7/28/17
Նամակ ուխտավորին
Ամեն տարի՝ մի քանի անգամ, զբոսաշրջային ընկերություններն ու եկեղեցին կազմակերպում են բազմամիլիոն արժողությամբ բազմամարդ ուխտագնացություններ Երուսաղեմ և տերունական այլ վայրեր։ Ես հասկանում եմ իրենց հանգստի կազմակերպման վրա իրենց ուզած չափով ու ձևով գումար ծախսող մարդկանց ու ճանապարհորդներին։ Բայց չեմ հասկանում, հրաժարվո՛ւմ եմ հասկանալ ահռելի գումարներ ծախսող ուխտագնաց քրիստոնյաներին և այդ ուխտերի կազմակերպիչ հոգևորականներին։ Իմ այս «նամակն» ուղղված է նրանց՝ մարդկանց այս խմբին, որն իրեն «քրիստոնյա» է կոչում, առավել ևս՝ «հա՛յ քրիստոնյա»։ «Նամակն» ուղարկում էի հասցեատերերին արդեն երկար տարիներ, բայց կամ մտքումս, կամ երբեմն՝ սակավաթիվ առիթների դեպքում՝ բանավոր, իսկ վերջապես որոշեցի գրել, երբ հերթական ուխտավորը վերադարձից հետո ինձ ասաց. «Օ՜, ի՜նչ լավ էր, ի՜նչ... Քեզ համար էլ եմ օրհնված մո՜մ բերել...»։ Այս դատարկությունն անտանելի է։ Այն պետք է ինչ-որ ձևով լցնել։
ՆԱՄԱԿ ՈՒԽՏԱՎՈՐԻՆ
Քրիստոսին թողած քո երկրում՝ քո կողքին՝ գնում-հասնում ես, մեծ ծախս անելով, Երուսաղեմ, որ Քրիստոսից օրհնություն ստանաս, թերահավա՜տ, անմի՜տ, ուղեղդ հայրենի լեռների դարավոր ծանր ձյան տակ սառեցրա՛ծ քրիստոնյա։
Մի հատ կողքդ նայիր, տե՛ս, թե որքան արագ կգտնես Նրան, Որի օրհնության փափագն ունես։ Այն ահռելի գումարը, որ քեզ պես բազմաթիվ անմիտների հետ տանում ես անշունչ քարերին ու շնչավոր օտարներին, ափսոսում ես տալ քո կողքին օգնություն աղերսող Քրիստոսին, որ փոքրիկ մանկան, անօգնական ծերի, հիվանդի ու հաշմանդամի և հալածյալի տեսքով քաղցում է, ծարավում, բուժման փող չունի, տառապում է, մերկ է, անտուն, հիվանդանոցում ու բանտում։ Իսկ դու թե օգնել ես Նրան, ապա, վստահ եմ, ո՛չ այնքան, որքան քարերին ու քո հաճույքի գործարաններին, այլ միայն մի փոքրի՜կ, չնչի՜ն գումարով՝ մնացածը քո կյանքի կարևոր ու անիմաստ ուխտագնացության համար պահելով։
Ու հիմա, քեզնից գոհ ու երջանիկ, ինքնավստահ ու ինքնախաբ, ելել-գնում ես մի օտար երկիր՝ կատարելու ո՛չ այն, ինչի պատվերը ստացար քո Տիրոջից, և արհամարհելո՛վ այն, ինչի պատվերը ստացար, և գնում ես, որ օրհնվես քեզնից Արհամարհվածից։
Թե առիթ գտնես, թույն ու անեծք կթափես այն հարուստ ազգի վրա, որի երկիրն ես գնում և որին քո և քո անմիտ ընկերների ահռելի գումարով է՛լ ավելի հարստացնում՝ այդ գումարը թաքցնելով քո կողքին ապրող աղքատ ու կարիքավոր Քրիստոսից։
Ավելի լավ էր՝ ազնիվ լինեիր և պարզապես զբոսանքի գնայիր՝ որ երկիր որ ուզեիր, ինչ գումարով որ ուզեիր, և քո մարմնի զբոսանքին «ուխտ» անունը չտայիր, Քրիստոս ու օրհնություն չխառնեիր։ Եթե քրիստոնյա ես, քո միակ ուխտը, որ տրվել է քեզ Քրիստոսից ու պատվիրվել պահել, Նոր Ուխտն է, որը երբեք ու երբեք չես հաջողում կատարել։
Ուրեմն հաստատապե՛ս իմացիր, որ փոխարեն ակնկալածդ օրհնության՝ անեծք ժառանգեցիր՝ վարձատրվելով ինքնախաբեության ու զգայարանների կեղծ ու անարժեք հաճույքով միայն։ Չե՞ս հավատում։ Ուրեմն չես հավատում Նրան, Ով շատ հստակ ասաց. «Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգելու ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցած էի, ծարավ, մերկ, անտուն, հիվանդանոցում ու բանտում, և կերակրեցիք, հագցրիք, խնամեցիք, այցելեցիք։ Իսկ դուք, որ այս ամենը չարեցիք ու արհամարհեցիք Ինձ, գնացե՛ք սատանայի և նրա սպասավորների համար պատրաստված կրակը հավիտենական»։ Արդյոք որտե՞ղ ասաց. «Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգելու արքայությունը, որովհետև ուխտի եկաք Երուսաղեմ, Իմ անունով օծված քարերին ու Իմ գերեզման, որոնց ոչ մեջ, ոչ տակը և ոչ էլ վրան Ես արդեն 2000 տարի է, որ չկա՜մ, չկա՜մ...»։
Պիտակներ՝
անմիտներ,
կեղծիք,
մտքեր,
փարիսեցիներ,
քրիստոնեություն
Subscribe to:
Posts (Atom)