11/20/16

Ուղղագրակետադրական կանոններին ու սկզբունքներին հետևելու լավ մոտեցում


Քանի որ մեզանում տարածված է հայերենում առկա վիճելի ուղղագրակետադրական հարցերի քննարկման ժամանակ հիմնվել մեկ-երկու ձեռնարկի (կամ ձեռնարկների մի մասի) վրա՝ անտեսելով մնացածը, այսինքն՝ միայն մեկ կանոն է սովորաբար ներկայացվում իբրև ընդունելի տարբերակ՝ բացառելով ընտրության հնարավորությունը, ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք այս հարցում որդեգրենք նմանատիպ խնդիրները լուծելու անգլերենի մոտեցումը։

Անգլերենի համար (որպես օրինակ վերցնենք միայն ամերիկյան անգլերենը) կան մեկից ավելի հեղինակավոր լեզվաոճական ուղեցույցներ, որոնք կարգավորում են անգլերենի ուղղագրակետադրական և այլ բնույթի լեզվական հարցերը։ Կախված նրանից, թե դու որ լեզվաոճական ուղեցույցին ես հետևում՝ միևնույն բառը անգլերենում կարող ես տարբեր ձևով գրել (ենթադրենք՝ գծիկով կամ առանց գծիկի, միասին կամ առանձին գրվող բաղադրիչներով) և միևնույն քերականական դեպքը կարող ես տարբեր ձևով կետադրել։ Այսինքն՝ մարդիկ ունեն ընտրության հնարավորություն։ Ամբողջ ամերիկյան հասարակությունը պարտավոր չէ վիճելի և իրականում երկրորդական կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ միայն մեկ կանոնի կամ սկզբունքի հետևել։ Ուստի մի մարդ կամ կազմակերպություն կարող է հետևել, ասենք, Չիկագոյի ուղեցույցին, մի ուրիշը՝ «Ասոշիեյթիդ Պրեսի» ուղեցույցին, երրորդը՝ Գրեգի ձեռնարկին, չորրորդը՝ Ամերիկայի ժամանակակից լեզվաբանական ընկերակցության ուղեցույցին և այլն։ Խմբագիր ու սրբագրիչ ընդունելիս էլ սովորաբար ասում են՝ մեր կազմակերպությունն այսինչ ուղեցույցին է հետևում, և խմբագիրը կամ սրբագրիչն իր աշխատանքում պետք է առաջնորդվի դրանով։ Միայն թե միշտ նշվում է, որ ինչ ուղեցույցի էլ հետևում ես, եղիր հետևողական, այսինքն՝ այնպես չլինի, որ մի տեղ մի ձևով գրես նույն բառը կամ կետադրես, մի ուրիշ տեղ՝ մի ուրիշ ձևով։


Քանի որ հայերենի համար էլ կան կետադրական մեկից ավելի ձեռնարկներ և կան դրանց միջև որոշ տարբերություններ՝ վիճելի և իրականում երկրորդական կարևորության հարցերի վերաբերյալ, ճիշտ է կետադրական հարցերի մասին որոշում կայացնելիս որդեգրել ընտրելու հնարավորության մոտեցումը։ Ուզում ես հետևել Սերգեյ Աբրահամյանի՞ կետադրական ձեռնարկին, շա՛տ լավ։ Հավանում ես Արտաշես Սարգսյանի՞ ձեռնարկը, խնդրեմ, առաջնորդվիր դրանով, Հովհաննես Զաքարյանի «Կետադրական բառարա՞նն» է քեզ համար ավելի վստահելի, ուրեմն հետևիր դրան։ Մի կետադրական խնդիր կա, որի լուծմանն անդրադարձել է կարծես թե միայն Մ. Դարբինյանն իր «Ժամանակակից հայոց լեզու. կետադրություն» գրքում, և այդ հարցում ես մեծավ մասամբ հետևում եմ նրա կետադրական սկզբունքին։ Եվ երբ մարդիկ հարց են տալիս, ցանկալի է նշել, որ, ըստ այսինչ հեղինակի կամ այսինչ ձեռնարկի, այսինչ դեպքը պիտի կետադրվի այսպես, իսկ ըստ այնինչի ձեռնարկի էլ՝ այնպես. հիմա որն ավելի հարմար ես գտնում, դրան էլ հետևիր։ Բայց վերցնել խնդրի լուծման միայն մի տարբերակը և բոլորին պարտադրել, որ դա միակ ճիշտ կանոնն է և միայն դրան է պետք հետևել, ճիշտ չէ։

Վերջերս մի կրթական կազմակերպության համար որոշում էինք, թե ինչպես է ավելի ճիշտ կետադրել հրամայական եղանակի բայերը խնդիրների ու վարժությունների պահանջներում։ Մեր դասագրքերի մեծ մասում ամենուր շեշտ են դնում՝ անկախ նրանից՝ բայը շեշտված է արտասանվում, թե ոչ։ Եվ տպավորությունն այնպիսին է, թե գոռում են երեխաների վրա։ Ես ասացի, որ Աբրահամյանի ձեռնարկի համապատասխան կանոնը (շեշտի մասին բաժնի կետ 1-ի ծնթ. 1) հավելում է, որ «հրամայական եղանակի բայաձևի վրա կարող է շեշտ չդրվել՝ պայմանավորված որոշակիորեն մեղմ հնչերանգով»։ Այնպես որ, ասացի, եթե դուք գոռալով ու հրամայելով եք երեխաներին հանձնարարություններ տալիս, շեշտե՛ք բայերը, իսկ եթե ոչ թե հրամայում եք, այլ մեղմ հնչերանգով եք ներկայացնում, թե ինչ է երեխայից պահանջվում անել, շեշտ մի՛ դրեք։ Եվ եթե հանկարծ ձեզ կասեն (հատկապես որոշ ուսուցիչներ), թե ինչո՞ւ հրամայական բայերի վրա շեշտ չեք դրել, բացատրեք, որ հետևում եք Աբրահամյանի ձեռնարկի համապատասխան կետին։ Այսպես էլ արեցին։ Իսկ եթե հետևեին Արտաշես Սարգսյանի ձեռնարկին, ուրեմն էլի պիտի շեշտախեղդ անեին բոլոր պահանջների ձևակերպումները՝ անկախ նրանից՝ բայը շեշտված է արտասանվում, թե ոչ, հրամայում են, թե խնդրում։ Եվ սա, ըստ իս, պարզապես անտանելի է թե՛ աչքերի, թե՛ ուղեղի համար (երեխաներին անվերջ գոռալով հանձնարարություն տալ ուղղակի չի կարելի)։