Վերջին շրջանում շատերն անգլերեն parenting-ը, որ այլ բան չի նշանակում, քան ծնողական դաստիարակություն, թարգմանում են անհեթեթ ծնողավարություն բառով։ Սակայն ծնողավարություն նշանակում է ծնողին վարել, ինչպես որ ձիավարություն-ը ձի վարել է նշանակում, իսկ մեքենավարություն-ն էլ՝ մեքենա վարել։
ծնողավարություն-ը կարող է նշանակել նաև ծնողի կողմի՛ց վարվել (հմմտ. համայնավարություն, ժողովրդավարություն)։ Սակայն այս դեպքում էլ հասկանալի չէ վարել-ը։ Ծնողի կողմից «վարվում» է երեխա՞ն։ Երեխային հայերենում կարելի է վարե՞լ։ Կամ ծնողի պարտականությունը երեխային վարե՞լն է։ Երեխային դաստիարակելն ու մեծացնելը երեխային վարե՞լ է նշանակում։ Ինչպես էլ որ բացատրենք ծնողավարություն-ը, այն խիստ անհաջող կազմություն է։ Պետք է հաշվի առնել նաև, որ հայերենում վարել բայի կրավորականը՝ վարվել-ը, սովորաբար չի գործածվում այդ նույն իմաստով։ Եթե կարող ենք ասել՝ անչափահասը վարում էր մեքենան կամ օրիորդը վարեց իր ձին, ապա կխուսափենք ասելուց՝ մեքենան վարվում էր անչափահասի կողմից կամ ձին վարվեց օրիորդի կողմից։ Որովհետև հայերենում վարվել բառաձևն առաջին հերթին ընկալվում է որպես չեզոք սեռի բայ, որը նշանակում է հարաբերվել մեկի հետ (մեկի հետ վարվել)։ Ուստի «վար» երկրորդ բաղադրիչով բոլոր այն կազմությունները, որոնց առաջին բաղադրիչը բացառական կամ գործիական հոլովի իմաստով է գործածվում, անհաջող են։ Նույնպես անհաջող են համայնավար կամ համայնավարություն և ժողովրդավար կամ ժողովրդավարություն