7/20/16

Քաղաքացիական անհնազանդության մասին

Շատ եմ հավանում այս հեղինակի գաղափարները...


Հովարդ Զին (Howard Zinn - 1922-2010)

Արդյո՞ք քաղաքացիական անհնազանդությունը միշտ ճիշտ է



Կա մի տարածված փաստարկ ընդդեմ քաղաքացիական անհնազանդության։ Այն հետևյալն է. եթե ես արդարացնեմ քաղաքացիական անհնազանդության քո՛ գործողությունը, արդյո՞ք ստիպված չեմ լինի արդարացնելու ՑԱՆԿԱՑԱԾ մեկի քաղաքացիական անհնազանդությունը։ Եթե ես արդարացնեմ Մարտին Լութեր Քինգի օրինախախտումները, չպիտի՞ արդյոք արդարացնեմ նաև Կու Կլուքս Կլանի անօրինությունները։

Այս փաստարկը ծնունդ է քաղաքացիական անհնազանդության մասին սխալ պատկերացման։ Օրենքի խախտումն անիրավություն գործելու նպատակով (օրինակ՝ երբ Ալաբամայի կառավարիչն արգելում է սևամորթ աշակերտին հանրակրթական դպրոց ընդունվել, կամ գնդապետ Օլիվեր Նորթը զենք է գնում Կենտրոնական Ամերիկայի ահաբեկիչների համար) պաշտպանել չի կարելի։ Անկախ նրանից՝ սևամորթ երեխաներին դպրոցից զրկելն օրինական է (ինչպես էր նախքան 1954-ը), թե անօրինական (ինչպես է 1954-ից հետո), միևնույն է, դա սխալ է։ Գործողության արդարացման փորձաքարը ոչ թե դրա օրինականությունն է, այլ բարոյականությունը։


Քաղաքացիական անհնազանդության իմ առաջարկած սկզբունքը ոչ թե այն է, որ մենք պիտի հանդուրժենք օրենքի հանդեպ ցանկացած անհնազանդություն, այլ որ մենք մերժում ենք օրենքին ԲԱՑԱՐՁԱԿ հնազանդությունը։ Գերագույն փորձաքարը ոչ թե օրենքն է, այլ արդարությունը։

Սա անհանգստացնում է շատ մարդկանց, որովհետև դա նրանց դնում է հասարակական գործողությունները դրանց բարոյական հետևանքներով կշռելու ծանր պատասխանատվության տակ։ Սա կարող է դժվար լինել և պահանջում է անվերջ քննել որդեգրված գործողություններն ու քաղաքականությունը։ Շատ ավելի դյուրին է հետ կանգնելն ու թույլ տալը, որ օրե՛նքը մեզ համար բարոյական դատավճիռներ կայացնի, ինչ էլ որ այդ պահին օրենքը թելադրի, ինչ էլ որ քաղաքական գործիչները, ՍԵՓԱԿԱՆ շահերից ելնելով, օրենք դարձրած լինեն, ինչպես էլ որ Գերագույն դատարանը մեկնաբանի օրենքն այդ պահին։ Այո՛, ավելի դյուրին է։ Բայց հիշենք Ջեֆերսոնի խոսքը. «Հավիտենական աչալրջությունն է ազատության գինը»։

Կա մտավախություն, թե քաղաքացիների այսպիսի դատողություններն այն մասին, թե օրենքին ե՛րբ հնազանդվեն, ե՛րբ՝ ոչ, սարսափելի հետևանքների կհանգեցնեն։ 1968-ի ամռանը չորս մարդ, որ մի օրինագծի դեմ դիմադրության կոչեր էին անում՝ որպես միջոց Վիետնամում պատերազմի դադարեցման՝ դոկտոր Բենջամին Սպոկը, պատվելի Ուիլիամ Սլոան Քոֆինը, գրող Միտչել Գուդմանը և Հարվարդի ուսանող Մայքլ Ֆերբերը, բանտարկության դատապարտվեցին Բոստոնում դատավոր Ֆրենսիս Ֆորդի կողմից, ով ասաց. «Ուր օրենքն ու կարգը դադարում են, վստահաբար սկսվում է անարխիան»։

Դա այն հիմնական պահպանողական ազդակն է, որ ժամանակին համարում էր, թե նվազագույն աշխատավարձի մասին օրենքը դեպի բոլշևիզմ է տանում կամ ավտոբուսում սևամորթների ու սպիտակների առանձին չերթևեկելը՝ խառնամուսնությունների։ Այն ենթադրում է, թե տվյալ ուղղությամբ բոլոր գործողությունները ծայրահեղության են հանգեցնելու, ասես բոլոր հասարակական փոփոխությունները տեղի են ունենում թեք ու ողորկ բլրի գագաթին, որտեղ հենց առաջին հրումը հանգեցնելու է դեպի ստորոտ գահավիժման։

Իրականում քաղաքացիական անհնազանդության որևէ գործողություն, ինչպես բարեփոխման համար կատարված ցանկացած գործողություն, ավելի նման է դեպի բլրագագաթ առաջին վերհրման։ Հասարակությունը հակված է պահպանելու եղածը։ Մարդկության պատմության մեջ ապստամբությունը միայն դիպվածական արձագանք է տառապանքին. անսահմանորեն շատ ավելի օրինակներ կան իշխանություններին հպատակության, քան ապստամբության։ Այն, ինչի մասին պետք է ամենից շատ մտահոգվել, ոչ թե մարդկային բնական հակումն է դեպի բռնությամբ ուղեկցվող ըմբոստություն, այլ ընդհակառակն՝ անարդարությամբ գերհագեցած միջավայրում գտնվող մարդկանց՝ այդ միջավայրին հպատակվելու հակումը։

Պատմականորեն, ամենասարսափելի բոլոր բաները՝ պատերազմ, ցեղասպանություն և ստրկություն, առաջ են եկել ոչ թե անհնազանդությունից, այլ հնազանդությունից։


(Թարգմանված է անգլերենից՝ «The Zinn Reader; Writings on Disobedience and Democracy» գրքի (1997) Դ մասից. թարգմանությունը՝ Գրահավաքի)