Showing posts with label ԽՆԴՐԱՆՔ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Show all posts
Showing posts with label ԽՆԴՐԱՆՔ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Show all posts

6/13/15

ԽՆԴՐԱՆՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ




Սիրելի գրասեր ժողովուրդ, Գրահավաքը դիմում է ձեզ օգնության խնդրանքով։ Ամենայն իրավամբ կարող եք համարել, որ այդ օգնությունը ոչ միայն «Գրահավաք» բլոգին եք հասցեագրելու, այլև և առաջին հերթին՝ հայ գրքի թվայնացման և մեկտեղման թերևս ամենախոշոր նախաձեռնության համահեղինակներ Հայաստանի ազգային գրադարանին և մեր ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանին, որոնց հետ «Գրահավաք» բլոգի հեղինակը, իր կարողությունների սահմաններում, համագործակցում է։

Խոսքը հետևյալ օգնության մասին է։

1. Եթե համացանցում որևէ տեղ գտնում եք թվայնացված հայկական պարբերականներ, որոնք չկան մեր բլոգի տրամադրած պարբերականների ցուցակում, խնդրում ենք դրանց մասին տեղեկացրե՛ք մեզ։ Դրանք միայն մեր ցուցակին չէ՛, որ անհրաժեշտ են, այլև Ազգային գրադարանին՝ ներառվելու համար Հայ մամուլի համահավաք գրացուցակի շտեմարաններում։

2. Նմանապես, եթե համացանցում որևէ տեղ գտնեք հայալեզու կամ հայկական թեմաներով այլալեզու գրքեր, որոնք կարելի է ազատորեն ներբեռնել, դրանց մասին և՛ս տեղեկացրեք Գրահավաքին, եթե այդ գրքերն ամփոփող կայքերի հղումները չկան մեր բլոգի «Հայալեզու էլ. գրադարաններ համացանցում» ցուցակում։ Համացանցային տարբեր հարթակներում գտնվող հայերեն կամ հայկական թեմաներով ներբեռնելի գրքերը պետք են՝ ներառվելու համար Ազգային գրադարանի «Հայ գրքի» շտեմարաններում, ինչպես նաև Ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի կայքում ներկայացված գրքերի շտեմարաններում։