12/18/20

Վերին արդարություն

 Վերջերս վերին կամ աստվածային արդարության մասին ես շատ կարևոր բան սովորեցի թռչուններից ու կատուներից։ Սովորեցի, որ վերին արդարություն գոյություն չունի։ Որ եթե կա Աստված կամ մի գերագույն զորություն, նա բոլորովին այլ կերպ է մտածում և այլ կերպ գործում։ Նա անարդար է ըստ մեր չափանիշների, ուստի նրանից արդարություն ակնկալելը միամտություն է։ Նա չի պատժում անարդարություն գործած ազգերին, ինչը մենք շարունակ ակնկալում ենք ու սրա վերաբերյալ հույսեր փայփայում։ 

Ես սենյակիս պատուհանագոգին միշտ կեր եմ դնում թռչունների համար։ Մինչև պատերազմի սկիզբը հիմնականում ճնճղուկներ ու մեծ երաշտահավեր էին ամեն օր օգտվում կերամանից․ հատկապես ճնճղուկներն էին շատ։ Տատրակներ երբեք չէին գալիս։ Բայց պատերազմի հենց սկզբում հայտնվեցին փոքր տատրակներ, որոնք առ այսօր ամեն օր օգտվում են կերամանից, հաճախ նույնիսկ մինչև տասը տատրակ, իսկ ճնճղուկները տատրակների հայտնվելուն պես հեռացան այնպես, որ ընդհանրապես չեն գալիս։ Մեծ երաշտահավերն ինչպես նախկինում, հիմա էլ են գալիս, բայց կերամանի տարածքի հիմնական տերերը փոքր տատրակներն են։ Ես տխրել եմ ճնճղուկներիս համար։ Տատրակները շատ սիրուն են, իհարկե, ես նրանց շատ եմ սիրում, բայց ճնճղուկներս ավելի համովիկ էին, անվերջ ծլվլում էին, աղմկում և ուրախությունս էին։ Պատերազմի օրերին մտածում էի՝ հետաքրքիր կլինի, եթե պատերազմը վերջանա, ու տատրակներն ինչպես եկել էին պատերազմի սկզբում, այդպես էլ հեռանան, իսկ քշված ու իրենց նախկին տարածքից զրկված ճնճղուկներս վերադառնան։ Բայց չէ՛, ճնճղուկներս չեն գալիս, տատրակները գրավել են այս տարածքն ու չեն ուզում նրանից զրկվել։ 

Ու հանկարծ մի օր մտածեցի, որ ես անշուշտ չեմ կարող տատրակներին չսիրել, որ քշել են ճնճղուկներին ու գրավել նրանց տարածքը։ Ու չեմ կարող պատժել տատրակներին դրա համար։ Ես սիրում եմ տատրակներին և ամեն օր շարունակում եմ կերակրել նրանց։



Մեր տարածքում կան նաև կատուներ, որոնց կերակրում եմ, ու նրանք մեր պատշգամբում են գիշերում ու ցերեկը հանգստանում։ Շատ են, տուն չեմ առնում՝ մեկից բացի, որն ամենատարիքովն է։ Ու այդ տարիքովը մի օր հարձակվեց մի ավելի երիտասարդ արուի վրա մեր պատշգամբում ու համարյա գզեց ու քշեց պատշգամբից։ Երկու օր չերևաց երիտասարդ արուն։ Տխրել էի, որովհետև դրան էլ էի սիրում, նաև շատ բարկացել էի ավելի տարեց կատվի վրա։ Նույնիսկ մի օր չկերակրեցի նրան՝ որպես պատիժ։ Բայց հետո տեսա, որ չեմ կարող բարկանալ, ախր լավն է ։) Էլի սիրում եմ, ինքն էլ քսմսվում է ոտքերիս, գալիս պառկում անկողնուս։ Ի՞նչ անեմ, ո՞նց պատժեմ։ Չէ՛, չեմ պատժում, կերակրում եմ ու սիրում։

Ահա թե ինչ սովորեցրին ինձ կենդանիները վերին կամ աստվածային արդարության մասին։ Սովորեցրին, որ ինչքան էլ մի ազգ անարդար ու անբարո լինի, որ սեփականացնի մի ուրիշ ազգի տարածքը, մի ուրիշ ազգի «գզի» ու վտարի նրան նրա տարածքից, Աստված կամ վերին ինչ-որ ուժ կամ բնության համընդհանուր օրենքը, որ վերաբերում է անխտիր բոլոր արարածներին, ներառյալ մարդկանց, շարունակելու է հոգալ ու «սիրել» անարդարություն գործածին, ուրիշի տարածքը խլածին։ Այդ պատճառով էլ ինչքան էլ մենք ակնկալենք, հուսանք, մաղթենք՝ հույսը դնելով վերին արդարության վրա, որ մեր հանդեպ անիրավություն ու անարդարություն գործած ազգերն Աստծուց կպատժվեն մի օր, կկործանվեն, Բաքուն կվառվի, արդարությունը կվերականգնվի, դա տեղի չի ունենա, ինչպես որ տեղի չի ունեցել մինչև այսօր։ Մենք ենք, որ կորցրել ենք ու շարունակում ենք կորցնել, իսկ մեր հայրենիքն ու մեր ժողովրդի միլիոնավոր զավակների կյանքը խլածները շարունակում են բարգավաճել ու հանգիստ ապրել,  շատանալ ու աշխարհը գրավել։ 

Արդարությունը կարող է վերականգնվել միայն մի՛ դեպքում։ Եթե հանկարծ ճնճղուկները քաջություն ձեռք բերեն, չվախենան տատրակներից ու հարձակվեն սրանց վրա ու քշեն իրենց նախկին տարածքից՝ նորից տիրանալով դրան։ Բայց դա ե՛ս չեմ անելու, հասկանո՞ւմ եք։ Դուք էլ չէիք անի։ Ես տատրակներին երբեք չեմ քշի, ինչքան էլ որ ճնճղուկների համար տխրած լինեմ։ Ահա այսպիսի «վերին» արդարություն։