2/17/19

Ի նկատի ունենալ

Չգիտեմ՝ ովքեր և ինչ հիմնավորմամբ տարածել են, թե «ի նկատի ունենալ»-ը սխալ է և պետք է «ի» նախդիրը չունենա։ Սակայն «նկատի ունենալ»-ն ընդամենը «ի նկատի ունենալ» հարադրավոր բայի ավելի կարճ տարբերակն է և այժմ ավելի տարածված է։ Իսկ երկար ձևը ոչ միայն սխալ չէ, այլև քերականորեն ավելի ճիշտ է, քանի որ կազմված է «նկատ» արմատի գրաբարյան ներգոյական հոլովաձևից, որը պահանջում է «ի» նախդիր։ Այս կազմությունը համեմատեք ռուսերեն иметь в виду-ի հետ։ Բացի դրանից, «ի նկատի ունենալ»-ը ժամանակին լայնորեն գործածվել է հայ գրականության մեջ, կա արդի հայերենի բոլոր ընդարձակ բառարաններում, և ոչ մեկում երբեք չի նշվել, թե սխալ ձև է։

2/14/19

Մուննաթ

Այսօր հետաքրքիր բան հայտնաբերեցի։ Պարզվում է՝ արաբական ծագմամբ ու թուրքերենի միջոցով փոխառված «մուննաթ»-ն ու «մուննաթ գալը» հայերենում իմաստային փոփոխություն են կրել վերջին ժամանակներում։ Թե «վերջին ժամանակներն» ինչ տևողություն ունեն՝ երկու-երեք տասնամյակ, թե ավելի, չեմ կարող ասել. դա թերևս հնարավոր կլինի պարզել հայ գրականության մեջ այս բառի գործածության դեպքերի մանրամասն քննությամբ։ Բայց փաստ է, որ հայերենի բառարանները (Մալխասյանի՝ 1944 թ., Աղայանի՝ 1976 թ.) ներկայացնում են «մուննաթ»-ի այլ նշանակություն՝ «երախտիք» և «երախտիքը՝ լավությունը, երեսով տալը»։ «Մուննաթ գալը» նույնպես լավությունը երեսով տալն է՝ ըստ բառարանների։ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հրատարակած բազմահատոր բարբառային բառարանը (Դ հատոր, 2007 թ.) նույնպես նախ ներկայացնում է բարբառներում այս բառի ունեցած այն իմաստները, որոնք տրված են Մալխասյանի ու Աղայանի բառարաններում, իսկ հետո՝ առանց որևէ բարբառի նշման կամ որևէ օրինակի՝ նորօրյա իմաստը՝ տրտնջալն ու դժգոհելը։ Պ. Բեդիրյանի դարձվածաբանական բառարանը (2011 թ.) կրկնում է հին բառարանների տվյալները, իսկ բառի ժամանակակից իմաստը չունի։