Ամիսներ առաջ հայտնաբերեցի, որ պատմության մեր որոշ մասնագետներ ուսուցանում են, թե վաղ միջնադարում հայ իշխաններին կոչում էին «տիար», նրանց կանանց՝ «տիկին»։ «Տիկին»-ի վերաբերյալ հարց չի առաջանում, բայց «տիար»-ը մեր միջնադարյան գրականությունից չի ավանդվել. այն չեք գտնի գրաբարի ոչ մի բառարանում և գրաբարյան տեքստերում, անգամ միջին հայերենի բառարանում։ Դրա փոխարեն հայերենում գործածվել է «տեր»-ը (գրաբ.՝ «տէր»)։ Իշխաններին (նաև թագավորին) և հոգևորականներին (ներառյալ սարկավագները) կոչում էին «տեր Այսինչ»։ «Տեր»-ը գործածվում էր նաև իշխանի տոհմանվան կամ տոհմական վայրի անվան հետ, քանի որ իշխանն այդ վայրի տերն էր։ Թագավորը երկրի («աշխարհ»-ի) տերն էր, թագուհին՝ երկրի տիկինը, իսկ իշխանները՝ գավառների կամ այլ վայրերի տերեր։ Օրինակ՝ տէրն Մամիկոնէից Վարդան, Վասակ տէր Սիւնեաց, տէրն Աբեղենից Գազրիկ, Թաթուլ տէր Վանանդայ։ Հոգևորականներն էլ կոչվում էին, օրինակ, տէր Յովսէփ կաթողիկոս, տէր Թաթիկ եպիսկոպոս Բասենոյ, տէր Արշէն երէց Եղեգեկի, տէր Քաջաջ սարկաւագ (անունների օրինակները Փարպեցու պատմությունից են)։
Իշխաններին դիմելիս էլ էին գործածում «տեր»-ը («տեր Այսինչ»), և այն անգամ դառնում էր իշխանի ամբողջական անվան մաս, ինչպես այսօր ամուսնացյալ քահանաների անունների դեպքում։ Հավանաբար շատերն են լսել («Շարական» համույթի կամ մեկ այլ կատարմամբ) Խոսրովիդուխտ Գողթնացու «Զարմանալի է ինձ» հանրահայտ տաղը, որում Խոսրովիդուխտը, դիմելով իր նահատակ եղբորը՝ իշխան Վահան Գողթնացուն (Ը դար), ասում է. «Զարմանալի է ինձ քան զերգս երաժշտականաց...., ո՛վ երանելի տէր Վահան, ընտրեալ յԱստուծոյ»։