11/20/16

Ուղղագրակետադրական կանոններին ու սկզբունքներին հետևելու լավ մոտեցում


Քանի որ մեզանում տարածված է հայերենում առկա վիճելի ուղղագրակետադրական հարցերի քննարկման ժամանակ հիմնվել մեկ-երկու ձեռնարկի (կամ ձեռնարկների մի մասի) վրա՝ անտեսելով մնացածը, այսինքն՝ միայն մեկ կանոն է սովորաբար ներկայացվում իբրև ընդունելի տարբերակ՝ բացառելով ընտրության հնարավորությունը, ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք այս հարցում որդեգրենք նմանատիպ խնդիրները լուծելու անգլերենի մոտեցումը։

Անգլերենի համար (որպես օրինակ վերցնենք միայն ամերիկյան անգլերենը) կան մեկից ավելի հեղինակավոր լեզվաոճական ուղեցույցներ, որոնք կարգավորում են անգլերենի ուղղագրակետադրական և այլ բնույթի լեզվական հարցերը։ Կախված նրանից, թե դու որ լեզվաոճական ուղեցույցին ես հետևում՝ միևնույն բառը անգլերենում կարող ես տարբեր ձևով գրել (ենթադրենք՝ գծիկով կամ առանց գծիկի, միասին կամ առանձին գրվող բաղադրիչներով) և միևնույն քերականական դեպքը կարող ես տարբեր ձևով կետադրել։ Այսինքն՝ մարդիկ ունեն ընտրության հնարավորություն։ Ամբողջ ամերիկյան հասարակությունը պարտավոր չէ վիճելի և իրականում երկրորդական կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ միայն մեկ կանոնի կամ սկզբունքի հետևել։ Ուստի մի մարդ կամ կազմակերպություն կարող է հետևել, ասենք, Չիկագոյի ուղեցույցին, մի ուրիշը՝ «Ասոշիեյթիդ Պրեսի» ուղեցույցին, երրորդը՝ Գրեգի ձեռնարկին, չորրորդը՝ Ամերիկայի ժամանակակից լեզվաբանական ընկերակցության ուղեցույցին և այլն։ Խմբագիր ու սրբագրիչ ընդունելիս էլ սովորաբար ասում են՝ մեր կազմակերպությունն այսինչ ուղեցույցին է հետևում, և խմբագիրը կամ սրբագրիչն իր աշխատանքում պետք է առաջնորդվի դրանով։ Միայն թե միշտ նշվում է, որ ինչ ուղեցույցի էլ հետևում ես, եղիր հետևողական, այսինքն՝ այնպես չլինի, որ մի տեղ մի ձևով գրես նույն բառը կամ կետադրես, մի ուրիշ տեղ՝ մի ուրիշ ձևով։

11/17/16

Մի քանի խոսք՝ մեր օրհներգի մասին

Որոշ ժամանակ առաջ մեր պետական օրհներգի մեղեդին էր քննարկվում, և իբրև ամոթ ու խայտառակություն էր համարվում այն, որ այդ մեղեդին նույնանում է մի ռուս կոմպոզիտորի մի ստեղծագործության մի հատվածի մեղեդու հետ, այսինքն՝ ամենայն հավանականությամբ, հենց այդ օտար մեղեդին է գործածվել Նալբանդյանի ստեղծագործության համար, թեև չի բացառվում, որ ընդամենը մեղեդիների համընկման հետ գործ ունենք։ Այսօր քննադատվում են նաև օրհներգի բառերը՝ իբրև պետության օրհներգին չսազող խոսքեր։ Եվ ոմանք կարծում են, որ պետք է մեր օրհներգը փոխվի, քանի որ սա շատ կարևոր է մեր ազգի ու պետության համար։ Ուստի գրածս վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե անհարմար բառերով կամ մեղեդիով օրհներգ փոխելն իրոք շատ կարևոր է լավ պետություն ունենալու համար։

Հայերիս մեծ մասը, կարծում եմ, կերազեր այսօր ապրել այնպիսի հզոր ու բարեկեցիկ պետության մեջ, ինչպիսին կարողացավ Իսրայելը ստեղծել։ Եվ այդ պետության կայացմանը չխանգարեց Իսրայելի՝ մեր օրհներգից էլ «անկապ» օրհներգը, որը նույնպես, ինչպես մերը, օտար մեղեդի ունի (իտալական մի հին երգի մեղեդի է, և հրեաները սա չեն թաքցնում), գրվել է 19-րդ դարում բոլորովին այլ նպատակներով և իբրև այլ կառույցի համար օրհներգ, և խոսքերն էլ բացարձակապես չեն պատշաճում պետական օրհներգին և արդեն պետականություն ունեցող մի ժողովրդի։ Թեև սկզբնական բառերը հրեաներն էլ են մի փոքր փոխել, բայց միևնույն է, բովանդակությունն առանձնապես չի փոխվել։ Այդ օրհներգի մեղեդին նույնպես խիստ անհարմար է պետության օրհներգ լինելու համար, քանի որ կարծես քնարական ստեղծագործության մեղեդի լինի։ Բայց, զարմանալիորեն, այդ օրհներգը, որ Իսրայելի պետության հիմնումից ի վեր գործածվում էր իբրև Իսրայելի օրհներգ, սակայն պաշտոնապես ընդունված չէր, 2004-ին պաշտոնապես ընդունվեց իբրև Իսրայել պետության օրհներգ։ Կարելի էր զարմանալ հրեաների խելքի վրա, կարող էին մի ուրիշ՝ ավելի լավ բան մտածել։ Բայց չէ՛, հենց ա՛յդ օրհներգն էր, որ պատմություն ուներ, պատմությամբ ասես նվիրագործված լիներ։

Հիմա մերն էլ, լավն է, թե վատը, պատմություն ունի. այն եղել է մեր առաջին հանրապետության օրհներգը, նրա վերջին բառերը նշանաբանի պես գործածվել են հայերի կողմից նույնիսկ մինչև առաջին հանրապետության հաստատումը։ Այս երգը սփյուռքում երկար տարիներ շարունակել են երգել իբրև Հայաստանի Հանրապետության օրհներգ։ Այս երգը հենց սրանով էլ դառնում է նվիրական, և նրա ո՛չ խոսքերը, ո՛չ էլ օտար մեղեդին բացարձակապես չեն խանգարում մեր պետության կայացմանն ու հզորացմանը։