12/21/16

Արևմտահայերեն երկերի հրատարակության և ավանդական ուղղագրության հարցեր



Խորհրդային շրջանում արևմտահայ հեղինակների երկերը, ինչպես գիտենք, Հայաստանում հրատարակվում էին աբեղյանասևակյան ուղղագրությամբ, իսկ անկախությունից ի վեր միտում կա դրանք հրատարակելու հենց ավանդական ուղղագրությամբ: Ես գտնում եմ, որ, այո՛, գոնե արևմտահայ գրականությունն ու տեքստերը պիտի ավանդական ուղղագրությամբ հրատարակվեն: Բայց կան սրա հետ կապված խնդիրներ: Ես այստեղ կփորձեմ անդրադառնալ դրանց:

Արևմտահայերենը պետք է ավանդական ուղղագրությամբ մատուցվի, այսինքն՝ այն ուղղագրությամբ, որով հեղինակներն իրենք ստեղծագործել ու ստեղծագործում են, միայն թե մի խնդիր է իսկապես լավ սրբագրիչ գտնելը։ Հայաստանում (սփյուռքում նմանապես) ավանդական ուղղագրությանը լիովին տիրապետողները քիչ են։ Անգամ այն մշտապես գործածողները շարունակ ինչ-որ բառեր սխալ են գրում։ Վերջերս հաճախ եմ տեսնում թե՛ լրագրային հոդվածներում, թե՛ սոցիալական ցանցերում հրապարակվող գրառումներում «յաւակնել(իլ)»-ի փոխարեն «հաւակնել» սխալ ձևը, «տեսահոլովակ»-ի փոխարեն «տեսայոլովակ» (այստեղ «յոլով» արմատը չէ, այլ «հոլով», ուստի պիտի գրվի «տեսահոլովակ»), «հայեացք»-ի փոխարեն «հայացք», «ամենա»-ի փոխարեն «ամէնա» ևն: Չգիտեմ ով ինչպես, ես, եթե ընտրելու լինեմ, նախընտրում եմ կարդալ անսխալ աբեղյանասևակյան ուղղագրությամբ, քան սխալաշատ ավանդական ուղղագրությամբ:

Մի ուրիշ խնդիր է հետևյալը: Եթե արևմտահայերեն տեքստերը հրատարակվում են առաջին անգամ, և դրանք ձեռագրից վերծանում ու մուտքագրում են արևելահայերը, ապա վերջիններս հաճախ չեն տարբերում «ի» և «ե» խոնարհման բայերի վերջավորությունները և «ի» խոնարհիչի փոխարեն «ե» են գրում կամ «ե»-ի փոխարեն անհարկի «ի», և սա արևմտահայերեն իմացողի համար աչք ծակող անգրագիտություն է։ Օրինակ՝ ամեն անգամ, որ «Ֆեյսբուքում» տեսնում եմ Լեռ Կամսարի՝ վաղ շրջանի արևմտահայերեն տեքստերը, որ այս նույն խնդիրն ունեն, տխրում եմ՝ ցանկանալով ճշտել՝ արդյո՞ք հենց այս տեսքով էլ դրանք պիտի հրատարակվեն, թե մի հմուտ լեզվագետ պիտի շտկի տեղ գտած սխալները, բայց միշտ անհարմար եմ զգում գրել այս մասին, որպեսզի գրածս քննադատություն չընկալվի:


Կան հայաստանյան հրատարակիչներ, որոնք արևմտահայերեն տեքստերում փոխում են հնուց չավանդված օտար բառերի (մեծավ մասամբ՝ հատուկ անունների) ուղղագրությունը համաձայն արևելահայերենի հնչյունական և տառադարձական կանոնների, ընդ որում՝ ոչ բոլոր բառերինը: Սակայն տեքստերն այսպես հրատարակելու մոտեցումն անլուրջ է և ավելի մեծ խառնաշփոթ առաջացնող։ Ասում են՝ դա անում են, որ արևելահայերն անծանոթ բառերը ճիշտ կարդան, սակայն մոռանում են, որ կան նաև արևմտահայերենին տիրապետողներ, ովքեր այդ բառերը, բնականաբար, պիտի կարդան համաձայն արևմտահայերենի արտասանական կանոնների։ Եվ ահա այս դեպքում էլ բառերը կաղավաղվեն արևմտահայերեն իմացողների համար։ Էլ չեմ ասում, որ եթե այս միջամտությունը կատարվում է ընտրողաբար, այսինքն՝ միայն որոշ դեպքերում, ընթերցողը չի կարողանա հասկանալ, թե որ դեպքում կարդա բառն ըստ արևմտահայ արտասանության, որ դեպքում՝ ըստ արևելահայ։ Սա այն դեպքն է, որ, կամենալով հոնքը հանել, աչքն են հանում։ Այս դեպքում կարելի է մեկ այլ միջոցի օգնության դիմել: Որպեսզի օտար բառերը սխալ չկարդան ո՛չ արևմտահայը կամ արևմտահայերեն իմացողը, ո՛չ էլ արևելահայը, որ ծանոթ չէ արևմտահայերենի հնչյունաբանությանն ու ուղղախոսությանը, կարելի է գրքի վերջում ներկայացնել գրքում հանդիպող այն հատուկ անունների ցանկը, որ տարբեր ձևով են ընթերցվում արևմտահայերենում և արևելահայերենում: Մի կողմում կլինի արևմտահայերենը, մյուսում՝ արևելահայերենը, և ընթերցողն արդեն կիմանա, թե իրականում ինչ անվան հետ գործ ունի: Բայց արևմտահայերեն տեքստում օտար բառերը պիտի գրվեն այնպես, ինչպես հատուկ է արևմտահայերենին և ինչպես որ արևմտահայե՛րը պիտի ճիշտ կարդան:

Իսկ հիմա՝ թերևս ավելի կարևոր մի խնդրի, ավելի ճիշտ՝ նույնիսկ խնդիրների մասին, որ վերաբերում են ոչ միայն արևմտահայերեն հրատարակությունների ուղղագրությանը, այլև ընդհանրապես ավանդական կամ դասական կոչվող ուղղագրությանը:

Այս թեման, իհարկե, հաճախ է արծարծվում, և ավանդական ուղղագրությունն ունի թե՛ պաշտպաններ, թե՛ հակառակորդներ: Ես ինքս դպրոցական տարիքից քաջապես տիրապետում եմ երկու ուղղագրություններին էլ, իսկ 15 տարեկանից ի վեր սրբագրում եմ ավանդական ուղղագրությամբ գրքեր, ինչպես նաև, կախված հրատարակչի պահանջներից, հենց գրում-թարգմանում ավանդական ուղղագրությամբ: Անձնական խզբզոցներս նույնպես սովորություն ունեմ ավանդական ուղղագրությամբ անելու: Այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ ավանդական ուղղագրությունն իսկապես ունի դեռևս չլուծված խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս ամբողջ հայության համար այն հանձնարարելի ուղղագրություն համարել: Որպեսզի կարելի լինի խոսել ավանդական ուղղագրության տարածման և աբեղյանասևակյան ուղղագրության համեմատ ավանդականի ավելի շահեկան դիրք ունենալու մասին, նախ պետք է այդ խնդիրները լուծվեն: Իսկ աբեղյանասևակյան ուղղագրությունը, ինչ էլ որ լինի կամ կոչվի, նույնիսկ եթե համարվի կատարյալ խեղագրություն, ինչպես որոշ մարդիկ այն կոչում են, կանոնակարգված է, չլուծված խնդիրներ համարյա չունի (միգուցե կարիք ունենա առանձին մի քանի բառի ուղղագրության ճշտման, բայց միայն այդքան)։ Աբեղյանասևակյան ուղղագրությունն ունի միայն այնպիսի խնդիրներ, որպիսիք կան թերևս բոլոր լեզուներում՝ օտար բառերի տառադարձության խնդիր, գծիկով, անջատ թե միասին, մեծատառով թե փոքրատառով գրելու խնդիրներ։ Բայց սրանք կարելի է համարել որևէ լեզվի ուղղագրության երկրորդային խնդիրներ։ Սրանք կան նաև ավանդական ուղղագրության մեջ, և, ինչպես ցույց կտամ փոքր-ինչ հետո, օտար բառերի տառադարձության խնդիրն ավանդական ուղղագրության մեջ շատ ավելի լուրջ ու առայժմ անբժշկելի է, քան աբեղյանասևակյան ուղղագրության մեջ։

Փաստն այն է, որ այսօր չկա միատեսակ ավանդական ուղղագրություն, քանի որ չկա լեզվաբաններից կամ այս ուղղագրության գիտակներից կազմված մի իրավասու մարմին, որ զբաղվի ուղղագրական խնդիրների կարգավորմամբ, լուծում տա ավանդական ուղղագրության մեջ առկա խնդիրներին, որոշի, թե գործածվող ուղղագրական տարաձևություններից որն է ճիշտ և ընդունելի, և որի որոշումներին պիտի հետևի ավանդական ուղղագրությունը գործածող հայությունը: Ուստի ավանդական, դասական կամ մեսրոպյան կոչվող ուղղագրությունը գործածող հայերն իրականում մի քանի տեսակ ուղղագրություն են գործածում և ոչ թե մեկ։ Պարսկահայերը՝ մի տեսակ, արևմտահայերը՝ մի ուրիշ, զանազան անհատներ՝ տարբեր՝ կախված նրանից, թե ուղղագրության մեջ ինչն են ճիշտ համարում, ինչը՝ սխալ, ուստիև սրբագրելի։

Փաստ է նաև այն, որ ավանդական ուղղագրությունը դասական ուղղագրությունը չէ, եթե «դասական» ասելով հասկանում ենք մեսրոպյան ուղղագրությունը կամ գոնե գրաբարյան այն ուղղագրությունը, որ մեզ հայտնի է իբրև մեսրոպյան ուղղագրություն (քանի որ մեսրոպյան շրջանից մեզ հասած գրավոր հուշարձաններ համարյա չկան, կան միայն հատուկենտ պատառիկներ, ուստի վստահաբար խոսել բացառապես մեսրոպյան շրջանի ուղղագրության մասին հնարավոր չէ): Ավանդական ուղղագրության մեջ վաղուց ի վեր սպրդել են թե՛ անհարկի ու ավելորդ և թե՛ ժամանակների պահանջներից ծնված սկզբունքներ, որոնք եղծել են դասական ուղղագրությունը: Օրինակ՝ օտար անուններում գործածվող անհարկի «է»-երն ու «օ»-երը, բառավերջում գրվող անհարկի «օ»-երը, «ա»-ով վերջացող նոր կամ օտար բառերի վերջում «յ» չգրելը, բառասկզբում հնչող օտար y-ն «ե»-ով ներկայացնելը, օտար անունների գրության մեջ «վ»-ի և «ւ»-ի կիրառության սկզբունքները՝ ահա այս ամենը ոչ մի կապ չունի մեսրոպյան կամ գրաբարյան ուղղագրության հետ և իրականում այն խեղում է: Այնպես որ, ինչ-որ իմաստով, այսօր գործածվող ավանդական ուղղագրությունը, եթե հետևում է վերոնշյալ սկզբունքներին, նույնպես խեղագրություն է, որովհետև խեղված է ներկայացնում գրաբարյան ուղղագրությունը:

Օտար բառերի գրության սկզբունքները ավանդական ուղղագրության մեջ, համեմատած աբեղյանասևակյանի հետ, ավելի մեծ խառնաշփոթ ու անհստակություն են առաջացնում: Օրինակ՝ եթե բառը սկսվում է y հնչյունով (օրինակ՝ «յոդ» բառի մեջ), ավանդական ուղղագրությամբ այն չենք կարող գրել «յ»-ով (որպեսզի «հոդ» չկարդանք), ուստի ստիպված ենք գրելու «եոդ» կամ, որ ավելի հեռու է մեսրոպյան ուղղագրության սկզբունքներից, «եօդ»: Իսկ ինչպե՞ս պիտի վարվենք, եթե մի օտար բառ իսկապես yeo (և ոչ թե yo) հնչյունակապակցությամբ սկսվի: Ինչպե՞ս սա գրենք, որպեսզի տարբերենք yeo-ն և yo-ն: Կամ՝ երբ գրում ենք «Նիւ Եորք» (կամ՝ «Եօրք», որ ավելի վատ է), մենք պարզապես գիտենք, որ այս «նիւ»-ն պետք է կարդանք «նյու», իսկ եթե այսպիսի վերջով մեզ անծանոթ բառ պատահի, պիտի մտածենք՝ կարդանք «նյո՞ւ», թե «նիվ»: Այս խնդրից խուսափելու համար հաճախ հետևում են այն սկզբունքին, որ օտար բառերի մեջ հնչող «վ»-ն միշտ պետք է «վ» տառով արտահայտվի: Շա՛տ լավ: Բայց սա արդեն մեսրոպյան ուղղագրություն չէ, քանի որ գրաբարով խոսող ու գրող մեր նախնիները օտար բառերի մեջ նույնպես գործածել են «ւ» եւ չեն ունեցել ամեն օտար «վ» հնչյուն միայն «վ» տառով ներկայացնելու կանոն: «Վ»-ի և «ւ»-ի քույր «ու»-ի ուղղագրությունը նույնպես խնդիրներ է հարուցում օտար բառերն ավանդական ուղղագրությամբ ներկայացնելիս: Մարդու անունը, եթե Սամվել է, գրում ենք Սամուէլ, իսկ եթե այդ անունը հենց SamUel է հնչում, հայի անուն չէ, ինչպե՞ս գրենք, որ ճիշտ կարդանք: Samvel էլ հնչի անունը, Samuel էլ, նույն ձևով ենք գրում: Manvel էլ լինի մեկը, Manuel էլ, նույն ձևով ենք գրում՝ Մանուէլ:

«Վ» հնչյունի ուղղագրության խնդիրն էր, որ սկիզբ դրեց ավանդական ուղղագրության բարեփոխման մասին վեճերին ու քննարկումներին խորհրդային կարգերի հաստատումից էլ առաջ, ինչն էլ ի վերջո հանգեցրեց Մանուկ Աբեղյանի ավելի ընդգրկուն ու ամբողջությամբ սրբագրող ուղղագրական փոփոխությանը, որ ներկայացվեց հայոց գրերի գյուտի 1500-ամյակի միջոցառումների շրջանակում՝ 1912 թվականին, բայց այն ժամանակ չընդունվեց:

Մեր գրաբարախոս նախնիները «ա»-ով վերջացող օտար բառերի վերջում նույնպես «յ» էին գրում. վկա՝ ասորերենից փոխառյալ բազմաթիվ բառեր՝ քահանայ, աբեղայ, կթղայ, կաթսայ, տղայ, աբբայ ևն, հունարեն «կլիմայ» բառը և այլն: Ասորերենում ու հունարենում այս բառերի վերջում չկա ոչ մի «յ» տառ կամ հնչյուն, կա միայն «ա» պարզ հնչյուն: Այսինքն՝ «ա»-ով վերջացող բառերի վերջում գրաբարում «յ» էին գրում նաև օտար լեզուներից փոխառություններում: Իսկ այսօր ավանդական ուղղագրությամբ գրում ենք «ֆիզիկա», «կլինիկա», «աղա», անգամ «հիմա» (այն անհիմն պատճառաբանությամբ, թե հնուց ավանդված բառ չէ), և սա, բնականաբար, արդեն մեսրոպյան կամ դասական ուղղագրություն չէ:

Մինչև վերջ հստակեցված չէ, թե ավանդական ուղղագրությամբ գրելիս ինչպես պիտի վարվենք «է»-ով բառերի հետ, երբ «է»-ն բառածանցման ու բառաբարդման դեպքում շեշտազրկվում է: Մեսրոպյան հայերենում այսպիսի դեպքերում «է»-ն կամ «ի» պիտի դառնար, կամ «ե» (թեև կա տեսակետ, որ այն բոլոր բառերը, որոնք ենթարկվում են «է» - «ե» հնչյունափոխության, իրականում շեշտակիր «է»-ի փոխարեն պիտի ունենային «ե», և որ այդ «է»-ն տարածված սխալագրություն է ընդամենը. սա, եթե չեմ սխալվում, հ. Պողոս Գոճանյանի տեսակետն է): Այդ իսկ պատճառով պարզ չէ, թե այսպիսի դեպքերում ինչ պիտի գրենք՝ «է՞», թե «ե»: Ոմանք «է» են գրում, ոմանք՝ «ե»: Իսրայէլ, բայց իսրայելացի. իսկ Իսրայէլեա՞ն, թե Իսրայելեան: Մեկը կնախընտրի առաջին տարբերակը, մյուսը՝ երկրորդ: Շատ դժվար է նման դեպքերում սովորեցնել տարբերակել հին ձևերը նոր ստեղծվածներից՝ ասելով, թե հնում կազմված ձևերը պետք է գրել «ե»-ով, իսկ նոր կազմությունները՝ «է»-ով: Այդ հինն ու նորը մի օր հնարավոր չի լինի ժամանակայնորեն տարբերակել, և ինչպե՞ս պիտի որոշենք, թե շեշտազուրկ «է»-ով որ բառը երբ ինչպես գրենք: Նշանակում է՝ պետք է միայն մեկ սկզբունք որդեգրվի նման դեպքերում, իսկ այն չկա, և ամեն մարդ ըստ իր հաճության է որոշում ինչպես գրել։

Ինչպես արդեն ասացի, այս խնդիրներով պիտի զբաղվի մի իրավասու մարմին, որը կուսումնասիրի ավանդական ուղղագրության բոլոր խնդիրները և վերջնական լուծում կտա դրանց: Սա դեռևս չի կատարվել: Այդպիսի մարմին չկա։ Ամեն մարդ իր հերթին, իր պատկերացումների համաձայն, ավանդական ուղղագրության ձեռնարկ է գրում և տարածում, իր պատկերացումների համաձայն գրքեր հրատարակում։ Ինչպես տեսնում ենք, սրանից սայլը տեղից չի շարժվում և չի էլ շարժվի: Այնպես որ, լավ է, թե վատ, ուրախության, թե տխրության առիթ է, բայց այսօր ավանդական ուղղագրության հիմքերը ամուր չեն, աբեղյանասևակյան ուղղագրության համեմատ ավանդական ուղղագրությունն ավելի խնդրաշատ է և իր զանազան տարբերակներով (պարսկահայ, արևմտահայ, անհատների) կշարունակի մնալ միայն փոքրամասնության ուղղագրությունը, քանի դեռ նրանում առկա խնդիրները պատշաճ ուշադրության չեն արժանացել և չեն լուծվել: