Նկարը գողացված է http://s717.photobucket.com/user/prestonjjrtr/media/Christmas/PenguinJumpsRopeLOL.gif.html-ից։
«Լինե՞լ, թե չլինել»,– ասել է ծագումով հայ Համլետը ;) անգլիացի մեծն Շեքսպիրի գրչով։ «Իսկ գող լինե՞լ, թե չլինել»,– նույնքան կարևոր գոյաբանական հարց եմ տալիս ես՝ համակարգչային ստեղնաշարին տկտկացնելով։ ☺
Այն պահից, երբ սկսում ես անհարմար զգալ, որ գործածում ես «գողացված», օրինական ճանապարհով ձեռք չբերված, չգրանցված ապրանք, օրինական ճանապարհով քեզ չտրամադրված այլագրեր՝ ծրագրերն ակտիվացնելու կամ ամբողջական օպերացիոն համակարգ տեղադրելու համար, ահա այդ պահից պետք է մտածել այլընտրանքային ծրագրերի և օպերացիոն համակարգի մասին, որոնք գործածելիս խիղճդ էլ, ձեռքերդ էլ մաքուր կլինեն։
Իմ ճանապարհը դեպի Լինուքս օպերացիոն համակարգ սկսվեց հենց այս գիտակցությունից։ Նախ Windows ՕՀ-ում (որն օրինական, գործարանային տեղակայմամբ էր ինձ բաժին հասել) սկսեցի հրաժարվել բոլոր այն ծրագրերից՝ Microsoft-ի, Adobe-ի, ABBYY-ի և այլոց կողմից ստեղծված, որոնք ազատ տարածման համար չեն, իսկ ես էլ չէի գնել, այլ տեղակայել էի, ինչպես համարյա բոլորը մեզանում, կեղծ այլագրերով ու «քրեկ-մրեկներով», և փոխարինեցի դրանք ձրի և օրինական համարժեքներով` երբեմն ո՛չ այնքան փայլուն լուծումներ գտնելով, բայց գոնե արդար ու մաքուր։ Այնուհետև, երբ Windows-ս խնդիրներ ունեցավ, որոնք այլ կերպ, քան վերաֆորմատավորմամբ, հնարավոր չէր լուծել, ես ռիսկի դիմեցի և անցա Ուբունտու կոչվող լինուքսյան բաշխմանը (այսինքն՝ Լինուքս համակարգի ընտանիքին պատկանող բաշխումներից մեկին)։
Դուք երբևէ չե՞ք ձանձրանում ձեր տան կամ սենյակի ներքին կահավորումից։ Չե՞ք հոգնում նույն միջավայրից։ Ես հոգնել էի Windows-ից. ուրիշների Mac-երն էլ, որ գործի բերումով բավականին երկար ժամանակ գործածում էի, երբեք չհրապուրեցին ինձ. հարմար, երբեմն էլ անհարմար աշխատանքային գործիք էին, ուրիշ ոչինչ։ Եվ հանկարծ գտնում եմ Լինուքս մեծ հայրիկին՝ բազմազավակ, բազմաթոռ ու բազմածոռ։ Ընտրության ինչպիսի՜ հնարավորություն, նոր ընտանիք գտնելու և դրա մաս կազմելու ինչպիսի՜ ուրախություն ու ապրումներ։
Աչքերս բացվեցին, ախորժակս՝ նույնպես։ Ոնց որ ընկնեի բազմախորտիկ սեղաններով, հազարումի գույնզգույն, զրնգուն զանգուլակ-մանգուլակներով զարդարված արքայական պալատ։ Այնքան ուրախություն, որ պատճառում է ինձ լինուքսյան բաշխումով իմ համակարգիչը, դեռ երբեք ես չէի վայելել համակարգիչ գործածելիս։ Սա՞ չես հավանում, մյո՛ւսն ընտրիր. փոխիր միջերեսը և երբ մի միջերեսային միջավայրից (interface environment) հոգնում ես, համակարգ մտիր մեկ այլ միջավայր ընտրելով և քեզ զգա մեկ այլ համակարգչում։ Ես հենց այդպես եմ վարվում. ընդամենը մեկ Ուբունտու բաշխում է, բայց երբեմն Cinnamon կոչվող միջավայրն եմ գործածում և ինձ զգում LinuxMint բաշխման մեջ, երբեմն Gnome-shell-ը, երբեմն Unity-ն, երբեմն էլ Cairo-dock-ով միջավայրը և այլն։ Հիմա այսպիսի ճոխությունից հետո գնա ու ձանձրալի Ուինդոուսը գործածիր, կլինի՞։ Դա նման է նրան, որ լավ ու ճոխ պայմաններում, մեծ հարմարություններով շրջապատված ապրես, հետո քեզ զրկեն դրանից ու խցկեն մի վատ լուսավորված սենյակում, ուր ճնշվում ես լույսի պակասից, իսկ պատերից կյանքից հոգնածության հոտ է գալիս։
Ասացի հարմարություն, չեմ կարող չասել, որ ես երբեք, ոչ մի այլ համակարգում այսքան շատ ծրագրակազմերից ու համակարգչային հնարավորություններից չեմ օգտվել, այն էլ՝ արագության պահպանմամբ, որքան այժմ, երբ գործածում եմ լինուքսյան բաշխում։ Ես մտածում եմ, որ եթե այսքան ծրագիր տեղակայեի իմ նախկին՝ ուինդոուսյան համակարգում, խեղճը ծանրությունից կտապալվեր գետնին, ոտք-մոտք կջարդեր ու վախենամ թե շուտով ընդհանրապես մեռներ։ Արդեն իսկ այսքան ծրագիր-մրագիր չկար նրանում, բայց ավելի դանդաղ էր գործում, քան իմ ծանրաբեռնված լինուքսյան բաշխումը։ Իսկ հիմա ես մի լավ ծանրաբեռնել եմ համակարգիչս, և նրա պետքն էլ չէ, այն դեպքում, որ արդեն հին է, մարած մարտկոցով, իսկ Ուինդոուսով աշխատելիս ամեն առումով նոր էր և պիտի որ ավելի լավ գործեր։
Գուցե պատճառներից մեկն այն է, որ Լինուքսին գործնականորեն չեն սպառնում վիրուսնե՞րը, ուստի հակավիրուսային ծրագիր աշխատեցնելու կարիք չկա՞։ Ես չունեմ հակավիրուսային ծրագիր և դրա կարիքն էլ չունեմ։ Օրինակ՝ եթե մի հին համակարգչում Ուինդոուս տեղակայեք հակավիրուսային ծրագրով՝ վիրուսներից պաշտպանվելու համար, հաստատ այդ համակարգչից օգտվելը կվերածվի մղձավանջի։ Իսկ լինուքսյան բաշխումներ կան, որ այնքան սակավապետ են, որ կարող են տեղակայվել և շատ լավ գործել հին համակարգիչներում՝ վերակենդանացնելով դրանք։
Հիմա որ այսքան անկեղծանում ու համակարգչային կյանքս եմ պատմում, մի՛ կարծեք, թե ասում եմ՝ Ուինդոուսը (առավել ևս Մակինտոշը, որ, սակայն, մեզանում քչերին է առայժմ հասանելի) բանի պետք չէ, անցեք բոլորդ Լինուքսին, ինչպես ես։ Չէ՛։ Իմ բախտը պարզապես բերել է, որ ես գործի բերումով պետք չունեմ այնպիսի մասնագիտական ծրագրերի, որոնք կան միայն Ուինդոուսի (կամ Մակի) համար և, ցավոք, դեռևս չկան Լինուքսի համար, քանի որ այդ ծրագրերը ստեղծողներն ու վաճառողները միայն փողի և լայն շուկայի մասին են մտածում։ Որ ուզեն, Լինուքսի համար էլ տարբերակներ կստեղծեն։ Սակայն այս դեպքում էլ միշտ կարելի է և՛ գործածել լինուքսյան բաշխումը, և՛ պահել Ուինդոուսը և վայելել երկուսի բարիքներն էլ։ Թե ինչպես է պետք դա անել, կասվի հաջորդիվ։
Բացի դրանից, մասնագիտական անփոխարինելի ծրագրերից օգտվողները հասարակության միայն փոքր տոկոսն են կազմում, և նաև ենթադրելի է, որ այդ ծրագրերը գործածվում են հիմնականում աշխատավայրում, մինչդեռ մարդկանց մեծ մասն իր համակարգչային բոլոր կարիքները կարող է լիովին, նույնիսկ ավելի՛ քան լիովին, բավարարել լինուքսյան որևէ բաշխումով (Linux distribution կամ կարճ` distro)։ Եվ ամեն ինչ՝ ձրի և ընտրության մեծ ազատությամբ։
Լինուքսյան ազատության զգացումը ոչ մի բանի հետ չես փոխի։ Սկսում ես նաև համակարգչից ավելի լավ հասկանալ, նույնիսկ եթե մասնագիտությունդ շատ հեռու է համակարգչային ոլորտից։ Ուինդոուսն ու Մակինտոշը նման են փակ կողպեքով դռներ ունեցող տան, ուր դու սպասավորի կարգավիճակ ունես, և քեզ ասել են՝ այստեղ չի կարելի մտնել, այնտեղ չի կարելի մտնել, քո տարածքն ու իրավունքները սահմանափակվում են այսքանով և մինչև այստեղ։ Իսկ Լինուքսում դու տեր ես, բոլոր դռներն էլ բաց են քո առաջ, միայն թե, իհարկե, եթե նոր ես տիրացել այդ մեծ տանը և վստահ չես, որ անծանոթ դռան հետևում ինչ-որ բան վրադ չի փլչի կամ տան հին մեռելների ոգիներն այնտեղ չեն ծվարել ու կյանքդ չեն փչացնի, անծանոթ ու կասկածելի դռները մի քիչ զգուշությամբ բացիր կամ բացելուց հետո զգուշությամբ շրջիր անծանոթ սենյակում։
Լինուքսն, ուրեմն, ազատություն է, խղճի մաքրություն (որովհետև ոչ մի անօրինական բան չես անում), ապահովություն (որովհետև վիրուսները քեզ հետ գործ չունեն, ինչպես նաև ոչ մի համացանցային կայք առանց քո թույլտվության ոչինչ չի կարող «կողքից» տեղակայել համակարգչումդ՝ երբեմն գլխացավանք դառնալով), ինչպես նաև ուրախություն։
Դե եթե մի բանի խորհրդանիշը լինի պինգվինը, ինչպե՞ս կարելի է չուրախանալ։ ։))
Այս նկարն էլ գողացված է http://giphy.com/gifs/H4uE6w9G1uK4M-ից։
Անպայման դիտեք նաև սա ։)
Հաջորդ մասը՝ այստեղ։