Showing posts with label ավանդական ուղղագրություն. Show all posts
Showing posts with label ավանդական ուղղագրություն. Show all posts

10/06/2023

Մաշտոցյան ուղղագրության վերականգնման նախանձախնդիր մարդկանց

 Ովքեր ծանոթ են դասական ուղղագրության այն տարբերակին, որ գործածում ու ջատագովում են հարգելի քաղաքագետ ու Իրական դպրոցի գրաբարի ուսուցիչ Ալեքսանդր Քանանյանը, հարգելի գրականագետ Լուսինե Ավետիսյանը և Իրական դպրոցը, նկատել են անշուշտ, որ նրանք օ-ի փոխարեն աւ են գրում արևելահայերենում, լ-ի փոխարեն ղ՝ այղ, քայղ, ողիմպոս և այլ այսպիսի բառերում՝ փորձելով գրել այնպես, ինչպես գրել են Մեսրոպ Մաշտոցն ու այլք Ե դարում։ Նաև իւ-ի փոխարեն եւ-ով գրվող բառերի և այլ այսպիսի վաղգրաբարյան ձևերի վերականգնումներ են կատարել աշխարհաբարի համար գործածվող ուղղագրության մեջ։ Ես այսօր Իրական դպրոցի ֆեյսբուքյան էջում՝ ուղղագրության վերաբերյալ մի գրառման տակ, հետևյալ մեկնաբանությունը թողեցի, որն այստեղ էլ եմ դնում բոլոր նրանց համար, որոնց հետաքրքրում է իմ տեսակետն այս «մաշտոցյան» ուղղագրության վերաբերյալ։

Իրական դպրոցի հայերենասերներին ու դասական ուղղագրության ձեր ընդունած «մաշտոցյան» տարբերակի ։) նախանձախնդիր հետևորդներին մի կարևոր բան ասեմ, դուք մտածեք, լա՞վ։ Ուղղագրությունը միայն բառերի տառային կազմին չի վերաբերում։ Այն վերաբերում է նաև բառերը մեծատառով թե փոքրատառով սկսելուն, բառերի անջատ, կից կամ գծիկով գրելուն և այլն։ Եթե դուք, անտեսելով լեզվի զարգացումն ու դրա առաջ բերած իրողությունները, ուզում եք հավատարմորեն վերականգնել մաշտոցյան ուղղագրությունը (դրա համար էլ գրում եք «այՂ», «Ղատինական», «օ» չեք գրում, որովհետև Մաշտոցը «աւ» է գրել, «օ» տառ չի ստեղծել և այլն), ուրեմն նախ՝ պիտի հրաժարվեք բոլորգրերով գրելուց, քանի որ Մաշտոցն այս տառերը նույնպես չի ստեղծել ու չի կիրառել։ Մաշտոցյան տառերը միայն մեծատառերն են՝ երկաթագիրը։ Ուրեմն դուք էլ, հավատարմորեն վերականգնելով մաշտոցյան ուղղագրությունը, պիտի գրեք միայն մեծատառերով։ Երկրորդ՝ մաշտոցյան ուղղագրության մեջ բնականաբար մեծատառի ու փոքրատառի տարբերակում չկա, բայց դուք տարբերակում եք։ Եվս մեկ շեղում մաշտոցյան ուղղագրությունից։ Մաշտոցյան ուղղագրության մեջ բառանջատում չկա․ բառերը կից են գրվում, միավորման գծիկով գրվող բառեր էլ չկան։ Էլի շեղումներ։ Եվ, ձեր ցավիկը տանեմ, մաշտոցյան շրջանից պահպանված համարյա տեքստ չկա, որ առանձին բառերի մաշտոցյան ուղղագրության վերաբերյալ իսկապես հստակ ու վերջնական պատկերացում ունենայինք։ Բազմաթիվ վիճելի ուղղագրությամբ բառեր կան դասական ուղղագրության մեջ։ Հո Տեկորի կամ երուսաղեմյան մի քանի տող արձանագրությունները չե՞ն ձեր աղբյուրը, որ անգամ հայերենի բոլոր տառերը չեն ներկայացնում։ Մի խոսքով՝ մտածեք գրածիս շուրջ, լա՞վ։ Թե չէ «օ» չէ, «աւ», «այլ» չէ, «այղ» ու կիսագիտական փիլիսոփայություններ ։)

Այստեղ ավելացնեմ, որ դասական ուղղագրության այն տարբերակների համար, որ այսօր գործածում են սփյուռքում ու երբեմն նաև Հայաստանում (հաճախ ես ինքս էլ) ես նախընտրում եմ «ավանդական ուղղագրություն» անվանումը։ Ինչո՞ւ։ Որովհետև այս ուղղագրությունը, ինչպես էլ այն մաքրես-ճշգրտես  ու ժամանակակից հայերենին հարմարեցնես, միևնույն է, մեսրոպյան կամ մաշտոցյան չի կարող դառնալ։ 21-րդ դարի հայերենում ո՛չ հնարավոր է իսկապես մաշտոցյան ուղղագրություն կիրառել (կարելի է գործածել դրա տնազը), ո՛չ կա դրա իմաստը։ Հնարավոր է գործածել ավանդակա՛ն ուղղագրության որևէ տարբերակ, այսինքն՝ մի ուղղագրության, որ կիրառվել է ավանդաբար՝ երկար դարերի ընթացքում, և հիմնված է մաշտոցյան ուղղագրության հիմնական սկզբունքների վրա, բայց նաև արտացոլում է դարերի ընթացքում լեզվի անհրաժեշտաբա՛ր կրած փոփոխությունները։ Ի վերջո այդ փոփոխությունները Մաշտոցի  ու նրա ուղղագրության հանդեպ մեր նախնիների «անհավատարմությունից» չէ, որ առաջ են եկել, այլ լեզվի բնական զարգացումների հետևանք են, որոնք անտեսելը ոչ թե մեծ գիտության, այլ դրա պակասի նշան է։ Եվ արդի հայերենում իբր իսկական մաշտոցյան ուղղագրության վերականգնման բոլոր փորձերը որքան էլ ներկայացվեն գիտական հիմնավորումներով, անլուրջ են։

Կարդացեք այս թեմային առնչվող մեր ավելի մանրամասն հոդվածը ևս՝ «Արևմտահայերեն երկերի հրատարակության և ավանդական ուղղագրության հարցեր»։


21/12/2016

Արևմտահայերեն երկերի հրատարակության և ավանդական ուղղագրության հարցեր



Խորհրդային շրջանում արևմտահայ հեղինակների երկերը, ինչպես գիտենք, Հայաստանում հրատարակվում էին աբեղյանասևակյան ուղղագրությամբ, իսկ անկախությունից ի վեր միտում կա դրանք հրատարակելու հենց ավանդական ուղղագրությամբ: Ես գտնում եմ, որ, այո՛, գոնե արևմտահայ գրականությունն ու տեքստերը պիտի ավանդական ուղղագրությամբ հրատարակվեն: Բայց կան սրա հետ կապված խնդիրներ: Ես այստեղ կփորձեմ անդրադառնալ դրանց:

Արևմտահայերենը պետք է ավանդական ուղղագրությամբ մատուցվի, այսինքն՝ այն ուղղագրությամբ, որով հեղինակներն իրենք ստեղծագործել ու ստեղծագործում են, միայն թե մի խնդիր է իսկապես լավ սրբագրիչ գտնելը։ Հայաստանում (սփյուռքում նմանապես) ավանդական ուղղագրությանը լիովին տիրապետողները քիչ են։ Անգամ այն մշտապես գործածողները շարունակ ինչ-որ բառեր սխալ են գրում։ Վերջերս հաճախ եմ տեսնում թե՛ լրագրային հոդվածներում, թե՛ սոցիալական ցանցերում հրապարակվող գրառումներում «յաւակնել(իլ)»-ի փոխարեն «հաւակնել» սխալ ձևը, «տեսահոլովակ»-ի փոխարեն «տեսայոլովակ» (այստեղ «յոլով» արմատը չէ, այլ «հոլով», ուստի պիտի գրվի «տեսահոլովակ»), «հայեացք»-ի փոխարեն «հայացք», «ամենա»-ի փոխարեն «ամէնա» ևն: Չգիտեմ ով ինչպես, ես, եթե ընտրելու լինեմ, նախընտրում եմ կարդալ անսխալ աբեղյանասևակյան ուղղագրությամբ, քան սխալաշատ ավանդական ուղղագրությամբ:

Մի ուրիշ խնդիր է հետևյալը: Եթե արևմտահայերեն տեքստերը հրատարակվում են առաջին անգամ, և դրանք ձեռագրից վերծանում ու մուտքագրում են արևելահայերը, ապա վերջիններս հաճախ չեն տարբերում «ի» և «ե» խոնարհման բայերի վերջավորությունները և «ի» խոնարհիչի փոխարեն «ե» են գրում կամ «ե»-ի փոխարեն անհարկի «ի», և սա արևմտահայերեն իմացողի համար աչք ծակող անգրագիտություն է։ Օրինակ՝ ամեն անգամ, որ «Ֆեյսբուքում» տեսնում եմ Լեռ Կամսարի՝ վաղ շրջանի արևմտահայերեն տեքստերը, որ այս նույն խնդիրն ունեն, տխրում եմ՝ ցանկանալով ճշտել՝ արդյո՞ք հենց այս տեսքով էլ դրանք պիտի հրատարակվեն, թե մի հմուտ լեզվագետ պիտի շտկի տեղ գտած սխալները, բայց միշտ անհարմար եմ զգում գրել այս մասին, որպեսզի գրածս քննադատություն չընկալվի: