12/11/23

Հե՞ն, թե հենք, օրինակ՝ արժեքահե՞ն, թե արժեքահենք

Այսօր մեկը «արժեքահեն» բառի գործածության համար ամոթանք է տվել այն կազմակերպությանը, որում աշխատում եմ իբրև խմբագիր, ուստի ստիպված եղա իբրև պատասխան գրելու ներքոբերյալ բացատրությունը։

«Արժեքահեն»-ն էլ, «արժեքահենք»-ն էլ և ընդհանրապես բոլոր այն ածականները, որոնք կազմված են «հեն(ք)» բաղադրիչով, նորակազմություններ են, հնուց ավանդված չեն, ուստի դրանց ճիշտ կամ սխալ լինելը կարելի է որոշել քննությամբ, բայց ո՛չ՝ բառարանային վկայությամբ կամ գործածության հին ավանդույթով։ «Հեն»-ը (գրաբարյան՝ յեն) բայահիմք է՝ «հենվել»-ի (յենուլ) արմատը, իսկ «հենք»-ը գոյական է, որ կազմված է «հէն» արմատից՝ «հինել» (հյուսել) բայի հիմքից։ Այսինքն՝ երկու տարբեր արմատների հետ գործ ունենք, և նրանցից ոչ մեկը «ավազակ» նշանակող «հէն»-ը չէ, ինչպես սխալմամբ կարծում են ոմանք (գրաբարում «ավազակ» նշանակող բառը գրվում է այնպես, ինչպես «հէնք»-ի արմատ «հէն»-ը, այսինքն՝ կարող է նույնանալ այդ երկրորդ արմատի հետ, բայց ոչ՝ «յենուլ» (հենվել) բայի արմատ «յեն»-ի)։ 

Ուրեմն՝ ունենք հայերեն յեն, հէն, հէն երեք տարբեր արմատներ, որոնք ժամանակակից արևելահայ ուղղագրությամբ ձևով նույնանում են, ուստի շատերի համար իմաստային շփոթ առաջացնում։ Եթե մենք դասական ուղղագրությամբ գրեինք սրանցով կազմությունները (օրինակ՝ արժէքայեն, արժէքահէնք), որևէ մեկը «ավազակ» նշանակող բառը չէր գտնի առաջին արմատով կազմություններում, քանի որ «յեն»-ը  «ավազակ» չի նշանակում։ 

Առաջինով (յեն) կազմությունները անգլերեն -based բաղադրիչով կազմությունների հայերեն համարժեքներն են, օրինակ՝ knowledge-based, value-based՝ գիտելիքահեն, արժեքահեն (այսինքն՝ գիտելիքի վրա հենված/հիմնված, արժեքի վրա հենված/հիմնված)։ Իսկ երկրորդով (հէն) կազմությունները, քանի որ իբրև երկրորդ բաղադրիչ ունեն «հենք» գոյականը, տալիս են տարընթերցման հնարավորություն, օրինակ՝ «գիտելիքահենք»-ը կարող է ընկալվել իբրև գոյական և նշանակել «գիտելիքի հենք/հիմք»։ Ահա սա է պատճառը, որ հայերենում գործածվող այս զուգաձևերից այն մեկն ենք նախընտրում, որն առավել ճշգրտորեն է արտահայտում անգլերեն -based-ով կազմությունների իմաստը։ Բացի դրանից, երբ խոսքը կոնկրետ «արժեքահեն-արժեքահենք» զուգաձևության մասին է, ապա այսօր «արժեքահեն» տարբերակը մի քանի անգամ ավելի շատ է կիրառվում հայերենում, քան «հենք»-ով տարբերակը (կարող եք որոնել համացանցային որոնման ծառայություններում՝ համոզվելու համար)։