Showing posts with label գիտություն. Show all posts
Showing posts with label գիտություն. Show all posts

11/6/24

ԱԲ-ի գիտական հոդվածները

 Օրեր առաջ անգլերենի խմբագիրների մի առցանց համայնքում ամերիկացի խմբագիրներից մեկը գրել էր, որ մի գիտական հանդեսի համար հոդված է խմբագրում և զարմանալի խնդրի առաջ է կանգնել։ Նկատել է, որ հղվող գիտական հոդվածների մեծ մասի անվանումները կամ այլ տվյալներ գոյություն չունեն։ Փնտրել է համացանցում և ոչ մի տեղ չի գտել։ Ինչպե՞ս կարող էր այդպես պատահել, տարակուսում է նա։

Նրա գրառումը մեկնաբանողները նրան շնորհավորում են, որ նա խմբագրում է իր առաջին՝ ԱԲ-ի հեղինակած հոդվածը։ Պարզվում է՝ ԱԲ-ը երբ հոդված է հեղինակում, հղվող երևակայական աղբյուրների տվյալներ է ստեղծում։

Ուրեմն՝ հոդվածագիր «գիտնականնե՛ր» ջան, հաջորդ անգամ որ ԱԲ-ի օգնությամբ մի բան կգրեք այս կամ այն հանդեսում հրատարակելու և ձեր ինքնակենսագրականում մի տող ավելացնելու  համար, գոնե ֆայմեք, հղվող աղբյուրների տվյալները ստուգեք ու գոյություն ունեցող տվյալներով փոխարինեք։ Հնարավոր է՝ ձեր բախտը չբերի, ուշադիր խմբագիր կարդա ձեր բստրոցը և նկատի այն բոլոր թերությունները, որոնք հատուկ են ԱԲ-ի հեղինակած տեքստերին։

8/24/24

Մասնագետների մասին

Որևէ ոլորտի մասնագետներին կարելի է երկու հիմնական խմբի բաժանել՝ հետազոտողների և դասատուների։ «Դասատու» և ոչ թե «ուսուցիչ» եզրը գործածում եմ ո՛չ պատահականորեն։ «Դասատու»-ով նկատի ունեմ այն մարդկանց, որոնք ինչ-որ բան սովորած լինելով՝ որդեգրում են դասագրքային ճշմարտություններ, կանոններ, սկզբունքներ և դրանց այնքան հավատարիմ են, որ կորցնում են մտքի ճկունությունը և դառնում իրենց սերտածի համառ (երբեմն տխմարության հասնող) պաշտպաններ, բայց երբեք խորությամբ չեն քննում իրենց սերտածը, չեն մտածում դրա էության ու նպատակի կամ նպատակահարմարության մասին։ Ուստի բնական է, որ երբեք կարիք չեն զգում որևէ բան վերանայելու, փոփոխելու, ինչ-որ բան ճշտելու կամ փոխելու, առավել ևս մերժելու։ Դասագրքայինից կամ կանոնականից տարբեր կարծիք չունեն որևէ երևույթի վերաբերյալ, ուստի նոր ասելիք չունեն իրենց ոլորտում։ Նրանք պարզապես լավ սերտում ու շարունակ հավատարմորեն կրկնում են որոշակի տեղեկույթ կամ կիրառույթ և այն հավատարմորեն կիրառում իրենց աշխատանքում։ Իսկ եթե իրենց ոլորտում որևէ երևույթի վերաբերյալ բան չեն գտնում դասագրքերում, որ յուրացնեն ու կրկնեն, ի՞նչ են անում այս դեպքում։ Հանրության շրջանում կամ իրենց ոլորտի շրջանակում եղած տեսակետներից ընտրում են այն մեկը, որն ավելի տարածված կամ ընդունելի է շատերի համար (կամ ընդունելի կարող է լինել)՝ անկախ նրանից՝ այդ տեսակետը ճիշտ կամ խելամիտ է, թե ոչ։ 

Դասատուի այս նկարագրությունն արդեն հուշում է, թե հետազոտողն ով է՝ քննողը, մտածողը, ուսումնասիրողը, հարցեր բարձրացնողը, ճշտումներ կամ անգամ հերքումներ անողը, ասելիք ունեցողն ու հանրությանը համարձակորեն դա ներկայացնողը։ 

Իրերի այս դրությունը շատ բնական է։ Պարզ է, որ բոլոր մարդիկ չեն կարող ունենալ նույն ձևով աշխատող ուղեղ։ Սակայն իրերի այս դրության հետևանքը հաճախ այն է լինում, որ հետազոտողի ու դասատուի ջրերը նույն առվով չեն գնում, իսկ երբ բախվում են, դասատուները, ավելի շատ լինելով, հաղթում են։

Բայց այս հիմնական երկու խմբերից բացի կան նաև էքսցենտրիկները կամ էքսցենտրիկ երևալուց հաճույք ստացողները (մեծամիտ «հանճարները»), որոնք խիստ թերի գիտելիքներ և անգամ մտավոր կարողություններ ունենալու պատճառով նույնիսկ մասնագետ կոչվել չեն կարող, բայց որոնք անպայման ուզում են ինչ-որ բան փոխել այն ոլորտում, որի իբր մասնագետն են, կամ այդ ոլորտում մի ցնցող նոր խոսք ասել։ Կարևոր չէ՝ այդ փոփոխության կամ նոր խոսքի կարիքը կա, թե ոչ, կամ թե այդ փոփոխությունը կամ նոր խոսքն ընդհանրապես խելամիտ է, թե ցնորամտության արդյունք։ Կարևորը՝ որ երևում է և երևացնում։




9/11/16

Եթե մոգ լինեի...

Եթե ես մոգ լինեի, մի խորհրդանշական մեծ մեդալ կպատրաստեի և այն կախաղան կբարձրացնեի, վրան մի քանի բուռ լաց կլինեի, հետո մեդալը կտանեի-կթաղեի՝ ինչ-որ կախարդական մաղթանքներ գռմռալով, գերեզմանը կկնքեի, որ մեդալոսկորներն անշարժ մնային ու հանկարծ կնքված գերեզմանից դուրս չպրծնեին երբեք, տապանաքար կդնեի, տապանաքարին կգրեի. «Աստ հանգչի մեդալն ունայնութեան, սնափառութեան, այլախաբութեան եւ ինքնախաբէութեան»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, մի խորհրդանշական փոքրիկ գիրք կպատրաստեի, կազմին կգրեի «գիտական թեզ», կդնեի գլխիս, կտանեի գերեզմանոց, գլխիցս կիջեցնեի, սև ագռավներին կկանչեի՝ հատուկ խունկ փչելով ու կախարդական մաղթանքներ երգելով, ագռավների լուրջ ու գիտնական հայացքների ներքո խնկի կրակվող ածխից կլցնեի գրքի վրա, կայրեի, մոխիրը կթաղեի, տապանաքար կդնեի, վրան կգրեի. «Աստ հանգչի թեզն ունայնութեան, սնափառութեան, յիմարաբանութեան, գողութեան եւ ընչասիրութեան»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, թեզը հողին հանձնելու հաջորդ օրը կկազմակերպեի նաև թեզի անբաժան ընկերոջ՝ գիտական կոչումի թաղումը։ Նույն հանդիսավորությամբ, նույն լրջությամբ։ Տապանաքարին կգրեի. «Աստ հանգչի կոչումն յանուրեքութիւն»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, կգնայի լայնարձակ մի դաշտ, այն ժամանակ, երբ քամին մեղմորեն շնչում է ականջիս, արևն էլ՝ մեղմորեն զարկում դեմքիս, խոր շունչ կքաշեի, կծնկեի անուշաբույր խոտին և սրտի թրթիռով առջևս կդնեի հետս տարած մեծ կապոցը։ Մի երկու կախարդական մաղթանք կասեի կապոցի վրա և  ապա այն կբացեի, ձեռքերիս մեջ առնելով՝ հատ-հատ կհամբուրեի գույնզգույն թռչնիկներին և համբուրելուց հետո նրանց բաց կթողնեի երկրի չորս կողմերը։ Թռչուններից մեկի վզից կապված կլիներ «որոնում» պիտակը, մյուսի վզից՝ «հարցասիրություն» պիտակը, երրորդի՝ «անշահախնդրությունը», չորրորդի՝ «ինքնամոռացությունը», հինգերորդի՝ «ուսումնատենչությունը», վեցերորդի՝ «ուսումնասիրությունը», յոթերորդի՝ «գիտությունը», ութերորդի՝ «ստեղծարարությունը», իններորդի՝ «աշխատասիրությունը», տասներորդի՝ «բարի նպատակը», տասնմեկերորդի՝ «բազմապատիկ բարի պտուղները», իսկ տասներկուերորդի՝ «երանությունը»։ Կասեի՝ բարի, հաջողակ և մշտակա՜ն թռիչք ձեզ, թռչնիկներ, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։