10/05/2016

Մաստակաշինվելով մաստակաշինվել

Անբան Հուռին գրում է, որ արդեն ինչքան ժամանակ է՝ քունն ու հանգիստը կորցրել է, քանի որ ինչ-որ գրագետներ շուրջ 20 տարի առաջ գնացել, ձեռքից հունական մաստակը տարել են, մնացել է անգործ ու տառապում է։ Ուներ-չուներ, մի զբաղմունք ուներ, այն էլ ձեռքից տարել են վաղուց։ Վերադարձրե՛ք մաստակը Հուռիին, աղաչում է մեր աղջիկը։

Ծամոնն էլ մյուս կողմից է ընկճախտի մեջ ընկել. իրեն դավաճանված է զգում. «Այդքան երկար ու ձիգ տարիներ ես՝ մաքուր, զտարյուն հայս, ծառայեցի իմ ժողովրդին, բայց հանկարծ մի հույն մաստակ, որի դեմ ես ոչինչ չունեի, բնավ չէի ընդդիմանում, որ մերթընդմերթ այստեղ-այնտեղ երևար, եկավ իմ բոլոր իրավունքներն ու պատիվը ձեռքիցս առավ, հիմա ամենուր է՝ խանութներում, հեռուստաէկրաններին, համացանցում, անգամ դպրոցներում... Վերականգնե՛ք իմ ոտնահարված իրավունքները»։

Ժողովո՛ւրդ, պետք է այս երկու դժբախտներին օգնության ձեռք մեկնենք։ Որ ազգովին «կպնենք», մի բան դուրս կգա հաստատ։ Մենք դա բազմիցս ապացուցել ենք։ Մաստակները ամեն տեղից հավաքենք-ճամփենք Հուռիին՝ Լոռվա մարզ, գյուղ Դսեղ։ Իսկ մեր եղբայր Ծամոնին վերականգնենք իր նախկին փառք ու պատվի մեջ. նա դրան արժանի է։