7/27/23

Հոդավոր բայեր (գրաբար)

Գրաբարում, ի տարբերություն աշխարհաբարի, հոդերը (ս, դ, ն) կարող են դրվել ոչ միայն գոյականի վրա, այլև այլ խոսքի մասերի, հաճախ` բայերի։

Բայերին կցվող այդ հոդերը (դիմորոշ հոդեր) սովորաբար գործածվում են ես, մեք, սա, սոքա, այս, այսոքիկ, դու, դուք, դա, դոքա, այդ, այդոքիկ, նա, նոքա, այն, այնոքիկ դերանունների (երբեմն նաև դրանցով կազմված բառակապակցությունների) փոխարեն կամ էլ դրանց հետ միասին, երբ դիմորոշ հոդը կրող բառը հաջորդում է որ հարաբերականին (ներառյալ հարաբերականի հոգնակին և հոլովաձևերը, այսինքն՝ որք, զոր, որոց և այլն, ինչպես նաև՝ ավելի հազվադեպ՝ որ-ով այլ կազմություններ՝ որպէս, որչափ, յորժամ, որպիսի, որ ինչ, որ ոք, յորմէ հետէ)։ Երբեմն որ-ից բացի կարող են նաև ա՛յլ հարաբերական (ո՛չ հարցական) դերանուններ էլ նախորդել հոդավոր բայերին՝ ուր, մինչ, զի, զիարդ, զինչ ևն)։ Այսինքն՝ որպեսզի բայերը հոդ ստանան, պիտի դրանց նախորդի հարաբերական*։

* Է՛լ ավելի հազվադեպ բայերը կարող են հոդ առնել նաև առանց հարաբերական դերանուններին հաջորդելու, և դրանցում այդ հոդը ժամանակ է ցույց տալիս (ս-ն և դ-ն՝ ներկան, ն-ն՝ անցյալը կամ ապառնին), եթե իհարկե այսպիսի դեպքերը հետագայի գրչական սխալների արդյունք չեն։

Որպես օրինակ բերենք Աստվածաշնչում «սիրել» բայի գործածության այն դեպքերը, որտեղ այս բայը գործածված է դիմորոշ հոդով։