Showing posts with label մտքեր. Show all posts
Showing posts with label մտքեր. Show all posts

7/28/17

Նամակ ուխտավորին


Ամեն տարի՝ մի քանի անգամ, զբոսաշրջային ընկերություններն ու եկեղեցին կազմակերպում են բազմամիլիոն արժողությամբ բազմամարդ ուխտագնացություններ Երուսաղեմ և տերունական այլ վայրեր։  Ես հասկանում եմ իրենց հանգստի կազմակերպման վրա իրենց ուզած չափով ու ձևով գումար ծախսող մարդկանց ու ճանապարհորդներին։ Բայց չեմ հասկանում, հրաժարվո՛ւմ եմ հասկանալ ահռելի գումարներ ծախսող ուխտագնաց քրիստոնյաներին և այդ ուխտերի կազմակերպիչ հոգևորականներին։ Իմ այս «նամակն» ուղղված է նրանց՝ մարդկանց այս խմբին, որն իրեն «քրիստոնյա» է կոչում, առավել ևս՝ «հա՛յ քրիստոնյա»։ «Նամակն» ուղարկում էի հասցեատերերին արդեն երկար տարիներ, բայց կամ մտքումս, կամ երբեմն՝ սակավաթիվ առիթների դեպքում՝ բանավոր, իսկ վերջապես որոշեցի գրել, երբ հերթական ուխտավորը վերադարձից հետո ինձ ասաց. «Օ՜, ի՜նչ լավ էր, ի՜նչ... Քեզ համար էլ եմ օրհնված մո՜մ բերել...»։ Այս դատարկությունն անտանելի է։ Այն պետք է ինչ-որ ձևով լցնել։



ՆԱՄԱԿ ՈՒԽՏԱՎՈՐԻՆ


Քրիստոսին թողած քո երկրում՝ քո կողքին՝ գնում-հասնում ես, մեծ ծախս անելով, Երուսաղեմ, որ Քրիստոսից օրհնություն ստանաս, թերահավա՜տ, անմի՜տ, ուղեղդ հայրենի լեռների դարավոր ծանր ձյան տակ սառեցրա՛ծ քրիստոնյա։

Մի հատ կողքդ նայիր, տե՛ս, թե որքան արագ կգտնես Նրան, Որի օրհնության փափագն ունես։ Այն ահռելի գումարը, որ քեզ պես բազմաթիվ անմիտների հետ տանում ես անշունչ քարերին ու շնչավոր օտարներին, ափսոսում ես տալ քո կողքին օգնություն աղերսող Քրիստոսին, որ փոքրիկ մանկան, անօգնական ծերի, հիվանդի ու հաշմանդամի և հալածյալի տեսքով քաղցում է, ծարավում, բուժման փող չունի, տառապում է, մերկ է, անտուն, հիվանդանոցում ու բանտում։ Իսկ դու թե օգնել ես Նրան, ապա, վստահ եմ, ո՛չ այնքան, որքան քարերին ու քո հաճույքի գործարաններին, այլ միայն մի փոքրի՜կ, չնչի՜ն գումարով՝ մնացածը քո կյանքի կարևոր ու անիմաստ ուխտագնացության համար պահելով։

Ու հիմա, քեզնից գոհ ու երջանիկ, ինքնավստահ ու ինքնախաբ, ելել-գնում ես մի օտար երկիր՝ կատարելու ո՛չ այն, ինչի պատվերը ստացար քո Տիրոջից, և արհամարհելո՛վ այն, ինչի պատվերը ստացար, և գնում ես, որ օրհնվես քեզնից Արհամարհվածից։

Թե առիթ գտնես, թույն ու անեծք կթափես այն հարուստ ազգի վրա, որի երկիրն ես գնում և որին քո և քո անմիտ ընկերների ահռելի գումարով է՛լ ավելի հարստացնում՝ այդ գումարը թաքցնելով քո կողքին ապրող աղքատ ու կարիքավոր Քրիստոսից։

Ավելի լավ էր՝ ազնիվ լինեիր և պարզապես զբոսանքի գնայիր՝ որ երկիր որ ուզեիր, ինչ գումարով որ ուզեիր, և քո մարմնի զբոսանքին «ուխտ» անունը չտայիր, Քրիստոս ու օրհնություն չխառնեիր։ Եթե քրիստոնյա ես, քո միակ ուխտը, որ տրվել է քեզ Քրիստոսից ու պատվիրվել պահել, Նոր Ուխտն է, որը երբեք ու երբեք չես հաջողում կատարել։

Ուրեմն հաստատապե՛ս իմացիր, որ փոխարեն ակնկալածդ օրհնության՝ անեծք ժառանգեցիր՝ վարձատրվելով ինքնախաբեության ու զգայարանների կեղծ ու անարժեք հաճույքով միայն։ Չե՞ս հավատում։ Ուրեմն չես հավատում Նրան, Ով շատ հստակ ասաց. «Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգելու ձեզ համար պատրաստված արքայությունը, որովհետև քաղցած էի, ծարավ, մերկ, անտուն, հիվանդանոցում ու բանտում, և կերակրեցիք, հագցրիք, խնամեցիք, այցելեցիք։ Իսկ դուք, որ այս ամենը չարեցիք ու արհամարհեցիք Ինձ, գնացե՛ք սատանայի և նրա սպասավորների համար պատրաստված կրակը հավիտենական»։ Արդյոք որտե՞ղ ասաց. «Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգելու արքայությունը, որովհետև ուխտի եկաք Երուսաղեմ, Իմ անունով օծված քարերին ու Իմ գերեզման, որոնց ոչ մեջ, ոչ տակը և ոչ էլ վրան Ես արդեն 2000 տարի է, որ չկա՜մ, չկա՜մ...»։

9/11/16

Եթե մոգ լինեի...

Եթե ես մոգ լինեի, մի խորհրդանշական մեծ մեդալ կպատրաստեի և այն կախաղան կբարձրացնեի, վրան մի քանի բուռ լաց կլինեի, հետո մեդալը կտանեի-կթաղեի՝ ինչ-որ կախարդական մաղթանքներ գռմռալով, գերեզմանը կկնքեի, որ մեդալոսկորներն անշարժ մնային ու հանկարծ կնքված գերեզմանից դուրս չպրծնեին երբեք, տապանաքար կդնեի, տապանաքարին կգրեի. «Աստ հանգչի մեդալն ունայնութեան, սնափառութեան, այլախաբութեան եւ ինքնախաբէութեան»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, մի խորհրդանշական փոքրիկ գիրք կպատրաստեի, կազմին կգրեի «գիտական թեզ», կդնեի գլխիս, կտանեի գերեզմանոց, գլխիցս կիջեցնեի, սև ագռավներին կկանչեի՝ հատուկ խունկ փչելով ու կախարդական մաղթանքներ երգելով, ագռավների լուրջ ու գիտնական հայացքների ներքո խնկի կրակվող ածխից կլցնեի գրքի վրա, կայրեի, մոխիրը կթաղեի, տապանաքար կդնեի, վրան կգրեի. «Աստ հանգչի թեզն ունայնութեան, սնափառութեան, յիմարաբանութեան, գողութեան եւ ընչասիրութեան»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, թեզը հողին հանձնելու հաջորդ օրը կկազմակերպեի նաև թեզի անբաժան ընկերոջ՝ գիտական կոչումի թաղումը։ Նույն հանդիսավորությամբ, նույն լրջությամբ։ Տապանաքարին կգրեի. «Աստ հանգչի կոչումն յանուրեքութիւն»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, կգնայի լայնարձակ մի դաշտ, այն ժամանակ, երբ քամին մեղմորեն շնչում է ականջիս, արևն էլ՝ մեղմորեն զարկում դեմքիս, խոր շունչ կքաշեի, կծնկեի անուշաբույր խոտին և սրտի թրթիռով առջևս կդնեի հետս տարած մեծ կապոցը։ Մի երկու կախարդական մաղթանք կասեի կապոցի վրա և  ապա այն կբացեի, ձեռքերիս մեջ առնելով՝ հատ-հատ կհամբուրեի գույնզգույն թռչնիկներին և համբուրելուց հետո նրանց բաց կթողնեի երկրի չորս կողմերը։ Թռչուններից մեկի վզից կապված կլիներ «որոնում» պիտակը, մյուսի վզից՝ «հարցասիրություն» պիտակը, երրորդի՝ «անշահախնդրությունը», չորրորդի՝ «ինքնամոռացությունը», հինգերորդի՝ «ուսումնատենչությունը», վեցերորդի՝ «ուսումնասիրությունը», յոթերորդի՝ «գիտությունը», ութերորդի՝ «ստեղծարարությունը», իններորդի՝ «աշխատասիրությունը», տասներորդի՝ «բարի նպատակը», տասնմեկերորդի՝ «բազմապատիկ բարի պտուղները», իսկ տասներկուերորդի՝ «երանությունը»։ Կասեի՝ բարի, հաջողակ և մշտակա՜ն թռիչք ձեզ, թռչնիկներ, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։





8/19/16

Նամակ դառնացած սրտերից



Գրահավաքը նամակ է ստացել Կառլից, Տականքից, Գրանտակերից, Թուրքերի ջրաղացից և Ադրբեջանցիների ջրաղացից։ Նամակը ներկայացնում ենք առանց կրճատման և խմբագրման՝ համաձայն նամակագիրների խնդրանքի։


Հարգելի Գրահավաք, երկար մտածելուց ու տատամսելուց հետո վերջապես որոշեցինք դիմել Ձեզ, քանի որ տեսանք, որ Դուք անկեղծորեն սիրում եք հայոց բազմադարյան պերճ լեզուն։

Խնդրում ենք օգնել մեզ և դառնալ մեր խոսափողը։ Շատ աննշան հույս ունենք, որ հայերի մի ստվար զանգված միփոքրգուցեայնուամենայնիվ սթափվի և, զարգացնելով իր աղքատիկ երևակայությունը, լեզվական բազմազան հնարքներ գործածի՝ մի քանի չարչրկված ու արդեն մաշմշված հնարքների փոխարեն։

Մենք արդեն զզվել ենք հայ ժողովրդի կողմից դաժան շահագործման ենթարկվելուց ու անվերջ բռնաբարվելուց (ներողություն ճշմարտությունն այսպես անկեղծորեն ներկայացնելու համար)։

8/5/16

Ոսկեբերանը և սև գույնի զգեստները

Համացանցում կան Հովհան Ոսկեբերանի գրաբարյան թարգմանությունների հրատարակությունների թվայնացված բազմաթիվ օրինակներ, հատկապես մեր Ակադեմիայի գրադարանի կայքի շտեմարաններում։ Նրա գործերի՝ համացանցում առկա հայերեն թարգմանությունների ցուցակը կարող եք տեսնել այստեղ։

Ազգությամբ ասորի, բայց հունարենով ստեղծագործած Ոսկեբերանն ապրել է Դ-Ե դարերում, եղել սկզբում Անտիոքի հոգևոր սպասավոր, հետո Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս կամ հայրապետ։ Քարոզել կամ գրել է բազմաթիվ ճառեր, հատկապես սուրբգրային մեկնություններ։ Նրա գործերի մեծ մասը թարգմանվել է հայոց ոսկեդարում՝ առաջին Թարգմանիչների ձեռքով, և այդ թարգմանությունների հայերենն ընտիր է։ Գրաբար սովորել ցանկացողները Ոսկեբերանի երկերի գոնե որոշ հատվածներ պե՛տք է կարդան։

Բայց ես այսօր նրան հիշել ու ձեզ ներկայացնում եմ, ո՛չ որովհետև նա բեղուն մատենագիր է եղել կամ որ նրա երկերի գրաբարյան թարգմանություններն ընտիր են։ Հովհան Ոսկեբերանը Հայ Առաքելական Եկեղեցու այսպես կոչված «տասներկու վարդապետներից», այսինքն՝ ուսուցիչներից, մեկն է, և մեր Եկեղեցին նրա հիշատակը նշում է տարվա մեջ երկու անգամ։ Ուսուցիչներն ինչի՞ համար են. որպեսզի նրանցից սովորեն, չէ՞։ Ուրեմն՝ այս հայրապետը կամ բարձրաստիճան հոգևորականը եղել է անվախ ու անկաշառ անձնավորություն և չի վախեցել իշխանությունների ու հարուստների, հատկապես Եվդոքսիա կայսրուհու, անօրինությունների մասին բարձրաձայնել և նրանց կշտամբել։ Նա նաև փորձել է պաշտպանել այն մարդկանց, ովքեր տուժել են իշխանությունների ձեռքից, օրինակ՝ երբ Եվդոքսիան խլում է մի պաշտոնյայի այրու և զավակների ունեցվածքը, Ոսկեբերանը չի երկմտում պաշտպանելու այրուն ու նրա զավակներին՝ ընդդեմ կայսրուհու։ Ի վերջո, Եվդոքսիան, ժողով գումարել տալով, Ոսկեբերանին աքսորում է Փոքր Հայք։ Աքսորի դժվար ճանապարհը ծեր մարդն անցնում է քայլելով, ինչը հավասարազոր էր խոշտանգման։ Որոշ ժամանակ անց աքսորավայրում վախճանվում է։

7/29/16

Ժողովուրդն իսկապե՞ս արժանի է իր ղեկավարությանը

Հաճախ կարելի է լսել, թե ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը և որ, ուրեմն, քանի դեռ ժողովուրդն ինքը չի փոխվել, ոչինչ չի փոխվի նրա կյանքում ու երկրում, եթե փոխվեն ղեկավարները։ Ես կտրականապես մերժում եմ այս մտայնությունը. ավելին՝ ես այն շատ վտանգավոր ու վնասակար եմ համարում։ Այսպես մտածելը մարդուն կարող է գցել հուսահատության գիրկը։ Որովհետև ո՞ր մի մարդն է իսկապես կարծում, թե կարելի է մի կարճ ժամանակում «փոխել» մի ամբողջ ժողովուրդ։ Կամ ո՞վ ու ո՞ր տեսությունն է ապացուցել, թե կան ավելի լավ և ավելի վատ ժողովուրդներ, և որ մենք այդ ավելի վատ կամ անկիրթ ժողովուրդներից մեկն ենք։

Գերմանացի ժողովուրդը, ինչպես գիտենք, տվել է մարդկությանը շատ մեծ գիտնականներ, մտածողներ ու մշակույթի անգերազանցելի գործիչներ։ Այս լուսավոր ազգը հանկարծ վարակվեց ֆաշիզմով, և բազմահազար ծառա ֆաշիստները խոշտանգեցին ու սպանեցին բազմամիլիոն մարդկանց։ Ֆաշիստ ծառաները կատարում էին հրամաններ, և նրանց մեջ կային և՛ ի բնե սադիստներ, և՛ մարդատյացներ, և՛ զանազան հոգեկան խանգարումներ ունեցող անհատներ, որոնք լավ պայմաններ էին գտել իրենց էությունը լիովին ու անարգել դրսևորելու համար։ Բայց ահա՛ Հիտլերը պարտվեց, ֆաշիստ պարագլուխներն ու ղեկավարները պատժվեցին։ Ի՞նչ եղավ այն բյուրավոր ծառա ֆաշիստներին, որ սիրով մարդ էին խոշտանգում ու սպանում։ Բոլորին լցրին բանտե՞րը, մեկուսացրի՞ն հասարակությունից, սպանեցի՞ն, ոչնչացրի՞ն։ Ո՛չ։ Նրանք շարունակեցին ապրել ու ծառայել իրենց երկրին ու ժողովրդին, բայց արդեն չունենալով այնպիսի պայմաններ, ուր կարող էին դրսևորել իրենց ցածր կրքերն ու ստոր ցանկությունները։

5/12/16

Մեր վախը



Հայերս մի մե՜ծ վախ ունենք, որ դեռ չենք կարողանում հաղթահարել։ Թերևս դա կարելի է կրոնական վախ կոչել։ Գիտացված կրոնական կամ չգիտակցված կրոնական։ Մենք վախենում ենք մտքերից։ Մենք վախենում ենք գաղափարներից։ Չենք վախենում թշնամուց ու մահից։ Չենք վախենում մեղքից ու ստոր արարքներից. գողանում ենք, անիրավում, սպանում, թալանում, կեղծում, շնանում... Ու չենք վախենում։ Իսկ հանկարծ որ մեկն անկեղծորեն արտահայտի մի միտք, որ դուրս է ընդունվածից, մեր կրոնական կամ ազգային պատկերացումներից ու ավանդույթներից, վախենում ենք, վախից ուզում ենք արգելել այդ միտքը, բզկտել, կտրատել, թաքցնել, փակել, ջնջել, վերացնել...


Այս մասին մտածեցի այսօր, երբ Լեռ Կամսարին նվիրված ֆեյսբուքյան էջում կարդացի 1961-ին նրա գրածը Նարեկացու մասին* (https://web.facebook.com/permalink.php?story_fbid=1209830805724311&id=260317210675680) և ապա աչքի անցկացրի մի երկու մեկնաբանություն։ Կամսարի թոռնուհին (Վանուհի Թովմասյանը) այս գրվածքը հրապարակել է, բայց սրտում վախ ունի և հարցնում է. «Ժողովրդիս ռեակցիան եմ ստուգում, որ հասկանամ՝ նման պամֆլետները դնե՞մ գրքերում, թե՞ ոչ․․․ Ձայն հանեք․․․ Էնպես չլինի, որ հանկարծ ազգիս ինքնասիրությունը վիրավորվի․․․»։ Մեկը պատասխանում է. «Միանշանակ չպետք է ընդունել, սա շաաատ սուբյեկտիվ է, շատերը կարող են Կամսարի այս անբռնազբոս մոտեցումը լրիվ այլ նպատակների ծառայեցնել, կարծում եմ չպետք է թույլ տալ էս միտքը իբրև գործիք ծառայի ոմանց ձեռքին, անկախ Ձեր կամքից ջուր լցնեք հակահայ ու հակաքրիստոնեական ջրաղացին...»։