Showing posts with label տառադարձություն. Show all posts
Showing posts with label տառադարձություն. Show all posts

12/8/22

Անունները «թարգմանե՞լ», թե ոչ

Ժամանակակից հատուկ անունները՝ մարդկանց թե վայրերի, սովորաբար չեն «թարգմանվում», այսինքն՝ պահպանվում են այդ անունների՝ աղբյուր լեզվում եղած ձևերը, որոնք ներկայացվում են տառադարձությամբ։ Իսկ պատմական դեմքերի անունները և համաքրիստոնեական սրբերի (կամ պատմությունից հայտնի նշանավոր անձանց) անունը կրող միապետների, եկեղեցիների ու երբեմն նաև տեղանունների, ինչպես նաև ժամանակակից եկեղեցական առաջնորդների անունները լեզուների մեծ մասում սովորաբար ներկայացվում են ոչ թե տառադարձությամբ, այլ տվյալ լեզվում այդ անունների ավանդական ձևերով (եթե դրանք կան)։

Պատմական դեմքեր

Հուլիոս Կեսար, Դիոկղետիանոս կայսր, Վաղես կայսր, Շապուհ թագավոր, Պողոս առաքյալ, Մատթեոս ավետարանիչ, սբ Հեղինե, սբ Նիկողայոս, Բարսեղ Կեսարացի, Կյուրեղ Ալեքսանդրացի, Օգոստինոս Հիպպոնացի (ո՛չ Ավգուստինուս Երանելի), Ֆրանչիսկոս (ո՛չ Ֆրանցիսկուս)*

* Լատինական -us վերջավորությունը հայերենում ավանդաբար միշտ ներկայացվել է -ոս ձևով։

Սրբերի անուններ կրող եկեղեցական առաջնորդներ նոր ժամանակներում

Հռոմի Հովհաննես-Պողոս պապ, Հունաց տիեզերական պատրիարք Բարթողոմեոս Ա, բայց՝ Կիրիլ պատրիարք (այս մասին տես այս հոդվածի վերջին պարբերությունում)

Սրբերի անունով տեղանուններ

Սբ Հեղինեի կղզի, Սբ Լավրենտիոս գետ

Բրիտանական միապետների անուններից որոնք համաքրիստոնեական սրբերի անուններ են, լեզուների մեծ մասում, ուստի նաև հայերենում, «թարգմանվում» են։ Աննա, Եղիսաբեթ, Գեորգ (հայերենում Գևորգ զորավարի անունը դասական ուղղագրությամբ նաև Գէորգ է գրվում, օրինակ՝ այս անունն ունեցող հայ կաթողիկոսները պաշտոնապես Գէորգ են կոչվում, ուստի «Գեորգ» ձևը նույնպես հայերեն է)։ Ինչ վերաբերում է William-ին, թեև եվրոպական լեզուներում այն ներկայացվում է այդ լեզուներում այս անվան ավանդական տարբերակներով՝ Wilhelm (գերմ.), Guillaume (ֆր.), Guillermo (իսպ.), Guglielmo (իտ․) ևն, սակայն հայերենում ռուսերենի ազդեցությամբ գործածվող գերմանական Վիլհելմը տրամաբանական չի թվում, քանի որ գործ ունենք ոչ թե գերմանացի, այլ անգլիացի միապետի անվան հետ։ Քանի որ William-ը ոչ համաքրիստոնեական սրբի անուն է, ոչ էլ հայոց պատմությունից կամ մատենագրությունից հայտնի նշանավոր պատմական անուն, որ ունենար հայերեն կայուն ավանդական ձև, այն հայերենում պետք է հենց Ուիլյամ ձևով էլ ներկայացվի։ Նույնը վերաբերում է անգլիական Charles-ին. այն հայերենում ճիշտ է ներկայացնել հենց Չարլզ ձևով։

Վերոնշյալ սկզբունքը կիրառելի է նաև եվրոպական այլ տերությունների միապետների անունները հայերենում ներկայացնելիս, սակայն հաշվի առնելով նաև հետևյալը։ Քանի որ եվրոպական շատ տերություններում երկար դարեր՝ մինչև Ռեֆորմացիան, պաշտոնական կրոնը կաթոլիկությունն էր, ուստի լատիներենն էլ երկար ժամանակ պաշտոնական գրական լեզու էր եվրոպական շատ ազգերի համար։ Հետևաբար միապետների անուններն ունեին նաև լատինական պաշտոնական ձևեր։ Օրինակ՝ գերմանական Ludwig-ի կամ ֆրանսիական Louis-ի լատինական ձևը Ludovicus է։ Սա է պատճառը, որ այս անունն ունեցող գերմանացի կամ ֆրանսիացի միապետները որոշ լեզուներում ոչ թե Լուդվիգ կամ Լուի են կոչվում, այլ Լուդովիկոս (օր.՝ հուն. Լուդովիկոս, ռուս.՝ Լյուդովիկ)։ Հայերենում հաճախ նույնպես եվրոպական միապետների լատինական և ոչ թե ազգային անվանաձևերն են գործածվում։ Սա սխալ համարել չենք կարող այն դեպքերում, երբ այդ միապետներն իրո՛ք կոչվել են լատինական անվանաձևով (ավելի վաղ ժամանակաշրջաններում) կամ նաև՛ լատինական անվանաձևով։

Ռուսական միապետների անունները, նույնիսկ եթե համաքրիստոնեական սրբերի անուններ են, հայերենում (ի տարբերություն եվրոպական շատ լեզուների) ընդունված է տառադարձել, ոչ թե ըստ ընդհանուր սկզբունքի «թարգմանել». այսինքն՝ գրում ենք Նիկոլայ, Իվան, Ելիզավետա Պետրովնա* ևն (բացառություն է Պետրոս Ա-ն)։ Այս նույն սկզբունքով առաջնորդվելով՝ նաև ռուսաց եկեղեցու պատրիարքների անունների ռուսական ձևերն ենք պահպանում, օրինակ՝ Կիրիլ պատրիարք։

* Հայրանունն այս դեպքում ամբողջական անվան մասն է և մակդիր չէ, ուստի հայերենում ներկայացվում է նույն սկզբունքով՝ տառադարձությամբ և ոչ թե թարգմանությամբ։

6/27/22

Արևմտահայերի անունների տառադարձություն

 

Արևմտահայերի լատինատառ անունները արևելահայերի մեծ մասը սխալ է հայերենացնում, այսինքն՝ արտահայտում հայերեն տառերով։ Ցավոք, այս առումով տգետ են նաև պետական այն մարմինների աշխատողները, որոնք գրանցում են Հայաստանի քաղաքացիություն ստացող արևմտահայերին։ Այս տգիտության հետևանքով աղավաղվում են արևմտահայերի հայատառ անունները։ Բացարձակապես անընդունելի են Վասկեն, Կևորկ, Անահիդ և այլ այսպիսի տառադարձումները։ Ոչ մի արևմտահայ իր հայատառ անունն այսպես չի գրում, ուստի արևելահայն էլ չպիտի գրի և չպիտի աղավաղի այս անունները։ Խորհրդային շրջանում բազմահազար արևմտահայեր հայրենադարձվեցին ու եկան Հայաստան իրենց օտարագիր փաստաթղթերով։ Բայց նրանց նոր փաստաթղթերում հայատառ անունները չէին աղավաղվում․ Խորհրդային Հայաստանի համապատասխան մարմիններում գիտեին ինչպես ճիշտ տառադարձել արևմտահայերի անունները։ Իսկ այժմյան Հայաստանում համատարած անգրագիտություն է այս առումով, և սա ամոթալի է։

Արևմտահայերենի հնչյունական համակարգը տարբերվում է արևելահայերենի հնչյունական համակարգից։ Պայթական բաղաձայնների մեկ երրորդը (շնչեղ խուլեր) արևմտահայերենում ընթերցվում է ճիշտ այնպես, ինչպես արևելահայերենում, սակայն երկու երրորդի (ձայնեղներ և պարզ խուլեր) արտասանությունը տարբերվում է։ Արևմտահայերի անունների լատինատառ ձևերը կամ տառադարձումները արևելահայերենում ճիշտ արտահայտելու համար ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ է իմանալ, թե ինչպես են արևմտահայերն արտասանում, ուստիև լատինատառ տառադարձում ձայնեղ և պարզ խուլ բաղաձայնները։

Պայթականների արտասանությունը արևելահայերենում ու արևմտահայերենում

  1. Շնչեղ խուլեր — փ, ք, թ, ց, չ —— արտասանվում են նույն կերպ

  1. Արևելահայերենի ձայնեղ պայթականներ — բ, գ, դ, ձ, ջ —— արևմտահայերենում արտասանվում են ինչպես շնչեղ խուլերը (բ → փ, գ → ք, դ → թ, ձ → ց, ջ → չ)

  1. Արևելահայերենի պարզ խուլեր — պ, կ, տ, ծ, ճ —— արևմտահայերենում արտասանվում են ինչպես արևելահայերենի ձայնեղ պայթականները (պ → բ, կ → գ, տ → դ, ծ → ձ, ճ → ջ)

Հետևաբար, արևմտահայերենում վերոբերյալ 2-րդ և 3-րդ խմբի տառերը լատինատառ արտահայտվում են հետևյալ կերպ։

բ — գ — դ — ձ — ջ

p — k — t — ts — ch/tch

 —————————————————————

պ — կ — տ — ծ — ճ

b — g — d — dz — j/dj

Այս փոքրիկ աղյուսակը կօգնի, որ ճիշտ տառադարձեք արևմտահայերենից լատինատառի և լատինատառ տառադարձություններն էլ ճիշտ ՀԵՏ ՇՐՋԵՔ, այսինքն՝ արևմտահայերի անուն-ազգանունների լատինատառ ձևերը ճիշտ արտահայտեք հայերեն տառերով։

Կրկնենք․ արևմտահայն իր անունը հայատառ ԵՐԲԵՔ չի գրի Անահիդ, Կևորկ, Վասկեն և այլն։ Նա ԳՐՈՒՄ Է Անահիտ, Գևորգ, Վազգէն և այլն, բայց ԱՐՏԱՍԱՆՈՒՄ է Anahid, Kevork (|Քևորք|), Vazken/Vasken, ուստի այս անունները լատինատառ գրում է, ինչպես արտասանում է։ Սակայն հայերենում՝ արևմտահայերեն լինի, թե արևելահայերեն, այս անունները պիտի գրվեն իրենց ավանդական ու մեզ ծանոթ ձևերով։

Հարգելի՛ արևելահայեր, հատկապես պետական մարմիններում կամ, օրինակ, բանկերում աշխատող, մի՛ աղավաղեք մեր արևմտահայ եղբայրների ու քույրերի անունները։ Սովորե՛ք վերոբերյալ փոքրիկ աղյուսակի տառադարձական սկզբունքները։



9/9/21

Անգլերենից արևելահայերեն տառադարձություն

Այս նյութում եղած ընդարձակ աղյուսակների պատճառով այն այստեղ դնում ենք որպես PDF նիշք, որը կարող եք թե դիտել, թե ներբեռնել։



 

5/15/14

Հայերենի դասական տառադարձություն և հնչյունային այբուբեններ

Հայերենի դասական տառադարձության օրենքները, որոնք հիմնված են գլխավորապես հունարենից վերցված բառերի հայերենացման սկզբունքների վրա, մի փոքր տարբերվում են այսօր ընդունված տառադարձության օրենքներից։ Եթե ժամանակին հունարեն Χ տառը հայերենում արտահայտվում էր «ք» տառով, կամ Φ-ն՝ «փ», ապա, հայ լեզվաբանների ընդունած տառադարձական վերջին օրենքի համաձայն (1985 թ.), դրանք հայերենում պետք է տառադարձվեն որպես «խ» և «ֆ»։ Սա է պատճառը, որ ունենք հնուց եկած «քաոս», «մեքենա», «քղամիդ» և այլ «ք»-ավոր բառեր և դրանց կողքին՝ «մեխանիկա», «սխեմա», «խոլերա» ևն, ինչպես նաև՝ հնուց եկած «փյունիկ», «փասիան», «Փիլիպպոս» և այլ «փ»-ավոր բառեր և դրանց կողքին՝ «ֆիզիկա», «ֆոսֆոր», «Աֆրիկա» և այլն։

Ներքոբերյալ աղյուսակը, որ ժամանակին պատրաստել էինք անձնական գործածության համար, ներկայացնում է`