3/15/24

Օգոստինոս Երանելի՞

 Արդեն մի քանի տասնամյակ է, որ հայաստանցիները Արևմտյան եկեղեցու հայտնի եկեղեցական գործիչներ և սրբեր Օգոստինոսին և Հերոնիմոսին կոչում են Երանելի՝ այս բառը գործածելով իբրև մականուն։ «Օգոստինոս Երանելի»-ի մեջ «երանելի»-ն այլ բան չէ, քան մականուն, ինչպես Ներսես և Սարգիս Շնորհալիների «Շնորհալի»-ն։ Սակայն ո՛չ Օգոստինոսը, ո՛չ Հերոնիմոսը չունեն այդպիսի մականուն։ Կաթոլիկ եկեղեցու այս մեծ սրբերին կաթոլիկներն այդպես չեն կոչում։ Օգոստինոսը Հիպպոն քաղաքի եպիսկոպոսն էր, ուստի նա կոչվում է Օգոստինոս Հիպպոնացի (լատիներեն ամբողջական անունը՝ Aurelius Augustinus Hipponensis), թեև ավելի հայտնի է հենց միայն Օգոստինոս կամ սուրբ Օգոստինոս անունով, որովհետև բազմաթիվ մեծանուն Օգոստինոսներ չկան, որ այս մեկը մի ուրիշի հետ շփոթվի։ Հույն եկեղեցում էլ են նրան կոչում Օգոստինոս Հիպպոնացի՝ Αυγουστίνος Ιππώνος։ 

 Հայերենում ի հայտ եկած այս նորահնար «Երանելի» անունն առաջ է եկել Օգոստինոսի և Հերոնիմոսի անունները ռուսերենից թարգմանելու և ռուսերեն блаженный բառի գործածության հանգամանքներին անծանոթ լինելու պատճառով։ Նախ՝ անհասկանալի է, թե ինչու են կաթոլիկ աշխարհի սրբերի անունները թարգմանվել ռուսերենից և ոչ թե լատիներենից։ Երկրորդ՝ Ռուս եկեղեցին այս և մի շարք այլ սրբերի անունների հետ «սուրբ» մակդիրի փոխարեն գործածում է «երանելի» մակդիրը (блаженный Августин, блаженный Иероним Стридонский,  блаженный Феодорит Кирский և այլն), որովհետև այդ եկեղեցում սրբերը որոշակի սկզբունքով դասակարգված են, և այն արևմտյան սրբերին, որ ապրել են մինչև Արևելյան և Արևմտյան եկեղեցիների միջև մեծ բաժանումը (1054 թ.), սովորաբար կոչում են ոչ թե святой, այլ блаженный։ Այս մակդիրն են գործածում նաև այսպես կոչված Աստծո խենթերի (юродивый) անունների հետ։ Ուրեմն՝ այս «երանելի»-ն վերոնշյալ անձանց մականունը չէ, հատուկ անունը չէ, այլ նրանց սրբությունը ցույց տվող ընդհանրական մակդիր, ինչպես «սուրբ»-ը, և այսպիսի գործածությունը բնորոշ է Ռուս եկեղեցուն, բայց ո՛չ՝ Հայ կամ Կաթոլիկ։ Հայ եկեղեցում ցանկացած սուրբի էլ կարող ես նաև «երանելի» կոչել, բայց դա չի դառնում նրա մականունը։ Մինչդեռ երբ հայերս Օգոստինոսին ու Հերոնիմոսին կոչում ենք Օգոստինոս Երանելի, Հերոնիմոս Երանելի, այս «Երանելի»-ն այլ բան չէ, քան միայն նրանց հատուկ մականուն։

 Հետևաբար, պետք է գործածել Օգոստինոս կամ Օգոստինոս Հիպպոնացի, Հերոնիմոս կամ Հերոնիմոս Ստրիդոնացի անվանաձևերը առանց դրանց հաջորդող «Երանելի»-ի։