ԵՕԹՆԵԱԿ ԵՐԿՐՈՐԴ
ԲՆԱԳԻՐ | ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ |
---|---|
1. Դուք էք աղ երկրի։ Ապա թէ աղն անհամի, ի՞ւ յաղիցի։ Ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ, բայց եթէ ընկենուլ արտաքս եւ կոխան լինել ի մարդկանէ։ | 1. Դուք երկրի աղն էք։ Իսկ եթէ աղն անհամանայ, ինչո՞վ կʼաղուի։ Այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի՝ բացի դուրս թափուելուց եւ մարդկանցից կոխոտուելուց։ |
2. Դուք էք լոյս աշխարհի։ Ոչ կարէ քաղաք թաքչել որ ի վերայ լերին կայցէ։ | 2. Դուք աշխարհի լոյսն էք։ Լեռան վրայ կանգնած քաղաքը չի կարող թաքնուել։ |
3. Եւ ոչ լուցանեն ճրագ եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի, եւ լոյս տայ ամենեցուն որ ի տանն իցեն։ | 3. Եւ չեն վառում ճրագն ու դնում ամանի տակ, այլ աշտանակի վրայ, եւ լոյս է տալիս այն ամէնքին, որ տանն են։ |
4. Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս եւ փառաւորեսցեն զհայր ձեր որ յերկինս է։ | 4. Թող ձեր լոյսն այնպէս լուսաւորի մարդկանց առաջ, որ տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր հօրը, որ երկնքում է։ |
ՄԱՍՆ Բ
անհամի — անհամանում է
- անհամիլ — անհամանալ |
ի՞ւ — ինչո՞վ |
---|---|
յաղիցի — կʼաղուի
- յաղել — աղել, համ տալ |
ոչ իմիք — ոչ մի բանի
- ոչինչ — ոչ մի բան |
ազդիցէ — կʼազդի, պիտանի կը լինի | ընկենուլ — գցել, գցուել |
արտաքս — դուրս, դէպի դուրս
- արտաքոյ — դրսում, դրսից |
կոխան լինել — կոխոտուել |
ի մարդկանէ — մարդկանցից | թաքչել — թաքնուել
- թաքչիմ — թաքնւում եմ |
ի վերայ — վրայ | լերին — լեռան
- լեառն — լեռ - լերինք — լեռներ |
կայցէ — կանգնի, կանգնած լինի
- կալ — կանգնել - կեալ — ապրել |
լուցանեն — վառում են
- լուցանել — վառել |
գրուան — աման | ամենեցուն — ամէնքին
- ամենեքեան — ամէնքը |
ի տան — տան մէջ
- ի տանէ — տնից |
իցեն - լինեն, գտնուեն |
լուսաւորեսցէ — լուսաւորի, լոյս տայ | առաջի — առջեւ, առաջ
- առաջին — առաջին |
տեսցեն — տեսնեն, կը տեսնեն
- տեսանել — տեսնել |
զգործս — գործերը |
փառաւորեսցեն — փառաւորեն | զհայր — հօրը
- ի հօրէ — հօրից |
յերկինս — երկնքում
- երկին — երկինք |
ՄԱՍՆ Գ
Դուք էք աղ երկրի | Դուք երկրի աղն էք |
Ապա թէ աղն անհամի | Իսկ եթէ աղն անհամանայ |
Ի՞ւ յաղիցի | Ինչո՞վ կʼաղուի |
Ոչ իմիք ազդիցէ այնուհետեւ | Այլեւս ոչ մի բանի պիտանի չի լինի |
Բայց եթէ ընկենուլ արտաքս | Բացի դուրս գցուելուց |
Կոխան լինել ի մարդկանէ | Մարդկանցից կոխոտուել |
Դուք էք լոյս աշխարհի | Դուք աշխարհի լոյսն էք |
Ոչ կարէ թաքչել | Չի կարող թաքնուել |
Քաղաք որ ի վերայ լերին կայցէ | Քաղաքը, որ լեռան վրայ է կանգնած |
Ոչ լուցանեն ճրագ | Չեն վառում ճրագը |
Ոչ դնեն ընդ գրուանաւ | Չեն դնում ամանի տակ |
Այլ ի վերայ աշտանակի | Այլ աշտանակի վրայ |
Լոյս տայ ամենեցուն | Լոյս է տալիս ամէնքին |
Որ ի տանն իցեն | Որ տանն են |
Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր | Թող այնպէս լուսաւորի ձեր լոյսը |
Առաջի մարդկան | Մարդկանց առաջ |
Որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս | Որպէսզի տեսնեն ձեր բարի գործերը |
Փառաւորեսցեն զհայր ձեր | Փառաւորեն ձեր հօրը |
Որ յերկինս է | Ով (որը) երկնքում է |
ՄԱՍՆ Դ
ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ
ՀԱՐՑՈՒՄՆ | ՊԱՏԱՍԽԱՆԻ |
---|---|
Զի՞նչ էք դուք։ | Աղ երկրի։ — Լոյս աշխարհի։ |
Զի՞նչ լինի աղն։ | Անհամի։ |
Անհամեալ աղն զի՞նչ լինի։ | Ոչ իմիք ազդէ։ |
Ո՞ւր ընկենու աղն անհամեալ։ | Արտաքս։ |
Զի՞նչ լինի այնուհետեւ։ | Կոխան լինի ի մարդկանէ։ |
Ո՞ր քաղաք ոչ կարէ թաքչել։ | Որ ի վերայ լերին կայցէ։ |
Զի՞նչ լուցանեն ի տան։ | Զճրագ։ |
Ո՞ւր դնի ճրագն։ | Ո՛չ ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի։ |
Զի՞նչ առնէ ճրագն որ ի վերայ աշտանակի կայցէ։ | Լոյս տայ ամենեցուն որ ի տանն իցեն։ |
Ո՞յր առաջի պարտի լուսաւորել լոյս մեր։ | Առաջի մարդկան։ |
Ո՞րպէս պարտի լուսաւորել։ | Որպէս զի տեսցեն մարդիկ զգործս մեր բարիս։ |
Զո՞ պարտին փառաւորել մարդիկ։ | Զհայր մեր։ |
Ո՞ւր է հայրն մեր։ | Յերկինս է։ |