11/6/18

Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառի Սեղ գյուղը



Սա Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառի Մամռտանք գավառակի մանրամասն քարտեզն է*, որում կարելի է տեսնել Սեղ գյուղը, որից 1915 թվականին գաղթած ընտանիքների մի մասը 1927-ին հիմնել է Գեղարքունիքի Նորակերտ գյուղը (նախկին Վարդենիսի շրջանում)։ Սեղի կողքին Ապարանք գյուղն է՝ միջնադարյան նշանավոր Ապարանից Սբ Խաչ վանքով, որի պատմությունը գրել է Գրիգոր Նարեկացին։

Այս գավառակի մասին ստորև ներկայացված տեղեկությունները Ա-Դոյի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) «Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները» գրքից են։ Ամբողջ գիրքը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ http://greenstone.flib.sci.am/…/haj…/book/van_bitlis1912.pdf։

«Ահա Քուրդիստանի լեռների այս մասում Մօկսին, Կառկառին, և Կարճկանին սահմանակից ընկած է Խիզանի գաւառը, կազմելով Բիթլիսի սանջակի հարաւ-արևելեան ծայրը։

Գաւառի մակերևոյթն իր կազմութեամբ մի հետաքրքիր պատկեր է ներկայացնում. հիւսիսային և արևելեան մասերում երկիրը լեռնոտ է և խոր ձորերով ակօսւած, ինչպէս Մօկսն ու Կառկառն էին. տեղ-տեղ լեռները պատած են անտառներով, իսկ հարաւային և արևմտեան մասերում դաշտային է։

Գաւառի երկարութեամբ վազում է Խիզան գետը, որի բազմաթիւ ճիւղերը ոռոգում են գաւառի մի խոշոր մասը. կլիման բարեխառն է, տեղ-տեղ նոյն իսկ տաք, իսկ հողը բարեբեր է մանաւանդ դաշտային մասերում։

Գաւառը բաղկացած է երեք գաւառակներից. դրանք են՝ Մամռտանքը, Սպարկերտը և Խիզանը, որոնք կողք կողքի ընկած են Մօկսի և Կառկառի սահմաններից սկսած մինչև գաւառաբերանը։
....
Մամռտանքը բաղկացած է 16 հայաբնակ գիւղերից. քրդաբնակ գիւղերի թիւը անյայտ է. հայաբնակ գիւղերից նշանաւոր են Սէղը եւ Ապարանքը։ Վերջինս իբր եղել է նախնի հայ նախարարներից մէկի ապարանքը, որից և մնացել է մինչև այժմ այդ անունը։ Այս գիւղի մօտ գտնւում է Ապարանից Ս. Խաչի վանքը, որ եղել է Մօկաց եպիսկոպոսանիստ աթոռը։
....
Խիզանի գաւառը 1896 թւի ջարդերի ժամանակ մեծամեծ զրկանքներ կրեց. միմիայն Մամռտանքն ունեցաւ 160 սպանւած, Խիզան ունեցաւ աւելի քան 400 սպանւած, ժողովրդից շատերը գաղթեցին և շատերին էլ կրօնափոխ եղան։
.... Բարբարոսները Ս. Խաչ վանքի վանահայր Սահակ վարդապետին կենդանի տիկ հանեցին։ Գէլ գիւղացի Ֆախկի Մահասը և Կապարսցի Ահմէդը երկու եղբայրներ իրար վրայ դրած ցցով գետնին գամեցին»։

Ա-Դօ, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները, Երևան, 1912 թ., էջ 91-92


* Քարտեզի աղբյուրը դեռ չեմ պարզել. հենց գտնեմ, դրա մասին կավելացնեմ նյութում։

Մամռտանքի գյուղերի ցանկը (նույն գրքից)







Հայոց և իսրայելական զինուժերի կորուստների համեմատություն


Պարզապես հետաքրքիր էր, և համեմատեցի 2017 թ. ընթացքում հայկական զինված ուժերի կրած կորուստները նույն ժամանակամիջոցում իսրայելական բանակի կրած կորուստների հետ։ Առաջինի աղբյուրը razm.info-ն է, երկրորդինը՝ Իսրայելի պաշտպանության բանակի՝ 2018 թ. հունվարյան հրապարակումը։ Այս արդյունքների հիման վրա առավել ճիշտ եզրակացություն կատարելու համար պետք է հաշվի առնել, որ Իսրայելի բնակչության թիվը 3-4 անգամ մեծ է Հայաստանի (ներառյալ Արցախը) բնակչության թվից։




Քաղաքացիական անձանց զինում

Քանի որ վերջերս հաճախ եմ կարդում, որ հայերս, ապրելով վտանգավոր գոտում և թշնամական երկրներով շրջապատված, նույնպես պետք է իրավունք ունենանք անձնական զենք ունենալու, ինչպես, օրինակ, շվեյցարացիք ու իսրայելացիք, համացանցից հայթայթեցի որոշ տեղեկություններ այս մասին։

Շվեյցարիայում զինվորական ծառայությունն ավարտելուց հետո անհատն իրավունք ունի ծառայության ժամանակ իրեն տրված հրազենը գնելու, սակայն հատուկ թույլտվություն ստանալուց հետո։ Յուրաքանչյուր քաղաքացիական անձ կարող է անձնական օգտագործման հրազեն գնել, սակայն դարձյալ պետք է թույլտվություն ստանա (քանի որ, օրինակ, հոգեկան հիվանդներին կամ նախկինում ծանր հանցագործություն կատարածներին զենք չեն տա)։ Այսպիսով՝ 8,5 միլիոն բնակչությամբ Շվեյցարիայի քաղաքացիական անձանց ձեռքին կա շուրջ 2 միլիոն հրազեն։ Շուրջ 10 տարի առաջ շատ ավելի շատ զենք կար՝ 3,4 միլիոն։ Շվեյցարացիք նաև ամեն տարի հրաձգության մրցումներ են անցկացնում 13-17 տարեկան պատանիների համար։ Եվ չնայած մարդկանց ձեռքում այսքան զենքի առկայությանը և շվեյցարացիների՝ զենքին տիրապետելու բարձր ցուցանիշներին՝ Շվեյցարիան հրազենով մարդասպանության համարյա զրոյական ցուցանիշ ունի։

Իսրայելում անձնական հրազեն ունենալու իրավունք տրվում է գրավոր ու բանավոր եբրայերենին տիրապետող, միայն 21 տարին բոլորած քաղաքացիական անձանց, եթե ծառայել են բանակում, իսկ եթե չեն ծառայել, ապա պիտի սպասեն մինչև 27 տարեկանը։ Ի դեպ, խոսքը չի վերաբերում ինքնաձիգներին, որոնք ունենալն արգելված է քաղաքացիական անձանց։ Քաղաքացիական անձը կարող է ունենալ առավելագույնը մեկ ատրճանակ կամ որսորդական հրացան։ Սա ունենալու իրավունքն էլ ամեն մեկին չի տրվում. կան բազմաթիվ արգելիչ հանգամանքներ, որոնց պատճառով հրազեն ունենալու իրավունք ստանալու համար ամեն տարի դիմած 10.000 իսրայելացիների միայն 20 տոկոսին է այդ իրավունքը տրվում։ Հրազենի իրավունքի արտոնագիրն էլ պիտի թարմացվի երեք տարին մեկ։ Բացի դրանից, Իսրայելի առողջապահության և հանրային անվտանգության նախարարությունները երեք ամիսը մեկ ստուգումներ են կատարում, որպեսզի, օրինակ, հոգեկան շեղումներով անձանց ձեռքին հրազեն չհայտնվի։ 2017 թ. մի հետազոտություն ցույց տվեց, որ 8 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Իսրայելի քաղաքացիական անձինք ունեն 557 000 գրանցված ու չգրանցված հրազեն։ Սակայն վերջերս Իսրայելում զենքի վերահսկողության օրենքը մեղմացվեց. 2018-ի օգոստոսին ընդունված օրենքի շնորհիվ այժմ Իսրայելի մինչև 500 հազարով ավելի քաղաքացիական անձինք (գլխավորապես՝ վետերան հետևազորայիններ և նախկին ոստիկաններ) հրազեն ունենալու իրավունք կստանան։



Աղբյուրներ

https://www.independent.co.uk/news/world/politics/switzerland-high-rates-gun-ownership-why-doesnt-no-mass-shootings-a8230606.html
https://www.businessinsider.com/does-switzerland-give-every-citizen-a-gun-2018-2
http://www.caliber3range.com/Professional-Courses/Firearms-Licensing
https://edition.cnn.com/2018/08/21/middleeast/israel-gun-laws-relaxed-intl/index.html
https://www.thewrap.com/carried-gun-israel-heres-learned-gun-control/


8/31/18

Խենթի մի ձեռագիր բանաստեղծությունը

Կոստանդնուպոլսյան «Կոհակ» լրագրի 1911 թ. համար 2-ում տպագրված է Րաֆֆու «Խենթը» վեպի հերոսի՝ Խենթի՝ Սամսոն Տեր-Պողոսյանի մի ձեռագիր բանաստեղծության լուսանկարը։ Բանաստեղծությունը գրվել է 1880 թվականին Էջմիածնում, գրաբարով և նվիրված է Հարություն Չաքրյան Զեյթունցուն։ Վերջինս «Զեյթունցիների քայլերգի» բառերի հեղինակն է, եղել է հեղափոխական գործիչ։ Խենթը Հարությունին ասում է, որ այս ձեռագիր բանաստեղծությունը Հարությունը տանի ցույց տա օտարության մեջ գտնվող հայորդիներին, որոնք պայքարում են ազատության համար («Զիմ կենդանագիր ընդ քեզ, Յարութիւն, տար ցոյց հայորդւոց ոյք յօտարութիւն....»)։


Նուէր առ Պ. Յարութիւն Չաքրեան Զեյթունցի

1. Ի սէր հայրենեաց ի բանտ վարեցար
Անդ գետնախշտեայ ցաւօք տանջեցար
Բայց այն հայրենեաց փրկանաց եթ գին
Չար կամաւ կրեցեր ի քումդ անձին։

2. Ըստ քեզ ոչ ի բանտ, ի բերդ պաշարեալ
Ընդ բազմից ընկերացս ի վտանգ անկեալ
Մերձ էաք մատնիլ ի մահուան ճիրան
Գոլ սրոյն կերակուր սարակինոսեան։

3. Բայց եռաց արիւն յերակս հայորդւոյն
Փրկել զնոսա ի ձեռաց մահուան
Զնախնեաց քաջութիւն այլոց ցուցանել
Յանձն առի զմահ զնոսա ազատել։

4. Զիմ կենդանագիր ընդ քեզ, Յարութիւն
Տար ցոյց հայորդւոց ոյք յօտարութիւն
Թէ կան դեռ ի մեզ նմանողք նախնեաց
Թէ եռայ արիւն յերակս ոմանց։

5. Թէ ի սէր ազգին յանձն առնուն զմահ,
Ի բանտ գերութիւն վարին դեռ անահ,
Ոչ միայն Սամսոն եւ ոչ Յարութիւն,
Հարազատ նախնեաց մերոց են բազում։

Սամսոն Տէր Պօղոսեան [ի] Ղարաջավերան գեղջէ

1880 թիւ 20ն Ապրիլի
Սբ Էջմիածնում

Նկարի աղբյուրը՝ Ճանկիւլեան Յարութիւն Կ., Յիշատակներ հայկական ճգնաժամէն, մասն Բ., գլ. Բ.


8/9/18

Թովիչ


Այս մարդը թովիչ է՝ օձահմա։ Ահա թե ինչպես են թովիչները թովում օձերին։ «Թովել» ու «թովիչ» բառերի բացատրությունները տեսեք այստեղ, այստեղ և «Նայիրիի» մնացած բառարաններում։



6/5/18

Կենդանիների պաշտպանի ելույթը

  Կենդանիների պաշտպանի ելույթը
կենդանիների պաշտպանությանը նվիրված միջտեսակային համաժողովում


Սիրելի ժողովակիցներ ու գաղափարակիցներ,

Վերջերս մի ուսումնասիրություն կարդացի, որը պնդում էր, որ կատուների 30 տոկոսը ձանձրույթից ընկնում է դեպրեսիայի մեջ։ Անկախ այդ ուսումնասիրության փաստերի վստահելիության աստիճանից՝ ինձ բնավ չի զարմացնում, որ կատուները կարող են տառապել դեպրեսիայից, ինչպես մարդիկ, քանի որ մեզ բոլորիս քաջ հայտնի է, որ ոչ միայն կատուները, այլև շները, ինչպես նաև այլ կենդանիներ, տառապում են համարյա նույն հիվանդություններից, ինչ մարդիկ, անգամ սրտի կաթված են ստանում կամ մեռնում քաղցկեղից։ Բանականությամբ մեզ զիջող մեր կրտսեր եղբայրներին ու քույրերին հատուկ են այն բոլոր զգացումները, որոնք հատուկ են մեզ՝ բանականությամբ նրանց բազմապատիկ գերազանցող մարդկանց. նրանք տխրում են մեզ պես, ուրախանում, զայրանում, քեն պահում ու վրեժխնդիր լինում, երախտիքը չեն մոռանում և այն հատուցում են, ատում ու սիրում են, սիրով կապվում, մենակությունից տառապում, անգամ անձնազոհության գնում հանուն սիրո, ընկերության և երախտագիտության։ Հայտնի է, թե ինչպես են մենասեր գայլերը երբեմն այնքան ծանր տանում իրենց կողակցի մահը, որ վշտից մեռնում են։ Մի խոսքով, ի՞նչ երկարացնեմ, բոլորիս քաջ հայտնի է, թե որքան նման են մյուս կենդանատեսակները մարդկանց։ Սակայն միայն այն պատճառով, որ պակաս զարգացած ուղեղ ու բանականություն ունեն, քան մարդիկ, մենք մեզ տարանջատում ենք նրանցից, ասես տարբեր աշխարհների ծնունդ լինենք, տարբեր միս ու արյունից կազմված լինենք, և ոտնահարում նրանց իրավունքները, տանջում ու ծառայեցնում նրանց կամ վերաբերվում նրանց իբրև սիրելի խաղալիքների, բայց ո՛չ իբրև մեզ պես լիարժեք անհատների։ Քի՞չ են մարդկանց մեջ հոշոտիչները, անգամ մարդակերները։ Եթե մենք ուտում ենք կովեր, ոչխարներ, խոզեր, հավեր ու ճագարներ, Հեռավոր Արևելքում՝ նաև այլ բազմաթիվ կենդանատեսակներ, զարմանալի ի՞նչ կա, որ մի երկու կենդանի էլ հոշոտի կամ ուտի մեզ՝ մարդկանց։ Այս աշխարհն այդպիսին է. բոլորն էլ գոյատևելու ճանապարհին ուտում են ինչ կարողանում են։ Ուստի մենք վայրենությամբ բնավ չենք զիջում մյուս կենդանատեսակներին, ավելին՝ գերազանցում ենք նրանց՝ հաշվի առնելով, որ բանականությամբ ավելի զորեղները պիտի որ պակաս վայրենի լինեին։

Ուրեմն՝ ի՞նչ տարբերություն իմ ու իմ կատվի միջև՝ բացի բանականության աստիճանից։ Ո՛չ մի։ Ես ուրիշ ոչ մի տարբերություն չեմ տեսնում իմ ու նրա միջև՝ իբրև կենդանի էակների։ Հետևաբար, մենք ունենք հավասար իրավունքներ։ Ահա այսպիսին պիտի լինի մարդու վերաբերմունքը մյուս կենդանատեսակների հանդեպ։ Մենք բոլորս բնության մասնիկներն ենք, նրա զանազան մասերն ու զարգացման օղակները։ Ես նույնքան կենդանի ու ասուն անասուն եմ, որքան իմ կատուն։ Իհարկե, պատիս հայտնվող սարդերին ես տանել չեմ կարողանում, բայց դրանում ևս բացահայտվում է իմ նմանությունը մյուս կենդանատեսակներին և նրանցից տարբեր չլինելը։ Ես պիտի պաշտպանեմ իմ բնակատեղին օտարներից, որոնք առանց իմ թույլտվության ներխուժում են իմ տարածք և այնտեղ որոշում իրենց տունը կառուցել ու ձագեր բազմացնել։ Այլ կենդանատեսակներ նույնպես հարձակվում են իրենց տարածքի սահմաններն առանց թույլտվության հատողների վրա։ Սա պաշտպանական բնական բնազդ է, սեփականության անկապտելի զգացում։ Այդ նույն սարդերը դանդաղ մահով սպանում և ուտում են պատահաբար իրենց տունը մտած ճանճերին և այլ միջատների։ Ես գոնե սարդերին սպանում եմ միանգամից, որ չտանջվեն։

Մարդկությունը շատ կարճ հիշողություն ունի։ Նա մոռացել է, որ կար ժամանակ, երբ մարդիկ վարազներին, ցլերին, գայլերին, շներին, արծիվներին և բազմաթիվ այլ կենդանիների պաշտում էին այնքան, որ համարում էին իրենց նախնիները։ Մարդիկ իրենց կոչում էին կենդանիների անուններով, անգամ չէին խորշում կոչել իրենց Գայլ, Վարազ կամ Մրջյունիկ։ Տեսեք քանի արջ Արթուրներ ու Արշակներ կան, քանի աղավնի Հովնաններ ու Վարուժաններ, կարմիր գայլ Ռուդոլֆներ, շնագայլ Առնակներ, գորտ Վազգեններ, առյուծ Լևոններ, Կորյուններ, Արիելաներ, մաքի Ռաքելներ, շիկահավ Ռոբիններ, արծիվ Արեններ ու Արծվիկներ։ Մի՞թե անգամ այս անունները ոչինչ չեն հուշում մարդկանց։ Մինչդեռ այսօր մարդիկ կենդանիների շատ անուններ գործածում են իբրև վիրավորական բառեր՝ էլ շուն, էլ էշ, էլ խոզ, էլ աղվես ու կրիա։ Եվ սա ցույց է տալիս կենդանիների հանդեպ մարդու պախարակելի բարձրամտությունը։

Խոսքս ուզում եմ եզրափակել մի կարևոր առաջարկությամբ։ Կենդանիների պաշտպանությունը կմնա միշտ ձևական, երկրորդական մի բան, մնացորդային, եթե մենք չբռնենք գաղափարական փոփոխություններ կատարելու ճանապարհը։ Մենք պետք է, մանկապարտեզից ու դպրոցից սկսած, կրթենք մարդկանց նոր սերունդներին այնպես, որ նրանք ոչ մի տարբերություն չդնեն իրենց և մյուս կենդանատեսակների միջև, հասկանան, որ բոլորս էլ հավասար արարածներ ենք։ Եվ բանականության աստիճանը պիտի պատճառ չդառնա պակաս բանականություն ունեցող կենդանատեսակների հանդեպ արհամարհանքի, ծաղրի, նվաստացման, բռնության, ստրկության, իբրև զվարճանքի առարկա գործածության, բանտարկության, հարկադիր ու ծեծով վարժեցման, ինչպես որ այսպիսի վերաբերմունքի չեն արժանանում մյուս կենդանատեսակներից շատ ավելի անբան ու անխելք մարդ նորածինները կամ այն մարդիկ, որ ծնվել են մտավոր խեղումներով, այսինքն՝ վնասված բանականությամբ։

Շնորհակալություն ուշադրության համար։
(Բուռն ծափահարություններ, խռնչոցներ, կռինչներ, վրնջոցներ, հաչոցներ, մլավոցներ, ծվծվոցներ, մայուններ, բառաչոցներ, սուլոցներ, ոռնոցներ, զռռոցներ, մկկոցներ ու ծուղրուղունե՜ր)