6/22/23

Հոգալ / հոգ տանել + մասին/համար

 

✔ Հոգալ ծախսերը, հոգալ մեկի կամ մի բանի մասին

✔ Հոգ տանել մեկի կամ մի բանի մասին

Ընդհանրապես հոգալ-ն էլ, հոգ տանել-ն էլ գրական արևելահայերենում մի քանի ձևով են գործածվել ի սկզբանե՝ թե՛ հայցական/տրական հոլովի հետ (հոգալ ինչ-որ բան(ի), հոգ տանել ինչ-որ բանի), թե՛ մասին-ի հետ, թե՛ համար-ի։ Բոլորն էլ գործածվել են, ուստի բոլորն էլ կարելի է ճիշտ համարել։ Բայց այսօր հոգ տանել-ի հետ ավելի բնական է հնչում «մասին» կապի գործածությունը։ Բացի դրանից, ինչպես ցույց են տալիս ԱՐԵՎԱԿ-ում որոնման արդյունքները, այս բայի հետ «մասին» կապը մի քանի անգամ ավելի շատ է գործածվել արևելահայ գրականության մեջ, քան «համար» կապը։ Ճիշտ ու սխալի հարց չէ սա, այլ նրա, թե որն է ավելի տարածված ու ավելի բնական հնչում։ Համար-ի հետ գործածությունը նպատակ է հուշում․ հոգ տանել ինչ-որ բանի համար՝ հոգալ ինչ-որ նպատակով։ Իսկ մասին-ի հետ գործածությունը թյուրընկալում կամ երկիմաստություն չի առաջացնում։

Բացի դրանից, գրաբարում շատ տարածված է հոգալ+պատմական հոլով կառույցը (օրինակ՝ հոգալ զնմանէ)։ Պատմական հոլովը թարգմանվում է «մասին» կապով, ո՛չ «համար» (մեր բերած օրինակը նշանակում է հոգալ նրա մասին)։ Իսկ հոգալ + վասն կառույցը կարող է թարգմանվել թե՛ «մասին», թե՛ «համար» կապերով, և թերևս սա է պատճառը, որ արդի հայերենում հոգալ-ը կամ հոգ տանել-ը գործածվում է նաև «համար» կապի հետ։

Հոգ տանել + մասին-ի գործածության մի քանի օրինակ արևելահայ գրականությունից

Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն, և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: (Ա. Բակունց)

Իրոք, նա գրքերից գիտեր, որ հովիվները հյուրասեր են, նա իսկույն համոզվեց, որ հովիվ Ասլանն իրեն՝ անծանոթ Գենյա Միրզոյանին, անպայման կհյուրասիրեր որևէ բանով և հոգ կտաներ նրա գիշերելու մասին: (Վ. Անանյան)

Մայրս այնքան զբաղված էր, որ ամենևին ժամանակ չուներ հոգ տանելու վառելիքի մասին. այդ պատճառով, այդ հոգսը մնաց իմ և քույրերիս վրա: (Րաֆֆի)

Պետք էր անհապաղ հոգ տանել երկվորյակ եղբոր մասին, քանի շունչ կա բերանում, իսկույն ևեթ տուն փոխադրել, բժիշկ կամ քահանա կանչել: (Զ. Դարյան)

Այժմ հարկավոր էր հոգ տանել ապագայի մասին: (Նար-Դոս)

Պատասխանից հետո սպարապետը կարգադրեց արարողապետին հոգ տանել սուրհանդակի մասին: (Ստ. Զորյան)