8/23/23

ԿԱՐԵՎՈՐ



1) Հավանաբար նկատել եք, որ այբբենական գրացուցակներն ու որոշ այլ գրացուցակներ այլևս հասանելի չեն հին հասցեներով։ Դրանք տեղափոխել ենք grahavak.com կայք, որը նույնպես «գուգլյան» է։ Ուստի այն հասանելի է նաև sites.google.com/view/grahavak հասցեով։ Եթե մի օր հանկարծ grahavak.com հասցեն չգործի (քանի որ այդ դոմենի համար պետք է ամեն տարի վճարել, իսկ մեռած մարդը դա անել չի կարող), հիշե՛ք, որ կայքից կարող եք օգտվել նաև նշված մյուս հասցեով։ Այդ հասցեն, ինչպես նաև մեր այս բլոգը միշտ պիտի գործեն, նույնիսկ երբ այս կայքերի տերն այլևս այս աշխարհում չլինի։ «Գուգլի» Inactive Account Manager-ի կարգավորումները թույլ են տալիս հաշվի տիրոջն ընտրել այնպիսի կարգավորումներ, որ հաշվի ոչ ակտիվ լինելու դեպքում «Գուգլը» չջնջի այդ հաշիվն ու դրան կցված ամբողջ բովանդակությունը։ Ես ընտրել եմ իմ հաշվի պահպանումը, ուստի հույս ունեմ՝ այս կայքերը երբևէ չեն ջնջվի, քանի կան «Գուգլը» և այս կայքերից օգտվողներ։


2) Բլոգի նյութերից օգտվելիս նկատի ունեցեք, որ դրանց հեղինակն իր շատ նյութեր սկզբնապես հրապարակում է մի նախնական քիչ թե շատ ավարտուն տարբերակով, իսկ հետո՝ օրերի ընթացքում, լրամշակում այն՝ շտկումներ ու լրացումներ կատարում։ Այսինքն՝ եթե մի նյութ նոր է հրապարակվել, այն ստուգեք նաև մի որոշ ժամանակ հետո․ հնարավոր է՝ փոփոխություններ կատարված լինեն։

Կարող է մեկը տարակուսել, թե ինչո՛ւ է հեղինակն այսպես վարվում․ մի՞թե չի կարող իր համակարգչում մի որոշ ժամանակ աշխատել նյութի վրա, թերությունները շտկել, պակասը լրացնել և հետո՛ նյութը հրապարակել։ Բանն այն է, որ նյութի հրապարակումը ստիպում է հեղինակին այդ նյութը չանտեսել և շարունակել աշխատել դրա վրա, մինչդեռ համակարգչում թողնված, օտարի աչքից հեռու նյութերի խմբագրում-լրամշակումը հեղինակը հաճախ անվերջ հետաձգում է՝ այդպես էլ այդ նյութերը չհրապարակելով։ Ահա սա՛ է պատճառը, որ նախընտրում ենք թեկուզ թերություններով, բայց քիչ թե շատ ավարտուն տեսք ունեցող նյութը հրապարակել, հետո դրա վրա աշխատել ու այն բարելավել, քան ընդհանրապես ոչինչ չհրապարակել։