11/28/23

Տե՞ր, թե տիար

Ամիսներ առաջ հայտնաբերեցի, որ պատմության մեր որոշ մասնագետներ ուսուցանում են, թե վաղ միջնադարում հայ իշխաններին կոչում էին «տիար», նրանց կանանց՝ «տիկին»։ «Տիկին»-ի վերաբերյալ հարց չի առաջանում, բայց «տիար»-ը մեր միջնադարյան գրականությունից չի ավանդվել. այն չեք գտնի գրաբարի ոչ մի բառարանում և գրաբարյան տեքստերում, անգամ միջին հայերենի բառարանում։ Դրա փոխարեն հայերենում գործածվել է «տեր»-ը (գրաբ.՝ «տէր»)։ Իշխաններին (նաև թագավորին) և հոգևորականներին (ներառյալ սարկավագները) կոչում էին «տեր Այսինչ»։ «Տեր»-ը գործածվում էր նաև իշխանի տոհմանվան կամ տոհմական վայրի անվան հետ, քանի որ իշխանն այդ վայրի տերն էր։ Թագավորը երկրի («աշխարհ»-ի) տերն էր, թագուհին՝ երկրի տիկինը, իսկ իշխանները՝ գավառների կամ այլ վայրերի տերեր։ Օրինակ՝ տէրն Մամիկոնէից Վարդան, Վասակ տէր Սիւնեաց, տէրն Աբեղենից Գազրիկ, Թաթուլ տէր Վանանդայ։ Հոգևորականներն էլ կոչվում էին, օրինակ, տէր Յովսէփ կաթողիկոս, տէր Թաթիկ եպիսկոպոս Բասենոյ,  տէր Արշէն երէց Եղեգեկի, տէր Քաջաջ սարկաւագ (անունների օրինակները Փարպեցու պատմությունից են)։ 

Իշխաններին դիմելիս էլ էին գործածում «տեր»-ը («տեր Այսինչ»), և այն անգամ դառնում էր իշխանի ամբողջական անվան մաս, ինչպես այսօր ամուսնացյալ քահանաների անունների դեպքում։ Հավանաբար շատերն են լսել («Շարական» համույթի կամ մեկ այլ կատարմամբ) Խոսրովիդուխտ Գողթնացու «Զարմանալի է ինձ» հանրահայտ տաղը, որում Խոսրովիդուխտը, դիմելով իր նահատակ եղբորը՝ իշխան Վահան Գողթնացուն (Ը դար), ասում է. «Զարմանալի է ինձ քան զերգս երաժշտականաց...., ո՛վ երանելի տէր Վահան, ընտրեալ յԱստուծոյ»։

Մի հետաքրքիր դրվագ կա Դ դարի սկզբում նահատակված հայազգի (արորակցի) Եվստրատիոս բարձրաստիճան զինվորականի և նրա վկայակից ընկերների վարքի թե՛ հունարեն բնագրում, թե՛ հայերեն և այլ լեզուներով թարգմանություններում։ Այդ դրվագում, երբ դուքսը Եվստրատիոսին հարցնում է նրա ով լինելը, նա պատասխանում է. «Արորակ [գրաբ.՝ Արաւրակ, Արօրակ] քաղաքից եմ ես ազգով ու տոհմով, իմ անունն է Եվստրատիոս, իսկ իմ հայրենի հայոց լեզվով՝ Տեր Հուսիկ» (տես Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, Վնտ. 1810, էջ 943, 946)։ Հունարենում «տեր»-ի փոխարեն, բնականաբար, հունարեն համարժեքն է՝ «կիռ»-ը (κῦρ), որը բուն անվան հետ անցել է նաև այս վարքի եկեղեցասլավոներեն, ապա ռուսերեն թարգմանություն Кирисик ձևով (Жития святых, Димитрия Ростовского, дек. 13)։ 

Գերազանցապես ազնվականների և հոգևորականների համար գործածվելով հանդերձ՝ հնուց ի վեր «տեր»-ն ու դրա այլալեզու համարժեքները աշխարհի շատ երկրներում ընդհանրապես տղամարդկանց համար գործածվող հարգական մակդիր էին։ Երբ Ավետարանում Հիսուսին դիմում են «տեր»-ով, սա անում են իբրև ընդունված հարգական դիմելաձև՝ այժմյան «պարոն»-ի պես։ Ավետարանում նրան այդպես դիմողները՝ Հրեաստանի բնակիչները, «տեր»-ը չէին գործածում որպես Աստծո անուններից մեկը, քանի որ Հիսուսին պարզապես հոգևոր ուսուցիչ էին համարում։ Հետագայում է, որ քրիստոնյաները Հիսուսին «Տեր» կոչելիս նկատի ունեին և ունեն նրա Աստված լինելը։

Ի դեպ, «տիկին»-ն էլ միայն իշխանների կանանց համար չի գործածվել, ոչ էլ՝ միայն ամուսնացածների։ Օրինակ՝ Փավստոս Բուզանդը սրբուհի Թեկղիին, որ կույս էր, կոչում է «տիկին» (Դ դպր., գլ. Ժ), կա՛մ որովհետև Թեկղիի վարքից գիտեր, որ Թեկղին ազնվական ընտանիքից է եղել, կա՛մ, որ ավելի հավանական է, պարզապես որպես հարգական մակդիր։ Վանամայրերը նույնպես կարող էին կոչվել «տիկին»՝ վանքի տիկին («վանաց տիկին», տես ՆԲՀԼ, «տիկին»)։ Այսինքն՝ «տիկին»-ը որևէ կնոջ (ավելի հաճախ՝ ազնվական ընտանիքից) պատվանուն կամ հարգական մակդիր էր։  

Ինչ վերաբերում է «տիար»-ին, ապա այն ստեղծվել է 19-րդ դարում։ Նույնիսկ հայտնի է, թե ով է ստեղծողը՝ մասնագիտությամբ բժիշկ, բայց լեզվի ջատագով և բազմաթիվ նոր բառերի և «Կիլիկիա» հայտնի երգի հեղինակ Նահապետ Ռուսինյանը (1819-1876)։ Նրա ստեղծած որոշ բառեր առ այսօր գործածում ենք, օրինակ՝ կտրոն, թերթոն, ապակենտրոնացում, կեղծամ, թաքստոց, բազկաթոռ և այլն։ Եվ սրանց շարքում է նաև «տիար»-ը (տես Հրանտ Ասատուր, Դիմաստուերներ, Կ. Պոլիս, 1921, էջ 70-71)։

Սակայն ինձ հետաքրքրում է, թե որն է պատմության մասնագետների շրջանում տարածված սխալ կարծիքի աղբյուրը։ Այս մասին գրված գտա «Հայկական սովետական հանրագիտարանի» հտ. 1-ում՝ «Ամուսնություն» բառահոդվածում, որտեղ ասվում է. 

«Հայ պատմիչների (Ղազար Փարպեցի, Փավստոս Բուզանդ և ուր.) վկայությամբ, Ա-ից հետո հարսը մնում էր չխոսկան, երեսը ծածկում քողով, որը դեն էր նետում միայն մայր դառնալուց հետո։ Հարսը ընդունում էր ամուսնու ազգանունը։ Իշխանի հետ ամուսնացողը անվանվում էր «տիկին» («տի» — «մեծ» և «կին» բառերից), քանի որ ամուսինը ուներ «տիար» («տիայր» — «մեծ մարդ») պատվանունը» (ՀՍՀ, հտ. 1, Ե., 1974, էջ 335-336. իմիջիայլոց, հարսի չխոսկանության ու քողը նետելու մասին տեղեկույթն էլ ճիշտ չէ, եթե աղբյուրների շարքում հիշատակվում են Փարպեցին ու Բուզանդը, բայց սա արդեն ուրիշ թեմա է)։ 

«Տիար»-ի մասին այս տեղեկության աղբյուրը, ենթադրում եմ, կարող է լինել այդ բառահոդվածի համար հիմք ծառայած աղբյուրներից մեկը (աղբյուրները կամ դրանց մի մասը նշված են հանրագիտարանային հոդվածի ներքևում)։ Բայց այդ աղբյուրները գտնելն ու զննելը ժամանակատար է և ի վերջո ո՛չ այնքան կարևոր, թեև, իհարկե, լավ կլիներ հասկանալ, թե ով է հեքիաթ հորինողը՝ հանրագիտարանային հոդվածի հեղինակնե՞րը, թե նրանց հոդվածի համար հիմք ծառայած ինչ-որ գրքի հեղինակ։ Ուստի եթե դուք հանրագիտարանի «Ամուսնություն» բառահոդվածից բացի որևէ այլ  աղբյուրում հանդիպել եք «տիար»-ի մասին  սխալ տեղեկությանը (այսինքն՝ որ այս բառը գործածվել է միջնադարում), շնորհակալ կլինեմ, եթե տեղեկացնեք ինձ։