7/29/16

Ժողովուրդն իսկապե՞ս արժանի է իր ղեկավարությանը

Հաճախ կարելի է լսել, թե ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը և որ, ուրեմն, քանի դեռ ժողովուրդն ինքը չի փոխվել, ոչինչ չի փոխվի նրա կյանքում ու երկրում, եթե փոխվեն ղեկավարները։ Ես կտրականապես մերժում եմ այս մտայնությունը. ավելին՝ ես այն շատ վտանգավոր ու վնասակար եմ համարում։ Այսպես մտածելը մարդուն կարող է գցել հուսահատության գիրկը։ Որովհետև ո՞ր մի մարդն է իսկապես կարծում, թե կարելի է մի կարճ ժամանակում «փոխել» մի ամբողջ ժողովուրդ։ Կամ ո՞վ ու ո՞ր տեսությունն է ապացուցել, թե կան ավելի լավ և ավելի վատ ժողովուրդներ, և որ մենք այդ ավելի վատ կամ անկիրթ ժողովուրդներից մեկն ենք։

Գերմանացի ժողովուրդը, ինչպես գիտենք, տվել է մարդկությանը շատ մեծ գիտնականներ, մտածողներ ու մշակույթի անգերազանցելի գործիչներ։ Այս լուսավոր ազգը հանկարծ վարակվեց ֆաշիզմով, և բազմահազար ծառա ֆաշիստները խոշտանգեցին ու սպանեցին բազմամիլիոն մարդկանց։ Ֆաշիստ ծառաները կատարում էին հրամաններ, և նրանց մեջ կային և՛ ի բնե սադիստներ, և՛ մարդատյացներ, և՛ զանազան հոգեկան խանգարումներ ունեցող անհատներ, որոնք լավ պայմաններ էին գտել իրենց էությունը լիովին ու անարգել դրսևորելու համար։ Բայց ահա՛ Հիտլերը պարտվեց, ֆաշիստ պարագլուխներն ու ղեկավարները պատժվեցին։ Ի՞նչ եղավ այն բյուրավոր ծառա ֆաշիստներին, որ սիրով մարդ էին խոշտանգում ու սպանում։ Բոլորին լցրին բանտե՞րը, մեկուսացրի՞ն հասարակությունից, սպանեցի՞ն, ոչնչացրի՞ն։ Ո՛չ։ Նրանք շարունակեցին ապրել ու ծառայել իրենց երկրին ու ժողովրդին, բայց արդեն չունենալով այնպիսի պայմաններ, ուր կարող էին դրսևորել իրենց ցածր կրքերն ու ստոր ցանկությունները։


Գերմանիայում իշխող կուսակցությունը, իշխող ուժերը փոխվեցին, և ահավասի՛կ, մարդիկ դարձան «քաղաքակիրթ»։ Բոլորը միանգամից կրթվեցին-փոխվեցի՞ն։ Ո՛չ։ Սադիստը դարձավ մարդասե՞ր։ Հիմա եթե այդ նույն Գերմանիայում նորից իշխանության գան ֆաշիստներ, մենք կտեսնենք, թե քանի հազար «քաղաքակիրթ» գերմանացի դարձյալ կանի նույնը, ինչ արել է ֆաշիստական Գերմանիայում տասնամյակներ առաջ։ Ես համարյա համոզված եմ սրանում։

Ես վաղուց հասկացել եմ, որ հասուն մարդիկ չեն փոխվում։ Ո՛չ հավատը, ո՛չ ապաշխարանքը, ո՛չ կրթությունը մարդու էությունը չեն կարող փոխել։ Լա՛վ է, երբ մարդը լավ կրթություն է ստանում, գիտելիքներ ձեռք բերում. սա լավ է գիտությունն ու երկիրը զարգացնելու համար, բայց կրթությունը վատ մարդուն լավը չի կարող դարձնել, սադիստին՝ ողորմած, իսկ խաբեբային ազնիվ չի կարող դարձնել։ Մտքի կրթությունը բնավորություն չի փոխում. այն կարող է օգնել բնավորության իրական գծերն ավելի լավ քողարկելու, ցածր կրքերն ու ցանկություններն ավելի լավ կառավարելու, բայց դրանք չի վերացնում։ Մարդը կարող է «փոխվել» միայն ժամանակավորապես՝ արտաքին գործոնների ազդեցությամբ՝ ինչ-որ բանի վախից կամ ինչ-որ շահ հետապնդելով։ Հոգեբաններն ասում են, որ մարդու բնավորության հիմնական գծերը ձևավորվում են մինչև 6 տարեկանը։ Չգիտեմ, թե այդ 6 տարին ինչպես են հաշվել, գուցե 6-ը պիտի լինի 16, բայց դա էական չէ իմ ասելիքի համար։ Էական է այն, որ մարդն իր կյանքի վաղ շրջանում՝ մինչև մի որոշակի տարիք, արդեն ձևավորված բնավորության տեր է դառնում, և այդ բնավորության հիմնական, էական գծերը չեն փոխվում տարիքի հետ։ Ես գոնե սրանում համոզվել եմ կյանքիս ընթացքում։ Բայց հաճախ թվում է, թե մարդիկ փոխվել են, որովհետև մարդն իր միջավայրին հարմարվելու, միջավայրին իր վարքը համապատասխանեցնելու հատկություն ունի։ Մեկը լավ է կարողանում դերասանություն անել, մյուսը՝ վատ, մեկը լավ է կառավարում իրեն, մյուսը՝ վատ, բայց մարդկանց մեծամասնությունը «խաղում» է. իր տանը մի կերպ է իրեն պահում, հիմնարկում՝ աշխատողների մեջ՝ մեկ այլ կերպ, շեֆերի առաջ ուրիշ բան է դառնում, երկրի ղեկավարության առաջ՝ մի ուրիշ, կանգնում է բազմամարդ լսարանի առաջ, մի կերպարանք է առնում, գնում է գիշերային ակումբ, լրիվ ուրիշ կերպարանք ստանում։ Ուրեմն՝ կախված նրանից, թե մենք ինչ պայմաններում ենք գտնվում և այդ պայմանները մեզ ինչ են թույլ տալիս անել, ինչ՝ ոչ, ինչն է ընդունելի և գովելի դրանցում, ինչը՝ պախարակելի, մենք մեզ տարբեր կերպ ենք դրսևորում։ Բայց դրանից մեր էությունը չի փոխվում, մենք չենք փոխվում, նույնն ենք մնում. «Կարմիր կովը կաշին չի փոխում»։

Այսօր այն ոստիկանները, որ կոշիկներ համբուրել են տալիս ու ծեծում անմեղ մարդկանց, որով և ցուցադրում իրենց էության ցածր հատկությունները, իրենց չբավարարված ներքին ինչ-որ պահանջներ փորձում բավարարել այդպիսի նողկալի արարքներով, վաղը՝ ավելի օրինապահ ու նման արարքները միանշանակ պատժող ղեկավարության օրոք, կդառնան բոլորովին այլ որակի ոստիկաններ, որովհետև կհասկանան, որ այլևս չեն կարող իրենց սրտի ուզածն անպատիժ անել։

Քաղաքակիրթ Եվրոպայում էլ, վստահ եմ, լիքը ոստիկաններ կան, որ մեծ սիրով կուզեին նվաստացնել իրենց ձեռքն ընկած մարդկանց և դրանից հաճույք կստանային. բայց չեն անում, որովհետև գիտեն, որ կպատժվեն, գիտեն, որ դա ընդունելի չէ իրենց մոտ։ Նրանք իրենց այդ ներքին պահանջը, իրենց ցածր կրքերը կբավարարեն ուրիշ կերպ, ենթադրենք՝ անկողնում իրենց զուգընկերոջը նվաստացնելով կամ մեկ այլ կերպ (էդ էլ իրենք գիտեն, թե ինչպես, կարևոր չէ)։

Մարդը՝ իբրև էակ, ամենուր և միշտ նույնն է, ինչ ազգի էլ որ պատկանի։ Գուցե մի ազգ մի առաքինությունից կամ մոլությունից մի քիչ ավելի շատ կամ քիչ ունենա, քան մյուսը՝ պայմանավորված ազգային ավանդույթներով ու դաստիարակությամբ, բայց բոլոր առաքինություններն ու մոլություններն էլ հատուկ են բոլո՛ր ազգերին, քանի որ մարդն ամենուր էլ նույն մարդ էակն է։ Մարդկության ամբողջ պատմության ընթացքում, չնայած գիտության զարգացմանն ու նվաճումներին, չնայած մարդկանց կրթվածության աստիճանի բարձրացմանը, մարդիկ թե՛ միջնադարում, թե՛ հիմա՝ լուսավորյալ դարում, գործում են նույն սարսափելի ոճիրները։ Եվ ոճրագործների ու անառակների կողքին միշտ եղել են ու կան ազնիվ ու անձնազոհ, անկաշառ ու պարկեշտ անձինք, որոնց թիվը, ցավոք, ավելի փոքր է։ Եվ սա այսպես է ամենուր և բոլոր ազգերի մեջ։

Ասում են, թե եթե հիմա էլի ընտրություններ կազմակերպվեն Հայաստանում, էլի մարդիկ ծախվելու կամ կաշառվելու են, էլի լցոնումներ են անելու, էլի ուսուցիչները լծվելու են կեղծարարության գործին։ Իհա՛րկե այդպես է լինելու։ Որովհետև նույն ղեկավարներն են իշխում երկրում։ Բա ի՞նչ ենք ուզում։ Այդ ուսուցիչները, որոնց շարունակ կշտամբում ենք ընտրությունների ընթացքում նրանց կատարած կեղծարարությունների համար, վախենում են իրենց աշխատանքը կորցնելուց, նրանց տնօրեններն էլ նմանապես են վախենում իրենց ղեկավարի հրամանները չկատարելուց, և այսպես շարունակ՝ մինչև ամենավերին օղակները։ Մարդիկ վախենում են, և վախը ստիպում է անօրինություն գործել։ Միայն շատ քիչ մարդ կարող է արհամարհել վախը և մնալ միշտ ազնիվ՝ հրաժարվելով անօրինություն գործելուց նույնիսկ սպառնալիքների ներքո։ Քաջերն ու համարձակներն ավելի քիչ են։

Դուք կարծում եք՝ եթե քաղաքակիրթ երկրների «կրթված» ու «բարձրարժեք» ժողովրդի մի մասը, որ երբեք իրեն թույլ չի տալիս անել այն, ինչ անում են մեր երկրում ընտրությունների ժամանակ, գա ապրի Հայաստանում և մասնակցի ընտրություններին, չի՞ անի նույն բաները, ինչ անում են այստեղ, եթե նրանից դա պահանջվի, իսկ նա էլ իմանա, որ այլապես փախուստի ոչ տեղ ունի, ոչ միջոց։ Եթե իմանա, որ աշխատանք է կորցնելու և իր ընտանիքը սովի մատնելու, կամ էլ գլխին գործ կսարքեն ու բանտ կգցեն։ Էդ նույն օրինապահ մարդկանց բերեք մեր անօրեն երկիր, տեսեք՝ համապատասխան պայմաններում ինչպես նրանք ևս կդառնան անօրեն։ Եվ հակառակը՝ մեր անօրեն ծառաներին տարեք օրինապահ մարդկանց մոտ սպասավորելու, տեսեք, թե որքան օրինապահ կդառնան։

Հայաստանից երբ մարդիկ հեռանում են, այստեղ գողություն անողը էլի կշարունակի գողություն անել մի քաղաքակիրթ երկրում, եթե գտել է ձևը պատժից խուսափելու և եթե չգիտի ուրիշ ինչ անել՝ փող աշխատելու և ապրելու համար։ Այսինքն՝ եթե պայմանները թույլ տան։ Բայց եթե պայմաններն այնպիսին լինեն, որ գողությունը դառնա դժվարին, իսկ գոյությունը պահպանելու համար մի հարմար աշխատանք գտնելը՝ համեմատաբար դյուրին, նա այլևս չի գողանա և կդառնա օրինապահ քաղաքացի։ Մնալով նույնը՝ թե՛ էությամբ, թե՛ կրթվածության աստիճանով։

Ուրեմն՝ ոչ թե մեր ժողովուրդը, այլ ո՛չ մի ժողովուրդ այս աշխարհում արժանի չէ մեր ղեկավարությանը։ Եվ այս ղեկավարությունն էլ չի՛ կարող փոխվել, որովհետև գերագույն իշխանությունն ունեցող այսինչ այսինչյանն ու այնինչ այնինչյանը չեն կարող իրենց էությունը փոխել և դառնալ մի ուրիշ մարդ, քանի դեռ իշխողն ու հրամանատուն, հնազանդեցնողն ու պայմաններ թելադրողը, մարդկանց համար որոշակի միջավայր ստեղծող ուժը իրենք են։ Նրանց փոխարեն ուրիշները՝ ավելի ազնիվ ու պարկեշտ անձինք պիտի լինեն, որպեսզի պայմաններն ու միջավայրը փոխվեն, և ստորակա բոլոր օղակներն ու մարդիկ նույնպես «փոխվեն»։ Հիշե՛ք Գերմանիայի օրինակը և գերմանացիների «հանկարծափոխությունը»։

Ես մեր ազգին ու երկրին հենց այսպիսի հանկարծափոխություն եմ մաղթում և մեր քաջ ու համարձակ եղբայրներին ու քույրերին՝ է՛լ ավելի մեծ քաջություն ու համարձակություն։ Դուք հենց այն անգին փոքրամասնությունն եք՝ մի ծուռ ու անչափ սիրելի մերանի օգնությամբ, որ կարող եք դառնալ մեծամասնություն։ Այդ ժամանակ քծնողները, վախկոտները, ստախոսները, այսօր զանազան անօրինություններ գործողները, որոնց հայհոյում եք զանազան տգեղ պիտակներով (հրապարակային հայհոյանքը ոչ մի դեպքում չեմ սիրում, թեև մտքումս ես էլ եմ հայհոյում անզորությունից), կդառնան նորից սիրելի եղբայրներ ու քույրեր։ Գուցե ոմանք կհիշեն այդ անօրենների նախկին ստոր արարքներն ու վախկոտությունը, բայց մեծամասնությունը չի հիշի։ Եվ դա լավ է։