12/18/20

Վերին արդարություն

 Վերջերս վերին կամ աստվածային արդարության մասին ես շատ կարևոր բան սովորեցի թռչուններից ու կատուներից։ Սովորեցի, որ վերին արդարություն գոյություն չունի։ Որ եթե կա Աստված կամ մի գերագույն զորություն, նա բոլորովին այլ կերպ է մտածում և այլ կերպ գործում։ Նա անարդար է ըստ մեր չափանիշների, ուստի նրանից արդարություն ակնկալելը միամտություն է։ Նա չի պատժում անարդարություն գործած ազգերին, ինչը մենք շարունակ ակնկալում ենք ու սրա վերաբերյալ հույսեր փայփայում։ 

Ես սենյակիս պատուհանագոգին միշտ կեր եմ դնում թռչունների համար։ Մինչև պատերազմի սկիզբը հիմնականում ճնճղուկներ ու մեծ երաշտահավեր էին ամեն օր օգտվում կերամանից․ հատկապես ճնճղուկներն էին շատ։ Տատրակներ երբեք չէին գալիս։ Բայց պատերազմի հենց սկզբում հայտնվեցին փոքր տատրակներ, որոնք առ այսօր ամեն օր օգտվում են կերամանից, հաճախ նույնիսկ մինչև տասը տատրակ, իսկ ճնճղուկները տատրակների հայտնվելուն պես հեռացան այնպես, որ ընդհանրապես չեն գալիս։ Մեծ երաշտահավերն ինչպես նախկինում, հիմա էլ են գալիս, բայց կերամանի տարածքի հիմնական տերերը փոքր տատրակներն են։ Ես տխրել եմ ճնճղուկներիս համար։ Տատրակները շատ սիրուն են, իհարկե, ես նրանց շատ եմ սիրում, բայց ճնճղուկներս ավելի համովիկ էին, անվերջ ծլվլում էին, աղմկում և ուրախությունս էին։ Պատերազմի օրերին մտածում էի՝ հետաքրքիր կլինի, եթե պատերազմը վերջանա, ու տատրակներն ինչպես եկել էին պատերազմի սկզբում, այդպես էլ հեռանան, իսկ քշված ու իրենց նախկին տարածքից զրկված ճնճղուկներս վերադառնան։ Բայց չէ՛, ճնճղուկներս չեն գալիս, տատրակները գրավել են այս տարածքն ու չեն ուզում նրանից զրկվել։ 

Ու հանկարծ մի օր մտածեցի, որ ես անշուշտ չեմ կարող տատրակներին չսիրել, որ քշել են ճնճղուկներին ու գրավել նրանց տարածքը։ Ու չեմ կարող պատժել տատրակներին դրա համար։ Ես սիրում եմ տատրակներին և ամեն օր շարունակում եմ կերակրել նրանց։



Մեր տարածքում կան նաև կատուներ, որոնց կերակրում եմ, ու նրանք մեր պատշգամբում են գիշերում ու ցերեկը հանգստանում։ Շատ են, տուն չեմ առնում՝ մեկից բացի, որն ամենատարիքովն է։ Ու այդ տարիքովը մի օր հարձակվեց մի ավելի երիտասարդ արուի վրա մեր պատշգամբում ու համարյա գզեց ու քշեց պատշգամբից։ Երկու օր չերևաց երիտասարդ արուն։ Տխրել էի, որովհետև դրան էլ էի սիրում, նաև շատ բարկացել էի ավելի տարեց կատվի վրա։ Նույնիսկ մի օր չկերակրեցի նրան՝ որպես պատիժ։ Բայց հետո տեսա, որ չեմ կարող բարկանալ, ախր լավն է ։) Էլի սիրում եմ, ինքն էլ քսմսվում է ոտքերիս, գալիս պառկում անկողնուս։ Ի՞նչ անեմ, ո՞նց պատժեմ։ Չէ՛, չեմ պատժում, կերակրում եմ ու սիրում։

Ահա թե ինչ սովորեցրին ինձ կենդանիները վերին կամ աստվածային արդարության մասին։ Սովորեցրին, որ ինչքան էլ մի ազգ անարդար ու անբարո լինի, որ սեփականացնի մի ուրիշ ազգի տարածքը, մի ուրիշ ազգի «գզի» ու վտարի նրան նրա տարածքից, Աստված կամ վերին ինչ-որ ուժ կամ բնության համընդհանուր օրենքը, որ վերաբերում է անխտիր բոլոր արարածներին, ներառյալ մարդկանց, շարունակելու է հոգալ ու «սիրել» անարդարություն գործածին, ուրիշի տարածքը խլածին։ Այդ պատճառով էլ ինչքան էլ մենք ակնկալենք, հուսանք, մաղթենք՝ հույսը դնելով վերին արդարության վրա, որ մեր հանդեպ անիրավություն ու անարդարություն գործած ազգերն Աստծուց կպատժվեն մի օր, կկործանվեն, Բաքուն կվառվի, արդարությունը կվերականգնվի, դա տեղի չի ունենա, ինչպես որ տեղի չի ունեցել մինչև այսօր։ Մենք ենք, որ կորցրել ենք ու շարունակում ենք կորցնել, իսկ մեր հայրենիքն ու մեր ժողովրդի միլիոնավոր զավակների կյանքը խլածները շարունակում են բարգավաճել ու հանգիստ ապրել,  շատանալ ու աշխարհը գրավել։ 

Արդարությունը կարող է վերականգնվել միայն մի՛ դեպքում։ Եթե հանկարծ ճնճղուկները քաջություն ձեռք բերեն, չվախենան տատրակներից ու հարձակվեն սրանց վրա ու քշեն իրենց նախկին տարածքից՝ նորից տիրանալով դրան։ Բայց դա ե՛ս չեմ անելու, հասկանո՞ւմ եք։ Դուք էլ չէիք անի։ Ես տատրակներին երբեք չեմ քշի, ինչքան էլ որ ճնճղուկների համար տխրած լինեմ։ Ահա այսպիսի «վերին» արդարություն։

12/9/20

Հայհոյանք


Տեսեք, թե 1924-ին ինչ են գրել «Մաճկալ» լրագրում մեր սովորություններից մեկի մասին։



«.... Հայհոյանքը տարածված է մեր բոլոր գյուղերում, գյուղացիների մեջ։ Հայհոյում են և ծեր մարդիկ ու կնիկներ, և ջահել աղջիկներ ու տղերք։

Գյուղերում երեխան առաջին խոսքը, որ սովորում է, դա հայհոյանքն է։

Երեխաների լեզուն բացվում է հայհոյանքով, ու այդպես էլ մեծանում են։

Դեռ 3-4 տարեկան երեխաները իրար հետ խոսելիս պիտի հայհոյեն։

Նոր, մի դեռ չլսած, ճարպիկ հայհոյանք տալը մեր մի շարք գյուղերում, մանավանդ երիտասարդների՝ հոտաղ բատրակների մեջ խելոքության նշան է։

Հասակավոր մարդիկ նույնպես երկու խոսք առանց հայհոյանքի չեն կարող ասել։

Հայհոյանքներից ծագում է առնում մեծ կռիվներ, տուր ու դմբոց, քիթ ու պռունկ ջարդել և այլն։

Կռիվը տարածվում է շատ անգամ ամբողջ գյուղում և գյուղը բաժանում երկու թայֆաների, որը շատ վնասակար է։ Եթե խմած էլ եղած են, բանը պրծավ։

Ժամանակ է, որ մեր գյուղացիները վերջ տան այդ կեղտոտ սովորությանը։ Կոմսոմոլը մեծ գործ պիտի կատարել այս հարցում։ Նա պետք է օրինակ դառնա մյուսներին։

Այս ուղղությամբ օրինակելի որոշում է արել Դվինի գյուղգործկոմը։

Նա որոշել է վերջ տալ հայհոյանքին և նրանք, որոնք կհայհոյեն, նրանց ենթարկել տուգանքի — շտրաֆի 3-ական փութ ցորեն, հօգուտ գյուղի խրճիթ ընթերցարանի և ակումբի»։



«Մաճկալ», 1924/10

Հեղինակը (Յե.՞, լավ չի երևում) հավանաբար Եղիա Չուբարն է՝ թերթի գլխավոր խմբագիրը։




9/25/20

Մաքրուհի ու մայրապետ

 
«Մաքրուհի»-ն ու «մայրապետ»-ը կրոնական եզրեր են։ Առաջինը նշանակում է մաքուր, սրբուհի և ոչ թե մաքրող (մաքուր + ուհի → մաքրուհի, հմմտ․ սուրբ + ուհի → սրբուհի, գեղեցիկ + ուհի → գեղեցկուհի), իսկ երկրորդը՝ միանձնուհի, կին կրոնավոր և ոչ թե սանիտար։

Լավ չէ, որ այս բառերը տարածվել են ո՛չ իրենց ոլորտում և ո՛չ ճիշտ իմաստով։ Ի՞նչ էր պատահել «հավաքարար»-ին, որ չգիտեմ ով և ինչու մեջտեղ գցեց «մաքրուհի» տգետ ու անպատշաճ կազմությունը, եթե այն գործածվում է հավաքարարի համար։

Մայրապետն էլ, բացի նրանից, որ նշանակում է կրոնավորուհի, երբեմն գործածվել է միայն բարձր աստիճան ունեցող կրոնավորուհու համար և ոչ թե շարքային վանական քրոջ։ Օրինակ՝ մայրապետներ էին կոստանդնուպոլսեցի հանրահայտ Սրբուհի մայրապետ Գալֆայանը, որ հիմնեց Գալֆայան որբանոցը, թիֆլիսեցի Հռիփսիմե մայրապետ Թայրյանցը, որ նվիրել է Էջմիածնի Մայր տաճարի կենտրոնական դուռը և մահվանից հետո թաղվել Սբ Գայանե վանքի բակում։ Այս կանայք ամուսնացած չէին, հագնում էին սև շորեր, վզից կախված ունեին խաչ, ապրում էին հատուկ միաբանություններում։ Դե հիմա հասկացեք, թե որքան անպատշաճ է «մայրապետ» կոչել այսօր հիվանդանոցներում աշխատող սանիտարներին։ Նույն տրամաբանությամբ, ուրեմն, տղամարդ սանիտարներին էլ պետք էր «վարդապետ» կոչել։


Նկարը վերցրել եմ այստեղից։



Սրբուհի մայրապետի նկարն էլ վերցրել եմ այստեղից։ Հղումով եթե գնաք, կտեսնեք ավելի շատ մայրապետների նկարներ։





3/4/20

Feedback՝ հետադարձ կա՞պ

Անգլ. feedback-ը հայերեն կարող է թարգմանվել թե՛ «հետադարձ կապ», թե՛ «արձագանք, կարծիք» ևն։ Բայց շատերը, չհասկանալով, որ այս թարգմանությունները տարբեր իմաստների և կիրառությունների համար են, կարծիք, արձագանք, մեկնաբանություն նշանակող feedback-ը նույնպես «հետադարձ կապ» են թարգմանում, որն արդեն շատ տարածված սխալ է։ Հետադարձ կապը «հաստատո՛ւմ» ենք. օրինակ՝ կայքերում՝ հետադարձ կապի համար տրված տվյալների միջոցով. այս դեպքում «հետադարձ կապ» թարգմանությունը ճիշտ է։ Իսկ մյուս իմաստով feedback-ը, որն ամենից շատ է գործածվում, «կապ» չէ, այլ որևէ բանի վերաբերյալ կարծիք, արձագանք, մեկնաբանություն։ Եթե մենք ակնկալում ենք ինչ-որ մեկի  feedback-ը մեր ասածին կամ արածին, մենք ակնկալում ենք նրա արձագանքը կամ կարծիքը, ոչ թե ինչ-որ կապ։ Ուստի այս իմաստով  feedback-ի ամենահարմար հայերեն համարժեքը «արձագանք»-ն է (ինչպես և հիմնականում թարգմանում է նաև, օրինակ, Մայքրոսոֆթը)։ Մենք նախկինում էլ ենք այս feedback-ի իմաստով գործածել «արձագանք»-ը, այսինքն՝ սա այս իմաստով նոր բառ չէ (օրինակ՝ «Նրա հրապարակումը բացասական արձագանքներ ստացավ». «Սպասում ենք ձեր արձագանք(ներ)ին»)։ Այս «արձագանք»-ը, ինչպես այս օրինակներից տեսնում եք, հենց feedback-ն է։

Որոշ բառերի անհարկի կամ սխալ կիրառություններ մոլախոտի պես տարածվելու հատկություն ունեն և շարունակ լսվելու պատճառով սկսում են իբրև ճիշտ ու գրագետ ընկալվել (ինչպես, օրինակ, «հավաքագրել»-ը, «ի շնորհիվ»-ը, «հանդիսանալ»-ը և այլն), իսկ իսկապես ճիշտ ու գրագետ ձևերը չկիրառվելու հետևանքով խորթանում են, բայց դրանից, միևնույն է, սխալն ու անգրագետը ճիշտ ու գրագետ չեն դառնում։