5/12/16

Մեր վախը



Հայերս մի մե՜ծ վախ ունենք, որ դեռ չենք կարողանում հաղթահարել։ Թերևս դա կարելի է կրոնական վախ կոչել։ Գիտացված կրոնական կամ չգիտակցված կրոնական։ Մենք վախենում ենք մտքերից։ Մենք վախենում ենք գաղափարներից։ Չենք վախենում թշնամուց ու մահից։ Չենք վախենում մեղքից ու ստոր արարքներից. գողանում ենք, անիրավում, սպանում, թալանում, կեղծում, շնանում... Ու չենք վախենում։ Իսկ հանկարծ որ մեկն անկեղծորեն արտահայտի մի միտք, որ դուրս է ընդունվածից, մեր կրոնական կամ ազգային պատկերացումներից ու ավանդույթներից, վախենում ենք, վախից ուզում ենք արգելել այդ միտքը, բզկտել, կտրատել, թաքցնել, փակել, ջնջել, վերացնել...


Այս մասին մտածեցի այսօր, երբ Լեռ Կամսարին նվիրված ֆեյսբուքյան էջում կարդացի 1961-ին նրա գրածը Նարեկացու մասին* (https://web.facebook.com/permalink.php?story_fbid=1209830805724311&id=260317210675680) և ապա աչքի անցկացրի մի երկու մեկնաբանություն։ Կամսարի թոռնուհին (Վանուհի Թովմասյանը) այս գրվածքը հրապարակել է, բայց սրտում վախ ունի և հարցնում է. «Ժողովրդիս ռեակցիան եմ ստուգում, որ հասկանամ՝ նման պամֆլետները դնե՞մ գրքերում, թե՞ ոչ․․․ Ձայն հանեք․․․ Էնպես չլինի, որ հանկարծ ազգիս ինքնասիրությունը վիրավորվի․․․»։ Մեկը պատասխանում է. «Միանշանակ չպետք է ընդունել, սա շաաատ սուբյեկտիվ է, շատերը կարող են Կամսարի այս անբռնազբոս մոտեցումը լրիվ այլ նպատակների ծառայեցնել, կարծում եմ չպետք է թույլ տալ էս միտքը իբրև գործիք ծառայի ոմանց ձեռքին, անկախ Ձեր կամքից ջուր լցնեք հակահայ ու հակաքրիստոնեական ջրաղացին...»։

Մի հատ տեսեք՝ մարդն ինչ է ասում. «....կարծում եմ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱԼ էս ՄԻՏՔԸ իբրև գործիք ծառայի....»։


ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱԼ... ՄԻՏՔԸ...


Այսինքն՝ շղթայել ու բանտը գցել, իսկ ավելի լավ է՝ սպանել, ջնջել, վերացնել։ Ոչինչ, որ մարդը անասուն չէ, ուստի իրավունք ունի մտածելու։ Իրավունք ունի կարծիք ունենալու և այն հայտնելու։ Եվ չվախենալու։ Հենց սրանով էլ մեծ է ինձ համար Կամսարը։ Չի վախենում։ Մի գլուխ բարձր է իր ազգի ներկայացուցիչների մեծ մասից։ Եհովայի վկաները թույլ չեն տալիս, որ իրենց գրքույկներից բացի ուրիշ որևէ գիրք կարդան իրենց հավատացյալները։ Որպեսզի չմտածեն։ Որովհետև եթե մտածեն, հարցեր կտան։ Եթե հարցեր տան, կորոնեն պատասխանները։ Իսկ այդ պատասխանները կարող են բանտված միտքն ազատել կապանքներից։


Գիտե՞ք որքան վաղուց ավելի շատ պատերի հետ եմ շփվում, քան կենդանի մարդկանց։ Ինչքան թույլ են տալիս ամենօրյա կյանքի կարիքները, փախչում եմ բոլորից։ Որովհետև պատերն ավելի ազատ են, քան մարդիկ, և պատերի մեջ՝ իմ սենյակում, իմ միտքն էլ է ազատ, ես եմ ազատ, մինչդեռ մարդկանց ներկայությունը ստիպում է, որ իմ միտքը շղթայվի ու վախենա... Որովհետև վախերով լեցուն մարդիկ ստիպում են ինձ վախենալ, որ կվախեցնե՛մ նրանց... ո՛չ այլ բանով, քան մտքերով։ Ես համացանցում էլ հիմնականում սակավախոս եմ. շատերն ամեն ինչի մասին շարունակ կարծիքներ են հայտնում, իսկ ես լռում եմ, միայն կլանում եմ ուրիշների աղմուկը։ Որովհետև եթե խոսեմ, ոտնատակ կտան, կտրորեն, ու կփախչեմ։ Իսկ որ փախչեմ, այլևս ոչ ոք ձեզ չի հայտնի թվայնացվող նոր պարբերականների մասին ։)

*******************************************************



* Ֆեյսբուքյան գրառումը

Լեռ Կամսար Ler Kamsar
May 11, 2016  · 

Գրքերի մեջ «Նարեկն» ու «Ֆաուստը» համարվում են մարդկային հանճարի պտուղ: Ուղղակի հանճար: Այո, այդ գրքերը հանճար են՝ քանի չես կարդացել, հենց որ կարդացիր՝ կդառնա բանջար…
 Ինձ դեռ չի պատահել կարդալ մի ավելի ձանձրալի ու անիմաստ գիրք, քան Գրիգոր Նարեկացու «Ի խորոց սրտի խոսքն ընդ Աստծո» գիրքը:
 Այդ մարդը, կարծես, մտադրվել է իր ամբողջ կյանքում մեղանչել, որ առիթ ունենա Աստծուց թողություն խնդրելու:
 Ինքդ խելահաս մարդ ես, չե՞ս կարող այնպես անել, որ մեղք չգործես, հետո էլ գնաս Աստծո ոտներն ընկած՝ թողություն խնդրես: Ինչո՞ւ ես քեզ այդպես նվաստացնում: Կամ՝ Նարեկա վանքում նստած՝ դու ի՞նչ մեղք կարող էիր գործած լինել: Դարաշրջանը սոցիալիստական չէր, որ գողանայիր, հափշտակեիր ու գնդակահարեիր մարդկանց: Իբրև վանական, անշուշտ, չես հայհոյել ու սուտ վկայել: Շատ-շատ վանքի կթվորուհիների հետ քունջ ու պուճախներում սիլի-բիլի պիտի արած լինես: Դա մե՞ղք է: Երբեք:
 Աստված կինը ստեղծել է մարդու համար և տվել նրան վայելելու բոլոր տեխնիկական հարմարությունները: Աստված ինքը Ադամին դրախտից վռնդելիս ասաց՝ գնացեք աճեք և բազմացեք: Էլ ի՞նչ մեղքի մասին է խոսքը, որ դու բռնել ես այդ խեղճ Աստծո փեշը և բաց չես թողնում:
 Այդքան անիմաստ բառեր որտեղից ես ճարում…
 Եթե ներկա դարում ապրեիր՝ կասեինք այդ բոլորը սովետական մամուլից է գողացել: Բայց, ախր, քո ժամանակը ամեն բառ իր իմաստն ուներ, դու այդ ի՞նչ ես անում: Ձեռք ես առել մեզ:
 Խե՜ղճ Գրիգոր: Դու ամբողջ քո կյանքում գոյություն չունեցող մեղքերիդ թողություն խնդրեցիր…
Լեռ Կամսար, 1961թ․ անտիպ