հա՞յ եք, հա՞յ. խե՜ղճ հայեր, դժբա՜խտ ժողովուրդ, սուլթանը ձեզ ինչպես կոտորեց, ախ Տե՛ր Աստված, դու ինչո՞ւ թույլ տվիր, խե՜ղճ հայեր...

Ոչ ժամանակակից հայ հեղինակների գործերի հրատարակության հարցեր

Երբևէ հանդիպե՞լ եք Թումանյանի, Շիրվանզադեի, Րաֆֆու և այլ հայ հեղինակների լեզվում առկա ուղղագրական «վրիպակների», օրինակ՝ բառում ինչ-որ տառի բացթողման, և տարակուսել, թե ինչի հետ գործ ունեք՝ իսկապես վրիպակի՞, թե հեղինակների ապրած շրջանի հայերենի առանձնահատկությունների։ Իսկապես, միշտ չէ, որ հնարավոր է սա հասկանալ, հատկապես եթե լեզվաբան չես, այլ սովորական ընթերցող, որ ապրում ես 21-րդ դարում և խոսում-գրում մի հայերենով, որը տարբերվում է հայ դասական գրողների մեծ մասի լեզվից։ Եվ, ի վերջո, վրիպակների հետ էլ կարող ենք գործ ունենալ, եթե սրբագրիչն ինչ-որ բան չի նկատել։ Եվ պատկերացրեք, որ վրիպակի դեպքում, կարծելով, թե հեղինակի կիրառած բառաձևի հետ գործ ունենք, գործը կամ նրա մեզ հուզող հատվածը վերարտադրելիս վրիպակը շարունակ կրկնենք։ Կամ էլ, ընդհակառակն, կարծելով, թե վրիպակի հետ գործ ունենք, հեղինակի լեզուն «սրբագրենք»։

Երկու օգտակար ֆայերֆոքսյան հավելված բնագրասերների համար

«Բնագրասեր» բառով ի նկատի ունենք նրանց, ովքեր ոչ միայն կարդալ են սիրում, այլև կարդացածը նշումներով նկարազարդել կամ բնագրի պարունակությունը չափել։

Ահա այսպիսիների համար հարմար հավելվածներ (add-ons) են Firefox զննարկիչում Wired Marker-ը` կայքէջերի բնագրերում գունանշումների համար*, և Word Count Tool-ը՝ ընդգծված բնագրի բառերի և նիշերի քանակն իմանալու։ Տեղակայե՛ք, վայելե՛ք։

Ահա՛ դրանց տեղակայման համար անհրաժեշտ հղումները՝

https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/wired-marker/

https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/word-count-tool/?src=ss

Վերջին հավելվածը կա նաև Google Chrome-ի համար՝
https://chrome.google.com/webstore/search/word%20count%20tool

* Առանձին գրավոր նշումների համար հարմար է ֆայերֆոքսյան հետևյալ նշատետր հավելվածը՝ QuickFox (https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/quickfox-notes/)։

14/04/2014

FocusWriter ծրագիրը՝ արդեն նաև հայերեն

Սա մի պարզ տեքստային խմբագրիչ է, որն արդեն կարելի է գործածել նաև հայերեն (հայերենացումը կատարվել է մեր կողմից)։ Այն կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ http://gottcode.org/focuswriter/

Ծրագիրը հայերենով գործածելու համար պարզապես պետք է մկնիկով շարժվել դեպի պատուհանի վերևում գտնվող ընտրացանկը և Settings-ի Application language-ում ընտրել հայերենը, ապա ծրագիրը փակել, նորից բացել։ Վե՛րջ։ Այդուհետ ամեն ինչ հայերեն կտեսնեք։ 




09/03/2014

ԱՐԵՎԱԿԻ «թաքնված» հայերեն-անգլերեն բառարանը

«ԱՐԵՎԱԿ-ի (Արևելահայերենի ազգային կորպուսի կայքի) գրադարանը թաքնված հայերեն-անգլերեն բառարան է նաև։ Ինչպե՞ս։ Բացատրեմ։ Երբ ընտրում եք որևէ հայերեն բնագիր, օրինակ՝ Թումանյանի հեքիաթները, և էջը բացում, բնագրային սովորական շարվածք եք տեսնում, բայց բավական է՝ մկնիկով սեղմեք որևէ բառի վրա, որ տեսնեք այդ բառի անգլերեն թարգմանությունը՝ քերականական նշումներով հանդերձ։

Սա չափազանց հարմար կարող է լինել այն հայորդիների կամ հայերեն սովորողների համար, ովքեր անգլերեն գիտեն, իսկ հայերեն նոր են սովորում կամ ամեն հայերեն բառ չեն հասկանում, սակայն ցանկանում են հայերեն գրքեր ընթերցել։



Ինչպես գործածել «Նայիրիի» և այլ առցանց բառարանները GoldenDict ծրագրով

Առցանց բառարանները կարելի է գործածել նաև առանց այդ էջերը զննարկիչում այցելելու՝ գործածելով միայն GoldenDict-ը։ Դրա համար անհրաժեշտ է, որ այն կայքը, որը ցուցադրում է բառարանը, հասցեի տողն այնպես ցուցադրի, որ այնտեղ տեսանելի լինի փնտրվող բառը։ Ավելի մանրամասն բացատրենք «Նայիրիի» բառարանների միջոցով։

«Նայիրի» կայքի բառարանների էջերը հետևյալն են՝

«Նայիրիի» անգլերեն-արևմտահայերեն-անգլերեն և արևմտահայերեն-ֆրանսերեն-արևմտահայերեն բառարանները

«Նայիրիի» հայերեն բառարանները

Այդ կայքում առկա բառարանների ցանկը ժամանակ առ ժամանակ թարմացվում-համալրվում է նոր միավորներով։ Այնպես որ հարկ է միշտ ստուգել վերոբերյալ երկրորդ հղմամբ էջը։ Բոլոր բառարաններն իրենց հղումներով և մեր պատրաստած հատուկ դասավորությամբ նաև ներկայացրել ենք այս էջում։

07/03/2014

GoldenDict. իսկապես ոսկյա բառարան





Այս բառարանային ծրագիրն ունի համակարգչային երեք օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Անդրոիդի համար տարբերակներ։ Ձրի է և, որ ամենակարևորն է, կարող է ներընդունել այլ էլեկտրոնային բառարանների ձևաչափերով պատրաստված բառարաններ (Babylon .BGL, StarDict .ifo/.dict./.idx/.syn, Dictd .index/.dict(.dz), ABBYY Lingvo .dsl)։ Օրինակ՝ եթե գործածում եք Աբբիի Լինգվոյի բառարանները կամ ծանոթ եք դրանց, ապա կարող եք դրանք գործածել Գոլդենդիկտում, այլ բազմաթիվ բառարաններով, ինչպես նաև հանրագիտարաններով հանդերձ։ Բացի դրանից, Գոլդենդիկտը հնարավորություն է տալիս միանալու առցանց բառարանների, օրինակ՝ ՆԱՅԻՐԻ-ի հայերեն բառարաններին, Վիքիպեդիային և այլն։