24/02/2017

Հայերեն առաջին պանգրամը


Այսօր պատմական օր է հայերենասերների համար։

2017 թ. փետրվարի 24-ի առավոտյան Վաչագան Ա. Սարգսյանը, Կարեն Զաքարյանի թեթև խմբագրությամբ, ստեղծեց հայերեն առաջին պանգրամը.

Ֆիզիկոս Մկրտիչը օճառաջուր ցողելով բժշկում է գնդապետ Հայկի փքված ձախ թևը:


Նախնական՝ չխմբագրված տարբերակը հետևյալն է. «Ֆիզիկոս Մկրտիչը օճառաջուր ցողելով բժշկում է Հայրապետի փքված, գնդված ձախ թևը»։

Տես այստեղ՝ https://web.facebook.com/groups/230828630314947/permalink/1427135137350951/

Պանգրամը այբուբենի բոլոր տառերը պարունակող նախադասություն է։ Շատերին է համակարգչային ծրագրերից հայտնի անգլերեն The quick brown fox jumps over the lazy dog պանգրամը։ Հայերենի համար այդպիսի մի բան չունեինք։ Այսօր արդեն ունեցանք ։)

21/01/2017

Ինչպես դնել պատվի նշանը համակարգչային շարվածքում

Հոդվածը թարմացվել է 2022 թ․ հուլիսի 7-ին։

Հայերեն պատվի նշանի կամ պատվանիշի համար ստեղծված է յունիկոդային նշան՝ 055f այլագրով (՟) (տես նաև մեր այս գրառումը), սակայն, ցավոք, այն ճիշտ չի գործում տառատեսակների մեծ մասում։ Մեր փորձարկած տառատեսակներից միայն ArianAMU, Bainsley, Mshtakan, Vem, Quivira, Everson Mono և Faulmann  տառատեսակներում է այն ճիշտ ցուցադրվում (այսինքն՝ դրվում տառի վերևում և ոչ թե կողքին)։ Միայն թե Everson Mono-ում պատիվի տեսքը սխալ է։ Իսկ Bainsley-ում էլ, ի տարբերություն մյուս տառատեսակների, պատիվը պետք է մուտքագրել պատվակիր տառից առաջ և ոչ թե հետո։ 2021 թ․ նոյեմբերին էլ մի քանի տառատեսակ համալրվեցին պատվակիր չորս հավելյալ հայկական գրանշաններով․ այս մասին կարդացեք այստեղ։

Սակայն պատվի այս նշանի առկայությունը միշտ չէ, որ լուծում է պատվի բոլոր տեսակների խնդիրը, քանի որ հայերեն ձեռագրերում ու վիմագրերում պատվանիշի մի քանի տեսակ է կիրառվում, և բոլոր դեպքերում հնարավոր չէ գործածել այս յունիկոդային նշանը*։ 

Տեսնո՞ւմ եք ներքևում պատվանիշը։ Ճիշտ է, այն ձևով միայն մասնակի դեպքերում է նույնանում ձեռագրերից, վիմագրերից կամ հին տպագիր գրքերից մեզ հայտնի պատվանիշի հետ, քանի որ վեր կամ վար կլորացող եզրեր չունի, սակայն այսպիսի վրագծումը ամենահարմար միջոցն է համակարգչային շարվածքում պատվանիշը ցույց տալու համար, երբ կա՛մ կա տառատեսակի խնդիր, կա՛մ անհրաժեշտ է գործածել ավելի երկար պատվանիշ, որը պիտի դրվի մեկից ավելի տառերի վրա։

Տն, գեղեցկութե, սրբութբ, երկել

Իսկ ինչպե՞ս դնել այս նշանը։ Դրա համար հիշեք անգլերեն overline (վրագծել) եզրը և այն որոնեք բառամշակիչ ծրագրերի այն բաժնում, որում գտնվում են նաև ընդգծման, ջնջագծման և տեքստի ձևավորման (format) այլ ընտրանքները։ Քանի որ ո՛չ բոլոր ծրագրերն ունեն այս հնարավորությունը (Microsoft Office-ը չունի), մենք ձեզ խորհուրդ ենք տալիս տեղակայել ձեր համակարգչում Microsoft Office-ին փոխարինող LibreOffice ծրագիրը (Microsoft Office-ը ջնջելու կարիք չունեք)։ Այս ծրագրով շատ հեշտությամբ կարելի է կատարել վրագծումը։ Նայեք այս նկարը.



Դուք կարող եք նաև ավելացնել այս ընտրանքի պատկերակը ձեր ծրագրի գործիքավահանակում՝ շատ ավելի արագ աշխատելու համար։


LibreOffice-ն ազատ տարածվող ծրագրակազմ է և ստեղծված է բոլոր հիմնական գործավարական համակարգերի համար։

LibreOffice-ում ձեր մուտքագրած բնագիրը կարող եք արտահանել իբրև PDF, որում դարձյալ կպահպանվեն ձեր պատվանիշերը։

Ներքևի նկարը PDF-ից արված էկրանահան է։


Եթե ցանկանաք LibreOffice-ում ստեղծված նիշքը հենց տեքստային որևէ ընդլայնմամբ (.docx, .odt, .doc) ուղարկել ուրիշին, ապա վերջինս նույնպես պիտի ունենա համապատասխան ծրագիր՝ այդ վրագծումները տեսնելու համար։ Microsoft Office-ում, ցավոք, դրանք չեն երևում՝ անհետանում են։ Ուրիշին ուղարկելու դեպքում կարող եք ձեր նիշքը պահպանել կա՛մ .html, կա՛մ .pdf ձևաչափով և այդպես ուղարկել։ Իսկ եթե մի ուրիշը ևս պիտի աշխատի այդ նիշքի վրա, ուրեմն ուղարկեք այն .odt ձևաչափով և խնդրեք, որ ձեր գործընկերը նույնպես տեղակայի LibreOffice ծրագիրը։

Եթե աշխատում եք html-ային նիշքերի հետ, ապա վրագծումը կատարվում է հետևյալ այլագրով՝

 Պատվանիշով <span style="text-decoration:overline">բառ</span>

Պատվանիշով բառ


Համառոտագրման մի ուրիշ նշան է երկորյակը, որ նույնպես գործածվել է հայերեն ձեռագրերում։ Այն դրվում էր կրճատված բառի կողքին կամ կրճատված տառերի վերևում, օրինակ՝ թգ˝ւր, Յոհ˝ առաք˝։ Այս նշանը կարելի է դնել կամ պատճենման-փակցման միջոցով (այն ընտրելով նշանների աղյուսակներից), կամ յունիկոդային 30B այլագրով։


-----------------------------------------
Ծանոթագրություն

* Հայերեն ձեռագրերում, վիմագրերում ու տպագիր գրականության մեջ գործածված պատվանիշի մի քանի տեսակ կա։ Ամենահին ու իսկական պատիվը, այսինքն՝ նա, որ գործածվել է ամենահին ձեռագրերում միայն սրբազան անունների համար (Տէր, Աստուած, Յիսուս, Քրիստոս, սուրբ, Երուսաղէմ, Իսրայէլ), թե՛ ձևով է տարբեր այս յունիկոդային նշանից, թե՛ կիրառությամբ։ Սովորաբար իսկական պատիվը դրվում էր ամբողջ համառոտագրության վրա, այսինքն՝ ավելի երկար էր՝ ընդգրկելով 2, անգամ 3 տառ, նաև ոչ թե միայն մեկ եզրից էր թեքվում կամ կլորանում, այլ երկու՝ մեկը՝ վերև, մյուսը՝ ներքև։ Թե հին, թե ավելի ուշ շրջանի ձեռագրերում պատիվը գործածվում էր նաև թվականների համար և այս դեպքում ևս այն դրվում էր ամբողջ թվականի վրա, այսինքն՝ եթե թվականը երկտառ, եռատառ կամ քառատառ էր, նշանը պիտի դրվեր բոլոր տառերի վրա և ոչ թե միայն մեկ, որպեսզի ցույց տար, որ ամբողջն է թիվ։ Վիմագիր արձանագրություններում գործածվող պատիվը նույնպես սովորաբար ավելի երկար է լինում՝ ընդգրկելով մեկից ավելի տառ (հաճախ հենց ուղիղ գծի տեսք է ունենում. ուղիղ գծի տեսքով երկար պատիվ երբեմն նաև ձեռագրերում է հանդիպում)։ Մի խոսքով՝ ցավոք սրտի, Arian AMU-ով և մի քանի այլ տառատեսակներով աշխատող պատվանիշը միայն որոշ դեպքերում է հարմար գործածել՝ համեմատաբար ուշ շրջանի ձեռագրերի կամ տպագիր գրքերի հիմնական բովանդակությունը մուտքագրելու համար, իսկ հին ձեռագրերի, վիմագիր արձանագրությունների, ինչպես նաև թվականների համար հարմար չէ, քանի որ մեկից ավելի տառեր ընդգրկելու հնարավորություն չունի։














Մի դրվագ Հ. Աճառյանի կյանքից

Հրաչյա Աճառյանի ուսանողներից ոմանք, որ հետագայում նույնպես դասավանդել են Երևանի պետական համալսարանում, երբեմն իրենց ուսանողներին պատմել են Աճառյանի կյանքից հետաքրքիր, հաճախ զվարճալի դեպքեր։ Ես այդպիսի մի քանի պատմություն լսել եմ իմ մայրիկից, նա էլ՝ իր դասախոսներից, որոնք եղել են Աճառյանի առաջին ուսանողներից։ Մեկը պատմեմ։

Ասում են՝ մի անգամ Աճառյանի դասախոսությունն ընդհատվում է, որովհետև գալիս-ասում են, որ մի ռուս բանասեր, պրոֆեսոր հյուր է եկել և ուզում է Աճառյանին հանդիպել։ Աճառյանը մի ուրիշին է հանձնարարում դասը շարունակել, իսկ ինքը գնում է ռուս մասնագետին հանդիպելու։ Շուրջ 5 րոպեից վերադառնում է լսարան։ Ուսանողները զարմանում են, որ հանդիպումն այդքան կարճ է տևել, և հարցնում պատճառը։ Աճառյանն էլ պատասխանում է, որ գնացել է և սկսել այդ հյուրի հետ խոսել ֆրանսերեն, բայց ռուսը չի կարողացել այդ լեզվով հաղորդակցվել։ Աճառյանն անցել է գերմաներենի, նույն պատմությունը։ Անցել է անգլերենի, նույնը։ Մտածել է՝ ռուսը թերևս արևելյան լեզուներ է ուսումնասիրում. խոսել է թուրքերեն, ռուսը չգիտի. արաբերեն, նույնը, պարսկերեն, նույնը։ Մի խոսքով՝ ինչ օտար լեզվով, բացի ռուսերենից, խոսել է, ռուսը հասկացրել է, որ չի կարող այդ լեզվով հաղորդակցվել, և խնդրել է, որ իր հետ ռուսերեն խոսեն։ Աճառյանն էլ ասել է. «Է մեր հովի՛վն էլ հայերեն գիտի», և հյուրին թողել ու հեռացել է՝ զրույցը չշարունակելով։

Անշնորհքությո՞ւն է արել Աճառյանը ։), մեծամտացե՞լ է, պե՞տք էր այդպես ամոթահար անել թերի գիտելիքների տեր մասնագետին, թե ճիշտ է վարվել, որ մարդահաճություն չի արել, կեղծ քաղաքավարություն ու համեստություն չի խաղացել և հասկացրել է այդ պրոֆեսորին, որ նա հեռու է լինելուց այն, ինչ ներկայանում է։ Ընդհանրապես ո՞ւմ առաջ մարդը կարող է խոնարհաբար իջնել նույնիսկ մինչև գետին, եթե պետք է, և ո՞ւմ առաջ չի կարելի մարդահաճության որևէ դրսևորում թույլ տալ՝ քաղաքավարի և համեստ ձևանալով...

08/01/2017

Մ. Աբեղյանի երկերի 8-հատորյակի բոլոր ցանկերը՝ մեկտեղ

 

Մանուկ Աբեղյան, Երկեր

Հտ. Ա

Հտ. Բ

Հտ. Գ

Հտ. Դ

Հտ. Ե

Հտ. Զ

Հտ. Է

Հտ. Ը



Հտ. Ա

(Երևան, 1966) 
 
Ինտիտուտի կողմից
Մ. Աբեղյանի կյանքն ու գիտական գործունեությունը

ՀԱՅ ՎԻՊԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Առաջաբան
Ներածություն (Բանահյուսության մասին ընդհանրապես)
ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ. Հմայքներ և առասպելներ
ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ. Վիպասանք
ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ. «Պարսից պատերազմը»
ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ. «Տարոնի պատերազմը»
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇՐՋԱՆ. «Սասնա Ծռեր»
Հավելված
Ծանոթագրություններ


Հտ. Բ

(Երևան, 1967)

ՀԱՅ ՔՆԱՐԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Խմբագրի կողմից

ՀԻՆ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐ
«Նահապետ Քուչակի դիվանը»
Նահապետ վարպետ- աշուղ Քուչակ
«Հայերէն ասել», «հայրէն», «հայրենի կարգ»
Ղազելներ և քառյակներ կրճ տողերով և բեյթերով
Հայրենի առանձնահատուկ ռիթմը
Հայրենների լեզուն
Լեզվի փոփոխությունը նույն հայրենների վարիանտների մեջ
Հայրենների փոփոխակները
Տների ու տողերի շարժնություն
Քառյակների շարժնություն
Տաղաշարքեր
Ժողովրդական երգերի ոճը հայրենների մեջ
Կնոջ արտաքինի նկարագիրը սիրո երգերի մեջ
Ժողովրդական կենցաղը հայրենների մեջ
Հին աշխարհիկ քնարերգությունը և հայրենների հնությունն ու հայրենիքը
Գուսանական երգեր
Հայրեններն իբրև հին գուսանական երգեր
Հայրենների հարատևությունը և անտունիներ
Հայրեններ և լացի, օրորի, վիճակի, հարսանեկան, պանդխտի ու սիրու երգեր
Հայրենների արվեստի հարատևությունն անտունների մեջ
Պանդխտության երգերի զարգացումը հայրեններից

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂԻԿՆԵՐ
Խաղ ու տաղ
Գյուղական բանաստեղծություն և գեղջուկ խաղասացներ
Գյուղական սիրո երգը
Աշխատանքը խաղերի մեջ
Հասարակական խավերը խաղերի մեջ
Բնությունը խաղերի մեջ
Խաղերի հորինվածքը
Ոտանավորը
Աղճատում և վարիանտներ
Խաղերի զարգացումը
Երգերի զարգացումը խաղերից


Հտ. Գ

(Երևան, 1968)

Խմբագրի կողմից

ՀԱՅՈՑ ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Առաջաբան

Առաջին շրջան

Նախնական առասպելա–պատմական բանահյուսություն
Հին առասպելները
Ավանդական վեպ

Երկրորդ շրջան

Եկեղեցա-քաղաքական մաքառման գրականություն
Առաջին հեղինակներ
Առաջին պատմագիրներ
Ժողովրդական վեպ
Դասական պատմագիրներ
Վկայաբանություններ
Դավանաբանական պայքարի գրականություն
Բանաստեղծություն
Պատմագրություն
Վիպական բանահյուսություն
Մաքառում արաբական բռնապետության դեմ
Տոհմային պատմագրություն
Վկայաբանություն
Վիպական բանահյուսություն
Հոգևոր երգ
Խաղաղ շինարարության դար
Հավելվածներ

Հտ. Դ

(Երևան, 1970)

Խմբագրի կողմից
Առաջին հրատարակության առաջաբանից

ՀԱՅՈՑ ՀԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Երկրորդ գիրք
(10-15-րդ դարեր)

Երրորդ շրջան – Վերածնության գրականություն

Կյանքի և աշխարհայեցության փոփոխություն
Նոր մտավոր հոսանքի առաջին փուլերը գրականության մեջ
Ժամանակագրություն
Աշխարհիկ ոգու վերաճում
Առակագրություն
Բանաստեղծություն
Եկեղեցական գրականության վերջալույսն և արևմուտը
Հավելվածներ
Էջեր դասախոսություններից
Ուրվագծեր XIX դարու հայոց գրականության պատմությունից (առաջին երեսնամյակ)
Անձնանունների ցանկ

Հտ. Ե

(Երևան, 1971)

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ (ՄԵՏՐԻԿԱ)

Առաջաբան

Առաջին հատված - Ոտք և ոտանավոր

Ռիթմ
Շեշտ և ամանակ
Ամանակական և շեշտական ոտանավորներ
Սղում և երկարում
Ոտքերի տեսակները
Շեշտական ոտանավոր պարզ ոտքերով
Ոտանավորը կամ տողն իբրև ռիթմական միություն

Երկրորդ հատված - Հայերեն ոտանավորների տեսակները

Յամբական ոտանավորներ պարզ ոքերով
Յամբական ոտանավորներ բարդ ոքերով
Յամբական ոտանավորներ մեկ և երկու անապեստով հաստատուն դրությամբ
Անապեստյան ոտանավորներ
Անապեստյան ոտանավորներ մեկ յամբով հաստատուն դրությամբ
Անապեստյան ոտանավորներ մեկ յամբով շարժուն դրությամբ
Յամբ–անապեստյան ոտանավորներ բարդ ոտքերով
Յամբ–անապեստյան ոտանավորներ պարզ ոտքերով
Ընկնող ռիթմով ոտանավորներ
Բարձրացող–ընկնող ռիթմով ոտանավորներ
«Վանկական չափով» ոտանավորներ
Աշուղական չափեր
Ոտանավորներ ազատ ոտքերով կամ ազատ տակտերով
Ոտանավորներ ազատ անդամներով
Ազատ ոտանավորներ
Երրորդ հատված - Հանգիտություն, հանգ և տուն

ՀՈԴՎԱԾՆԵՐ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայերեն տաղաչափության մասին
Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ
«Շահնամա»–ի ոտանավորի չափը հայ բանաստեղծության մեջ
Մի քանի տաղաչափական խնդիրների մասին
Ծանոթագրություններ

Հտ. Զ

(Երևան, 1974)

Առաջաբան

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Առաջին մաս - Ներածություն

Լեզվական իրակություններ
Խոսվածքի գործունեությունը
Լեզվի փոփոխությունը
Լեզվաբանության մասին

Երկրորդ մաս - Բառերի հնչյունները (հնչաբանություն)

Հնչյունների արտաբերությունն ու տեսակները
Հնչյունների փոփեխությունը

Երրորդ մաս - Բառերի նշանակությունը (իմաստաբանություն)

Բառերի տեսակները ըստ նշանակության
Բառերի նշանակության փոփոխությունը

Չորրորդ մաս

Բառերի տեսակները ըստ կազմության
Հարադրական և կցական բարդություններ
Իսկական բարդություն
Առաջադիրներով բաղադրություններ
Ածանցում
Անվանական վերջածանցներ
Դերբայական վերջածանցներ

Հինգերորդ մաս - Բառաձևեր. ձևաբանություն

Բայերի ձևերը
Գոյականների ձևերը
Վեցերորդ մաս – Կապակցության ձևեր (շարահյուսություն)
Ցուցակ գործածած գրքերի

ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Առաջաբան
Շարահյուսություն

Առաջին հատված - Բառերի շարահյուսություն

Բառերի պաշտոնը խոսքի մեջ
Բառերի կապակցությունը խոսքի մեջ

Երկրորդ հատված - Խոսքերի շարահյուսություն

Խոսքերի տեսակները
Խոսքերի կապակցությունը
Աշխարհաբարի հոլովները
Հայցական հոլովը մեր աշխարհաբարում

ԳՐԱԲԱՐԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջաբան
Ներածություն
Առաջին մաս – Հնչյունները
Երկրորդ մաս – Ձևաբանություն
Երրորդ մաս – Շարահյուսություն
Ծանոթագրություններ

Հտ. Է

(Երևան, 1975) 
 
Ինստիտուտի կողմից

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԳՐԱԿԱՆ–ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

I մաս - Ազգագրական հետազոտություններ
Հայ ժողովրդական հավատքը

Հայ ժողովրդական հավատալիքների աղբյուրներն ու ընդհանուր բնույթը
Լույս և խավար
Ճակատագրի հավատք
Ջրերի և բույսերի պաշտամունք
Կրակի պաշտամունք
Օձերի պաշտամունք
Ամպրոպային զրույցներ
Հողմի ոգին
Ջրերի, անտառների և լեռների ոգիներ
«Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ–Դերկետո դիցուհու արձաններ

II մաս - Գրական–բանասիրական հոդվածներ և հետազոտություններ

Գրական դպրոցներ
Վերածնություն, հումանիզմ և վերանորոգություն
Սքոլաստիկա
Ֆրանսիական կլասիկիզմ
Ռոմանտիզմ
Ընդհանուր տեսություն հայոց հին բանաստեղծության
Հովհաննես Հովհաննիսյան
Հովհաննես Թումանյանց, «Բանաստեղծություններ», Մոսկվա, 1890
«Բանաստեղծություններ» Ալեքսանդր Ծատուրյանի, Մոսկվա, 1891
Հակոբ Հակոբյան, «Բանաստեղծություններ», Թիֆլիս, 1899
Դարձյալ հայ գրերի գյուտի շուրջը
Ի՞նչ է Աբովյանի «բայաթի» ասածը
Ժողովրդական երգարան և «Հազար ու մի խաղ»
Կոմիտաս Վարդապետ և յուր գործը
Հիշողություններ Կոմիտասի մասին
Հանգուցյալ Կարապետ Եպիսկոպոսի գիտական աշխատանքը
Der Armenische Volksglaube von Dr. Manuk Abegian
Ծանոթագրություններ

Հտ. Ը

(Երևան, 1985)

Ինստիտուտի կողմից
Դավիթ և Մհեր. Ժողովրդական դյուցազնական վեպ
Ազգային վեպ

Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու հայոց պատմության մեջ (քննադատություն և ուսվածք)

Ներածություն
Առասպել
Մի քանի բառերի նշանակությունը Խորենացու մեջ
Խորենացու հայացքն առասպելի վրա և առասպելների մեկնություն
Վահագնի առասպելը
Հայկի առասպելը
Անգեղ Տուրքի առասպելը
Վիպասանք
Տիգրանի առասպելը
Շամիրամի առասպելը
Վարդգեսի առասպելը
Երգք ցցոց և պարուց. Սանասարի առասպելը և «գուսանականն»
Եզրակացություն
Ժողովրդական լեզվի շեշտադրությունը
Գրաբարի երկբարբառներն
Մեր ուղղագրության մասին
Հայոց լեզվի ուղղագրության ռեֆորմի մասին
Ուղղագրության ռեֆորմը

Մի քանի քերականական խնդիրների մասին

Իբրև նախաբան
Ընդհանուր ուղղությունը
Մատերիալիզմ
Գոյականի սահմանումը
Լեզվի փոփոխությունը
Գոյականի մասին
Ածականի մասին
Մակբայի մասին
Ձևը
Սևակյան «Դիալեկտիկական լոգիկան» հոլովի մասին
Խոսք և բայ
«Բառ–ենթակա»
Սոֆիզմներ
Հավելված
Ծանոթագրություններ
Ցանկեր



25/12/2016

Քույր և եղբայր

Մի հինգ տարի առաջ ինձ բարկացրել էր որոշ մարդկանց՝ հիմարության մեջ համառելը։ Ես իմ այդ բարկության տվայտանքների մեջ էի, երբ միտքս հանկարծ պայծառացավ ու փառահեղ լեզվական հայտնագործություն արեց։ Այդ պահին նաև Մուսան երկնքից թռավ-եկավ և օգնեց այդ հայտնագործությանը բանաստեղծական շնորհք հագցնելու։ Այսօր ինչ-որ մարդիկ ինձ ստիպեցին հիշել ու դարակներից հանել իմ այդ հայտնագործությունը... Բայց ասե՛ք, որ ես սխալվում եմ ։))))

Քույր և եղբայր

Հիմարն ու Համառը քույր են և եղբայր:
Եվ համահայր են, և համամայր:
Նույն հորից սերվել,
Նույն կաթն են կերել:
Երկուսն էլ ունեն նույն Հ ոտքերը,
Երկուսն էլ ունեն նույն Մ իրանը,
Երկուսն էլ ունեն նույն վանկ-հասակը,
Երկուսն էլ ունեն նույն ar գլուխը,
Բայց քանի որ ՀԻմարի սեռն ի-գական է,
ՀԱմառինը` ա-րական,
Հիմարի Ր-ն նուրբ է,
Համառինը` կոպտաձայն:
Ահա սա՛ է պատճառը,
Որ ուր գտնվում է Հիմարը,
Նրա կողքին, շատ հաճախ,
Հայտնվում է Համառը։

Այս բանաստեղծությունը եթե դասական ուղղագրությամբ էլ ներկայացնես, դարձյալ նույն պատկերն է ստացվելու, քանի որ երկու բառերն էլ յ-ով են սկսվում (յիմար, յամառ)։


21/12/2016

Արևմտահայերեն երկերի հրատարակության և ավանդական ուղղագրության հարցեր



Խորհրդային շրջանում արևմտահայ հեղինակների երկերը, ինչպես գիտենք, Հայաստանում հրատարակվում էին աբեղյանասևակյան ուղղագրությամբ, իսկ անկախությունից ի վեր միտում կա դրանք հրատարակելու հենց ավանդական ուղղագրությամբ: Ես գտնում եմ, որ, այո՛, գոնե արևմտահայ գրականությունն ու տեքստերը պիտի ավանդական ուղղագրությամբ հրատարակվեն: Բայց կան սրա հետ կապված խնդիրներ: Ես այստեղ կփորձեմ անդրադառնալ դրանց:

Արևմտահայերենը պետք է ավանդական ուղղագրությամբ մատուցվի, այսինքն՝ այն ուղղագրությամբ, որով հեղինակներն իրենք ստեղծագործել ու ստեղծագործում են, միայն թե մի խնդիր է իսկապես լավ սրբագրիչ գտնելը։ Հայաստանում (սփյուռքում նմանապես) ավանդական ուղղագրությանը լիովին տիրապետողները քիչ են։ Անգամ այն մշտապես գործածողները շարունակ ինչ-որ բառեր սխալ են գրում։ Վերջերս հաճախ եմ տեսնում թե՛ լրագրային հոդվածներում, թե՛ սոցիալական ցանցերում հրապարակվող գրառումներում «յաւակնել(իլ)»-ի փոխարեն «հաւակնել» սխալ ձևը, «տեսահոլովակ»-ի փոխարեն «տեսայոլովակ» (այստեղ «յոլով» արմատը չէ, այլ «հոլով», ուստի պիտի գրվի «տեսահոլովակ»), «հայեացք»-ի փոխարեն «հայացք», «ամենա»-ի փոխարեն «ամէնա» ևն: Չգիտեմ ով ինչպես, ես, եթե ընտրելու լինեմ, նախընտրում եմ կարդալ անսխալ աբեղյանասևակյան ուղղագրությամբ, քան սխալաշատ ավանդական ուղղագրությամբ:

Մի ուրիշ խնդիր է հետևյալը: Եթե արևմտահայերեն տեքստերը հրատարակվում են առաջին անգամ, և դրանք ձեռագրից վերծանում ու մուտքագրում են արևելահայերը, ապա վերջիններս հաճախ չեն տարբերում «ի» և «ե» խոնարհման բայերի վերջավորությունները և «ի» խոնարհիչի փոխարեն «ե» են գրում կամ «ե»-ի փոխարեն անհարկի «ի», և սա արևմտահայերեն իմացողի համար աչք ծակող անգրագիտություն է։ Օրինակ՝ ամեն անգամ, որ «Ֆեյսբուքում» տեսնում եմ Լեռ Կամսարի՝ վաղ շրջանի արևմտահայերեն տեքստերը, որ այս նույն խնդիրն ունեն, տխրում եմ՝ ցանկանալով ճշտել՝ արդյո՞ք հենց այս տեսքով էլ դրանք պիտի հրատարակվեն, թե մի հմուտ լեզվագետ պիտի շտկի տեղ գտած սխալները, բայց միշտ անհարմար եմ զգում գրել այս մասին, որպեսզի գրածս քննադատություն չընկալվի:

20/11/2016

Ուղղագրակետադրական կանոններին ու սկզբունքներին հետևելու լավ մոտեցում


Քանի որ մեզանում տարածված է հայերենում առկա վիճելի ուղղագրակետադրական հարցերի քննարկման ժամանակ հիմնվել մեկ-երկու ձեռնարկի (կամ ձեռնարկների մի մասի) վրա՝ անտեսելով մնացածը, այսինքն՝ միայն մեկ կանոն է սովորաբար ներկայացվում իբրև ընդունելի տարբերակ՝ բացառելով ընտրության հնարավորությունը, ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք այս հարցում որդեգրենք նմանատիպ խնդիրները լուծելու անգլերենի մոտեցումը։

Անգլերենի համար (որպես օրինակ վերցնենք միայն ամերիկյան անգլերենը) կան մեկից ավելի հեղինակավոր լեզվաոճական ուղեցույցներ, որոնք կարգավորում են անգլերենի ուղղագրակետադրական և այլ բնույթի լեզվական հարցերը։ Կախված նրանից, թե դու որ լեզվաոճական ուղեցույցին ես հետևում՝ միևնույն բառը անգլերենում կարող ես տարբեր ձևով գրել (ենթադրենք՝ գծիկով կամ առանց գծիկի, միասին կամ առանձին գրվող բաղադրիչներով) և միևնույն քերականական դեպքը կարող ես տարբեր ձևով կետադրել։ Այսինքն՝ մարդիկ ունեն ընտրության հնարավորություն։ Ամբողջ ամերիկյան հասարակությունը պարտավոր չէ վիճելի և իրականում երկրորդական կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ միայն մեկ կանոնի կամ սկզբունքի հետևել։ Ուստի մի մարդ կամ կազմակերպություն կարող է հետևել, ասենք, Չիկագոյի ուղեցույցին, մի ուրիշը՝ «Ասոշիեյթիդ Պրեսի» ուղեցույցին, երրորդը՝ Գրեգի ձեռնարկին, չորրորդը՝ Ամերիկայի ժամանակակից լեզվաբանական ընկերակցության ուղեցույցին և այլն։ Խմբագիր ու սրբագրիչ ընդունելիս էլ սովորաբար ասում են՝ մեր կազմակերպությունն այսինչ ուղեցույցին է հետևում, և խմբագիրը կամ սրբագրիչն իր աշխատանքում պետք է առաջնորդվի դրանով։ Միայն թե միշտ նշվում է, որ ինչ ուղեցույցի էլ հետևում ես, եղիր հետևողական, այսինքն՝ այնպես չլինի, որ մի տեղ մի ձևով գրես նույն բառը կամ կետադրես, մի ուրիշ տեղ՝ մի ուրիշ ձևով։

17/11/2016

Մի քանի խոսք մեր օրհներգի մասին

Որոշ ժամանակ առաջ մեր պետական օրհներգի մեղեդին էր քննարկվում, և իբրև ամոթ ու խայտառակություն էր համարվում այն, որ այդ մեղեդին նույնանում է մի ռուս կոմպոզիտորի մի ստեղծագործության մի հատվածի մեղեդու հետ, այսինքն՝ ամենայն հավանականությամբ, հենց այդ օտար մեղեդին է գործածվել Նալբանդյանի ստեղծագործության համար, թեև չի բացառվում, որ ընդամենը մեղեդիների համընկման հետ գործ ունենք։ Այսօր քննադատվում են նաև օրհներգի բառերը՝ իբրև պետության օրհներգին չսազող խոսքեր։ Եվ ոմանք կարծում են, որ պետք է մեր օրհներգը փոխվի, քանի որ սա շատ կարևոր է մեր ազգի ու պետության համար։ Ուստի գրածս վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե անհարմար բառերով կամ մեղեդիով օրհներգ փոխելն իրոք շատ կարևոր է լավ պետություն ունենալու համար։

Հայերիս մեծ մասը, կարծում եմ, կերազեր այսօր ապրել այնպիսի հզոր ու բարեկեցիկ պետության մեջ, ինչպիսին կարողացավ Իսրայելը ստեղծել։ Եվ այդ պետության կայացմանը չխանգարեց Իսրայելի՝ մեր օրհներգից էլ «անկապ» օրհներգը, որը նույնպես, ինչպես մերը, օտար մեղեդի ունի (իտալական մի հին երգի մեղեդի է, և հրեաները սա չեն թաքցնում), գրվել է 19-րդ դարում բոլորովին այլ նպատակներով և իբրև այլ կառույցի համար օրհներգ, և խոսքերն էլ բացարձակապես չեն պատշաճում պետական օրհներգին և արդեն պետականություն ունեցող մի ժողովրդի։ Թեև սկզբնական բառերը հրեաներն էլ են մի փոքր փոխել, բայց, միևնույն է, բովանդակությունն առանձնապես չի փոխվել։ Այդ օրհներգի մեղեդին նույնպես խիստ անհարմար է պետության օրհներգ լինելու համար, քանի որ կարծես քնարական ստեղծագործության մեղեդի լինի։ Բայց, զարմանալիորեն, այդ օրհներգը, որ Իսրայելի պետության հիմնումից ի վեր գործածվում էր իբրև Իսրայելի օրհներգ, սակայն պաշտոնապես ընդունված չէր, 2004-ին պաշտոնապես ընդունվեց։ Կարելի էր զարմանալ հրեաների խելքի վրա. կարող էին մի ուրիշ՝ ավելի լավ բան մտածել։ Բայց չէ՛, հենց ա՛յդ օրհներգն էր, որ պատմություն ուներ, պատմությամբ ասես նվիրագործված լիներ։

Հիմա մերն էլ, լավն է, թե վատը, պատմություն ունի. այն եղել է մեր առաջին հանրապետության օրհներգը, նրա վերջին բառերը նշանաբանի պես գործածվել են հայերի կողմից նույնիսկ մինչև առաջին հանրապետության հաստատումը։ Այս երգը սփյուռքում երկար տարիներ շարունակել են երգել իբրև Հայաստանի Հանրապետության օրհներգ։ Այս երգը հենց սրանով էլ դառնում է նվիրական, և նրա ո՛չ խոսքերը, ո՛չ էլ օտար մեղեդին բացարձակապես չեն խանգարում մեր պետության կայացմանն ու հզորացմանը։

28/10/2016

Ինչպես բացել Ակադեմիայի գրադարանի՝ վերջին օրերին չբացվող գրքերը

Հավանաբար նկատել եք, որ արդեն մեկ շաբաթ է, եթե ոչ՝ ավելի, որ Ակադեմիայի գրադարանի կայքում տեղադրված այն գրքերը, որոնց հասցեները սկսվում են serials.flib.sci.am-ով, չեն բացվում։ Ի՞նչ անել։


Եթե գիրքն ընթերցիչով չի բացվում, գրքի pdf տարբերակը բացելու համար կատարեք հետևյալ փոփոխությունը հասցեում. հասցեի վերջից՝ /book/ մասից հետո, ջնջեք ինչ որ կա և փոխարենը գրեք Binder1.pdf (Binder-ը՝ անպայման մեծատառով)։

Օրինակ՝http://serials.flib.sci.am/Founders/Acharyan%20LQ1/book/index.html#page/1/mode/2up

Այս հասցեն պիտի դառնա՝
http://serials.flib.sci.am/Founders/Acharyan%20LQ1/book/Binder1.pdf

Բարի վայելո՛ւմ։

06/10/2016

Archive.org-ի գրքերի ներկառուցման (embedding) փորձեր

Մեկ էջով։

 

Երկու էջով. հղումը տանում է ընթերցիչի էջ 21։



11/09/2016

Եթե մոգ լինեի...

Եթե ես մոգ լինեի, մի խորհրդանշական մեծ մեդալ կպատրաստեի և այն կախաղան կբարձրացնեի, վրան մի քանի բուռ լաց կլինեի, հետո մեդալը կտանեի-կթաղեի՝ ինչ-որ կախարդական մաղթանքներ գռմռալով, գերեզմանը կկնքեի, որ մեդալոսկորներն անշարժ մնային ու հանկարծ կնքված գերեզմանից դուրս չպրծնեին երբեք, տապանաքար կդնեի, տապանաքարին կգրեի. «Աստ հանգչի մեդալն ունայնութեան, սնափառութեան, այլախաբութեան եւ ինքնախաբէութեան»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, մի խորհրդանշական փոքրիկ գիրք կպատրաստեի, կազմին կգրեի «գիտական թեզ», կդնեի գլխիս, կտանեի գերեզմանոց, գլխիցս կիջեցնեի, սև ագռավներին կկանչեի՝ հատուկ խունկ փչելով ու կախարդական մաղթանքներ երգելով, ագռավների լուրջ ու գիտնական հայացքների ներքո խնկի կրակվող ածխից կլցնեի գրքի վրա, կայրեի, մոխիրը կթաղեի, տապանաքար կդնեի, վրան կգրեի. «Աստ հանգչի թեզն ունայնութեան, սնափառութեան, յիմարաբանութեան, գողութեան եւ ընչասիրութեան»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, թեզը հողին հանձնելու հաջորդ օրը կկազմակերպեի նաև թեզի անբաժան ընկերոջ՝ գիտական կոչումի թաղումը։ Նույն հանդիսավորությամբ, նույն լրջությամբ։ Տապանաքարին կգրեի. «Աստ հանգչի կոչումն յանուրեքութիւն»։ Կասեի՝ օղորմի, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։

Եթե ես մոգ լինեի, կգնայի լայնարձակ մի դաշտ, այն ժամանակ, երբ քամին մեղմորեն շնչում է ականջիս, արևն էլ՝ մեղմորեն զարկում դեմքիս, խոր շունչ կքաշեի, կծնկեի անուշաբույր խոտին և սրտի թրթիռով առջևս կդնեի հետս տարած մեծ կապոցը։ Մի երկու կախարդական մաղթանք կասեի կապոցի վրա և  ապա այն կբացեի, ձեռքերիս մեջ առնելով՝ հատ-հատ կհամբուրեի գույնզգույն թռչնիկներին և համբուրելուց հետո նրանց բաց կթողնեի երկրի չորս կողմերը։ Թռչուններից մեկի վզից կապված կլիներ «որոնում» պիտակը, մյուսի վզից՝ «հարցասիրություն» պիտակը, երրորդի՝ «անշահախնդրությունը», չորրորդի՝ «ինքնամոռացությունը», հինգերորդի՝ «ուսումնատենչությունը», վեցերորդի՝ «ուսումնասիրությունը», յոթերորդի՝ «գիտությունը», ութերորդի՝ «ստեղծարարությունը», իններորդի՝ «աշխատասիրությունը», տասներորդի՝ «բարի նպատակը», տասնմեկերորդի՝ «բազմապատիկ բարի պտուղները», իսկ տասներկուերորդի՝ «երանությունը»։ Կասեի՝ բարի, հաջողակ և մշտակա՜ն թռիչք ձեզ, թռչնիկներ, ու հանգիստ շունչ քաշելով՝ կհեռանայի։





08/09/2016

TagSpaces

Մեկ ամիս առաջ թարգմանեցինք-հայացրինք ևս մեկ շատ օգտակար ծրագիր՝ TagSpaces-ը, որն ունի նաև դիտարկիչային հավելված (Ֆայերֆոքսի և Քրոմի համար)։ Անկախ նրանից, թե որ լեզվով կգործածենք TagSpaces-ը՝ այն մեզ՝ գրասերներիս ու ընթերցասերներիս համար պետքական է։ Այն ստեղծված է բոլոր երեք հիմնական օպերացիոն համակարգերի համար, ինչպես նաև Անդրոիդի և Այ-ֆոնի։

Ի՞նչ է TagSpaces-ը։ Առաջին հերթին՝ նիշքակառավարիչ։ Բայց ո՛չ միայն։ Այն նաև խմբագրիչ է, ընթերցիչ, անգամ նվագարկիչ։ Հերթով բացատրեմ այս ծրագրի որոշ հնարավորություններ։

Ծրագրի ներսում ավելացնում ենք մեր համակարգչում գտնվող այն պանակները, որ ցանկանում ենք։ Ենթադրենք՝ ավելացրել ենք մեր գրադարանի մեծ պանակը (օրինակ՝ իմ այդ պանակը 35 ԳԲ ծավալ ունի, և արդեն պարզ է, չէ՞, թե որքան ենթապանակներ ու նիշքեր պիտի ունենա), ավելացրել ենք նաև երաժշտական նիշքեր պարունակող պանակը, նաև նկարների։ Այս բոլոր նիշքերը կարող ենք հեշտությամբ կազմակերպել զանազան գույների և գրություններով պիտակներով (tags)` օրինակ՝ նշելու համար տարբեր ժանրերի գրքերը, արդեն ընթերցվածները կամ ընթերցման ենթակաները և այլն։ Բացի դրանից, կարող ենք, առանց արտաքին ընթերցիչ ծրագիր բացելու, շատ ավելի արագ, կարելի է ասել՝ վայրկենապես, հերթով բացել մեր բոլոր PDF նիշքերը՝ նախադիտման համար։ Նախադիտումն էլ իրականում ամբողջական PDF-ներն է բացում, ոչ թե միայն առաջին էջը։ Իմ համակարգչում TagSpaces-ը PDF նիշքերն ավելի արագ է բացում, քան համապատասխան ընթերցիչ ծրագրերը։ Սա շատ հարմար է, երբ գիրք ես որոնում և միայն նիշքերի վերնագրերով չես հասկանում, թե որն ինչ է։ Ծրագրի ներսում մի կողմում բացվող նիշքերը կարելի է ընդարձակել և նաև մեծ չափով նորմալ դիտել։




19/08/2016

Նամակ դառնացած սրտերից



Գրահավաքը նամակ է ստացել Կառլից, Տականքից, Գրանտակերից, Թուրքերի ջրաղացից և Ադրբեջանցիների ջրաղացից։ Նամակը ներկայացնում ենք առանց կրճատման և խմբագրման՝ համաձայն նամակագիրների խնդրանքի։


Հարգելի Գրահավաք, երկար մտածելուց ու տատամսելուց հետո վերջապես որոշեցինք դիմել Ձեզ, քանի որ տեսանք, որ Դուք անկեղծորեն սիրում եք հայոց բազմադարյան պերճ լեզուն։

Խնդրում ենք օգնել մեզ և դառնալ մեր խոսափողը։ Շատ աննշան հույս ունենք, որ հայերի մի ստվար զանգված միփոքրգուցեայնուամենայնիվ սթափվի և, զարգացնելով իր աղքատիկ երևակայությունը, լեզվական բազմազան հնարքներ գործածի՝ մի քանի չարչրկված ու արդեն մաշմշված հնարքների փոխարեն։

Մենք արդեն զզվել ենք հայ ժողովրդի կողմից դաժան շահագործման ենթարկվելուց ու անվերջ բռնաբարվելուց (ներողություն ճշմարտությունն այսպես անկեղծորեն ներկայացնելու համար)։

05/08/2016

Ոսկեբերանը և սև գույնի զգեստները

Համացանցում կան Հովհան Ոսկեբերանի գրաբարյան թարգմանությունների հրատարակությունների թվայնացված բազմաթիվ օրինակներ, հատկապես մեր Ակադեմիայի գրադարանի կայքի շտեմարաններում։ Նրա գործերի՝ համացանցում առկա հայերեն թարգմանությունների ցուցակը կարող եք տեսնել այստեղ։

Ազգությամբ ասորի, բայց հունարենով ստեղծագործած Ոսկեբերանն ապրել է Դ-Ե դարերում, եղել սկզբում Անտիոքի հոգևոր սպասավոր, հետո Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս կամ հայրապետ։ Քարոզել կամ գրել է բազմաթիվ ճառեր, հատկապես սուրբգրային մեկնություններ։ Նրա գործերի մեծ մասը թարգմանվել է հայոց ոսկեդարում՝ առաջին Թարգմանիչների ձեռքով, և այդ թարգմանությունների հայերենն ընտիր է։ Գրաբար սովորել ցանկացողները Ոսկեբերանի երկերի գոնե որոշ հատվածներ պե՛տք է կարդան։

Բայց ես այսօր նրան հիշել ու ձեզ ներկայացնում եմ, ո՛չ որովհետև նա բեղուն մատենագիր է եղել կամ որ նրա երկերի գրաբարյան թարգմանություններն ընտիր են։ Հովհան Ոսկեբերանը Հայ Առաքելական Եկեղեցու այսպես կոչված «տասներկու վարդապետներից», այսինքն՝ ուսուցիչներից, մեկն է, և մեր Եկեղեցին նրա հիշատակը նշում է տարվա մեջ երկու անգամ։ Ուսուցիչներն ինչի՞ համար են. որպեսզի նրանցից սովորեն, չէ՞։ Ուրեմն՝ այս հայրապետը կամ բարձրաստիճան հոգևորականը եղել է անվախ ու անկաշառ անձնավորություն և չի վախեցել իշխանությունների ու հարուստների, հատկապես Եվդոքսիա կայսրուհու, անօրինությունների մասին բարձրաձայնել և նրանց կշտամբել։ Նա նաև փորձել է պաշտպանել այն մարդկանց, ովքեր տուժել են իշխանությունների ձեռքից, օրինակ՝ երբ Եվդոքսիան խլում է մի պաշտոնյայի այրու և զավակների ունեցվածքը, Ոսկեբերանը չի երկմտում պաշտպանելու այրուն ու նրա զավակներին՝ ընդդեմ կայսրուհու։ Ի վերջո, Եվդոքսիան, ժողով գումարել տալով, Ոսկեբերանին աքսորում է Փոքր Հայք։ Աքսորի դժվար ճանապարհը ծեր մարդն անցնում է քայլելով, ինչը հավասարազոր էր խոշտանգման։ Որոշ ժամանակ անց աքսորավայրում վախճանվում է։

29/07/2016

Ժողովուրդն իսկապե՞ս արժանի է իր ղեկավարությանը

Հաճախ կարելի է լսել, թե ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը և որ, ուրեմն, քանի դեռ ժողովուրդն ինքը չի փոխվել, ոչինչ չի փոխվի նրա կյանքում ու երկրում, եթե փոխվեն ղեկավարները։ Ես կտրականապես մերժում եմ այս մտայնությունը. ավելին՝ ես այն շատ վտանգավոր ու վնասակար եմ համարում։ Այսպես մտածելը մարդուն կարող է գցել հուսահատության գիրկը։ Որովհետև ո՞ր մի մարդն է իսկապես կարծում, թե կարելի է մի կարճ ժամանակում «փոխել» մի ամբողջ ժողովուրդ։ Կամ ո՞վ ու ո՞ր տեսությունն է ապացուցել, թե կան ավելի լավ և ավելի վատ ժողովուրդներ, և որ մենք այդ ավելի վատ կամ անկիրթ ժողովուրդներից մեկն ենք։

Գերմանացի ժողովուրդը, ինչպես գիտենք, տվել է մարդկությանը շատ մեծ գիտնականներ, մտածողներ ու մշակույթի անգերազանցելի գործիչներ։ Այս լուսավոր ազգը հանկարծ վարակվեց ֆաշիզմով, և բազմահազար ծառա ֆաշիստները խոշտանգեցին ու սպանեցին բազմամիլիոն մարդկանց։ Ֆաշիստ ծառաները կատարում էին հրամաններ, և նրանց մեջ կային և՛ ի բնե սադիստներ, և՛ մարդատյացներ, և՛ զանազան հոգեկան խանգարումներ ունեցող անհատներ, որոնք լավ պայմաններ էին գտել իրենց էությունը լիովին ու անարգել դրսևորելու համար։ Բայց ահա՛ Հիտլերը պարտվեց, ֆաշիստ պարագլուխներն ու ղեկավարները պատժվեցին։ Ի՞նչ եղավ այն բյուրավոր ծառա ֆաշիստներին, որ սիրով մարդ էին խոշտանգում ու սպանում։ Բոլորին լցրին բանտե՞րը, մեկուսացրի՞ն հասարակությունից, սպանեցի՞ն, ոչնչացրի՞ն։ Ո՛չ։ Նրանք շարունակեցին ապրել ու ծառայել իրենց երկրին ու ժողովրդին, բայց արդեն չունենալով այնպիսի պայմաններ, ուր կարող էին դրսևորել իրենց ցածր կրքերն ու ստոր ցանկությունները։

20/07/2016

Քաղաքացիական անհնազանդության մասին

Շատ եմ հավանում այս հեղինակի գաղափարները...


Հովարդ Զին (Howard Zinn - 1922-2010)

Արդյո՞ք քաղաքացիական անհնազանդությունը միշտ ճիշտ է



Կա մի տարածված փաստարկ ընդդեմ քաղաքացիական անհնազանդության։ Այն հետևյալն է. եթե ես արդարացնեմ քաղաքացիական անհնազանդության քո՛ գործողությունը, արդյո՞ք ստիպված չեմ լինի արդարացնելու ՑԱՆԿԱՑԱԾ մեկի քաղաքացիական անհնազանդությունը։ Եթե ես արդարացնեմ Մարտին Լութեր Քինգի օրինախախտումները, չպիտի՞ արդյոք արդարացնեմ նաև Կու Կլուքս Կլանի անօրինությունները։

Այս փաստարկը ծնունդ է քաղաքացիական անհնազանդության մասին սխալ պատկերացման։ Օրենքի խախտումն անիրավություն գործելու նպատակով (օրինակ՝ երբ Ալաբամայի կառավարիչն արգելում է սևամորթ աշակերտին հանրակրթական դպրոց ընդունվել, կամ գնդապետ Օլիվեր Նորթը զենք է գնում Կենտրոնական Ամերիկայի ահաբեկիչների համար) պաշտպանել չի կարելի։ Անկախ նրանից՝ սևամորթ երեխաներին դպրոցից զրկելն օրինական է (ինչպես էր նախքան 1954-ը), թե անօրինական (ինչպես է 1954-ից հետո), միևնույն է, դա սխալ է։ Գործողությունն արդարացնելու փորձաքարը ոչ թե դրա օրինականությունն է, այլ բարոյականությունը։

20/05/2016

Հնչյունատարբերիչ նշաններն ու հայերեն տառերը


Մի անգամ մեր ընթերցողներից մեկը հարցրեց, թե ինչպես կարելի է բարբառագիտական գրականության մեջ գործածվող հատուկ տարբերիչ (հնչյունատարբերիչ, դիակրիտիկ) նշանները մուտքագրել հայերեն տառերի հետ, և ես պատասխանեցի, որ, ցավոք, չգիտեմ։ Բայց այսօր գիտեմ։ Խոսքն անշուշտ յունիկոդային հայերեն տառերի հետ այդ նշանների գործածության մասին է։ Վերջին շրջանում տպագրված լեզվաբանական այն աշխատությունները կամ բարբառագիտական ժողովածուները, որ ձեռքս ընկել են, գործածում են արդեն դարն անցած և անհանձնարարելի ոչ յունիկոդային տառատեսակներ և հիմնականում միայն երկկետ տարբերիչ նշանը։ Իսկ մենք հիմա ձեզ կբացատրենք, թե ինչպես կարելի է երկկետ, սուղ և որոշ այլ նշաններ դնել անմիջապես հայերեն տառերի վրա (և ոչ թե կողքին)՝ գործածելով յունիկոդային տառատեսակներ։ Թեև յունիկոդային տառատեսակների մեծ մասն էլ կարելի է գործածել սրա համար (ծայրահեղ դեպքում), սակայն լավ արդյունք տալիս են Titus Cyberbit Basic և FMBF Tahoma  տառատեսակները, ինչպես կարող եք տեսնել ներքևում բերված նկարում։ Եթե չունեք այս տառատեսակները, ներբեռնեք յունիկոդային տառատեսակների մեր պատրաստած հավաքածուն այստեղից։

Նշանները գրելու համար պետք է օգտվել բազմաթիվ ծրագրերում գտնվող կամ առանձին ծրագրի տեսքով ներկայացվող գրանշանային աղյուսակներից (Character map) կամ իմանալ տվյալ նշանի յունիկոդային այլագիրը։ Այդ այլագիրը մուտքագրելու համար պետք է հիշել հետևյալ ստեղնային համադրությունները.

(Linux) Ctrl Shift U և այլագիր
(Windows) այլագիր և Alt X
(Macintosh) Option և այլագիր 

Առավել հանգամանորեն սա բացատրված է այստեղ՝

Նկարը, որ դրել ենք, կարող եք ներբեռնել և պահել ձեր համակարգչում։
Նկարում տրված են յունիկոդային անհրաժեշտ այլագրերը, որոնք կարիք չկա ամեն անգամ մուտքագրելու. բավական է, որ մի անգամ ձեզ անհրաժեշտ նշանը մուտքագրեք և այդուհետ կարող եք պարզապես պատճենել այն և գործածել հայերեն տառերի հետ (կամ էլ պատճենեք նկարի տակ մեր մուտքագրածից)։

Իսկ անմիջապես ներքևի աղյուսակում տեսնում եք նույն նշանները՝ հայերեն տառերի հետ, բայց նշանները կարող են աղավաղված կամ դիրքափոխված լինել (կախված ձեր դիտարկիչից և ձեր համակարգչում տեղակայված տառատեսակներից)։ Եթե չեք ցանկանում այլագրեր մուտքագրել, պարզապես պատճենեք ձեզ անհրաժեշտ նշաններն այս աղյուսակից։

̈ 0308

ա̈ ո̈ օ̈

́ 0301

բ́ դ́ ջ́

͑ 0351

ա͑ բ͑ գ͑
̊ 030a

ա̊ ո̊

̅ 0305

ա̅ ո̅ ո̅ւ

̇ 0307

ա̇ բ̇ գ̇ դ̇


12/05/2016

Մեր վախը



Հայերս մի մե՜ծ վախ ունենք, որ դեռ չենք կարողանում հաղթահարել։ Թերևս դա կարելի է կրոնական վախ կոչել։ Գիտացված կրոնական կամ չգիտակցված կրոնական։ Մենք վախենում ենք մտքերից։ Մենք վախենում ենք գաղափարներից։ Չենք վախենում թշնամուց ու մահից։ Չենք վախենում մեղքից ու ստոր արարքներից. գողանում ենք, անիրավում, սպանում, թալանում, կեղծում, շնանում... Ու չենք վախենում։ Իսկ հանկարծ որ մեկն անկեղծորեն արտահայտի մի միտք, որ դուրս է ընդունվածից, մեր կրոնական կամ ազգային պատկերացումներից ու ավանդույթներից, վախենում ենք, վախից ուզում ենք արգելել այդ միտքը, բզկտել, կտրատել, թաքցնել, փակել, ջնջել, վերացնել...


Այս մասին մտածեցի այսօր, երբ Լեռ Կամսարին նվիրված ֆեյսբուքյան էջում կարդացի 1961-ին նրա գրածը Նարեկացու մասին* (https://web.facebook.com/permalink.php?story_fbid=1209830805724311&id=260317210675680) և ապա աչքի անցկացրի մի երկու մեկնաբանություն։ Կամսարի թոռնուհին (Վանուհի Թովմասյանը) այս գրվածքը հրապարակել է, բայց սրտում վախ ունի և հարցնում է. «Ժողովրդիս ռեակցիան եմ ստուգում, որ հասկանամ՝ նման պամֆլետները դնե՞մ գրքերում, թե՞ ոչ․․․ Ձայն հանեք․․․ Էնպես չլինի, որ հանկարծ ազգիս ինքնասիրությունը վիրավորվի․․․»։ Մեկը պատասխանում է. «Միանշանակ չպետք է ընդունել, սա շաաատ սուբյեկտիվ է, շատերը կարող են Կամսարի այս անբռնազբոս մոտեցումը լրիվ այլ նպատակների ծառայեցնել, կարծում եմ չպետք է թույլ տալ էս միտքը իբրև գործիք ծառայի ոմանց ձեռքին, անկախ Ձեր կամքից ջուր լցնեք հակահայ ու հակաքրիստոնեական ջրաղացին...»։

10/05/2016

«Չի՛ կարելի» մեթոդը

Մի իրական պատմություն


ԿԳՆ-ն և Լեզվի պետական տեսչությունը ժողով գումարեցին և մի շատ կարևոր որոշում ընդունեցին, որը, հուսանք, վերջապես կբարձրացնի ՀՀ քաղաքացիների լեզվիմացության և գրագիտության մակարդակը։ Այսուհետ մեր կրթական համակարգում՝ վարից վեր, այսինքն՝ տարրական դպրոցից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ, ներդրվելու է լեզուների ուսուցման «Չի՛ կարելի» մեթոդը՝ Գ. Նալբանդյանի հեղինակությամբ։ Ովքեր ծանոթ չեն այս մեթոդին, կարդան «Պարզագույն ճշմարտությունները», որովհետև դրանք չգիտեն ու դրանց չեն հետևում «միայն տգետները»։

Մաստակաշինվելով մաստակաշինվել

Անբան Հուռին գրում է, որ արդեն ինչքան ժամանակ է՝ քունն ու հանգիստը կորցրել է, քանի որ ինչ-որ գրագետներ շուրջ 20 տարի առաջ գնացել, ձեռքից հունական մաստակը տարել են, մնացել է անգործ ու տառապում է։ Ուներ-չուներ, մի զբաղմունք ուներ, այն էլ ձեռքից տարել են վաղուց։ Վերադարձրե՛ք մաստակը Հուռիին, աղաչում է մեր աղջիկը։

Ծամոնն էլ մյուս կողմից է ընկճախտի մեջ ընկել. իրեն դավաճանված է զգում. «Այդքան երկար ու ձիգ տարիներ ես՝ մաքուր, զտարյուն հայս, ծառայեցի իմ ժողովրդին, բայց հանկարծ մի հույն մաստակ, որի դեմ ես ոչինչ չունեի, բնավ չէի ընդդիմանում, որ մերթընդմերթ այստեղ-այնտեղ երևար, եկավ իմ բոլոր իրավունքներն ու պատիվը ձեռքիցս առավ, հիմա ամենուր է՝ խանութներում, հեռուստաէկրաններին, համացանցում, անգամ դպրոցներում... Վերականգնե՛ք իմ ոտնահարված իրավունքները»։

Ժողովո՛ւրդ, պետք է այս երկու դժբախտներին օգնության ձեռք մեկնենք։ Որ ազգովին «կպնենք», մի բան դուրս կգա հաստատ։ Մենք դա բազմիցս ապացուցել ենք։ Մաստակները ամեն տեղից հավաքենք-ճամփենք Հուռիին՝ Լոռվա մարզ, գյուղ Դսեղ։ Իսկ մեր եղբայր Ծամոնին վերականգնենք իր նախկին փառք ու պատվի մեջ. նա դրան արժանի է։