Showing posts with label քրիստոնեություն. Show all posts
Showing posts with label քրիստոնեություն. Show all posts

4/11/24

Շուրիշկանի Ավետարանի առիթով

Զորությունակիր բազմաթիվ նյութական առարկաներ ունենալը ծանր բեռ է որևէ քրիստոնյայի համար, որի հայրենիքը երկնքում է։ Ուրեմն պետք է դրանց պահպանման և չպղծվելու համար պատասխանատվություն կրես։ Դրանք անվերջ հավաքես երկրային ամբարներումդ ու պինդ-պինդ պահես բանալու տակ։ Տեղաշարժվելիս էլ մտածես՝ ուր դնես, ինչպես պահես, որ չկորցնես։ Բա կարելի՞ է Քրիստոսի ազատ ոգին այսքան շղթայել երկրի վրա և կարելի՞ է այսքան նյութ կուտակել մի ժամանակավոր կացարանում։

Երբեք չեմ հասկացել նյութից այսպես կառչող հավատը։ Նաև այսպիսի հավատն է պատճառը, որ շատերը բողոքական ուղղությունների են հարում։

Ինչ պաշտամունքի որ կաթոլիկների համար արժանանում են արձանները, հունադավանների, հատկապես ռուսների համար՝ սրբապատկերները, նույնին արժանանում են հայերի մեջ զանազան Ավետարանները։ Բոլորն էլ՝ զորությունակիր ու հրաշագործ (ինչպես  համոզված են դրանք պաշտամունքի առարկայի վերածած մարդիկ), ուստի պաշտելի։

Լավ է գոնե, որ հայերիս մեջ սրբերը չեն զանազանվում ըստ պաշտոնների (սակավ բացառությամբ), ինչպես հեթանոսական աստվածները, որոնց տարբեր պաշտոններ էին հատկացվում և որոնք արարիչ աստված չէին, այլ տարբեր գործառույթների համար նախատեսված աստվածներ, կարելի է ասել՝ ոչ իսկական աստվածներ, եթե քրիստոնեական միտքը «աստված» ասելով հասկանում է արարչին։ Ճիշտ այդպիսին են հատկապես կաթոլիկների ու հունադավան քրիստոնյաների համար սրբերը։ Վերջիններս աստված չեն անշուշտ, քանի որ կա միայն մեկ Արարիչ Աստված, սակայն ստանում են նույն այն պատիվն ու երկրպագությունը, որ նախատեսված էին հեթանոսական աստվածների համար։ Սրբերից մեկը կորած իրերն է գտնում, դրա համար են նրան հաճախ դիմում, մյուսը՝ կոկորդային հիվանդություններ բուժում, երրորդին դիմում են արտերը պտղաբեր դարձնելու համար, չորրորդին՝ հղիության ու ծննդագործության, հինգերորդին՝ երեխաներ բուժելու, և այլն, և այլն։ Ինչո՞վ են տարբերվում հեթանոսական ոչ արարիչ աստվածներից։ Այս սրբերի համար արձան կամ սրբապատկեր է ստեղծվում, մարդիկ բառիս ուղիղ իմաստով նաև երկրպագում են նրանց կամ էլ պարզապես համբուրում արձաններն ու սրբապատկերները, սրբերի պատվին կառուցված տաճարներում մանր-մունր նվերներ թողնում իրենց սրբերի համար և աղոթքներով դիմում նրանց (այս ամենը նաև հայ հավատացյալներն են անում)։ Անգամ իրենց զավակներին են խոստանում նվիրել ու նվիրում սուրբերին, հատկապես երբ աղոթքով նրանց դիմում են զավակ ունենալու համար, և աղոթքը լսվում է։ Իսկ, ինչպես արդեն նշեցի, կաթոլիկության և հունադավանության մեջ նաև կոնկրետ մի սրբի հատկացված պաշտոնից բխող խնդրանքներ են մատուցում։ Վերևում հայերիս համար ավելացրի «սակավ բացառությամբ»-ը, որովհետև այս պահին միայն սբ Սարգսին եմ հիշում, որին հատուկ դեր է հատկացվել իբրև սիրահարներին օգնության հասնող, իսկ այժմ էլ երիտասարդների պաշտպան սրբի։

Հեթանոսություն է սա․ անուններն են փոխվել, բայց հասարակ հավատացյալ ժողովրդի ընկալումներում բան չի փոխվել։ Հավատացյալ ժողովուրդը սովորաբար դավանաբանություն չգիտի, անցյալում է՛լ առավել չի իմացել։ Նա հավատացել ու հավատում է, ինչպես նրա սիրտը  հուշում է։ Իսկ սիրտը, ինչպես տեսնում եք, հուշում է բազմաստվածություն, որն ունի իր գերագույն արարիչ Աստվածը և ապա՝ մանր-մունր զանազան աստվածներ՝ մարդկանց զանազան կարիքների հոգացման համար։

Ի՞նչ տարբերություն, թե գերագույն Աստծո և ենթակա աստվածների անուններն ինչ են, եթե ժողովրդի ընկալման մեջ կա մի պանթեոն՝ գերագույն Արարիչ Աստծով և նրան ենթակա, բայց դարձյալ զորավոր ու հրաշագործ, մարդկանց աղոթքները լսող ու օգնության հասնող աստվածներով։

Սա լա՞վ է, վա՞տ է մարդկության համար՝ չգիտեմ։ Մարդկանց չես կարող պարտադրել չհավատալ այնպես, ինչպես նրանք ուզում են։ Բայց միևնույն ժամանակ մարդկանց չես կարող պարտադրել հավատալ այսպիսի քրիստոնեության, եթե նրանք դա չեն ուզում, չեն ընկալում և սրանում միջնադարյան տգիտություն ու խավար տեսնում։

Հետևաբար, հայերիս մեջ էլ միշտ կլինեն զանազան քրիստոնեական հարանվանությունների հետևորդներ։ Հայ առաքելական եկեղեցու դերը ազգապահպանման գործում գիտակցող մարդիկ էլ, որ իրենց Հայ առաքելական եկեղեցու մի մասն են համարում, կարող են ընդհանրապես աթեիստ լինել, չմարտնչող աթեիստներ։ Ուրեմն՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանների մեջ կան ոչ միայն գիտելիք ունեցող հավատացյալներ, որ գիտեն, թե ինչին են հավատում, այլև բազմաթիվ հեթանոս հավատացյալներ և ընդհանրապես չհավատացողներ կամ, ենթադրենք, կասկածողներ՝ ագնոստիկներ, ովքեր նույնպես, հարգանքի զգացումից դրդված, կարող են մտնել եկեղեցի ու նույնիսկ մասնակցել Հայ առաքելական եկեղեցու ծեսերին։

Եվ կլինեն մարդիկ, որ, Հայ առաքելական եկեղեցին իրենց մայր եկեղեցին համարելով հանդերձ և ջանալով նրան հավատարիմ լինել, այնուամենայնիվ, չեն կարողանա ընդունել նրա որոշ թե՛ դավանական դրույթներ, թե՛ ավանդույթներ  ու սովորույթներ՝ դրանք խորթ համարելով իրենց պատկերացրած, զգացած, սիրած քրիստոնեությանը։ Եվ չես կարող մարդկանց պարտադրել հավատալ քեզ պես, չես կարող քո բացատրություններով ու փիլիսոփայություններով ծռել նրանց սիրտը և դրդել, որ, օրինակ, գնան Շուրիշկանի կամ Կարմիր կամ չգիտեմ ուրիշ էլ ինչ Ավետարան երկրպագելու, սրբի մասունք համբուրելու, սրանցից հուզվելու և հավատով զորանալու։ Նրանք դրանից չեն զորանա հավատով։ Ավետարանը Ավետարան է, նրանում կարևորը խոսքերն են այս հավատացյալների համար, ոչ թե նյութական գրքի անցած ճանապարհը, որի ընթացքում հավատացյալ ժողովուրդը մի գրքի՝ իբրև մի աստվածիկի՝ դիմել է օգնության և բժշկվել կամ մի ուրիշ հրաշքի ականատես եղել՝ դա վերագրելով նյութական գրքի զորությանը, որի պատճառով էլ այդ գիրքը վերածվել է երկրպագության ու հարգանքի հատուկ առարկայի։

Այսպիսի հեթանոսատիպ հավատը վանող է շատերի համար։ Ուստի մինչ մեր եկեղեցու հոգևորականների դասը այսպիսի միջոցներով հրապուրում է ժողովրդի հիմնականում տգետ շերտերին, նույնով վանում է ուրիշների։




3/15/24

Օգոստինոս Երանելի՞

 Արդեն մի քանի տասնամյակ է, որ հայաստանցիները Արևմտյան եկեղեցու հայտնի եկեղեցական գործիչներ և սրբեր Օգոստինոսին և Հերոնիմոսին կոչում են Երանելի՝ այս բառը գործածելով իբրև մականուն։ «Օգոստինոս Երանելի»-ի մեջ «երանելի»-ն այլ բան չէ, քան մականուն, ինչպես Ներսես և Սարգիս Շնորհալիների «Շնորհալի»-ն։ Սակայն ո՛չ Օգոստինոսը, ո՛չ Հերոնիմոսը չունեն այդպիսի մականուն։ Կաթոլիկ եկեղեցու այս մեծ սրբերին կաթոլիկներն այդպես չեն կոչում։ Օգոստինոսը Հիպպոն քաղաքի եպիսկոպոսն էր, ուստի նա կոչվում է Օգոստինոս Հիպպոնացի (լատիներեն ամբողջական անունը՝ Aurelius Augustinus Hipponensis), թեև ավելի հայտնի է հենց միայն Օգոստինոս կամ սուրբ Օգոստինոս անունով, որովհետև բազմաթիվ մեծանուն Օգոստինոսներ չկան, որ այս մեկը մի ուրիշի հետ շփոթվի։ Հույն եկեղեցում էլ են նրան կոչում Օգոստինոս Հիպպոնացի՝ Αυγουστίνος Ιππώνος։ 

 Հայերենում ի հայտ եկած այս նորահնար «Երանելի» անունն առաջ է եկել Օգոստինոսի և Հերոնիմոսի անունները ռուսերենից թարգմանելու և ռուսերեն блаженный բառի գործածության հանգամանքներին անծանոթ լինելու պատճառով։ Նախ՝ անհասկանալի է, թե ինչու են կաթոլիկ աշխարհի սրբերի անունները թարգմանվել ռուսերենից և ոչ թե լատիներենից։ Երկրորդ՝ Ռուս եկեղեցին այս և մի շարք այլ սրբերի անունների հետ «սուրբ» մակդիրի փոխարեն գործածում է «երանելի» մակդիրը (блаженный Августин, блаженный Иероним Стридонский,  блаженный Феодорит Кирский և այլն), որովհետև այդ եկեղեցում սրբերը որոշակի սկզբունքով դասակարգված են, և այն արևմտյան սրբերին, որ ապրել են մինչև Արևելյան և Արևմտյան եկեղեցիների միջև մեծ բաժանումը (1054 թ.), սովորաբար կոչում են ոչ թե святой, այլ блаженный։ Այս մակդիրն են գործածում նաև այսպես կոչված Աստծո խենթերի (юродивый) անունների հետ։ Ուրեմն՝ այս «երանելի»-ն վերոնշյալ անձանց մականունը չէ, հատուկ անունը չէ, այլ նրանց սրբությունը ցույց տվող ընդհանրական մակդիր, ինչպես «սուրբ»-ը, և այսպիսի գործածությունը բնորոշ է Ռուս եկեղեցուն, բայց ո՛չ՝ Հայ կամ Կաթոլիկ։ Հայ եկեղեցում ցանկացած սուրբի էլ կարող ես նաև «երանելի» կոչել, բայց դա չի դառնում նրա մականունը։ Մինչդեռ երբ հայերս Օգոստինոսին ու Հերոնիմոսին կոչում ենք Օգոստինոս Երանելի, Հերոնիմոս Երանելի, այս «Երանելի»-ն այլ բան չէ, քան միայն նրանց հատուկ մականուն։

 Հետևաբար, պետք է գործածել Օգոստինոս կամ Օգոստինոս Հիպպոնացի, Հերոնիմոս կամ Հերոնիմոս Ստրիդոնացի անվանաձևերը առանց դրանց հաջորդող «Երանելի»-ի։



6/12/23

Հանրակրթական դպրոցներում կրոն դասավանդելու մասին

Ես կողմ եմ, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդվի կրոն՝ ինչ անվամբ էլ որ այն ներկայացվի (անունը կարևոր չէ)։

Ես դեմ եմ, որ երեխաներին կրոնը քարոզվի։ Այսինքն՝ ես կողմ եմ, որ երեխաները ստանան կրոնական գիտելիքներ, բայց դրանց մատուցումը չլինի քարոզչական եղանակով ու երեխաներին «դարձի բերելու» նպատակով։

Թե՛ Եվրոպայում, թե՛ դրանից դուրս կան զարգացած և ժողովրդավարական երկրներ, որոնցում կրոնը ոչ միայն ուսուցանվում է, այլև պարտադիր առարկա է հանրակրթական դպրոցներում։

Ֆիննական դպրոցական կրթությունը վաղուց համարվում է լավագույններից մեկն ամբողջ աշխարհում։ Ֆիննական դպրոցներում ֆինների հիմնական կրոնի՝ լութերականության դասավանդումը պարտադիր է ֆինն երեխաների համար դպրոցական կրթության բոլոր մակարդակներում՝ 7-ից մինչև 18/19 տարեկանը։ Ովքեր այլակրոն են, սովորում են իրենց կրոնը։ Տես նաև այստեղ։

Ուելսում կրոնական կրթությունը թե՛ դպրոցներում, թե՛ անգամ նախադպրոցական հաստատություններում նույնպես պարտադիր է. կրոնն ուսումնասիրում են 3-ից մինչև 16 տարեկանը։

2/4/23

Աղոթքի, եգիպտական անապատների և հայրենիք պաշտպանելու մասին

 Ես չգիտեմ՝ սբ Սարգիսն իրո՞ք աղի բլիթ ուտողներին բարի բախտ բերում է, թե ոչ, բայց վստահ եմ, որ, ցավոք սրտի, անգամ բազմահազար անկեղծ աստվածասերների մեկտեղված ջերմ աղոթքները կամ այստեղ-այնտեղ տնկված խաչերը չեն փրկում զինված թշնամու հարձակումներից ու հայրենիքի կորստից։ Երևի երբեք որևէ  տեղ այնքան շատ աղոթողներ հավաքված չեն եղել, որքան քրիստոնեական վանականության օրրան եգիպտական անապատներում, որտեղ 4-5-րդ դարերում ծաղկում էին բազմաթիվ թե՛ միայնակեցական, թե՛ համայնակեցական վանքեր՝ բազմահազար կրոնավորներով, որ իրենց մարմնին բազմաթիվ նեղություններ տալով՝ զօրուգիշեր աղոթում էին։ Այդ վանքերը դեռևս 5-րդ դարից գիտե՞ք քանի անգամ են ավերվել թշնամի ազգերի հարձակումներից։ Կամ մի՞թե քրիստոնյա Եգիպտոսն այդպես հեշտությամբ կընկներ արաբական լծի տակ, կարաբանար ու իբրև քրիստոնյա պետություն իսպառ կվերանար աշխարհի երեսից, եթե աղոթքները զինված թշնամուց փրկելու զորություն իրոք ունենային։ Հավատը լավ բան է, աղոթքը՝ նույնպես, բայց սրանք միայն անձնական խնդիրների լուծման համար են, օրինակ՝ ներքին խաղաղություն ձեռք բերելու, հույսը չկորցնելու ու չվհատվելու, ոգեշնչվելու և այլն։ Բայց ազգային հարցեր չեն լուծում, ցավոք, և հայրենիքն ու զինվորներին չեն պաշտպանում թշնամու զենքից։ Իսկ մեր ժողովրդի մի շա՜տ մեծ մաս դեռ կարծում է, թե աղոթքով ու խաչով կամ անեծքով ու օրհնությամբ կարելի է ազգային հարցեր լուծել ու թշնամիներից ազատվել։ Սա տգիտություն է, ցավոք սրտի։ Ու նաև այս տգիտության դառը պտուղներն ենք մենք անվերջ ճաշակում։ Միշտ հիշե՛ք եգիպտական անապատների օրինակը։


7/28/17

Նամակ ուխտավորին


Ամեն տարի՝ մի քանի անգամ, զբոսաշրջային ընկերություններն ու եկեղեցին կազմակերպում են բազմամիլիոն արժողությամբ բազմամարդ ուխտագնացություններ Երուսաղեմ և տերունական այլ վայրեր։  Ես հասկանում եմ իրենց հանգստի կազմակերպման վրա իրենց ուզած չափով ու ձևով գումար ծախսող մարդկանց ու ճանապարհորդներին։ Բայց չեմ հասկանում, հրաժարվո՛ւմ եմ հասկանալ ահռելի գումարներ ծախսող ուխտագնաց քրիստոնյաներին և այդ ուխտերի կազմակերպիչ հոգևորականներին։ Իմ այս «նամակն» ուղղված է նրանց՝ մարդկանց այս խմբին, որն իրեն «քրիստոնյա» է կոչում, առավել ևս՝ «հա՛յ քրիստոնյա»։ «Նամակն» ուղարկում էի հասցեատերերին արդեն երկար տարիներ, բայց կամ մտքումս, կամ երբեմն՝ սակավաթիվ առիթների դեպքում՝ բանավոր, իսկ վերջապես որոշեցի գրել, երբ հերթական ուխտավորը վերադարձից հետո ինձ ասաց. «Օ՜, ի՜նչ լավ էր, ի՜նչ... Քեզ համար էլ եմ օրհնված մո՜մ բերել...»։ Այս դատարկությունն անտանելի է։ Այն պետք է ինչ-որ ձևով լցնել։



ՆԱՄԱԿ ՈՒԽՏԱՎՈՐԻՆ


Քրիստոսին թողած քո երկրում՝ քո կողքին՝ գնում-հասնում ես, մեծ ծախս անելով, Երուսաղեմ, որ Քրիստոսից օրհնություն ստանաս, թերահավա՜տ, անմի՜տ, ուղեղդ հայրենի լեռների դարավոր ծանր ձյան տակ սառեցրա՛ծ քրիստոնյա։

Մի հատ կողքդ նայիր, տե՛ս, թե որքան արագ կգտնես Նրան, Որի օրհնության փափագն ունես։ Այն ահռելի գումարը, որ քեզ պես բազմաթիվ անմիտների հետ տանում ես անշունչ քարերին ու շնչավոր օտարներին, ափսոսում ես տալ քո կողքին օգնություն աղերսող Քրիստոսին, որ փոքրիկ մանկան, անօգնական ծերի, հիվանդի ու հաշմանդամի և հալածյալի տեսքով քաղցում է, ծարավում, բուժման փող չունի, տառապում է, մերկ է, անտուն, հիվանդանոցում ու բանտում։ Իսկ դու թե օգնել ես Նրան, ապա, վստահ եմ, ո՛չ այնքան, որքան քարերին ու քո հաճույքի գործարաններին, այլ միայն մի փոքրի՜կ, չնչի՜ն գումարով՝ մնացածը քո կյանքի կարևոր ու անիմաստ ուխտագնացության համար պահելով։

Ու հիմա, քեզնից գոհ ու երջանիկ, ինքնավստահ ու ինքնախաբ, ելել-գնում ես մի օտար երկիր՝ կատարելու ո՛չ այն, ինչի պատվերը ստացար քո Տիրոջից, և արհամարհելո՛վ այն, ինչի պատվերը ստացար, և գնում ես, որ օրհնվես քեզնից Արհամարհվածից։

Թե առիթ գտնես, թույն ու անեծք կթափես այն հարուստ ազգի վրա, որի երկիրն ես գնում և որին քո և քո անմիտ ընկերների ահռելի գումարով է՛լ ավելի հարստացնում՝ այդ գումարը թաքցնելով քո կողքին ապրող աղքատ ու կարիքավոր Քրիստոսից։

Ավելի լավ էր՝ ազնիվ լինեիր և պարզապես զբոսանքի գնայիր՝ որ երկիր որ ուզեիր, ինչ գումարով որ ուզեիր, և քո մարմնի զբոսանքին «ուխտ» անունը չտայիր, Քրիստոս ու օրհնություն չխառնեիր։ Եթե քրիստոնյա ես, քո միակ ուխտը, որ տրվել է քեզ Քրիստոսից ու պատվիրվել պահել, Նոր Ուխտն է, որը երբեք ու երբեք չես հաջողում կատարել։

Ուրեմն հաստատապե՛ս իմացիր, որ փոխարեն ակնկալածդ օրհնության՝ անեծք ժառանգեցիր՝ վարձատրվելով ինքնախաբեության ու զգայարանների կեղծ ու անարժեք հաճույքով միայն։ Չե՞ս հավատում։ Ուրեմն չես հավատում Նրան, Ով շատ հստակ ասաց. «Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգելու ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցած էի, ծարավ, մերկ, անտուն, հիվանդանոցում ու բանտում, և կերակրեցիք, հագցրիք, խնամեցիք, այցելեցիք։ Իսկ դուք, որ այս ամենը չարեցիք ու արհամարհեցիք Ինձ, գնացե՛ք սատանայի և նրա սպասավորների համար պատրաստված կրակը հավիտենական»։ Արդյոք որտե՞ղ ասաց. «Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգելու արքայությունը, որովհետև ուխտի եկաք Երուսաղեմ, Իմ անունով օծված քարերին ու Իմ գերեզման, որոնց ոչ մեջ, ոչ տակը և ոչ էլ վրան Ես արդեն 2000 տարի է, որ չկա՜մ, չկա՜մ...»։

8/5/16

Ոսկեբերանը և սև գույնի զգեստները

Համացանցում կան Հովհան Ոսկեբերանի գրաբարյան թարգմանությունների հրատարակությունների թվայնացված բազմաթիվ օրինակներ, հատկապես մեր Ակադեմիայի գրադարանի կայքի շտեմարաններում։ Նրա գործերի՝ համացանցում առկա հայերեն թարգմանությունների ցուցակը կարող եք տեսնել այստեղ։

Ազգությամբ ասորի, բայց հունարենով ստեղծագործած Ոսկեբերանն ապրել է Դ-Ե դարերում, եղել սկզբում Անտիոքի հոգևոր սպասավոր, հետո Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս կամ հայրապետ։ Քարոզել կամ գրել է բազմաթիվ ճառեր, հատկապես սուրբգրային մեկնություններ։ Նրա գործերի մեծ մասը թարգմանվել է հայոց ոսկեդարում՝ առաջին Թարգմանիչների ձեռքով, և այդ թարգմանությունների հայերենն ընտիր է։ Գրաբար սովորել ցանկացողները Ոսկեբերանի երկերի գոնե որոշ հատվածներ պե՛տք է կարդան։

Բայց ես այսօր նրան հիշել ու ձեզ ներկայացնում եմ, ո՛չ որովհետև նա բեղուն մատենագիր է եղել կամ որ նրա երկերի գրաբարյան թարգմանություններն ընտիր են։ Հովհան Ոսկեբերանը Հայ Առաքելական Եկեղեցու այսպես կոչված «տասներկու վարդապետներից», այսինքն՝ ուսուցիչներից, մեկն է, և մեր Եկեղեցին նրա հիշատակը նշում է տարվա մեջ երկու անգամ։ Ուսուցիչներն ինչի՞ համար են. որպեսզի նրանցից սովորեն, չէ՞։ Ուրեմն՝ այս հայրապետը կամ բարձրաստիճան հոգևորականը եղել է անվախ ու անկաշառ անձնավորություն և չի վախեցել իշխանությունների ու հարուստների, հատկապես Եվդոքսիա կայսրուհու, անօրինությունների մասին բարձրաձայնել և նրանց կշտամբել։ Նա նաև փորձել է պաշտպանել այն մարդկանց, ովքեր տուժել են իշխանությունների ձեռքից, օրինակ՝ երբ Եվդոքսիան խլում է մի պաշտոնյայի այրու և զավակների ունեցվածքը, Ոսկեբերանը չի երկմտում պաշտպանելու այրուն ու նրա զավակներին՝ ընդդեմ կայսրուհու։ Ի վերջո, Եվդոքսիան, ժողով գումարել տալով, Ոսկեբերանին աքսորում է Փոքր Հայք։ Աքսորի դժվար ճանապարհը ծեր մարդն անցնում է քայլելով, ինչը հավասարազոր էր խոշտանգման։ Որոշ ժամանակ անց աքսորավայրում վախճանվում է։