Showing posts with label երգիծանք. Show all posts
Showing posts with label երգիծանք. Show all posts

6/30/19

Որտեղի՞ց ճարենք ստուպիդոմետր

Պատահե՞լ է, որ կարդացել եք մեկի ըստ ձեզ տխմար, անտրամաբանական գրվածքը, որը շատ տրամաբանական ու խելացի է թվում ուրիշ շատերի, և զարմացել մարդկային ապուշության վրա։ Կամ նկատե՞լ եք, թե ինչպես է ապուշը մի ուրիշին ապուշ համարում, և անհանգստացել Երկիր մոլորակի ապագայի համար։ Պիտի խոստովանեմ, որ երբեմն մտքումս ինչ-որ մարդկանց «ապուշ» եմ կոչում։ Օրինակ՝ կարդում եմ մեկի գրած տխմարությունը և մտքումս ասում. «Հարգելի՛ս, Դուք ապուշ եք»։ Միայն մտքումս եմ ասում և չեմ գրում կամ բարձրաձայնում, որովհետև եթե ինչ-որ մեկին ասեմ, որ նա ապուշ է, նա կհակադարձի. «Ապուշը դու ես», և ես կհայտնվեմ շատ ծանր իրավիճակում, որովհետև չեմ կարողանա իմ կարծած ապուշին ապացուցել, որ ապուշը ես չեմ, այլ ինքը։ Օրինակ՝ դուք կարո՞ղ եք ապացուցել, որ ապուշ չեք։ Գուցե ապո՞ւշ եք։ Հատկապես կարո՞ղ եք ապացուցել սա նրան, ում ապուշ եք կարծում։ Որովհետև նրա համար էլ գուցե ձեր իմաստուն ու տրամաբանված խոսքն է ապուշություն, և դուք՝ ապուշ։

Ա՛յ եթե լիներ մարդու ապուշությունը ստուգող ու չափող սարք՝ ստուպիդոմետր՝ ապուշաչափիչ, կարելի կլիներ դրանով չափել մարդու ապուշության աստիճանը, համեմատել մեկ այլ մարդու ապուշության աստիճանի հետ և որոշել, թե երկուսից ով է ավելի ապուշ։ Որովհետև սրտիս խորքում շատ լավ զգում եմ, որ զրո աստիճանի ապուշ դժվար թե գտնվի աշխարհում, ուստի մնում է միայն որոշել, թե ապուշության որ աստիճանը կարելի է անվտանգ համարել՝ «նորմայի մեջ», իսկ որ աստիճանից սկսած՝ անհանգստանալ։

— Հարգելի՛ս, Դուք ապուշ եք,– ասում եք։
— Ապուշը դու ես, մի՛ վիրավորիր։
— Ես չեմ վիրավորում, իրականությունն եմ մատնանշում։ Ասելով, որ Դուք ապուշ եք՝ նկատի ունեմ, որ ապուշության Ձեր աստիճանը նորմայից շատ բարձր է, ինչն էլ թույլ է տալիս Ձեզ «ապուշ» կոչել։ Իսկ իմ ապուշության աստիճանն այնքան ցածր է, որ ոչ մի չափորոշիչով ես չեմ կարող ապուշ համարվել։ Եթե Դուք դրան կասկածում եք, կարող ենք ստուպիդոմետրով ստուգել։

Բայց ստուպիդոմետր չկա։ Հետևաբար, ոչ միայն անիմաստ է ինչ-որ մեկին «ապուշ» կոչելը, այլև խիստ վտանգավոր ։)



6/5/18

Կենդանիների պաշտպանի ելույթը

  Կենդանիների պաշտպանի ելույթը
կենդանիների պաշտպանությանը նվիրված միջտեսակային համաժողովում


Սիրելի ժողովակիցներ ու գաղափարակիցներ,

Վերջերս մի ուսումնասիրություն կարդացի, որը պնդում էր, որ կատուների 30 տոկոսը ձանձրույթից ընկնում է դեպրեսիայի մեջ։ Անկախ այդ ուսումնասիրության փաստերի վստահելիության աստիճանից՝ ինձ բնավ չի զարմացնում, որ կատուները կարող են տառապել դեպրեսիայից, ինչպես մարդիկ, քանի որ մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ ոչ միայն կատուները, այլև շները, ինչպես նաև այլ կենդանիներ, տառապում են համարյա նույն հիվանդություններից, ինչ մարդիկ, անգամ սրտի կաթված են ստանում կամ մեռնում քաղցկեղից։ Բանականությամբ մեզ զիջող մեր կրտսեր եղբայրներին ու քույրերին հատուկ են այն բոլոր զգացումները, որոնք հատուկ են մեզ՝ բանականությամբ նրանց բազմապատիկ գերազանցող մարդկանց. նրանք տխրում են մեզ պես, ուրախանում, զայրանում, քեն պահում ու վրեժխնդիր լինում, երախտիքը չեն մոռանում և այն հատուցում են, ատում ու սիրում են, սիրով կապվում, մենակությունից տառապում, անգամ անձնազոհության գնում հանուն սիրո, ընկերության և երախտագիտության։ Հայտնի է, թե ինչպես են մենասեր գայլերը երբեմն այնքան ծանր տանում իրենց կողակցի մահը, որ վշտից մեռնում են։ Մի խոսքով, ի՞նչ երկարացնեմ, բոլորիս քաջ հայտնի է, թե որքան նման են մյուս կենդանատեսակները մարդկանց։ Սակայն միայն այն պատճառով, որ պակաս զարգացած ուղեղ ու բանականություն ունեն, քան մարդիկ, մենք մեզ տարանջատում ենք նրանցից, ասես տարբեր աշխարհների ծնունդ լինենք, տարբեր միս ու արյունից կազմված լինենք, և ոտնահարում նրանց իրավունքները, տանջում ու ծառայեցնում նրանց կամ վերաբերվում նրանց իբրև սիրելի խաղալիքների, բայց ո՛չ իբրև մեզ պես լիարժեք անհատների։ Քի՞չ են մարդկանց մեջ հոշոտիչները, անգամ մարդակերները։ Եթե մենք ուտում ենք կովեր, ոչխարներ, խոզեր, հավեր ու ճագարներ, Հեռավոր Արևելքում՝ նաև այլ բազմաթիվ կենդանատեսակներ, զարմանալի ի՞նչ կա, որ մի երկու կենդանի էլ հոշոտի կամ ուտի մեզ՝ մարդկանց։ Այս աշխարհն այդպիսին է. բոլորն էլ գոյատևելու ճանապարհին ուտում են ինչ կարողանում են։ Ուստի մենք վայրենությամբ բնավ չենք զիջում մյուս կենդանատեսակներին, ավելին՝ գերազանցում ենք նրանց՝ հաշվի առնելով, որ բանականությամբ ավելի զորեղները պիտի որ պակաս վայրենի լինեին։

Ուրեմն՝ ի՞նչ տարբերություն իմ ու իմ կատվի միջև՝ բացի բանականության աստիճանից։ Ո՛չ մի։ Ես ուրիշ ոչ մի տարբերություն չեմ տեսնում իմ ու նրա միջև՝ իբրև կենդանի էակների։ Հետևաբար, մենք ունենք հավասար իրավունքներ։ Ահա այսպիսին պիտի լինի մարդու վերաբերմունքը մյուս կենդանատեսակների հանդեպ։ Մենք բոլորս բնության մասնիկներն ենք, նրա զանազան մասերն ու զարգացման օղակները։ Ես նույնքան կենդանի ու ասուն անասուն եմ, որքան իմ կատուն։ Իհարկե, պատիս հայտնվող սարդերին ես տանել չեմ կարողանում, բայց դրանում ևս բացահայտվում է իմ նմանությունը մյուս կենդանատեսակներին և նրանցից տարբեր չլինելը։ Ես պիտի պաշտպանեմ իմ բնակատեղին օտարներից, որոնք առանց իմ թույլտվության ներխուժում են իմ տարածք և այնտեղ որոշում իրենց տունը կառուցել ու ձագեր բազմացնել։ Այլ կենդանատեսակներ նույնպես հարձակվում են իրենց տարածքի սահմաններն առանց թույլտվության հատողների վրա։ Սա պաշտպանական բնական բնազդ է, սեփականության անկապտելի զգացում։ Այդ նույն սարդերը դանդաղ մահով սպանում և ուտում են պատահաբար իրենց տունը մտած ճանճերին և այլ միջատների։ Ես գոնե սարդերին սպանում եմ միանգամից, որ չտանջվեն։

Մարդկությունը շատ կարճ հիշողություն ունի։ Նա մոռացել է, որ կար ժամանակ, երբ մարդիկ վարազներին, ցլերին, գայլերին, շներին, արծիվներին և բազմաթիվ այլ կենդանիների պաշտում էին այնքան, որ համարում էին իրենց նախնիները։ Մարդիկ իրենց կոչում էին կենդանիների անուններով, անգամ չէին խորշում կոչել իրենց Գայլ, Վարազ կամ Մրջյունիկ։ Տեսեք քանի արջ Արթուրներ ու Արշակներ կան, քանի աղավնի Հովնաններ ու Վարուժաններ, կարմիր գայլ Ռուդոլֆներ, շնագայլ Առնակներ, գորտ Վազգեններ, առյուծ Լևոններ, Կորյուններ, Արիելաներ, մաքի Ռաքելներ, շիկահավ Ռոբիններ, արծիվ Արեններ ու Արծվիկներ։ Մի՞թե անգամ այս անունները ոչինչ չեն հուշում մարդկանց։ Մինչդեռ այսօր մարդիկ կենդանիների շատ անուններ գործածում են իբրև վիրավորական բառեր՝ էլ շուն, էլ էշ, էլ խոզ, էլ աղվես ու կրիա։ Եվ սա ցույց է տալիս կենդանիների հանդեպ մարդու պախարակելի բարձրամտությունը։

Խոսքս ուզում եմ եզրափակել մի կարևոր առաջարկությամբ։ Կենդանիների պաշտպանությունը կմնա միշտ ձևական, երկրորդական մի բան, մնացորդային, եթե մենք չբռնենք գաղափարական փոփոխություններ կատարելու ճանապարհը։ Մենք պետք է, մանկապարտեզից ու դպրոցից սկսած, կրթենք մարդկանց նոր սերունդներին այնպես, որ նրանք ոչ մի տարբերություն չդնեն իրենց և մյուս կենդանատեսակների միջև, հասկանան, որ բոլորս էլ հավասար արարածներ ենք։ Եվ բանականության աստիճանը պիտի պատճառ չդառնա պակաս բանականություն ունեցող կենդանատեսակների հանդեպ արհամարհանքի, ծաղրի, նվաստացման, բռնության, ստրկության, իբրև զվարճանքի առարկա գործածության, բանտարկության, հարկադիր ու ծեծով վարժեցման, ինչպես որ այսպիսի վերաբերմունքի չեն արժանանում մյուս կենդանատեսակներից շատ ավելի անբան ու անխելք մարդ նորածինները կամ այն մարդիկ, որ ծնվել են մտավոր խեղումներով, այսինքն՝ վնասված բանականությամբ։

Շնորհակալություն ուշադրության համար։
(Բուռն ծափահարություններ, խռնչոցներ, կռինչներ, վրնջոցներ, հաչոցներ, մլավոցներ, ծվծվոցներ, մայուններ, բառաչոցներ, սուլոցներ, ոռնոցներ, զռռոցներ, մկկոցներ ու ծուղրուղունե՜ր)

12/25/16

Քույր և եղբայր

Մի հինգ տարի առաջ ինձ բարկացրել էր որոշ մարդկանց՝ հիմարության մեջ համառելը։ Ես իմ այդ բարկության տվայտանքների մեջ էի, երբ միտքս հանկարծ պայծառացավ ու փառահեղ լեզվական հայտնագործություն արեց։ Այդ պահին նաև Մուսան երկնքից թռավ-եկավ և օգնեց այդ հայտնագործությանը բանաստեղծական շնորհք հագցնելու։ Այսօր ինչ-որ մարդիկ ինձ ստիպեցին հիշել ու դարակներից հանել իմ այդ հայտնագործությունը... Բայց ասե՛ք, որ ես սխալվում եմ ։))))

Քույր և եղբայր

Հիմարն ու Համառը քույր են և եղբայր:
Եվ համահայր են, և համամայր:
Նույն հորից սերվել,
Նույն կաթն են կերել:
Երկուսն էլ ունեն նույն Հ ոտքերը,
Երկուսն էլ ունեն նույն Մ իրանը,
Երկուսն էլ ունեն նույն վանկ-հասակը,
Երկուսն էլ ունեն նույն ar գլուխը,
Բայց քանի որ ՀԻմարի սեռն ի-գական է,
ՀԱմառինը` ա-րական,
Հիմարի Ր-ն նուրբ է,
Համառինը` կոպտաձայն:
Ահա սա՛ է պատճառը,
Որ ուր գտնվում է Հիմարը,
Նրա կողքին, շատ հաճախ,
Հայտնվում է Համառը։

Այս բանաստեղծությունը եթե դասական ուղղագրությամբ էլ ներկայացնես, դարձյալ նույն պատկերն է ստացվելու, քանի որ երկու բառերն էլ յ-ով են սկսվում (յիմար, յամառ)։


8/19/16

Նամակ դառնացած սրտերից



Գրահավաքը նամակ է ստացել Կառլից, Տականքից, Գրանտակերից, Թուրքերի ջրաղացից և Ադրբեջանցիների ջրաղացից։ Նամակը ներկայացնում ենք առանց կրճատման և խմբագրման՝ համաձայն նամակագիրների խնդրանքի։


Հարգելի Գրահավաք, երկար մտածելուց ու տատամսելուց հետո վերջապես որոշեցինք դիմել Ձեզ, քանի որ տեսանք, որ Դուք անկեղծորեն սիրում եք հայոց բազմադարյան պերճ լեզուն։

Խնդրում ենք օգնել մեզ և դառնալ մեր խոսափողը։ Շատ աննշան հույս ունենք, որ հայերի մի ստվար զանգված միփոքրգուցեայնուամենայնիվ սթափվի և, զարգացնելով իր աղքատիկ երևակայությունը, լեզվական բազմազան հնարքներ գործածի՝ մի քանի չարչրկված ու արդեն մաշմշված հնարքների փոխարեն։

Մենք արդեն զզվել ենք հայ ժողովրդի կողմից դաժան շահագործման ենթարկվելուց ու անվերջ բռնաբարվելուց (ներողություն ճշմարտությունն այսպես անկեղծորեն ներկայացնելու համար)։