1/12/19

Ֆիկացնել ու իզացնե՞լ

հայաՖԻԿացնել, հայաՖԻԿացված, հայաՖԻԿացում - սխալ ձևեր

հայացնել/հայերենացնել, հայացված/հայերենացված, հայացում/հայերենացում - ճիշտ ձևեր

նորմալԻԶացնել, նորմալԻԶացում - սխալ ձևեր
նորմալացնել, նորմալացում - ճիշտ ձևեր

բայց՝ նորմալիզացիա - ճիշտ ձև (թեև հայերենում ավելորդ)


ՀԻՇԵԼ։ Հայոց լեզուն չունի ոչ «-ֆիկ» կամ դրա նման բայածանց, ոչ էլ «-իզ» բայածանց։ Սա նշանակում է, որ հայերեն ածանցներով ու վերջավորություններով նոր բառեր ստեղծելիս, առավել ևս՝ հայերեն արմատներով, չենք կարող գործածել հայերենին չպատկանող մասնիկներ։ «Հայ» հայերեն արմատին ոչ մի դեպքում չենք կարող օտար ածանց ավելացնել ու ստանալ հայերեն նոր բառ, ինչպիսին «հայաֆիկացնել» սխալ կազմությունն է։ Մենք կարող ենք օտար արմատ կամ բառ վերցնել, դրան ավելացնել հայերեն մասնիկներ և ստանալ նոր բառեր, բայց հակառակն անել չենք կարող։ «Նորմալ»-ը հայերեն բառ չէ, բայց նրան կարող ենք ավելացնել հայերեն ածանցներ ու ստանալ նոր բառեր՝ աննորմալ, նորմալանալ, նորմալացում ևն։

Անգլերենի -ify (լատինական ծագման՝ -ificare, ֆր. -ifier) և -ize (հունական ծագման՝ -ίζω, ֆր.՝ -iser) վերջավորություններով բայերն ու սրանցից կազմված գոյականները հայերենում կամ պիտի որոշակի սկզբունքներով տառադարձվեն (օրինակ՝ գազԻՖԻԿացիա, մոնետԻԶացիա), կամ ո՛րևէ կերպ, հայերենի միջոցներով, թարգմանվեն, կամ էլ հայերենացվելիս կորցնեն նշված օտար մասնիկները՝ փոխարինվելով հայերենում դրանց համապատասխանող մասնիկներով։ Այս երկու մասնիկներն էլ ունեն անելու, դարձնելու իմաստ։ Հայերենում «-ցն» («-ացն», «-եցն») պատճառական բայածանցն է, որ կատարում է նույն դերը։ Համեմատե՛ք հետևյալ զույգերը.

mortify - մեռցնել
magnify - խոշորացնել
justify - արդարացնել

digitize - թվայնացնել
minimize - փոքրացնել
crystallize - բյուրեղացնել

Այս բայերից կազմենք գոյականներ։

mortification - մեռուցում
magnification - խոշորացում
justification - արդարացում

digitization - թվայնացում
minimization - փոքրացում
crystallization - բյուրեղացում

Մեր գրածը չի նշանակում, թե այս օտար մասնիկներով բոլոր բառերի հայերեն համարժեքները պատճառական բայեր կամ սրանցից կազմված գոյականներ են (օրինակ՝ baptize - մկրտել՝ ներգործական սեռի պարզ բայ, verify - վավերացնել, բայց նաև՝ ստուգել՝ ներգործական սեռի պարզ բայ և այլն)։ Հետևաբար, վերոնշյալ օտար ածանցները կամ վերջավորություններն ունեցող գոյականները կամ բայերը միշտ հնարավոր չէ հայացնել պատճառական բայերով ու սրանցից կազմված գոյականներով։ Այստեղ պարզապես հուշում ենք, թե, եթե ցանկանում ենք այս օտար մասնիկներին համապատասխանող հայերեն ածանց գործածել, ո՛րն է դա հայերենում, եթե այն չի կարող լինել ոչ «-ֆիկ»-ը, ոչ էլ «-իզ»-ը։

Հիմա կարող եք հիշեցնել, որ ունենք «գազիֆիկացնել» բայը և սրանից կազմված «գազիֆիկացում»-ը։ Ունենք «մոբիլիզացնել»-ն ու «մոբիլիզացում»-ը։ Էլի բառեր կարող եք հիշեցնել։ Ես էլ կասեմ, որ լավ չէ, որ ունենք այս բառերը և որքան շուտ ազատվենք այսպիսի անճոռնի կազմություններից, այնքան լավ։ Մենք այս բառերի կարիքը չունենք։ Սրանցից առաջին զույգը ռուսերեն газифицировать-ի իմաստներով ենք գործածում, այսինքն՝ թե՛ գազամատակարարման իմաստով, թե՛ ինչ-որ բան գազացնելու, գազի վերածելու։ Օրինակ՝ անգլերենում gasify և gasification բառերով չենք կարող արտահայտել գազամատակարարման իմաստով газифицировать-ն ու газификация-ն։ Հայերենում նույնպես, ուրեմն, պարտադրված չենք որևէ բնակարան կամ բնակատեղի «գազիֆիկացնելու», եթե կարող ենք բնակարանը կամ բնակատեղին պարզապես ապահովել գազամատակարարմամբ։ Ինչ վերաբերում է «մոբիլիզացման»-ը, ինչո՞ւ մոբիլիզացնել, եթե կարելի է համախմբել, միավորել ուժերը, կատարել զորահավաք և այլն՝ ըստ պահանջվող իմաստի։ Այդպես նաև ինչո՞ւ ինչ-որ բան «մինիմԻԶացնել», եթե կարող ենք «նվազագույնի հասցնել» և այլն։ Չունե՛նք օտար մասնիկներով այսպիսի կազմությունների կարիքը։ Ծայրահեղ դեպքում կարող ենք գործածել օտար բառն ամբողջությամբ՝ «մոբիլիզացիա», «գազիֆիկացիա» ձևերը, և դրանց, ենթադրենք, ավելացնել «կատարել» բայը («մոբիլիզացիա/գազիֆիկացիա կատարել»)։ Բայց, ըստ իս, այս ծայրահեղ միջոցին դիմելու կարիքն էլ բնավ չունենք։ Հայերենն ունի՛ բավարար սեփական միջոցներ՝ իրեն խորթ օտարամասնիկ կազմություններից զերծ մնալու համար։

Կարող եք թերևս քիմիայի և այլ գիտությունների բառապաշարից էլ բերել «ֆիկացնելու» և «իզացնելու» օրինակներ, բայց վստահեցնում եմ. բոլոր դեպքերում էլ գործ ունենք բառերի անկանոն ու անհաջող հայացումների հետ։ Նման դեպքերում, եթե հայերեն ճիշտ ու լավ համարժեք գտնել չի հաջողվում, շատ ավելի լավ է պարզապես տառադարձությամբ գործածել օտար բառն ամբողջությամբ՝ առանց հայերեն ածանց ու վերջավորություն կցելու։


Դարձյալ ինչ-որ բանով «կիսվել»-ու մասին


«ԿիսՎել + գործիական հոլով» տարածված ռուսաբանությունը (делиться чем-то) մի՛ գործածեք, խնդրում եմ։ Այսինքն՝ ՈʼՉ՝ կիսվել փորձով, ուրախությամբ, նյութով և այլն։ Սա բացարձակապես հայերեն չէ, քանի որ մենք չունենք այսպիսի քերականական կառույցներ և այն, ինչ այսպիսի կառույցով ասում ենք, բոլորովին այլ բան է նշանակում. նշանակում է, որ մենք կիսվում ենք՝ մասնատվում, և մեզ կիսողը՝ մասնատողը, գործիական հոլովով դրված այդ բառն է, այսինքն՝ փորձը, ուրախությունը և այլն։ Մինչդեռ, անշուշտ, լրիվ ուրիշ բան ենք ուզում ասել, չէ՞. ուզում ենք ասել, որ մե՛նք ենք ինչ-որ բան կիսում՝ փոխանցում, դրան հաղորդակից դարձնում։ Ուրեմն՝ հայերենում կարելի է, փոխաբերական իմաստով, ԿԻՍԵԼ ինչ-որ բան մեկի հետ՝ կիսել փորձը, վիշտը և այլն, բայց ՉկիսՎել դրանցՈՎ։ Իսկ քանի որ հայերենը հարուստ լեզու է, պարտադիր չէ փորձը կամ մի ուրիշ բան միշտ ԿԻՍԵԼ, առավել ևս դրանով ԿԻՍՎԵԼ, կարելի է այն ներկայացնել, դրան հաղորդակից դարձնել և այլն (նայած որտեղ և ինչ համատեքստում)։ Այս սխալն արդեն համացանցում, հատկապես սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում, այնքան է տարածվել, որ մարդիկ չեն զգում, որ հայերեն չեն մտածում ու գրում։ Խնդրում եմ, որ այս տարածված սխալին հատուկ ուշադրություն դարձնեք և այն հնարավորինս արմատախիլ անեք գոնե ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ տեքստերում (եթե ոչ՝ խոսակցական հայերենում)։

Այս նյութը ՏԱՐԱԾԵԼԸ (և ոչ թե սրանՈՎ կիսՎելը) խիստ ցանկալի և հանձնարարելի է ։)


Հ.Գ. Այս մասին գրել էինք նաև մեր այս հոդվածում՝ «Իրական և մտացածին ռուսաբանությունների մասին» (06/08/2015)։