Showing posts with label Մոկս. Show all posts
Showing posts with label Մոկս. Show all posts
11/6/18
Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառի Սեղ գյուղը
Սա Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառի Մամռտանք գավառակի մանրամասն քարտեզն է*, որում կարելի է տեսնել Սեղ գյուղը, որից 1915 թվականին գաղթած ընտանիքների մի մասը 1927-ին հիմնել է Գեղարքունիքի Նորակերտ գյուղը (նախկին Վարդենիսի շրջանում)։ Սեղի կողքին Ապարանք գյուղն է՝ միջնադարյան նշանավոր Ապարանից Սբ Խաչ վանքով, որի պատմությունը գրել է Գրիգոր Նարեկացին։
Այս գավառակի մասին ստորև ներկայացված տեղեկությունները Ա-Դոյի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) «Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները» գրքից են։ Ամբողջ գիրքը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ http://greenstone.flib.sci.am/…/haj…/book/van_bitlis1912.pdf։
«Ահա Քուրդիստանի լեռների այս մասում Մօկսին, Կառկառին, և Կարճկանին սահմանակից ընկած է Խիզանի գաւառը, կազմելով Բիթլիսի սանջակի հարաւ-արևելեան ծայրը։
Գաւառի մակերևոյթն իր կազմութեամբ մի հետաքրքիր պատկեր է ներկայացնում. հիւսիսային և արևելեան մասերում երկիրը լեռնոտ է և խոր ձորերով ակօսւած, ինչպէս Մօկսն ու Կառկառն էին. տեղ-տեղ լեռները պատած են անտառներով, իսկ հարաւային և արևմտեան մասերում դաշտային է։
Գաւառի երկարութեամբ վազում է Խիզան գետը, որի բազմաթիւ ճիւղերը ոռոգում են գաւառի մի խոշոր մասը. կլիման բարեխառն է, տեղ-տեղ նոյն իսկ տաք, իսկ հողը բարեբեր է մանաւանդ դաշտային մասերում։
Գաւառը բաղկացած է երեք գաւառակներից. դրանք են՝ Մամռտանքը, Սպարկերտը և Խիզանը, որոնք կողք կողքի ընկած են Մօկսի և Կառկառի սահմաններից սկսած մինչև գաւառաբերանը։
....
Մամռտանքը բաղկացած է 16 հայաբնակ գիւղերից. քրդաբնակ գիւղերի թիւը անյայտ է. հայաբնակ գիւղերից նշանաւոր են Սէղը եւ Ապարանքը։ Վերջինս իբր եղել է նախնի հայ նախարարներից մէկի ապարանքը, որից և մնացել է մինչև այժմ այդ անունը։ Այս գիւղի մօտ գտնւում է Ապարանից Ս. Խաչի վանքը, որ եղել է Մօկաց եպիսկոպոսանիստ աթոռը։
....
Խիզանի գաւառը 1896 թւի ջարդերի ժամանակ մեծամեծ զրկանքներ կրեց. միմիայն Մամռտանքն ունեցաւ 160 սպանւած, Խիզան ունեցաւ աւելի քան 400 սպանւած, ժողովրդից շատերը գաղթեցին և շատերին էլ կրօնափոխ եղան։
.... Բարբարոսները Ս. Խաչ վանքի վանահայր Սահակ վարդապետին կենդանի տիկ հանեցին։ Գէլ գիւղացի Ֆախկի Մահասը և Կապարսցի Ահմէդը երկու եղբայրներ իրար վրայ դրած ցցով գետնին գամեցին»։
Ա-Դօ, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, Երևան, 1912 թ., էջ 91-92
* Քարտեզի աղբյուրը դեռ չեմ պարզել. հենց գտնեմ, դրա մասին կավելացնեմ նյութում։
Մամռտանքի գյուղերի ցանկը (նույն գրքից)
3/29/16
Մոկաց քաղցրիկ հիշատակներ
Մայրիկիս հայրական տատիկը՝ Շուշանը, Մոկաց Գոմանս գյուղից էր (տեղացիների լեզվով՝ Գյումանց)։ Գաղթել էր 1915 թվականին Անդրանիկի գնդի պաշտպանությամբ, ինչ-որ ժամանակ մնացել Էջմիածնում հավաքված գաղթականների մեջ և այդտեղ էլ՝ ընդհանուր գերեզմաններում, թաղել իր որոշ հարազատների։ Շուշան տատիկը գնաց իր նախնիներին միացավ, երբ ես 7 տարեկան էի։ Այստեղ կներկայացնեմ երկու ոտանավոր-խաղ, որոնք մեզ հիշատակ են մնացել Շուշան տատիկից։ Կարծում եմ՝ սրանք հետաքրքիր կլինեն մեր բանահավաք-ազգագրագետներին։ Շուշան տատիկն իր թոռնիկներին հրավիրում էր մի խաղի՝ «բուճ էնելու», այսինքն՝ ճակատ ճակատի խփելու, հետևյալ շուտասելուկով.
Օկե, դոկե, դընազա,
Չալե, չավուշ, վըրկազա,
Մախտա կոճակ,
Տան պլոճակ,
Ճա՛ն, արի՛, ճո՛ւկ։
Այս «ճուկ»-ն ասելիս էլ պետք է ճակատը խփել երեխայի ճակատին։ «Բուճ էնել» արտահայտությունը բարբառային բառարաններում վկայված չէ։ Այն նշանակում է «ճակատ ճակատի խփել» հավանաբար մանկական լեզվով։ «Բուճ» բառը գուլպա է նշանակում որոշ բարբառներով, բայց ո՛չ մոկաց բարբառով. մոկսեցիները գուլպային «թաթ» էին ասում, ինչպես վանեցիները։
Արդեն իմ տատիկը՝ Շուշանի հարսը, իր մոկսեցի սկեսուրից սովորել, ապա ինձ՝ իր թոռնուհուն, սովորեցրել է մի ոտանավոր՝ «դանդաղասելուկ», որը կներկայացնեմ ստորև։ Այս ոտանավորը սովորական ոտանավոր չէ. այն արտասանվում է միայն մի գործողության կատարման ժամանակ՝ խառնված երկար մազերը սանրելու։ Տատիկս ոտանավորն արտասանում էր, երբ սանրում էր իմ խառնված երկար մազերը, երբ ես դպրոցական էի։ Տատիկս դրա առաջին երեք տողն արտասանում էր փոքր-ինչ «մաքրված» արտասանությամբ, իսկ ես այն կներկայացնեմ այնպես, ինչպես, կարծում եմ, պիտի արտասաներ մոկսեցի Շուշան տատը։
Օղորմի էն պառվու խոքյո՜ւն,
Օր կյնաց Էրուսաղե՜մ,
Շատ քյար քյաղե՜ց,
Ավազ մաղե՜ց,
Չուզեց ուր ջանին արքայութե՜ն,
Ուզեց խառնակ մազին ի՛ստակութե՜ն։
Պիտակներ՝
ազգագրություն,
բանահյուսություն,
Մոկս,
շուտասելուկ,
ոտանավոր-խաղ
Subscribe to:
Posts (Atom)