19/08/2016

Նամակ դառնացած սրտերից



Գրահավաքը նամակ է ստացել Կառլից, Տականքից, Գրանտակերից, Թուրքերի ջրաղացից և Ադրբեջանցիների ջրաղացից։ Նամակը ներկայացնում ենք առանց կրճատման և խմբագրման՝ համաձայն նամակագիրների խնդրանքի։


Հարգելի Գրահավաք, երկար մտածելուց ու տատամսելուց հետո վերջապես որոշեցինք դիմել Ձեզ, քանի որ տեսանք, որ Դուք անկեղծորեն սիրում եք հայոց բազմադարյան պերճ լեզուն։

Խնդրում ենք օգնել մեզ և դառնալ մեր խոսափողը։ Շատ աննշան հույս ունենք, որ հայերի մի ստվար զանգված միփոքրգուցեայնուամենայնիվ սթափվի և, զարգացնելով իր աղքատիկ երևակայությունը, լեզվական բազմազան հնարքներ գործածի՝ մի քանի չարչրկված ու արդեն մաշմշված հնարքների փոխարեն։

Մենք արդեն զզվել ենք հայ ժողովրդի կողմից դաժան շահագործման ենթարկվելուց ու անվերջ բռնաբարվելուց (ներողություն ճշմարտությունն այսպես անկեղծորեն ներկայացնելու համար)։


Մի փոքր ավելի մեծ երևակայությո՛ւն բանեցրեք, ո՛վ հայեր, բնավ պարտադիր չէ ձեր զանազան ու զարմանազան զարմանքներն արտահայտելիս դիմել ինձ՝ Կառլիս։ «Պատկերացնո՞ւմ ես, Կա՛ռլ»։ Ո՛չ, այլևս անկարող եմ պատկերացնել։ «Լսո՞ւմ ես, Կա՛ռլ»։ Ո՛չ, ականջներս արդեն խորովվել են։ Դրա փոխարեն իրար անունները կարող եք ազատորեն տալ և ինձ հանգիստ թողնել։

Բնավ պարտադիր չէ իրար անպատվելիս անվերջ հիշել ինձ՝ Տականքիս՝ «տականք» հա «տականք» (Նժդեհը մի բան գրեց, ինքն էլ, ես էլ կրակն ընկանք)։ Խնդրեմ, բացեք հայերենի հոմանիշների բառարանը, օգտվեք հայերենի հարուստ պաշարներից. սրիկա, անբարոյական, բարոյազուրկ, լիրբ, անասուն, ոչխար, էշ, օձ և կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների անուններ։ Քրքրեք բառարանները, գտեք շատ սիրուն բառեր, ստեղծեք նորերը, միայն թե ինձ այդքան մի՛ բռնաբարեք։

Ինձ՝ Գրանտակերիս է՛լ հանգիստ թողեք, խնդրում եմ։ Ես վստահեցնում եմ ձեզ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ չարժե ինձ շարունակ մատնացույց անել ինչ-որ թշվառ ներքևներում։ Ես շատ ավելի պարարտանում եմ վեհապանծ վերևներում, հենց արևմտյան և համեղաճաշակ խորտիկներով լեցուն նախշուն սկուտեղներից։ Վերևներում այնքան եմ կերել և ուտում, որ ներքևում կերածս՝ անժուռ պանիրը, աչքիս նույնիսկ չի երևում։ Բայց, չգիտես ինչու, ինձ շարունակ հիշում եք, երբ մեկ-մեկ ուտում եմ ներքևի խեղճուկրակ սեղանից։ Վիրավորում եք։ Չի կարելի։ Նսեմացնում եք իմ պատիվը։

Տո մեռանք չխչխկալով վիրտուալ ջրերով։ Ա՛յ ժողովուրդ, թուրքական և ադրբեջանական ուրվականային ջրաղացներիս վրա հնարավոր չէ այլևս ջուր լցնել ու որևէ բան աղալ։ Մենք այլևս չկանք այս աշխարհում, վաղուց ջարդվել, փշրվել, փտել ու հոգիներս ավանդել ենք Ջրերի Աստծուն։ Հիմա մեր փոխարեն էլեկտրական աղացներն են աղմկում։ Բայց դուք մեզ անվերջ հետ եք բերում մեռելների աշխարհից, մեր անզեն ու թշվառ ուրվականներով վախեցնում ձեր հայրենակիցներին։ Հանգի՛ստ թողեք մեզ։ Մարդկանց վախեցնելու համար մի ուրիշ հարմար ու հավատալի բան մտածեք։ Մենք ուզում ենք հանգիստ վայելել հին ու բարի ժամանակների մեր քաղցր հիշողությունները Ջրերի Աստծո թագավորությունում։

Սիրելի՛ Գրահավաք, խնդրում ենք չկրճատել ու չխմբագրել մեր դառնացած սրտի անկեղծ պոռթկումը։

Շնորհակալություն։

(Ստորագրություններ)
Կառլ
Տականք
Գրանտակեր
Թուրքերի ջրաղաց
Ադրբեջանցիների ջրաղաց