Showing posts with label բոտազերծում-մարդացում. Show all posts
Showing posts with label բոտազերծում-մարդացում. Show all posts

8/6/15

Սնգիկով փլավ


Դուք գիտեք անշուշտ, որ գիտնականները ոչ միայն մարդու մարմնի կազմության նույնիսկ ամենաչնչին մասի համար են անուններ ստեղծել, այլև, օրինակ, մարդուն բնորոշ ամեն տեսակ վախի՝ «ֆոբիայի», և դրանց թիվը հավանաբար հարյուրների է հասնում։ Փակ տարածքից վախը մի անուն ունի, միջատներից վախը՝ ուրիշ, մենակ մնալու վախը՝ ուրիշ, անգամ 666 թվից վախը հատուկ անուն ունի՝ hexakosioihexekontahexaphobia։

Հետաքրքիր է իմանալ, թե հոգեբաններն ի՛նչ անուն են տվել այն երևույթին, երբ մարդիկ, նույնիսկ կրթված, գրագետ, ովքեր, թվում է, պե՛տք է ունենան մտածել-վերլուծելու գոնե տարրական կարողություններ, հանկարծ սկսում են հորինել անհեթեթ բաներ՝ ազգային սնապարծությունից դրդված, ակնհայտ սուտն ու ապուշությունը իմաստության կամ փաստի տեղ դնել և այս ամբողջ առասպելաբանությունը տարածել։ Պարզվում է՝ սա մի այնպիսի վարակիչ բան է, որ բոլոր տարածողները, փաստորեն, նույնպես կորցնում են մտածել-վերլուծելու կարողությունը և ջանասիրաբար կատարում այս գործը՝ ուրախանալով ու հրճվելով, «աշխարհին զարմացնելով»... ամաչելու փոխարեն։ Տգիտությունը՝ իմաստության դիմակ հագնող և այն էլ համառ ու կույր տգիտությունը, իրոք, ամոթալի երևույթ է։

Այս նախաբանը գրեցի, որովհետև այս էլ որերորդ անգամ ցավով տեսնում եմ, թե ինչպես համացանցում, հատկապես ֆեյսբուքյան տիրույթում, հայերս ջանասիրաբար տարածում ենք հայոց այբուբենի հետ կապված մի ցնցող հայտնագործություն և չենք էլ ուզում նկատել ակնհայտ կեղծիքը։ Առաջին անգամ ես սա ֆեյսբուքյան մի էջում տեսա և շատ զարմացա. կարծում էի՝ խելքը գլխին մարդիկ են վարում այդ էջը։ Այսօր հայտնաբերեցի, որ մասնագիտությամբ մաթեմատիկոս մի հայտնի հաղորդավար էլ է տարածում այս անհեթեթությունը։ Պահո՜...