8/25/24

Հունարեն -λογία-ով վերջացող բառերի հայերեն համարժեքները

Վերջերս միտում է նկատվում հունարեն -λογία (լատ. -logia, անգլ. -logy) վերջով կազմված բառերը, հատկապես գիտությունների կամ ուսումնասիրության ոլորտների անվանումները, ոչ թե սպասելի -աբանություն վերջով թարգմանելու, այլ -ագիտություն-ով։ Կարծում ենք՝ սա սխալ և շփոթեցնող միտում է։ Բացատրենք, թե ինչո՛ւ։

Դեռևս գրաբարից մենք հունարեն logos-ը, որ խոսք կամ բանականություն է նշանակում, թարգմանել ենք միշտ բան, որ գրաբարում նույն իմաստն ունի, ինչ հունարեն բառը, և հենց այդ շրջանից արդեն ունենք, օրինակ, աստուածաբան, աստուածաբանութիւն, վկայաբանութիւն, տրամաբանութիւն և այլ նմանակազմ բառեր։ Ժամանակակից գիտության լեզվում այնքան շատ են X-աբանություն-ները (կենսաբանություն, կենդանաբանություն, բջջաբանություն, կլիմայաբանություն և այլն, և այլն), որ որևէ մեկի համար երբեք չի կարող տարօրինակ կամ անընդունելի լինել որևէ նոր X-աբանություն, եթե դա հերթական X-logia-ի թարգմանությունն է։

X-logiaX-ագիտություն հայերենում մենք թարգմանել ենք միայն այն դեպքում, երբ համապատասխան X-աբանություն-ն արդեն «զբաղված» է եղել։ Դա է պատճառը, որ, օրինակ, archaeologia-ն և assyriologia-ն հայերենում հնագիտություն և ասորագիտություն են թարգմանված․ հնաբանություն-ն ու ասորաբանություն-ն արդեն զբաղված էին այլ իմաստներով (արխաիզմ և ասսիրիզմ՝ համապատասխանաբար)։ Բայց սրանք բացառություններ են։ Մնացած X-ագիտություն-ները (ո՛չ վերջին շրջանում թարգմանված) ոչ թե X-logia-ի թարգմանությունն են, այլ ուրիշ կազմությամբ բառերի կամ բառակապակցությունների, հաճախ ռուսերեն X-ведение-ի (երաժշտագիտություն, կրոնագիտություն, գրականագիտություն — музыковедение, религиоведение, литературоведение)։

Մենք ունենք նաև գիտությունների նույն  առաջին բաղադրիչով  (նույն X-ով), բայց տարբեր երկրորդ բաղադրիչով անվանումներ՝ տարբեր գիտությունների համար։  Geologia-ն երկրաբանություն-ն է, իսկ earth science-ը՝ երկրագիտություն-ը։ Astrologia-ն աստղաբանություն-ն է (աստղագուշակություն), իսկ astronomy-ն՝ աստղագիտություն-ը։ Եվ որևէ մեկը միայն բառի կազմությանը նայելով էլ կարող է հասկանալ, թե հայերեն այս անվանումներից որը օտար ո՛ր անվանման հայերեն համարժեքն է, եթե գիտի, որ X-logia-ն հայերենում դառնում է  X-աբանություն։

Մինչդեռ եթե մենք ի սկզբանե որևէ X-logia թարգմանում ենք X-ագիտություն (և սա անում ենք ոչ թե որ համապատասխան X-աբանություն-ն արդեն զբաղված է), ապա երբ անհրաժեշտություն ծագի նույն առաջին բաղադրիչով մեկ այլ գիտության անվանում թարգմանելու (երբեք չգիտես, թե զարգացող գիտությունն այդ նույն առաջին բաղադրիչին վերաբերող ինչ նոր գիտական անվանում կստեղծի), կանգնելու ենք խնդրի առաջ։ Որովհետև, ամենայն հավանականությամբ, էլի ստիպված ենք լինելու դիմել -աբանության օգնությանը, բայց այս դեպքում խախտած ենք լինելու բոլորին հայտնի սկզբունքը և շփոթություն ենք մտցնելու լեզվի մեջ։

Հետևաբար, ի՞նչ կարիք կա լեզվական բազմադարյան ավանդույթը խախտելու։ Եթե օտար բառը վերջանում է -logia-ով, այն պետք է թարգմանել -աբանություն, ինչպես մշտապես վարվել ենք։ Պատճառաբանությունը, թե իբր հունարեն logos-ն այսպիսի բառերում «գիտություն» է նշանակում և դա է պատճառը, որ ավելի ճիշտ է -ագիտություն թարգմանությունը, ճիշտ չէ։ Հունարենում «գիտություն» իմաստն այլ բառերով է արտահայտվում, իսկ logos-ի հայերեն թարգմանությունը միշտ եղել և մնում է բան-ը։