1/21/17

Ինչպես դնել պատվի նշանը համակարգչային շարվածքում

Հոդվածը թարմացվել է 2022 թ․ հուլիսի 7-ին։

Հայերեն պատվի նշանի կամ պատվանիշի համար ստեղծված է յունիկոդային նշան՝ 055f այլագրով (՟) (տես նաև մեր այս գրառումը), սակայն, ցավոք, այն ճիշտ չի գործում տառատեսակների մեծ մասում։ Մեր փորձարկած տառատեսակներից միայն ArianAMU, Bainsley, Mshtakan, Vem, Quivira, Everson Mono և Faulmann  տառատեսակներում է այն ճիշտ ցուցադրվում (այսինքն՝ դրվում տառի վերևում և ոչ թե կողքին)։ Միայն թե Everson Mono-ում պատիվի տեսքը սխալ է։ Իսկ Bainsley-ում էլ, ի տարբերություն մյուս տառատեսակների, պատիվը պետք է մուտքագրել պատվակիր տառից առաջ և ոչ թե հետո։ 2021 թ․ նոյեմբերին էլ մի քանի տառատեսակ համալրվեցին պատվակիր չորս հավելյալ հայկական գրանշաններով․ այս մասին կարդացեք այստեղ։

Սակայն պատվի այս նշանի առկայությունը միշտ չէ, որ լուծում է պատվի բոլոր տեսակների խնդիրը, քանի որ հայերեն ձեռագրերում ու վիմագրերում պատվանիշի մի քանի տեսակ է կիրառվում, և բոլոր դեպքերում հնարավոր չէ գործածել այս յունիկոդային նշանը*։ 

Տեսնո՞ւմ եք ներքևում պատվանիշը։ Ճիշտ է, այն ձևով միայն մասնակի դեպքերում է նույնանում ձեռագրերից, վիմագրերից կամ հին տպագիր գրքերից մեզ հայտնի պատվանիշի հետ, քանի որ վեր կամ վար կլորացող եզրեր չունի, սակայն այսպիսի վրագծումը ամենահարմար միջոցն է համակարգչային շարվածքում պատվանիշը ցույց տալու համար, երբ կա՛մ կա տառատեսակի խնդիր, կա՛մ անհրաժեշտ է գործածել ավելի երկար պատվանիշ, որը պիտի դրվի մեկից ավելի տառերի վրա։

Տն, գեղեցկութե, սրբութբ, երկել

Իսկ ինչպե՞ս դնել այս նշանը։ Դրա համար հիշեք անգլերեն overline (վրագծել) եզրը և այն որոնեք բառամշակիչ ծրագրերի այն բաժնում, որում գտնվում են նաև ընդգծման, ջնջագծման և տեքստի ձևավորման (format) այլ ընտրանքները։ Քանի որ ո՛չ բոլոր ծրագրերն ունեն այս հնարավորությունը (Microsoft Office-ը չունի), մենք ձեզ խորհուրդ ենք տալիս տեղակայել ձեր համակարգչում Microsoft Office-ին փոխարինող LibreOffice ծրագիրը (Microsoft Office-ը ջնջելու կարիք չունեք)։ Այս ծրագրով շատ հեշտությամբ կարելի է կատարել վրագծումը։ Նայեք այս նկարը.



Դուք կարող եք նաև ավելացնել այս ընտրանքի պատկերակը ձեր ծրագրի գործիքավահանակում՝ շատ ավելի արագ աշխատելու համար։


LibreOffice-ն ազատ տարածվող ծրագրակազմ է և ստեղծված է բոլոր հիմնական գործավարական համակարգերի համար։

LibreOffice-ում ձեր մուտքագրած բնագիրը կարող եք արտահանել իբրև PDF, որում դարձյալ կպահպանվեն ձեր պատվանիշերը։

Ներքևի նկարը PDF-ից արված էկրանահան է։


Եթե ցանկանաք LibreOffice-ում ստեղծված նիշքը հենց տեքստային որևէ ընդլայնմամբ (.docx, .odt, .doc) ուղարկել ուրիշին, ապա վերջինս նույնպես պիտի ունենա համապատասխան ծրագիր՝ այդ վրագծումները տեսնելու համար։ Microsoft Office-ում, ցավոք, դրանք չեն երևում՝ անհետանում են։ Ուրիշին ուղարկելու դեպքում կարող եք ձեր նիշքը պահպանել կա՛մ .html, կա՛մ .pdf ձևաչափով և այդպես ուղարկել։ Իսկ եթե մի ուրիշը ևս պիտի աշխատի այդ նիշքի վրա, ուրեմն ուղարկեք այն .odt ձևաչափով և խնդրեք, որ ձեր գործընկերը նույնպես տեղակայի LibreOffice ծրագիրը։

Եթե աշխատում եք html-ային նիշքերի հետ, ապա վրագծումը կատարվում է հետևյալ այլագրով՝

 Պատվանիշով <span style="text-decoration:overline">բառ</span>

Պատվանիշով բառ


Համառոտագրման մի ուրիշ նշան է երկորյակը, որ նույնպես գործածվել է հայերեն ձեռագրերում։ Այն դրվում էր կրճատված բառի կողքին կամ կրճատված տառերի վերևում, օրինակ՝ թգ˝ւր, Յոհ˝ առաք˝։ Այս նշանը կարելի է դնել կամ պատճենման-փակցման միջոցով (այն ընտրելով նշանների աղյուսակներից), կամ յունիկոդային 30B այլագրով։


-----------------------------------------
Ծանոթագրություն

* Հայերեն ձեռագրերում, վիմագրերում ու տպագիր գրականության մեջ գործածված պատվանիշի մի քանի տեսակ կա։ Ամենահին ու իսկական պատիվը, այսինքն՝ նա, որ գործածվել է ամենահին ձեռագրերում միայն սրբազան անունների համար (Տէր, Աստուած, Յիսուս, Քրիստոս, սուրբ, Երուսաղէմ, Իսրայէլ), թե՛ ձևով է տարբեր այս յունիկոդային նշանից, թե՛ կիրառությամբ։ Սովորաբար իսկական պատիվը դրվում էր ամբողջ համառոտագրության վրա, այսինքն՝ ավելի երկար էր՝ ընդգրկելով 2, անգամ 3 տառ, նաև ոչ թե միայն մեկ եզրից էր թեքվում կամ կլորանում, այլ երկու՝ մեկը՝ վերև, մյուսը՝ ներքև։ Թե հին, թե ավելի ուշ շրջանի ձեռագրերում պատիվը գործածվում էր նաև թվականների համար և այս դեպքում ևս այն դրվում էր ամբողջ թվականի վրա, այսինքն՝ եթե թվականը երկտառ, եռատառ կամ քառատառ էր, նշանը պիտի դրվեր բոլոր տառերի վրա և ոչ թե միայն մեկ, որպեսզի ցույց տար, որ ամբողջն է թիվ։ Վիմագիր արձանագրություններում գործածվող պատիվը նույնպես սովորաբար ավելի երկար է լինում՝ ընդգրկելով մեկից ավելի տառ (հաճախ հենց ուղիղ գծի տեսք է ունենում. ուղիղ գծի տեսքով երկար պատիվ երբեմն նաև ձեռագրերում է հանդիպում)։ Մի խոսքով՝ ցավոք սրտի, Arian AMU-ով աշխատող պատվանիշը միայն որոշ դեպքերում է հարմար գործածել՝ համեմատաբար ուշ շրջանի ձեռագրերի կամ տպագիր գրքերի հիմնական բովանդակությունը մուտքագրելու համար, իսկ հին ձեռագրերի, վիմագիր արձանագրությունների, ինչպես նաև թվականների համար հարմար չէ, քանի որ մեկից ավելի տառեր ընդգրկելու հնարավորություն չունի։














Մի դրվագ Հ. Աճառյանի կյանքից

Հրաչյա Աճառյանի ուսանողներից ոմանք, որ հետագայում նույնպես դասավանդել են Երևանի պետական համալսարանում, երբեմն իրենց ուսանողներին պատմել են Աճառյանի կյանքից հետաքրքիր, հաճախ զվարճալի դեպքեր։ Ես այդպիսի մի քանի պատմություն լսել եմ իմ մայրիկից, նա էլ՝ իր դասախոսներից, որոնք եղել են Աճառյանի առաջին ուսանողներից։ Մեկը պատմեմ։

Ասում են՝ մի անգամ Աճառյանի դասախոսությունն ընդհատվում է, որովհետև գալիս-ասում են, որ մի ռուս բանասեր, պրոֆեսոր հյուր է եկել և ուզում է Աճառյանին հանդիպել։ Աճառյանը մի ուրիշին է հանձնարարում դասը շարունակել, իսկ ինքը գնում է ռուս մասնագետին հանդիպելու։ Շուրջ 5 րոպեից վերադառնում է լսարան։ Ուսանողները զարմանում են, որ հանդիպումն այդքան կարճ է տևել, և հարցնում պատճառը։ Աճառյանն էլ պատասխանում է, որ գնացել է և սկսել այդ հյուրի հետ խոսել ֆրանսերեն, բայց ռուսը չի կարողացել այդ լեզվով հաղորդակցվել։ Աճառյանն անցել է գերմաներենի, նույն պատմությունը։ Անցել է անգլերենի, նույնը։ Մտածել է՝ ռուսը թերևս արևելյան լեզուներ է ուսումնասիրում. խոսել է թուրքերեն, ռուսը չգիտի. արաբերեն, նույնը, պարսկերեն, նույնը։ Մի խոսքով՝ ինչ օտար լեզվով, բացի ռուսերենից, խոսել է, ռուսը հասկացրել է, որ չի կարող այդ լեզվով հաղորդակցվել, և խնդրել է, որ իր հետ ռուսերեն խոսեն։ Աճառյանն էլ ասել է. «Է մեր հովի՛վն էլ հայերեն գիտի», և հյուրին թողել ու հեռացել է՝ զրույցը չշարունակելով։

Անշնորհքությո՞ւն է արել Աճառյանը ։), մեծամտացե՞լ է, պե՞տք էր այդպես ամոթահար անել թերի գիտելիքների տեր մասնագետին, թե ճիշտ է վարվել, որ մարդահաճություն չի արել, կեղծ քաղաքավարություն ու համեստություն չի խաղացել և հասկացրել է այդ պրոֆեսորին, որ նա հեռու է լինելուց այն, ինչ ներկայանում է։ Ընդհանրապես ո՞ւմ առաջ մարդը կարող է խոնարհաբար իջնել նույնիսկ մինչև գետին, եթե պետք է, և ո՞ւմ առաջ չի կարելի մարդահաճության որևէ դրսևորում թույլ տալ՝ քաղաքավարի և համեստ ձևանալով...

1/8/17

Մ. Աբեղյանի երկերի 8-հատորյակի բոլոր ցանկերը՝ մեկտեղ

 

Մանուկ Աբեղյան, Երկեր

Հտ. Ա

Հտ. Բ

Հտ. Գ

Հտ. Դ

Հտ. Ե

Հտ. Զ

Հտ. Է

Հտ. Ը



Հտ. Ա

(Երևան, 1966) 
 
Ինտիտուտի կողմից
Մ. Աբեղյանի կյանքն ու գիտական գործունեությունը

ՀԱՅ ՎԻՊԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Առաջաբան
Ներածություն (Բանահյուսության մասին ընդհանրապես)
ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ. Հմայքներ և առասպելներ
ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ. Վիպասանք
ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ. «Պարսից պատերազմը»
ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ. «Տարոնի պատերազմը»
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇՐՋԱՆ. «Սասնա Ծռեր»
Հավելված
Ծանոթագրություններ


Հտ. Բ

(Երևան, 1967)

ՀԱՅ ՔՆԱՐԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Խմբագրի կողմից

ՀԻՆ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐ
«Նահապետ Քուչակի դիվանը»
Նահապետ վարպետ- աշուղ Քուչակ
«Հայերէն ասել», «հայրէն», «հայրենի կարգ»
Ղազելներ և քառյակներ կրճ տողերով և բեյթերով
Հայրենի առանձնահատուկ ռիթմը
Հայրենների լեզուն
Լեզվի փոփոխությունը նույն հայրենների վարիանտների մեջ
Հայրենների փոփոխակները
Տների ու տողերի շարժնություն
Քառյակների շարժնություն
Տաղաշարքեր
Ժողովրդական երգերի ոճը հայրենների մեջ
Կնոջ արտաքինի նկարագիրը սիրո երգերի մեջ
Ժողովրդական կենցաղը հայրենների մեջ
Հին աշխարհիկ քնարերգությունը և հայրենների հնությունն ու հայրենիքը
Գուսանական երգեր
Հայրեններն իբրև հին գուսանական երգեր
Հայրենների հարատևությունը և անտունիներ
Հայրեններ և լացի, օրորի, վիճակի, հարսանեկան, պանդխտի ու սիրու երգեր
Հայրենների արվեստի հարատևությունն անտունների մեջ
Պանդխտության երգերի զարգացումը հայրեններից

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂԻԿՆԵՐ
Խաղ ու տաղ
Գյուղական բանաստեղծություն և գեղջուկ խաղասացներ
Գյուղական սիրո երգը
Աշխատանքը խաղերի մեջ
Հասարակական խավերը խաղերի մեջ
Բնությունը խաղերի մեջ
Խաղերի հորինվածքը
Ոտանավորը
Աղճատում և վարիանտներ
Խաղերի զարգացումը
Երգերի զարգացումը խաղերից


Հտ. Գ

(Երևան, 1968)

Խմբագրի կողմից

ՀԱՅՈՑ ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Առաջաբան

Առաջին շրջան

Նախնական առասպելա–պատմական բանահյուսություն
Հին առասպելները
Ավանդական վեպ

Երկրորդ շրջան

Եկեղեցա-քաղաքական մաքառման գրականություն
Առաջին հեղինակներ
Առաջին պատմագիրներ
Ժողովրդական վեպ
Դասական պատմագիրներ
Վկայաբանություններ
Դավանաբանական պայքարի գրականություն
Բանաստեղծություն
Պատմագրություն
Վիպական բանահյուսություն
Մաքառում արաբական բռնապետության դեմ
Տոհմային պատմագրություն
Վկայաբանություն
Վիպական բանահյուսություն
Հոգևոր երգ
Խաղաղ շինարարության դար
Հավելվածներ

Հտ. Դ

(Երևան, 1970)

Խմբագրի կողմից
Առաջին հրատարակության առաջաբանից

ՀԱՅՈՑ ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Երկրորդ գիրք
(10-15-րդ դարեր)

Երրորդ շրջան – Վերածնության գրականություն

Կյանքի և աշխարհայեցության փոփոխություն
Նոր մտավոր հոսանքի առաջին փուլերը գրականության մեջ
Ժամանակագրություն
Աշխարհիկ ոգու վերաճում
Առակագրություն
Բանաստեղծություն
Եկեղեցական գրականության վերջալույսն և արևմուտը
Հավելվածներ
Էջեր դասախոսություններից
Ուրվագծեր XIX դարու հայոց գրականության պատմությունից (առաջին երեսնամյակ)
Անձնանունների ցանկ

Հտ. Ե

(Երևան, 1971)

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ (ՄԵՏՐԻԿԱ)

Առաջաբան

Առաջին հատված - Ոտք և ոտանավոր

Ռիթմ
Շեշտ և ամանակ
Ամանակական և շեշտական ոտանավորներ
Սղում և երկարում
Ոտքերի տեսակները
Շեշտական ոտանավոր պարզ ոտքերով
Ոտանավորը կամ տողն իբրև ռիթմական միություն

Երկրորդ հատված - Հայերեն ոտանավորների տեսակները

Յամբական ոտանավորներ պարզ ոքերով
Յամբական ոտանավորներ բարդ ոքերով
Յամբական ոտանավորներ մեկ և երկու անապեստով հաստատուն դրությամբ
Անապեստյան ոտանավորներ
Անապեստյան ոտանավորներ մեկ յամբով հաստատուն դրությամբ
Անապեստյան ոտանավորներ մեկ յամբով շարժուն դրությամբ
Յամբ–անապեստյան ոտանավորներ բարդ ոտքերով
Յամբ–անապեստյան ոտանավորներ պարզ ոտքերով
Ընկնող ռիթմով ոտանավորներ
Բարձրացող–ընկնող ռիթմով ոտանավորներ
«Վանկական չափով» ոտանավորներ
Աշուղական չափեր
Ոտանավորներ ազատ ոտքերով կամ ազատ տակտերով
Ոտանավորներ ազատ անդամներով
Ազատ ոտանավորներ
Երրորդ հատված - Հանգիտություն, հանգ և տուն

ՀՈԴՎԱԾՆԵՐ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայերեն տաղաչափության մասին
Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ
«Շահնամա»–ի ոտանավորի չափը հայ բանաստեղծության մեջ
Մի քանի տաղաչափական խնդիրների մասին
Ծանոթագրություններ

Հտ. Զ

(Երևան, 1974)

Առաջաբան

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Առաջին մաս - Ներածություն

Լեզվական իրակություններ
Խոսվածքի գործունեությունը
Լեզվի փոփոխությունը
Լեզվաբանության մասին

Երկրորդ մաս - Բառերի հնչյունները (հնչաբանություն)

Հնչյունների արտաբերությունն ու տեսակները
Հնչյունների փոփեխությունը

Երրորդ մաս - Բառերի նշանակությունը (իմաստաբանություն)

Բառերի տեսակները ըստ նշանակության
Բառերի նշանակության փոփոխությունը

Չորրորդ մաս

Բառերի տեսակները ըստ կազմության
Հարադրական և կցական բարդություններ
Իսկական բարդություն
Առաջադիրներով բաղադրություններ
Ածանցում
Անվանական վերջածանցներ
Դերբայական վերջածանցներ

Հինգերորդ մաս - Բառաձևեր. ձևաբանություն

Բայերի ձևերը
Գոյականների ձևերը
Վեցերորդ մաս – Կապակցության ձևեր (շարահյուսություն)
Ցուցակ գործածած գրքերի

ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Առաջաբան
Շարահյուսություն

Առաջին հատված - Բառերի շարահյուսություն

Բառերի պաշտոնը խոսքի մեջ
Բառերի կապակցությունը խոսքի մեջ

Երկրորդ հատված - Խոսքերի շարահյուսություն

Խոսքերի տեսակները
Խոսքերի կապակցությունը
Աշխարհաբարի հոլովները
Հայցական հոլովը մեր աշխարհաբարում

ԳՐԱԲԱՐԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջաբան
Ներածություն
Առաջին մաս – Հնչյունները
Երկրորդ մաս – Ձևաբանություն
Երրորդ մաս – Շարահյուսություն
Ծանոթագրություններ

Հտ. Է

(Երևան, 1975) 
 
Ինստիտուտի կողմից

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԳՐԱԿԱՆ–ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

I մաս - Ազգագրական հետազոտություններ
Հայ ժողովրդական հավատքը

Հայ ժողովրդական հավատալիքների աղբյուրներն ու ընդհանուր բնույթը
Լույս և խավար
Ճակատագրի հավատք
Ջրերի և բույսերի պաշտամունք
Կրակի պաշտամունք
Օձերի պաշտամունք
Ամպրոպային զրույցներ
Հողմի ոգին
Ջրերի, անտառների և լեռների ոգիներ
«Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ–Դերկետո դիցուհու արձաններ

II մաս - Գրական–բանասիրական հոդվածներ և հետազոտություններ

Գրական դպրոցներ
Վերածնություն, հումանիզմ և վերանորոգություն
Սքոլաստիկա
Ֆրանսիական կլասիկիզմ
Ռոմանտիզմ
Ընդհանուր տեսություն հայոց հին բանաստեղծության
Հովհաննես Հովհաննիսյան
Հովհաննես Թումանյանց, «Բանաստեղծություններ», Մոսկվա, 1890
«Բանաստեղծություններ» Ալեքսանդր Ծատուրյանի, Մոսկվա, 1891
Հակոբ Հակոբյան, «Բանաստեղծություններ», Թիֆլիս, 1899
Դարձյալ հայ գրերի գյուտի շուրջը
Ի՞նչ է Աբովյանի «բայաթի» ասածը
Ժողովրդական երգարան և «Հազար ու մի խաղ»
Կոմիտաս Վարդապետ և յուր գործը
Հիշողություններ Կոմիտասի մասին
Հանգուցյալ Կարապետ Եպիսկոպոսի գիտական աշխատանքը
Der Armenische Volksglaube von Dr. Manuk Abegian
Ծանոթագրություններ

Հտ. Ը

(Երևան, 1985)

Ինստիտուտի կողմից
Դավիթ և Մհեր. Ժողովրդական դյուցազնական վեպ
Ազգային վեպ

Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու հայոց պատմության մեջ (քննադատություն և ուսվածք)

Ներածություն
Առասպել
Մի քանի բառերի նշանակությունը Խորենացու մեջ
Խորենացու հայացքն առասպելի վրա և առասպելների մեկնություն
Վահագնի առասպելը
Հայկի առասպելը
Անգեղ Տուրքի առասպելը
Վիպասանք
Տիգրանի առասպելը
Շամիրամի առասպելը
Վարդգեսի առասպելը
Երգք ցցոց և պարուց. Սանասարի առասպելը և «գուսանականն»
Եզրակացություն
Ժողովրդական լեզվի շեշտադրությունը
Գրաբարի երկբարբառներն
Մեր ուղղագրության մասին
Հայոց լեզվի ուղղագրության ռեֆորմի մասին
Ուղղագրության ռեֆորմը

Մի քանի քերականական խնդիրների մասին

Իբրև նախաբան
Ընդհանուր ուղղությունը
Մատերիալիզմ
Գոյականի սահմանումը
Լեզվի փոփոխությունը
Գոյականի մասին
Ածականի մասին
Մակբայի մասին
Ձևը
Սևակյան «Դիալեկտիկական լոգիկան» հոլովի մասին
Խոսք և բայ
«Բառ–ենթակա»
Սոֆիզմներ
Հավելված
Ծանոթագրություններ
Ցանկեր