8/5/16

Ոսկեբերանը և սև գույնի զգեստները

Համացանցում կան Հովհան Ոսկեբերանի գրաբարյան թարգմանությունների հրատարակությունների թվայնացված բազմաթիվ օրինակներ, հատկապես մեր Ակադեմիայի գրադարանի կայքի շտեմարաններում։ Նրա գործերի՝ համացանցում առկա հայերեն թարգմանությունների ցուցակը կարող եք տեսնել այստեղ։

Ազգությամբ ասորի, բայց հունարենով ստեղծագործած Ոսկեբերանն ապրել է Դ-Ե դարերում, եղել սկզբում Անտիոքի հոգևոր սպասավոր, հետո Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս կամ հայրապետ։ Քարոզել կամ գրել է բազմաթիվ ճառեր, հատկապես սուրբգրային մեկնություններ։ Նրա գործերի մեծ մասը թարգմանվել է հայոց ոսկեդարում՝ առաջին Թարգմանիչների ձեռքով, և այդ թարգմանությունների հայերենն ընտիր է։ Գրաբար սովորել ցանկացողները Ոսկեբերանի երկերի գոնե որոշ հատվածներ պե՛տք է կարդան։

Բայց ես այսօր նրան հիշել ու ձեզ ներկայացնում եմ, ո՛չ որովհետև նա բեղուն մատենագիր է եղել կամ որ նրա երկերի գրաբարյան թարգմանություններն ընտիր են։ Հովհան Ոսկեբերանը Հայ Առաքելական Եկեղեցու այսպես կոչված «տասներկու վարդապետներից», այսինքն՝ ուսուցիչներից, մեկն է, և մեր Եկեղեցին նրա հիշատակը նշում է տարվա մեջ երկու անգամ։ Ուսուցիչներն ինչի՞ համար են. որպեսզի նրանցից սովորեն, չէ՞։ Ուրեմն՝ այս հայրապետը կամ բարձրաստիճան հոգևորականը եղել է անվախ ու անկաշառ անձնավորություն և չի վախեցել իշխանությունների ու հարուստների, հատկապես Եվդոքսիա կայսրուհու, անօրինությունների մասին բարձրաձայնել և նրանց կշտամբել։ Նա նաև փորձել է պաշտպանել այն մարդկանց, ովքեր տուժել են իշխանությունների ձեռքից, օրինակ՝ երբ Եվդոքսիան խլում է մի պաշտոնյայի այրու և զավակների ունեցվածքը, Ոսկեբերանը չի երկմտում պաշտպանելու այրուն ու նրա զավակներին՝ ընդդեմ կայսրուհու։ Ի վերջո, Եվդոքսիան, ժողով գումարել տալով, Ոսկեբերանին աքսորում է Փոքր Հայք։ Աքսորի դժվար ճանապարհը ծեր մարդն անցնում է քայլելով, ինչը հավասարազոր էր խոշտանգման։ Որոշ ժամանակ անց աքսորավայրում վախճանվում է։


Ոսկեբերանից փոքր-ինչ ավելի վաղ ապրած մեկ այլ բարձրաստիճան հոգևորական՝ Միլանի եպիսկոպոս Ամբրոսիոսը, կշտամբող խիստ նամակ է գրում Թեոդոս Մեծ կայսրին այն բանից հետո, երբ վերջինս արյամբ ճնշում է Սելանիկի ժողովրդի ապստամբությունը։ Երբ կայսրը գնում է Միլան, Ամբրոսիոսը, փոխարեն կայսրին ընդառաջ վազելու, ամպհովանու տակ առնելով՝ դեպի եկեղեցի ուրախ-զվարթ առաջնորդելու և Հաղորդության առաջին բաժինը նրան տալու, հանդգնում է դուռը փակել կայսեր առաջ և նրան չթողնել եկեղեցի, մինչև կայսրը չզղջա իր կատարած անօրինության համար ու չապաշխարի։ Թեոդոսը, բարեբախտաբար, ոչ միայն հաշվեհարդար չի տեսնում եպիսկոպոսի հետ, այլև ընդունում է մեղքը, ասում են, ութ ամիս ապաշխարելուց հետո նոր մտնում եկեղեցի։

Բախտը չի բերում, սակայն, մեր Հուսիկ կաթողիկոսի, որ իր խնամի Տիրանի հրամանով բրածեծ արվելով սպանվում է, դարձյալ որովհետև լռել չգիտեր և խոսում էր Տիրանի անօրինությունների մասին։ Սա դաս չի լինում, փաստորեն, Դանիել քորեպիսկոպոսի համար. այս մարդը կանգնում է Տիրանի առաջ ու ինչ մտածում է նրա մասին, ասում է։ Է նրան էլ են սպանում. Տիրանը բռնակալ էր, Թեոդոս Մեծ կայսրը չէր։

Որ ավելի հետ ենք գնում ժամանակի մեջ ու հասնում քրիստոնեության ակունքներին, տեսնում ենք, թե ինչպես Քրիստոսի նախակարապետ ու մարգարե Հովհաննես Մկրտիչը «օձեր, իժերի ծնունդներ» է կոչում այդ ժամանակվա հրեաների փաստացի առաջնորդներին՝ փարիսեցիներին ու օրենսգետներին, և կշտամբում Հերովդես կուսակալին բարոյական խնդիրների շուրջ (ասա, ա՛յ մարդ, քո ի՞նչ գործն էր), ինչ պատճառով և բանտարկվում է, ապա գլխատվում Հերովդեսի կնոջ ցանկությամբ։ Իսկ քրիստոնեության Հիմնադիրը «վայ» է կարդում այդ նույն առաջնորդների գլխին, դարձյալ «օձեր, իժերի ծնունդներ» կոչում նրանց, որովհետև «ուտում էին այրիների տները», «ժողովրդի վրա ծանր բեռ դնում», «կեղծավոր» էին և այլն։ Նաև «աղվես» է կոչում մյուս Հերովդեսին։ Որ Ավետարանը մի լավ քրքրենք, զարմանալիորեն չենք գտնի, որ նույն վայերն ու օձաիժային խոսքերը Քրիստոսը հասցեագրեր հասարակ ժողովրդի մեջ եղած պոռնիկներին, գողերին, ավազակներին ու մարդասպաններին։ Թե նրա համարձակ խոսելու վերջը ինչ եղավ, բոլորս գիտենք։

Այս բոլոր անձինք չեն լռել ի տես ժողովրդի կեղեքման ու անարդարության, ի տես այն անօրինությունների, որ կատարում էին ժողովրդի գլխին կարգված իշխանություններն ու առաջնորդները, չեն վախեցել ու խոսել են նույնիսկ ի գին աքսորի, բանտարկության ու մահվան։ Լավ, նրանք ո՞ւմ ուսուցիչները, սրբերն ու Տերն են...