(Լրացվել է 2024 թ. նոյ. 9-ին)
Այսօր հետաքրքիր բան իմացա Գոհար Գասպարյանի մասին․ նրա մեծ տատը արաբ է եղել՝ եգիպտացի սուլթան Հուսեյնի քույրը։ Գոհար Գասպարյանը լավ երգչուհի էր, անուշ ձայն ուներ, որը ես շատ սիրով եմ լսում։ Բայց ի՞նչ կապ ունի մի լավ կամ շատ լավ, հանրահայտ կամ թեկուզ աշխարհահռչակ երգիչը, դերասանը, երաժիշտը, մարզիկը, թեկուզ գիտնականը, գրողը կամ հասարակական գործիչը «արժեքի» հետ. այս մարդիկ կարող են որևէ մնայուն արժեք ստեղծել մարդկության համար, բայց իրենք արժեք չեն։ Գոհար Գասպարյանի մասին հոդվածի սկզբում գրված է. «Կամաց-կամաց մոռացվող արժեքներ...»՝ նկատի ունենալով հենց Գոհար Գասպարյանին։ Երևի ես «արժեք» ասելով ուրի՞շ բան եմ հասկանում։
Մեկ էլ շատ սիրում են այս կամ այն հանրահայտ մարդուն կոչել «լեգենդ» կամ «լեգենդար», նույնիսկ երբ այդ մարդը դեռ ողջ է։ Միշտ չեմ հասկացել ու չեմ հասկանա մարդկային այս մտածելակերպն ու մարդուն այսպիսի բառերով նկարագրելու հանդեպ սերը։ Այսպիսի մարդամեծար լեզուն քաղքենիական է, կեղծ և գոնե ինձ ու ինձ պես մտածող մարդկանց համար տհաճ։ Այնպես որ եթե ձեզ համար կարևոր է, որ ձեր գրածը որևէ մեկի մեջ տհաճության զգացում չծնի, խուսափե՛ք մարդուն այսպիսի բառերով բնորոշելուց։ Մարդուն գնահատելու շատ ավելի անպաճույճ ու իրատեսական բառեր կարելի է գտնել։
Այս մարդամեծարական մտածելակերպը ես նույնիսկ մանկական ու տհաս եմ համարում։ Որովհետև ամեն անգամ ամոթով եմ հիշում, թե ինչպես եմ Կոմիտասի մասին ասել «Կոմիտասն աստված է», երբ դեռ ցածր դասարանների աշակերտ էի և կարգին չգիտեի էլ, թե աստվածն ինչ է և Կոմիտասը՝ ով։ Հավանաբար ինչ-որ մեկից լսել կամ մի տեղ կարդացել էի «աստվածային Կոմիտաս» ու կարծում էի, թե մարդկանց մասին հիացմունք արտահայտելիս նրանց կարելի է նաև այդպես կոչել։ Կարելի է, իհարկե, ամեն ինչ էլ կարելի է, բայց շատ տհաճ է։
Գուցե մի ուրիշն այսպիսի ոճը մի այլ՝ ավելի հաջող անունով կոչի, ոչ թե «քաղքենիական»։ Բայց առայժմ այն իմ մտքում քաղքենիության հետ է զուգորդվում։
Քաղքենիական լեզու կարող ենք բնորոշել նաև այն լեզուն, որն իբրև մոլորություն ներկայացրել ենք լեզվաոճական ուղեցույցի ներածության «Մոլորություններ» բաժնի 3-րդ կետում։ Երբ հավասարապես գրական հայերեն բառերը դասակարգվում են իբրև ցածրակարգ ու բարձրակարգ բառեր, և առաջինները մերժվում են՝ փոխարինվելով վերջիններով, ահա նաև սա՛ կարող ենք համարել քաղքենիական լեզու։ Օրինակ՝ երբ թե՛ սարքել-ի, թե՛ եփել-ի, թե՛ բազմաթիվ այլ իմաստներով միայն պատրաստել-ն են գործածում՝ թերևս կարծելով, թե պատրաստել-ը շատ գրական է, իսկ սարքել-ը կամ եփել-ը՝ ո՛չ այնքան, կամ հավաքել-ի փոխարեն անվերջ գործածում են հավաքագրել-ը, պատճառով-ի փոխարեն՝ պայմանավորված-ը և այլն։ Այս մասին ավելի մանրամասն կարդացեք վերոնշյալ ուղեցույցի ներածության «Մոլորություններ» բաժնում։