12/16/23

Անվանումների ստեղծում (շարադասություն)

Հայերենում շատ տարածված են շարադասական սխալները, հատկապես երբ հատկացուցիչ-հատկացյալ կառույցն ունենում է լրացումներ։ Շատ հաճախ այդ լրացումները ճիշտ տեղում չեն դրվում, որից իմաստային խնդիր է առաջանում։ Օրինակ՝ կարդում ենք. «Հարգելի՛ խմբի անդամներ», որտեղ «հարգելի»-ն սխալ դիրքում է, քանի որ լրացնում է «խմբի» բառին, թեև պիտի լրացներ «անդամներ»-ին։

Շարադասական այս երևույթը հատկապես խնդրահարույց է կայուն բառակապակցությունների կամ անվանումների դեպքում։ Ուստի որևէ նոր անվանում ստեղծելիս, եթե այն բառակապակցության տեսք ունի, միշտ հաշվի առեք ներքոբերյալը։

Երբ ստեղծում ենք որևէ անվանում, որը կազմված է երկու գոյականից՝ հատկացուցչից և հատկացյալից (արյան գնդիկ, գիտության լաբորատորիա, հողի հարկ և այլն), ապա հետագայում այդ կայուն բառակապակցությունը նախադասության մեջ գործածելիս կարող ենք խնդիրներ ունենալ։ Եթե այդ ամբողջ անվանմանը նախորդի որևէ բառ, որը վերաբերում է այդ անվանման մեջ գլխավոր իմաստն արտահայտող գոյականին՝ հատկացյալին (մեր բերած օրինակներում՝ գնդիկ, լաբորատորիա, հարկ), ապա շարադասական և իմաստային խնդիր ենք ունենալու, քանի որ նախորդող բառը վերաբերելու է ոչ թե հատկացյալին, այլ դրան նախորդող հատկացուցչին։

Գիտության լաբորատորիա [երկու գոյական՝ հատկացուցիչ + հատկացյալ]

Ընդարձակ ու լուսավոր գիտության լաբորատորիա [ընդարձակ-ն ու լուսավոր-ն այստեղ վերաբերում են գիտության-ը, ոչ թե լաբորատորիա-ին]

✗ Աշակերտների համար նախատեսված գիտության լաբորատորիա [նախատեսված-ն այստեղ վերաբերում է գիտությանը, ոչ թե լաբորատորիային]

Վերևի օրինակներում ընդարձակ-ը, լուսավոր-ը և նախատեսված-ը, «գիտության» բառից առաջ դրվելով, վերաբերում են գիտության-ը, թեև պետք է վերաբերեին լաբորատորիա-ին։

Սովորաբար նման դեպքերում ինչպե՞ս ենք վարվում հայերենում։ Հատկացուցիչն ու հատկացյալն իրարից բաժանում ենք և հատկացյալին վերաբերող լրացում(ներ)ը դնում դրանց միջև։ Երբեմն այսպես վարվելիս ստիպված ենք լինում նաև բութի օգնությանը դիմելու, եթե կարող է իմաստային շփոթ առաջանալ։

Գիտության ընդարձակ ու լուսավոր լաբորատորիա

Գիտության՝ աշակերտների համար նախատեսված լաբորատորիա

Սակայն եթե «գիտության լաբորատորիա»-ն լաբորատորիայի տեսակի անվանում է, կայուն բառակապակցություն, որի բաղադրիչները ցանկալի չէ բաժանել իրարից, կանգնում ենք խնդրի առաջ։ Բաղադրիչներն իրարից բաժանելը ճիշտ չէ, բայց ճիշտ չէ նաև բառակապակցության հատկացյալին վերաբերող լրացումները հատկացուցչից առաջ դնելը, որը իմաստային սխալ է առաջ բերում. մի բանի փոխարեն մի ուրիշ բան ենք ասում։

Հետևաբար, ո՞րն է ելքը։ Ելքն այն է, որ անվանումներ ստեղծողները, հաշվի առնելով հայերենում ծագող շարադասական այսպիսի խնդիրները, ի սկզբանե ոչ թե հատկացուցիչ+հատկացյալ (այսինքն՝ երկու գոյականով) կառույց ստեղծեն, այլ որոշիչ+որոշյալ (այսինքն՝ ածական + գոյական)։ Եթե վերոբերյալ օրինակներում «գիտության» բառի փոխարեն լինի «գիտական» կամ «բնագիտական», այլևս որևէ շարադասական կամ իմաստային խնդիր չի ծագի։

✔ Ընդարձակ ու լուսավոր բնագիտական լաբորատորիա [ածական ու գոյական]

✔ Աշակերտների համար նախատեսված բնագիտական լաբորատորիա

Ինչպես տեսնում եք, այսպիսի (ածական+գոյական) կառույցը ոչ մի խնդիր չի առաջացնում․ ոչ կարիք կա դրա բաղադրիչներն իրարից հեռացնելու, ոչ էլ որևէ իմաստային խնդիր է ծագում։

Մյուս ելքն ընդհանրապես հրաժարվելն է բառակապակցությունից և անվանման համար նոր բառ ստեղծելը (օրինակ՝ արնագնդիկ կամ հողահարկ), որովհետև այս դեպքում նույնպես հետագայում շարադասական ու իմաստային աղավաղման խնդիրներ չենք ունենա։