Այսօր մեկը «արժեքահեն» բառի գործածության համար ամոթանք է տվել այն կազմակերպությանը, որում աշխատում եմ իբրև խմբագիր, ուստի ստիպված եղա իբրև պատասխան գրելու ներքոբերյալ բացատրությունը։
«Արժեքահեն»-ն էլ, «արժեքահենք»-ն էլ և ընդհանրապես բոլոր այն ածականները, որոնք կազմված են «հեն(ք)» բաղադրիչով, նորակազմություններ են, հնուց ավանդված չեն, ուստի դրանց ճիշտ կամ սխալ լինելը կարելի է որոշել քննությամբ, բայց ո՛չ՝ բառարանային վկայությամբ կամ գործածության հին ավանդույթով։ «Հեն»-ը (գրաբարյան՝ յեն) բայահիմք է՝ «հենվել»-ի (յենուլ) արմատը, իսկ «հենք»-ը գոյական է, որ կազմված է «հէն» արմատից՝ «հինել» (հյուսել) բայի հիմքից։ Այսինքն՝ երկու տարբեր արմատների հետ գործ ունենք, և նրանցից ոչ մեկը «ավազակ» նշանակող «հէն»-ը չէ, ինչպես սխալմամբ կարծում են ոմանք (գրաբարում «ավազակ» նշանակող բառը գրվում է այնպես, ինչպես «հէնք»-ի արմատ «հէն»-ը, այսինքն՝ կարող է նույնանալ այդ երկրորդ արմատի հետ, բայց ոչ՝ «յենուլ» (հենվել) բայի արմատ «յեն»-ի)։
Ուրեմն՝ ունենք հայերեն յեն, հէն, հէն երեք տարբեր արմատներ, որոնք ժամանակակից արևելահայ ուղղագրությամբ ձևով նույնանում են, ուստի շատերի համար իմաստային շփոթ առաջացնում։ Եթե մենք դասական ուղղագրությամբ գրեինք սրանցով կազմությունները (օրինակ՝ արժէքայեն, արժէքահէնք), որևէ մեկը «ավազակ» նշանակող բառը չէր գտնի առաջին արմատով կազմություններում, քանի որ յեն-ը «ավազակ» չի նշանակում։
Առաջինով (յեն) կազմությունները անգլերեն -based բաղադրիչով կազմությունների հայերեն համարժեքներն են, օրինակ՝ knowledge-based, values-based՝ գիտելիքահեն, արժեքահեն (այսինքն՝ գիտելիքի վրա հենված/հիմնված, արժեքի վրա հենված/հիմնված)։ Իսկ երկրորդով (հէն) կազմությունները, քանի որ իբրև երկրորդ բաղադրիչ ունեն «հենք» գոյականը, տալիս են տարընթերցման հնարավորություն, օրինակ՝ «գիտելիքահենք»-ը կարող է ընկալվել իբրև գոյական և նշանակել «գիտելիքի հենք/հիմք»։ Ահա սա է պատճառը, որ հայերենում գործածվող այս զուգաձևերից այն մեկն ենք նախընտրում, որն առավել ճշգրտորեն է արտահայտում անգլերեն -based-ով կազմությունների իմաստը։ Բացի դրանից, երբ խոսքը կոնկրետ «արժեքահեն-արժեքահենք» զուգաձևության մասին է, ապա այսօր «արժեքահեն» տարբերակը մի քանի անգամ ավելի շատ է կիրառվում հայերենում, քան «հենք»-ով տարբերակը (կարող եք որոնել համացանցային որոնման ծառայություններում՝ համոզվելու համար)։
ՀԵՏԱԳԱ ՀԱՎԵԼՈՒՄ (2026 թ. օգ. 12)
Հենվելու իմաստն արտահայտող հեն (յեն) բաղադրիչից բացի՝ հայերենում ունենք ցավոք այլևս չգործածվող գրաբարյան յեց-ը, որ յենուլ-ի անցյալ կատարյալի հիմքն է։ Եթե յեն-ը բայի ներկայի հիմքն է, յեց-ը՝ անցյալ կատարյալի։ Հայերենում բարդ բառերը հաճախ ստեղծվում են բայերի անցյալ կատարյալի գրաբարյան հիմքերով (երգասաց, մարդատեաց, վերամբարձ, մարդատար, ամենակուլ, դիւրազգաց, արագընթաց, մսակեր, քարընկէց, գործարար և այլն)։ Ուստի հեն-ի փոխարեն կարող էինք գրել նաև հեց՝ գիտելիքահեց, արժեքահեց և այլն՝ հետևելով բառակերտման գրաբարյան կանոններին, քանի որ գրաբարում հենց յեց-ը պիտի գործածվեր այս բոլոր դեպքերում, ոչ թե յեն-ը։ Սակայն աշխարհաբարում վաղուց հեց-ը՝ իբրև բառակերտիչ բաղադրիչ, դուրս է մղվել հայերենից՝ ամենուր փոխարինվելով հեն-ով։ Սրա վկայությունն են աշխարհաբարում հեն-ով ստեղծված բազմաթիվ կազմությունները (հենարան, հենակ, հենասյուն, հենակող, հենանավ, հենասյուն, հենապատ և այլն), որոնք եթե բուն գրաբարում ստեղծելու լինեին, յեն-ի փոխարեն յեց պիտի գրեին (այսինքն՝ յեցակ, յեցարան, յեցասիւն և այլն)։
Յեն-ով բառերից ամենահինը յենարան-ն է, որի ամենավաղ վկայությունը գտնում ենք Ոսկանյան Աստվածաշնչում (1666 թ., Սիրաք ԽԹ 17, որ սակայն մեր հին գրաբարյան թարգմանությունը չէ, այլ Ոսկան Երևանցու՝ լատիներենից կատարածը)։ Այնուհետև այդ բառին հանդիպում ենք համարյա բոլոր բառարաններում՝ 1714 թ. լատիներեն-հայերեն բառարանից սկսած. այն չկա բուն գրաբարի բառարաններում (օրինակ՝ «Հայկազյան մեծ», «Առձեռն»)։ Սա յեն-ով միակ բառն է (յենուլ-ից բացի) 18-19-րդ դդ. բառարաններում. ուրիշը չենք գտել։ Յենակ-ի մի վկայություն գտել ենք Տեր-Մինասյան Վահանի «Անգիր դպրութիւն եւ առակք»-ում (Կ. Պոլիս, 1893 թ.), ԺՀԼԲԲ-ն էլ հենական-ի համար օրինակ է բերում Պռոշյանից։ Հավանաբար յեն-ով այլ բառեր ևս լինեն 19-րդ դարի հայ գրականության մեջ։ Իսկ 19-րդ դ. բառարաններում միակ բառը յենարան-ն է․ մնացածը յեց-ով կազմություններ են. օրինակ՝ հենակ (յենակ) բառի փոխարեն կա յեցուկ-ը՝ նույն իմաստով, կան նաև յեցակէտ և յեցամիտ բառերը։ Անգամ 1910 թ. Գաբամաճյանի բառարանում, յենուլ բայից և յենարան-ից բացի, յեն-ով ուրիշ կազմություն չկա։
Սակայն, ինչպես գրեցինք, աշխարհաբարն աստիճանաբար հրաժարվել է յեց-ից՝ հօգուտ յեն-ի։ 20-րդ դարում բառարաններից քիչ-քիչ վերացել են յեց-ով բառերը՝ փոխարինվելով յեն-ով, և ապա շատացել են յեն (հեն) բաղադրիչով բառերը՝ արևելահայ աշխարհաբարում այսօր չթողնելով նույնիսկ մեկ ածանցավոր կամ բարդ բառ, որ կազմված լիներ հեց-ով։ Այս աստիճանական փոփոխությունը տեղի է ունեցել նաև արևմտահայերենում։ Եթե Ճիզմեճյանի 1954 թ. բառարանում գտնում ենք թե՛ յեց-ով, թե՛ յեն-ով կազմություններ, ապա Տոնիկյանի 1968 թ. բառարանում կա յեց-ով կազմված երեք բառ միայն, որոնցից երկուսը տե՛ս-ով հղվում են դեպի դրանց յեն-ով տարբերակներ։ Սա նշանակում է, որ յեն-ով տարբերակները Տոնիկյանը նախընտրելի կամ հայերենում ավելի տարածված է համարել։ 1974 թ. «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» (հտ. Գ) արդեն հեն-ով բազմաթիվ կազմություններ ենք գտնում, իսկ հեց-ով երկու կազմությունները տես-ով հղվում են դեպի հեն-ով տարբերակներ։ Աղայանի 1976 թ. բառարանն ամենահարուստն է հեն-ով կազմություններով՝ շուրջ 30 բառ։ Հեց-ով մի քանի կազմությունները դարձյալ հղվում են դեպի հեն-ով տարբերակներ։ Արևմտահայերենի 1992 թ. բացատրական բառարանում էլ, թեև յեն-ով կազմություններն այդքան առատ չեն, ինչպես Աղայանի բառարանում, սակայն յեց-ով կազմություններին գերազանցում են մի քանի անգամ, իսկ յեց-ով 4 բառերից երկուսը՝ դարձյալ հղվում դեպի յեն-ով տարբերակներ։
Վերոբերյալ տվյալները հստակ ցույց են տալիս, որ հեց-ը՝ իբրև բառակերտիչ բաղադրիչ, արդի հայերենում, հատկապես արևելահայերենում, ցավոք, դուրս է մղվել․ դարձել է մեռած՝ տեղը զիջելով հեն-ին։ Ահա այս պատճառով էլ իբրև բառերի երկրորդ բաղադրիչ նույնպես հեն-ն ավելի ընկալելի է ժամանակակից հային, քան դրա գրաբարյան նախնի յեց-ը։ Այլապես հեց-ով կազմությունները, ըստ իս, շատ ավելի բարեհունչ են։ Ուստի գեղեցիկ հանդգնությամբ օժտվածները կարող են արժեքահեց, գիտելիքահեց և այլ այսպիսի կազմություններ էլ գործածել, թեև կասկածում ենք, որ դրանք լայն տարածում կգտնեն։