4/23/24

«Ի» նախդիրն արդի հայերենում (և փոքր-ինչ՝ մակակետի մասին)


👇 «Ի» նախդիրն արդի հայերենում

👇 «Ի» նախդիր + հայցական հոլով կառույցով կապերի ոչ ամբողջական ցանկ

👇 «Ի» նախդիրի ուղղագրության մասին պատմական համառոտ տեղեկություն


Ինչպես գիտենք, արդի հայերենի խոսքի մասերի շարքում «նախդիր» կոչվող մաս չկա։ Այն կար գրաբարում, իսկ արդի աշխարհաբարում նախդիրները կա՛մ կապերի շարքն են դասվում, կա՛մ իրենց հետ գործածվող հոլովաձևի հետ միասին կազմում գրաբարաբանություններ՝ գրաբարյան քարացած ձևեր։ Վերջինները տարբեր խոսքի մասերի շարքն են դասվել. հիմնականում դարձյալ կապեր են կամ մակբայներ ու վերաբերականներ։

Ի նախդիրն աշխարհաբարում ամենից շատ գործածվող գրաբարյան մնացուկն է։ Քերականության ձեռնարկներում կարելի է տեսնել, որ այն առանձին (այսինքն՝ առանց կապվող բառի) դիտվում է որպես նպատակի կապ, որը գործածվում է միայն հայցական հոլովով խնդրի (կապի խնդրի կամ կապային խնդրի) հետ։ «Ի նախդիր + հայցական հոլով» տեսքով բազմաթիվ կառույցներ ամբողջությամբ նույնպես կապեր են համարվում. դրանք հարադրական կամ բաղադրյալ կապեր են (ի շահ, ի թիվս, ի հեճուկս ևն)՝ բացի այն դեպքերից, երբ գոյականը ձայնավորով է սկսվում, ուստի ի-ն դառնում է բառին կից գրվող հ (հանուն, հօգուտ ևն)։

Ի նախդիրը, իբրև առանձին կապ դիտվելիս և հայցական հոլովով խնդիր առնելիս, ոչ միայն նպատակի, այլև և գուցե ավելի հաճախ՝ բացահայտման, երբեմն էլ ուղղության կապ է։ Իբրև նպատակի կապ՝ այն ունի մոտավորապես նույն իմաստը, ինչ համար-ը. ի գիտություն - գիտության (գիտենալու) համար, ի նշանավորումն - նշանավորման կամ նշանավորելու համար։

Իբրև բացահայտման կապ՝ այն գործածվում է իբրև կամ որպես կապի իմաստով. ի նշան՝ իբրև նշան (օրինակ՝ ի նշան մեր բարեկամության՝ իբրև մեր բարեկամության նշան), ի բարեբախտություն՝ իբրև բարեբախտություն, ի փառաբանություն՝ իբրև փառաբանություն, հօգնություն՝ իբրև օգնություն։ Վերևի օրինակները՝ ի գիտություն և ի նշանավորումն, կարող ենք մեկնել ոչ միայն համար կապով, այլև բացահայտման կապերով՝ իբրև/որպես գիտություն (գիտելիքի իմաստով), իբրև նշանավորում։ Հետևաբար, նույն կառույցը հաճախ կարելի է երկու կերպ մեկնաբանել և ի կապն էլ այդ դեպքերում միաժամանակ թե՛ նպատակի, թե՛ բացահայտման կապ համարել։

Ի նախդիրը հայցական հոլովի հետ հազվադեպ գործածվում է նաև ուղղություն արտահայտելու համար, հատկապես կոչերում. ի գո՛րծ (դեպի գործ. գործելու կոչ), ի զե՛ն (դեպի զենք. զինվելու կամ զենքերը պատրաստ ունենալու կոչ)։ «Ի զեն, հայեր» հայրենասիրական երգը սկսվում է մի տողով, որում երեք անգամ գործածված է քերականական այս միջոցը. «Ի զե՛ն, հայեր, ի սո՛ւր և ի հրացա՛ն»։

Ի + բացառական հոլով կառույցները հիմնականում մակբայներ են, օրինակ՝ ի բնե, ի ծնե, ի մոտո, ի պաշտոնե, ի սրտե, ի սկզբանե, ի վերուստ։ Բայց ի դիմաց-ը կապ է, որ սովորաբար արևմտահայերենում է գործածվում, իսկ արևելահայերենում սրա փոխարեն անունից-ն է գործածվում (օր.՝ ի դիմաց ատենապետի = ատենապետի անունից

Ի նախդիրը նաև որոշ համադիր բարդությունների մի մասն է՝ իզուր, իհարկե, բացի, դեպիիմիջիայլոց, օրնիբուն, հուղարկավորել, իսպառ, վայրիվերո, բացեիբաց  և այլն, որոնք պատկանում են տարբեր խոսքի մասերի։ Ի նախդիրը մասնակցում է նաև մի շարք հարադրական բայերի կազմությանը, օրինակ՝ ի ցույց դնել, ի չիք դառնալ, ի դերև ելնել, ի մի բերել, ի գործ դնել, ի պահ տալ, ի սպաս դնել, ի վիճակի լինել, հանձն առնել, ի նկատի ունենալ։

Ի կապի հետ գործածվող հայցական հոլովաձևը սովորաբար նույնպես գրաբարակերպ է լինում (և ցանկալի՛ է, որ գրաբարակերպ լինի)։ Ի գիտություն-ը կամ ի փառաբանություն-ը նույնաձև են գրաբարում և աշխարհաբարում։ Սակայն եթե գոյականն ավարտվի -ում կամ  վերջածանցով (որոնցից առաջինը գրաբարում ունի -ումն ձևը, իսկ երկրորդը գրաբարի հիմնական հոգնակիակերտ մասնիկն է, որը հայցականում դառնում է ս), ապա ի նախդիրի հետ կգործածենք կապվող գոյականի գրաբարյան հայցական հոլովաձևը, օրինակ՝ ի նշանավորումնի լրումն (ի նշանավորում-ի և ի լրում-ի փոխարեն) և ի զարմանս (ի զարմանք-ի փոխարեն), ի պարծանսի փառս և այլն։

Գրաբարի քերականության սկզբունքներին է հետևում նաև ձայնավորով սկսվող գոյականների հետ ի նախդիրի գործածությունը։ Ձայնավորով սկսվող գոյականից առաջ ի-ն դառնում է բառին կից գրվող հ (գրաբարյան ու դասական ուղղագրությամբ՝ յ․ օրինակ՝ յանուն - հանուն, յանձին(ս) - հանձին(ս), յօգուտ - հօգուտ, յաջակցութիւն - հաջակցություն)։ Սակայն ժամանակակից հայերի մեծ մասի համար ավելի բնական են հնչում քերականորեն սխալ ձևերը՝ ի օգուտ, ի օգնություն, ի աջակցություն։ Ուստի չի բացառվում, որ մի օր այս ձևերն արդի հայերենում ընդունելի և ճիշտ կհամարվեն։ Մի օր էլ, հնարավոր է, սրանք միա՛կ հանձնարարելի ձևերը համարվեն, իսկ հ-ով տարբերակները՝ հնացած։ Որովհետև «ճիշտ» լեզուն չես կարող պարտադրել. ժամանակն ու կիրառույթը երբեմն սրբագրում են քերականական «ճշմարտությունները»։

Ահա այսպիսի մի սրբագրում արդեն տեղի է ունեցել ի + հայցական հոլով քարացած կառույցի տեսքով կապերի հոլովառության կամ խնդրառության մեջ։

Վերևում գրեցինք, որ ի + հայցական հոլով կառույցներից շատերն ամբողջությամբ նույնպես կապերի շարքն են դասվել։ Եվ այս դեպքում կարելի է ո՛րևէ ի + հայցական հոլով կառույց ամբողջությամբ դիտել կապ, եթե այն ունի կապվող բառ (կապի խնդիր)։ Ի փառս, ի զարմանս, ի հեճուկս, ի սեր, ի հաշիվ, ի շահ, ի պատիվ, ի դեմս, ի թիվս և այլ այսպիսի կառույցներ սովորաբար դասվում են հարադրական կապերի շարքը։ Իսկ, օրինակ, ի գիտություն, ի փառաբանություն, ի պաշտպանություն, ի լրումն, ի նշանավորումն և այլ այսպիսի կառույցները կապեր չեն համարվում։ Սակայն մենք կարծում ենք, որ ընդհանրապես ցանկացած ի + հայցական հոլով կառույց կապ է և ոչ թե ի կապի և կապային խնդրի կապակցություն, եթե ունի կապային խնդիր (ի գիտություն մեկի, ի նշանավորումն որևէ բանի, ի փառաբանություն կամ պաշտպանություն մեկի ևն)։ Այսպես համարելու պատճառը այսպիսի կառույցների հոլովառությունն է (կապային խնդրի հոլովը)։ Իսկ սա նշանակում է, որ ի + հայցական հոլով կառույցով կապերի թիվը հայերենում կարող է լինել անսահմանափակ՝ այնքան, որքան կկամենա ստեղծել լեզուն գործածողը ի նախդիրին որևէ հարմար գոյական կցելով և ապա այս կառույցը գործածելով կապային խնդիր ծառայող գոյականի կամ դերանվան հետ։

Ի + հայցական հոլով կառույցը միայն այն դեպքում անտարակույս ի կապ + կապային խնդիր է, երբ չի գործածվում հավելյալ կապային խնդրի հետ։ Օրինակ՝ «Հայտնում ենք ի գիտություն, որ...» (իբրև գիտելիք կամ որ գիտենաք). այստեղ ի գիտություն-ը կապվող բառ չունի, ուստի կապը միայն ի-ն է, իսկ գիտություն-ը՝ կապային խնդիրը։ Նույնիսկ եթե սա ներկայացնենք հետևյալ տեսքով՝ «Հայտնում ենք ձեզ ի գիտություն», այստեղ ձեզ-ը ոչ թե ի գիտություն-ի կապային խնդիրը կլինի, այլ հայտնում ենք-ի հանգման խնդիրը։ Բայց եթե գրենք՝ ի գիտություն դիմորդների, այստեղ ի գիտություն-ն ամբողջությամբ կապ կլինի, քանի որ դիմորդների-ն հանդես է գալիս որպես կապային խնդիր։ Կամ՝ «Ի հավելումն նշենք, որ...». այստեղ նույնպես ի հավելումն-ը հարադրական կապ չէ, այլ ի կապի և հավելումն կապային խնդրի կապակցություն։

Գրական արևելահայերենում կապերի մեծ մասն ըստ հոլովառության կարելի է բաժանել երկու խմբի (կոչենք դրանք Ա և Բ)։ Ա խմբի կապային խնդիրը միա՛յն սեռական հոլովով է (մեջ, տակ, մասին, դեմ և այլն)՝ առանց բացառության, իսկ Բ խմբինը (համար, հետ, մոտ, պես, վրա, առանց, նման), թեև նույնպես սեռականով է, սակայն կա բացառություն. անձնական դերանունների առաջին և երկրորդ դեմքերը դրվում են տրական հոլովով (օրինակ՝ գործի համար, բայց՝ քեզ համար՝ քո համար-ի փոխարեն)։

Ինչպես ասվեց, այնպիսի կառույցներ, ինչպիսին են, օրինակ, ի փառս-ը, ի զարմանս-ը, ի սեր-ը, արդի հայերենի քերականության ձեռնարկներում հաճախ համարվում են ոչ թե ի կապ + հայցական հոլովով կապային խնդիր, այլ ամբողջությամբ կապ, որը, ուրեմն, ունի իր կապային խնդիրը։ Մենք այսպիսի կապերը գործածում ենք ճիշտ այնպես, ինչպես Բ խմբի կապերը։ Եթե մենք ի + հայցական ո՛րևէ կառույցում միայն ի-ն համարենք կապ, իսկ հայցական հոլովով դրված բառը՝ կապային խնդիր, ապա վերջինիս հոլովառությունն այլևս չպիտի հետևի Բ խմբի կապերի հարացույցին, այլ յուրաքանչյուր դեպքում ըստ կապային խնդրի իմաստի՛ պիտի որոշվի դրա հետ գործածվող բառի հոլովաձևը։ Սակայն մենք տեսնում ենք, որ անգամ ի գիտություն-ը կամ ի պաշպանություն-ը, երբ գործածվում են կապվող բառի հետ, ունենում են նույն հոլովառությունը, ինչ ի փառս-ը կամ ի զարմանս-ը (օրինակ՝ ի պաշտպանություն նրա և ի պաշտպանություն մեզ

Ուրեմն՝ թե՛ ի նախդիր + հայցական հոլով կառույցով կապերը, թե՛ ի կապ + հայցական հոլովով կապային խնդիր կառույցները արևելահայերենում գործածվում են այնպես, ինչպես Բ խմբի կապերը՝ չնայած նրան, որ գրաբարում նրանց հետ գործածվող ճիշտ հոլովաձևը բոլո՛ր դեպքերում (այսինքն՝ նաև անձնական դերանունների հետ) սեռականն է, ոչ թե տրականը. ի փառս քո, ի գիտութիւն ձեր, ի փրկութիւն մեր։ Ահա այս «սրբագրությունը» նկատի ունեինք վերևում։ Բացառություններ, երբ սեռականի փոխարեն տրական է գործածվում գրաբարում, կարող են լինել, բայց դրանք դիպվածային են, այսինքն՝ կանոնավոր գործածություններ չեն, և սեռականի փոխարեն տրական կարող է գործածվել գրաբարում նաև այլ դեպքերում, որոնք ի նախդիրի հետ առնչություն չունեն։

Ուստի հատկապես այն մարդիկ, որոնք գրաբար գիտեն, գրաբարը ճիշտ են զգում, կարող են ի նախդիր + հայցական հոլով կառույցի հետ գործածվող նաև անձնական դերանունների առաջին և երկրորդ դեմքերը դնել սեռական հոլովով, ինչպես պահանջում է գրաբարի քերականությունը։ Ի փառս-ն այլ բան չի նշանակում, քան «փառքի համար», ի սեր-ը՝ «սիրո համար»։ Երբ հասկանում ես, թե այս կառույցներն ինչ են նշանակում, բնականաբար հասկանում ես նաև, թե ինչ հոլովաձևի հետ պիտի որ գործածվեին։ Ո՞ւմ փառքի կամ սիրո համար․ ի՛մ, քո՛, մե՛ր, ձե՛ր։ Ուստի, եթե հետևեինք գրաբարի քերականությանը, պիտի անշուշտ գրեինք՝ ի փառս մե՛ր և ոչ թե մեզի սեր քո և ոչ թե ի սեր քեզ և այլն։

Սակայն ժամանակակից հայը, ինչպես որ դժկամորեն է ընդունում և անբնական համարում ի-ի հ դառնալը ձայնավորից առաջ և նախընտրում ու ավելի բնական համարում քերականորեն սխալ ձևերը՝ ի աջակցություն, ի օգնություն և այլն, այդպես էլ ի + հայցական հոլով կառույցների մեծ մասի հոլովառությունն է ընկալում ո՛չ ըստ գրաբարում ընդունված ճիշտ ձևերի։ Այսինքն՝ այն, ինչ իրականում քերականորեն սխալ է՝ ըստ գրաբարի, այժմ դարձել է ճիշտ և ընդունելի։ Այդ պատճառով էլ վերևում կանխատեսեցինք, որ նույն բախտին կարող են արժանանալ նաև յ(հ) նախդիրով և ձայնավորով սկսվող ձևերը. հօգնություն-ը, հաջակցություն-ը և այլն հավանաբար ինչ-որ ժամանակից բոլորովին դուրս կմղվեն լեզվից կամ կդառնան հազվագյուտ, և նրանց փոխարեն ճիշտ ու բնական կհամարվեն ըստ գրաբարի սխալ ձևերը։

Շատերն այսօր նույնիսկ տարակուսում են, երբ ասում ես, որ ի + հայցական հոլով կառույցի հետ բոլո՛ր դեպքերում (այսինքն՝ նաև անձնական դերանունների դեպքում) պիտի գործածվեր սեռական հոլովն ըստ գրաբարի քերականության և հաճախ նաև ըստ տրամաբանության (նորից հիշենք վերևում բերված ի փառս-ն ու ի սեր-ը, որ նշանակում են «մեկի փառքի և սիրո համար»)։ Սակայն 20-րդ դարի արևելահայ գրականության մեջ կարելի՛ է հանդիպել այսպիսի կառույցների ճիշտ (ըստ գրաբարի) կիրառության։ Կարելի է հանդիպել ի զարմանս իմ-ին կամ մեր-ին, ի բարեբախտություն/դժբախտություն իմ-ին, նույնիսկ հանձին մեր-ին կամ ձեր-ին, իսկ ի դեմս ձեր-ը (կամ մեր-ը ևն) այսօր էլ շատերը գործածում են։ Վահան Տերյանը հանձին Ձեր և ի դեմս Ձեր է գրում, Ակսել Բակունցն ու Գևորգ Էմինը գրում են ի զարմանս մեր, Ստեփան Զորյանն ու Հայրապետ Հայրապետյանը՝ ի դժբախտություն իմ, իսկ Պետրոս Բեդիրյանն ու Արարատ Ղարիբյանը ի դժբախտություն իմ-ը ներկայացնում են անգամ իրենց բառարաններում։ 

Այնպես որ, թեև հազվադեպ, ըստ գրաբարի ճիշտ քերականական ձևերը գործածվո՛ւմ են արդի աշխարհաբար գրականության մեջ։ Սակայն այսօր անիմաստ կլիներ մարդկանց պարտադրել, որ ճիշտ ձևերը գործածեն, եթե գրաբար չիմացող մարդկանց ականջն այլևս չի կարողանում ընկալել այդ ճիշտ ձևերը, իսկ քերականության ձեռնարկներում էլ գրաբարի քերականությանը հակասող հոլովառություն է մատուցվում։ Մնում է պարզապես արձանագրել, որ ի + հայցական հոլով գրաբարյան կառույցները, եթե գործածվում են կապվող բառի հետ, արդի հայերենում կապեր են, որոնց հոլովառությունը նույնն է, ինչ վերոնշյալ Բ խմբի կապերինը։

Իսկ եթե կան մարդիկ, որ, այնուամենայնիվ, ուզում են ըստ գրաբարի ճիշտ քերականական ձևերը գործածել, նրանք նույնպես պիտի ազատորեն կարողանան դա անել։ Տողերիս հեղինակի համար ավելի բնական են հնչում ի դեմս Ձեր-ը, ի զարմանս իմ-ը, ի դժբախտություն/բարեբախտություն իմ-ը, ի փառս մեր-ը, ուստի ես կա՛մ կգործածեմ ըստ գրաբարի ճիշտ քերականական ձևեր, կա՛մ պարզապես կխուսափեմ դրանք գործածելուց, եթե գիտեմ, որ դրանք շատերի համար խնդրահարույց են։

Որ խոսեցինք որոշ ձևեր գործածելուց խուսափելու մասին, ավելացնենք, որ եթե ի նախդիրի հետ պիտի գործածեք մի այնպիսի բառ, որի գրաբարյան և աշխարհաբարյան հայցական հոլովաձևերը տարբեր են (այսինքն՝ հիմնականում -ում և  վերջածանցներով բառերինը), ապա եթե գրաբարյան ձևերը պիտի աղավաղեք, ավելի լավ է՝ ընդհանրապես խուսափեք ի-ով կառույց գործածելուց։ Ուրի՛շ կերպ ձեր միտքն արտահայտեք։ Որովհետև շատ անբնական են հնչում, օրինակ, ի պարծանք-ը կամ ի վայելում-ը, երբ սրանց կողքին կան ի փառս-ը, ի զարմանս-ը և ի նշանավորումն-ը կամ ի լրումն-ը։ Ընդհանրապես գրաբարյան ու աշխարհաբարյան քերականական ձևերի խառնակումից ցանկալի է խուսափել։ Կա՛մ գրաբարյան որևէ ձև պետք է առանց աղավաղման գործածել, կա՛մ դրանից հրաժարվել և գործածել մաքուր աշխարհաբարյան ձև։

Այստեղ ավելացնենք, որ ոմանք անհարկի ի նախդիր են ավելացնում այնտեղ, ուր նախդիր չպիտի լինի․ գործածում են ի համեմատ, ի հակառակ, ի շնորհիվ, որոնցում ի-ն ավելորդ է։ Ճիշտ են համեմատ, հակառակ, շնորհիվ ձևերը։ Որովհետև գրաբարում ի նախդիրը մասնակցում է միայն բացառական և ներգոյական հոլովների կազմությանը, բազմաթիվ իմաստներով գործածվում հայցական հոլովի հետ, բայց երբեք չի կցվում գործիական հոլովին (շնորհիւշնորհ բառի գործիական հոլովն է) կամ ածականներին, եթե վերջիններս գոյականաբար չեն գործածվում։


«Ի» նախդիր + հայցական հոլով կառույցով կապերի ոչ ամբողջական ցանկ

Նկատի ունենալ, որ ներկայացվող կապակցություններից շատերը, եթե գործածվում են առանց կապային խնդրի, ապա ի կապ + կապային խնդիր կառույց են։

Դասական ուղղագրական ձևերի տարբերությունը տրված է յուրաքանչյուր միավորի կողքին՝ փակագծերում (-ություն-ի -ութիւն ուղղագրական ձևը ցույց չենք տվել. դա պիտի հասկանալի լինի)։


Ի բարօրություն - իբրև բարօրություն, բարօրության համար

Ի գին - գնով. ի գին իր կյանքի - իր կյանքի գնով

Ի գիտություն - գիտենալու համար, իբրև գիտելիք՝ տեղեկույթ

Ի դատապարտություն - իբրև դատապարտություն, դատապարտելու համար

Ի դեմս, հանձին(ս) (ի դէմս, յանձին(ս)) - դիմառնության կապեր, որոնցից հանձին-ը եզակի թվով բառի հետ է գործածվում (հանձին բժշկի), իսկ հանձինս-ը՝ հոգնակի բառի հետ (հանձինս բժիշկներիԻ դեմս-ը գործածվում է թե՛ եզակի, թե՛ հոգնակի անձնանիշ բառերի հետ։

Ի դիմաց - անունից կամ փոխարեն. սովորաբար արևմտահայերենում է գործածվում։

Ի զարմանս - իբրև զարմանք՝ զարմանալի բան. ի զարմանս նրա՝ իբրև նրա համար զարմանալի բան

Ի զգաստություն - զգաստացնելու համար

Ի զորակցություն (ի զօրակցութիւն) - զորացնելու համար

Ի զրպարտություն - իբրև զրպարտություն, զրպարտելու համար

Ի թիվս (ի թիւս) - թվում

Ի լուր - լսելու համար. ի լուր ամենքի - ամենքի լսելու համար. այնպես, որ ամենքը լսեն։

Ի լրումն - իբրև լրում՝ լրացում, լրացնելով

Ի խայտառակություն - իբրև խայտառակություն, խայտառակելու համար

Ի ծանոթություն (ի ծանօթութիւն) - ծանոթության համար

Ի հաշիվ - հաշվին

Ի հավելումն (ի յաւելումն) - իբրև հավելում, ավելացնելով

Ի հեճուկս - հակառակ

Ի հիշատակ (ի յիշատակ) - իբրև հիշատակ, հիշատակի համար, հիշելու համար

Ի նշան - իբրև նշան

Ի նշանավորումն (ի նշանաւորումն) - նշանավորման համար, նշանավորելով, իբրև նշանավորում

Ի նպաստ - օգտին, նպաստելու համար

Ի շահ - համար, օգտին

Ի շարս - շարքում

Ի պաշտպանություն - պաշտպանելու համար, իբրև պաշտպանություն

Ի պատասխան - իբրև պատասխան, պատասխանելով. ի պատասխան Ձեր դիմումի - պատասխանելով Ձեր դիմումին, իբրև Ձեր դիմումի պատասխան։ Այս կառույցը մաքուր գրաբարյան չէ, որովհետև գործածում է գոյականի ոչ գրաբարյան ձև (գրաբարյանը կլիներ պատասխանի, և կապն էլ կունենար ի պատասխանի տեսքը, քանի որ գրաբարում այս գոյականի ուղիղ ձևում կա հավելյալ ի

Ի պատիվ (ի պատիւ) - պատվին, իբրև պատիվ, պատվի համար

Ի պարծանս - իբրև պարծանք, պարծանքի համար

Ի սեր (ի սէր) - սիրո համար

Ի սթափություն - սթափեցնելու համար

Ի սփոփանս - իբրև սփոփանք, սփոփանքի համար

Ի վայելումն - վայելելու համար

Ի վար / ի վայր - ներքև (հետադրություն). սարն ի վար - սարով ներքև

Ի վեր - վերև (հետադրություն)՝ տեղի կապ, բայց նաև ժամանակի կապ (բացառական հոլովի հետ և «որևէ ժամանակից սկսած» իմաստով)․ հմմտ. ծառն ի վեր (ծառով վերև) և այդ օրից ի վեր (այդ օրից սկսած)։

Ի տարբերություն - տարբերությունը ցույց տվող համեմատության կապ

Ի տեղի - տեղը, փոխարեն. մի քանի անգամ գործածված ենք գտնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Էջմիածին» ամսագրում՝ «Ի տեղի խմբագրականի» խորագրում։ Այստեղ տեղի-ն նույնպես հայցական հոլովով է (գրաբարում տեղ բառի ուղիղ ձևն է տեղի, որն աշխարհաբարում գործածվում է նաև տեղի տալ հարադրական բայում, սրբատեղի-ում, տեղիք-ում ևն)։

Ի տես - տեսնելիս, տեսնելով․ ի տես նրա - նրան տեսնելիս/տեսնելով

Ի տնօրինություն - տնօրինման համար

Ի տրիտուր - իբրև փոխհատուցում

Ի փառաբանություն - իբրև փառաբանություն, փառաբանելու համար

Ի փառս - փառքի համար

Ի փրկություն - իբրև փրկություն, փրկության համար

Ի քաջալերություն - իբրև քաջալերանք, քաջալերելու համար

Համոթ (յամօթ) - իբրև ամոթանք, ամաչելու համար

Հանձին(ս) - տես Ի դեմս։

Հանուն (յանուն) - համար (նպատակի կապ)։ Արևմտահայերենում և արևելահայերեն եկեղեցական լեզվում յանուն-ը հաճախ գործածվում է «անունից» իմաստով (յանուն ժողովի - ժողովի անունից)։ Իսկ գրաբարում նշանակում է անվան համար, անունով կամ անունից (յանուն Տեառն - Տիրոջ անվան համար, Տիրոջ անունով, Տիրոջ անունից)։

Հաջակցություն (յաջակցութիւն) - իբրև աջակցություն, աջակցելու համար

Հավարտ (յաւարտ) - ավարտին. սովորաբար արևմտահայերենում ու արևելահայերեն եկեղեցական լեզվում է գործածվում։

Հերախտագիտություն (յերախտագիտութիւն) - իբրև երախտագիտություն

Հընթացս (յընթացս) - ընթացքում․ սովորաբար արևմտահայերենում ու արևելահայերեն եկեղեցական լեզվում է գործածվում։

Հօգնություն (յօգնութիւն) - իբրև օգնություն, օգնելու համար

Հօգուտ (յօգուտ) - օգտին


«Ի» նախդիրի ուղղագրության մասին պատմական համառոտ տեղեկություն

Գրաբարյան հին ուղղագրության համաձայն, որ կիրառվել է ամբողջ միջնադարի ընթացքում՝ ներառյալ ուշ միջնադարը, նախդիրները մեծավ մասամբ գրվում էին հաջորդող բառին կից։ Այսինքն՝ այնպես, ինչպես մենք այսօր գրում ենք իզուր-ը, իհարկե-ն, ընդհանուր-ը, ինքնըստինքյան-ը։ Ուրեմն՝ ի սէր-ը, ի փառս-ը, ի գիտութիւն-ը և այլն նույնպես գրվում էին բառակից գրությամբ՝ իսէր, իփառս, իգիտութիւն։ Մեզ հասած ամենահին ձեռագրերում, որտեղ բառանջատում չկա, երբեմն կարելի է տեսնել, որ ի նախդիրի վերևում դրված է հորիզոնական երկկետ կամ հորիզոնական գծիկ։ Սա մակակետի ամենահին ձևն է։ Հետագայում մակակետի ձևը փոխվեց․ մակակետը դարձավ ապաթարցանման և դրվում էր ի նախդիրի վերևում կամ կողքից (ձախ կամ աջ, ավելի հաճախ՝ ձախ)։ Ամենավերջին ձևը, որ նաև որդեգրվեց գրատպության մեջ, ձախ կողմից դրվող ապաթարցանման մակակետն է (օրինակ՝ ʼի տան, ʼի սկզբանէ)։ Այսպիսով մակակետը՝ ի նախդիրի նշանը, հայերենի ամենահին կետադրական նշաններից է, ավելի հին, քան բութը կամ շեշտը, թեև այդ անվանումը՝ մակակետ, նոր ժամանակներում է ստեղծվել․ այնքան էլ հստակ չէ, թե երբ. միգուցե 17-18-րդ դարերում։ Բառակից գրության մեջ մակակետի նպատակն ընթերցողին հասկացնելն էր, որ գործ ունի ի նախդիրի և ոչ թե բառարմատի մաս կազմող ի-ի կամ, ամենահին ձեռագրերում, նաև բառի վերջավորության ի-ի հետ։ Ամենահին հայերեն ձեռագրերում մակակետի թե ձևը, թե գործածությունը նման են հին հունարենի diaeresis կամ trema կոչվող նշանի ձևին ու գործածությանը։ Հին հունարեն այն գրության մեջ, որ նույնպես բառանջատում չգիտեր, բառասկզբում ι և υ տառերի վրա իբրև անջատման նշան դրվում էր երկկետ՝ ϊ, ϋ, երբ պետք էր այս տառերը զատել նախորդող ձայնավոր տառից։ Ներքևի նկարում 989 թ. Էջմիածնի Ավետարանից մի հատված է, որտեղ կարմիր վանդակներում ցույց ենք տալիս հին մակակետը։ 


Երկկետ մակակետեր 989 թ. Էջմիածնի Ավետարանում