3/12/24

Ինչպես կարդալ գրաբարյան տեքստերը

Սովորաբար գրաբարյան տեքստերի ընթերցման համար սովորեցնում են միայն դասական (կամ ավանդական) ուղղագրության կանոնները։ Եթե ի սկզբանե այդ կանոններով չես սովորել հայերենի ուղղագրությունը, օրինակ՝ եթե հայաստանցի ես, դասական ուղղագրության կանոնները դպրոցում չես անցել, ապա սովորում ես այդ կանոնները, որպեսզի կարողանաս գրաբարյան տեքստերը ճիշտ ընթերցել։

Քանի որ մենք ունենք արդի գրական լեզվի երկու ճյուղ՝ արևելահայերեն և արևմտահայերեն, որոնք ունեն տարբեր հնչյունական համակարգեր, և արևելահայերն ու արևմտահայերը բառերի մի մասն արտասանում են տարբեր ձևով, ապա գրաբարյան տեքստեր կարդալիս նույնպես արևելահայերը դրանք կարդում են արևելահայերենի արտասանության համաձայն, արևմտահայերը՝ արևմտահայերենի։ Օտարազգի հայագետները գրաբարյան տեքստեր կարդալիս նույնպես հետևում են կա՛մ արևմտահայերենի, կա՛մ արևելահայերենի արտասանությանը (նայած ումից են սովորել գրաբարը)։

Հետևաբար, այսօր կա գրաբարի ընթերցման, գրաբարյան բառերն արտասանելու մեկ սկզբունք՝ ըստ ժամանակակից հայերենի բնական արտասանության, և երկու հիմնական ձև՝ ըստ ժամանակակից արևելահայերենի և ըստ ժամանակակից արևմտահայերենի։

Բուն գրաբարյան (այսինքն՝ մեսրոպյան) շրջանում, սակայն, տառերի և երկհնչյունների մի մասն այլ կերպ էր արտասանվում, ո՛չ այնպես, ինչպես այսօր (սա առանձին թեմա է, որն այս հոդվածում չենք քննարկում)։ Գրաբարյան տեքստեր կարդալիս մենք չենք փորձում արհեստականորեն վերարտադրել այդ հին արտասանությունը, որովհետև դրա վերաբերյալ ունենք տեսական գիտելիքներ, որոնք բավական չեն վստահ լինելու համար, որ մենք այսօր կարող ենք լիովին ճշգրտորեն վերարտադրել բուն գրաբարյան շրջանի հնչյունները։ Լեզուներ սովորող մարդիկ շատ լավ գիտեն, որ միայն նկարագրության վրա հիմնվելով հնարավոր չէ ճշգրտորեն վերարտադրել մի անծանոթ լեզվի հնչյուններն ու բառերը․ դրանք պետք է լսել։ Բացի դրանից, նախորդող բոլոր դարերում էլ մարդիկ գրաբարյան տեքստերը կարդացել են ըստ օրվա արտասանական սկզբունքների։ Բնականաբար, ոչ ոք չուներ Մեսրոպ Մաշտոցի կամ նրա աշակերտների խոսքի ձայնագրությունները (ինչպես որ այսօր էլ դրանք չունենք), որ կարողանար լսել և բուն գրաբարյան արտասանությամբ սովորեր կարդալ գրաբարյան տեքստերը։

Ուրեմն՝ գրաբարյան տեքստերն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կարդում ենք ըստ այն արտասանության, որը հարազատ ու բնական է կարդացողներիս համար՝ անկախ նրանից, թե մեր այժմյան բնական արտասանությունը ճի՞շտ է, թե սխալ, եթե ճիշտ արտասանությամբ նկատի ունենք բուն գրաբարյան արտասանությունը։ Եթե նկատի ունենք բուն գրաբարյան արտասանությունը, ապա իհա՛րկե այսօր ԻՆՉՊԵՍ ԷԼ որ կարդանք գրաբարյան տեքստերը, նույնիսկ եթե փորձենք ըստ հին արտասանության մասին մեր ունեցած գիտելիքների արտասանել, միևնույն է, մեր արտասանությունը, ամենայն հավանականությամբ, սխալ կամ թերի է լինելու։ Հետևաբար, այսօր մենք գրաբարյան տեքստերը կարդում ենք ըստ մեզ համար բնական հայերեն արտասանության։ Նույնիսկ եթե, օրինակ, գյումրեցին գրաբարյան տեքստերը կարդում է Գյումրու բարբառի արտասանության համաձայն, դարձյալ չի մեղանչում ոչ մեկի ու ոչ մի բանի առաջ։

Բառերի արտասանության մեջ վերոնշյալ հիմնական կանոնից (այսինքն՝ արտասանել բառերն այնպես, ինչպես ժամանակակից հայերենում) կա միայն մեկ բացառություն և միայն արևելահայերի համար։ Գիտենք, որ արևելահայերենում երբ բառասկզբի զ-ին հաջորդում է բաղաձայն, զ-ն միշտ կարդում են հաջորդող բաղաձայնի հետ միասին կամ զը (օրինակ՝ ǀզգաստǀ, ǀզըլանալǀ)։ Բայց գրաբարյան տեքստեր կարդալիս, այս կանոնը պահելով հանդերձ, միայն զ նախդիրը բաղաձայնից առաջ կարդում ենք ǀըզǀ, օրինակ՝ զբանս-ը կարդում ենք ǀըզբանըսǀ, զտուն-ը՝ ǀըզտունǀ (իսկ զգաստ-ն ու զլանալ-ը շարունակում ենք կարդալ ինչպես արևելահայերենում՝ առանց սկզբից ավելացող ը-ի)։

Այս բացառությունը պահելը կարող էր կարևոր համարվել երգվող տեքստերը (շարականներ և այլն) ճիշտ արտաբերելու համար, քանի որ ը-ի հավելումը նաև վանկերի թիվն է ավելացնում։ Սակայն երգերում սովորաբար հավելյալ ը-երը գրվում են։ Ուստի եթե մեկը մշտապես կարդա ǀզտունǀ, ǀզգիրǀ և այլն (այսինքն՝ առանց հավելյալ ը-ի), թեև գրաբար իմացողների ականջին գուցե սա մի փոքր անսովոր հնչի, սակայն սա նույնպես սխալ համարել չի կարելի։ Նույն այդ երգվող տեքստերում, տաղաչափության պահանջներից ելնելով, զ նախդիրից առաջ սովորաբար ավելացող ը-ն հաճախ նաև չի լինում՝ երգողին հուշելով, որ տվյալ բառը պիտի արտաբերի առանց ը-ի հավելման։ Ամենայն հավանականությամբ, բուն գրաբարյան շրջանում այդ հավելյալ ը-ն չի արտասանվել. այլապես անհասկանալի է մնում, թե ինչու էին ըզ նախդիրն արտահայտում միայն զ-ով, եթե կարող էին ը-ն գրել, ինչպես ը-ով սկսվող մյուս նախդիրներում (ըստ, ընդ)։ Բուն գրաբարյան շրջանում, միևնույն է, բոլոր նախդիրներն էլ (ընդհանրապես բոլոր բառերը, բայց շատ ավելի երկար դարեր՝ նախդիրները, և շաղկապը, է օժանդակ բայն ու այլ կարճ բառեր) գրում էին կողքի բառին կպած։ Հետևաբար, ինչպես որ գրում էին, օրինակ, զոմանս կամ զտուն, այդպես էլ՝ ըստայնմ կամ ընդժողովրդեան։ Ուստի ǀըզǀ արտասանելու դեպքում պիտի որ գրեին, օրինակ, ըզտուն։ Բայց, ինչպես ասացինք, այսօր բաղաձայնից առաջ եղած զ նախդիրը կարդում ենք ǀըզǀ ըստ վաղուց ընդունված և դարեդար փոխանցված (այսինքն՝ ավանդական) արտասանության։

Բաղաձայնին հաջորդող հոգնակիակերտ ք-ն ոմանք երբեմն կարդում են նախորդող ը-ով, օրինակ՝ ǀգանձըքǀ, ǀբանըքǀ, ոմանք էլ՝ միշտ առանց այդ հավելյալ ը-ի՝ ǀգանձքǀ, ǀբանքǀ։ Որ ձևով էլ արտասանենք, սխալ չէ, որովհետև, միևնույն է, մենք վստահաբար չգիտենք, թե բուն գրաբարյան շրջանում ինչպես էին սրանք արտասանվում։ Ուստի այս հարցում ևս հետևում ենք կա՛մ ավանդական արտասանական ձևերի, կա՛մ մեր նշած հիմնական արտասանական սկզբունքին՝ կարդալով ըստ ժամանակակից հայերենի մեզ համար բնական արտասանության։ Սակայն հոգնակի հայցական հոլովի վերջին ս-ից, ինչպես նաև հոդերից առաջ սովորաբար բոլորն էլ կարդալիս ավելացնում են այդ հավելյալ ը-ն՝ ǀգանձըսǀ, ǀբանըսǀ, ǀըզգանձըսǀ, ǀըզբանըսǀ, ǀգանձըդǀ, ǀգանձընǀ և այլն, ինչպես որ ժամանակակից հայերենում էլ ս և դ հոդերից առաջ ը ենք ավելացնում (ǀտունըսǀ, ǀտունըդǀ)։

Ո և ոյք անձնական դերանուններն էլ ոմանք կարդում են ǀվոǀ և ǀվույքǀ, ոմանք էլ՝ ǀօǀ և ǀույքǀ, ավելի հաճախ՝ առաջին՝ վ-ով տարբերակով։ Դարձյալ՝ որ ձևով էլ արտասանենք, սխալ չէ, որովհետև հետևում ենք ավանդական արտասանական ձևերի, ինչպես նաև ժամանակակից հայերենի արտասանական կանոններին, ըստ որոնց՝ ո-ն, բացի ով դերանունից և մի քանի օտար փոխառություններից (ավանդական ուղղագրության պարագայում), առանձին դիրքում թե բառերի սկզբում, կարդացվում է ǀվոǀ։ Իսկ ով-ը ǀօվǀ ենք կարդում, ոչ թե որովհետև գրաբարում բառասկզբի ո-ն ǀօǀ է հնչել (ինչը ճիշտ է), այլ որովհետև ǀօǀ-ով է ով բառի բնական արտասանությունը նաև ժամանակակից հայերենում։ Նույնպես և ǀօǀ-ով ենք կարդում Ովսէէ, ովսաննա, ովկիանոս, Ովբէդ և ո-ով սկսվող այլ օտար բառերը, որովհետև դրանք ժամանակակից հայերենում էլ ենք ǀօǀ-ով արտասանում։

Կան մարդիկ, որ պնդում են, թե վերոբերյալ զուգահեռ արտասանական ձևերից միայն մեկն է ճիշտ, մյուսը սխալ է, և ոչ մի դեպքում չի կարելի այդ սխալ ձևով արտասանել։ Իսկ մե՞նք ինչու ենք ասում՝ որ ձևով էլ արտասանենք, սխալ չէ։ Որովհետև (նորից կրկնենք) որ ձևով էլ արտասանենք, միևնույն է, բուն գրաբարյան շրջանի արտասանության սկզբունքներով չէ՛, որ այսօր կարդում ենք գրաբարյան տեքստերը։ Ուստի մեկ կամ մի քանի բացառություն առանձնացնելն ու դրանց իբր միակ ճիշտ արտասանական ձև ունենալու վրա պնդելը տրամաբանական չենք համարում, եթե բառերի մեծ մասը, միևնույն է, ո՛չ ըստ բուն գրաբարյան արտասանության ենք հնչեցնում։

Այնպես որ շատ բնական է, որ մեկը նույն բառը կկարդա ǀդադարǀ, մյուսը՝ ǀդաթարǀ, երրորդն էլ՝ ǀթաթարǀ. մեկը կկարդա ǀվո արարǀ, մյուսը՝ ǀօ արարǀ։ Կարդացեք ինչպես սովորաբար կարդում եք հայերեն բառերը կամ ինչպես բնական է թվում ձեր ականջին։ Միայն թե կարդացե՛ք գրաբար և ըմբոշխնե՛ք այն։