8/20/23

Գրաբար սովորողների, գրաբարից ու գրաբար թարգմանողների և քննական բնագրեր կազմողների համար


1) Եթե որոշել եք գրաբար սովորել, գրաբարի քերականությունը կարող եք սովորել քերականության ո՛րևէ դասագրքով (19-րդ դարից ի վեր հրատարակված). դասագրքեր շատ կան, և դրանց մեծ մասը կարող եք նաև ներբեռնել համացանցից։ Նշանակություն չունի, թե ինչ դասագրքով կսկսեք ուսումնասիրել գրաբարը, որովհետև, միևնույն է, չկա մի այնպիսի դասագիրք, որ գրաբարի քերականությունը, ուղղագրությունը, կետադրությունը, ոճական զանազան առանձնահատկությունները կատարելապես ներկայացնի։ Ուստի պետք է սկսել սովորել ո՛րևէ դասագրքով, իսկ հետո ուսումնասիրել ձեռքն ընկած ամեն դասագիրք՝ դրանից քաղելով այն, ինչ պակասում էր կամ թերի էր ձեր արդեն ուսումնասիրած նախորդ դասագրքերում։ Սակայն այստեղ կառանձնացնենք գրաբարի մի ձեռնարկ, որ պիտի լինի յուրաքանչյուր գրաբարագետի ձեռքի տակ։ Չալըխյան-Այտընյանի «Քերականութիւնն» է դա, որը գրաբարի գիտելիքի անգերազանցելի շտեմարան է։ Գիրքը կարող եք ներբեռնել տրված հղումով։

◊◊◊

2)  Գրաբար, ինչպես և ցանկացած այլ լեզու, լավ սովորել հնարավոր չէ միայն քերականության ուսումնասիրությամբ, նույնիսկ եթե գործածում եք այնպիսի ձեռնարկ, որում կան նաև ընթերցանության համար նախատեսված կարճ թե երկար տեքստեր։ Գրաբար լավ սովորել կարելի է գրաբարյան բնագրեր շատ կարդալով և նաև գրաբարով որոշ գրվածքներ անգիր անելով։ Թե՛ ընթերցանության և թե՛ անգիրների համար ամենահարմար գիրքը նախ և առաջ Աստվածաշունչն է։ Գրաբար սովորելու նպատակով անգիր անելու համար հարմար են ոչ թե «Նարեկ»-ը կամ, ենթադրենք, Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի»-ն, այլ սաղմոսները, ավետարանական որոշ հատվածներ, Աստվածաշնչի մարգարեական ու իմաստության գրքերից հատվածներ։ Այսինքն՝ Ե դարում ստեղծված այն բնագրերը, որոնք ունեն ամենապարզ ու կանոնավոր լեզուն, որոնք ավելի հեշտ է թե՛ ընկալել, թե՛ անգիր անել ու դրանցից ճիշտ գրաբար սովորել։ Նախորդ բոլոր դարերում ապրած մեր նախնիները, որ ստեղծագործել են գրաբարով, լեզուն սովորել են նախևառաջ Ավետարան և սաղմոսներ շատ կարդալով, իսկ գոնե ձեռնադրված քահանաներից պահանջվում էր բոլոր սաղմոսներն անգիր իմանալ։ 19-րդ դարում գրաբարին դեռևս հիանալի տիրապետող անձանց, օրինակ՝ մխիթարյան հայրերի, գրաբարի առաջին ընթերցարանը եղել է ո՛չ այլ գիրք, քան Ավետարանը։ Սա նշանակում է, որ մեր նախնիների գրաբարը, որ դարում էլ որ գործածված լինի, ինչ առանձնահատկություններ էլ որ ունենա, ձևավորվել է նախևառաջ Աստվածաշնչի լեզվի հիման վրա։ 

Անշուշտ գրաբարի գիտելիքները խորացնելու համար պետք է կարդալ նաև գրաբարով այլ գրքեր՝ նախ՝ Ե դարի ինքնուրույն և թարգմանական գրականություն, ապա՝ նաև մյուս դարերի։ Բայց թե՛ սկզբի համար, թե՛ որպես մշտական ուղեցույց հետագայում՝ Աստվածաշնչի լեզուն պետք է դիտվի գրաբարի գիտելիքի կարևորագույն աղբյուր։ 


◊◊◊

3) Եթե արդեն ունեք գրաբարի որոշակի գիտելիք և կամենում եք թարգմանություններ անել՝ դրանք հրատարակելու կամ տարածելու նպատակով, ապա միայն գրաբարի գիտելիքը բավական չէ սրա համար։ Նախ պետք է համոզվեք, որ տիրապետում եք գրագետ աշխարհաբարի և ունեք թարգմանելու շնորհք ու հմտություններ, այսինքն՝ գիտեք, թե ինչպես է պետք թարգմանել, ինչ կարելի է անել թարգմանելիս և ինչ՝ ոչ։ Եվ երկրորդ՝ պետք է ունենաք նաև աստվածաբանական որոշակի գիտելիքներ։ Եթե աստվածաբանությունից ոչինչ չեք հասկանում, քրիստոնեական վարդապետության նույնիսկ պարզագույն դրույթներին ծանոթ չեք, ապա ձեր թարգմանությունը վստահելի չի լինի, քանի որ, ամենայն հավանականությամբ, թարգմանելու եք մի բան, որը չեք հասկանում. գրաբարյան տեքստերի մեծագույն մասը կրոնական է կամ «կրոնախառն»։ Եթե տեքստը չեք հասկանում, մի՛ թարգմանեք։ Նաև՝ եթե թարգմանելու փոխարեն պիտի շատ գրագետ ու գեղեցիկ հայերենով ստեղծեք մի նոր գործ և ոչ թե ճշտությամբ թարգմանեք գրաբարյան տեքստը, ապա դարձյալ՝ մի՛ թարգմանեք։ Այլապես ձեր արածը խաբեություն է․ դուք գրաբարյան տեքստի հեղինակի անունով ներկայացնում եք մի գործ, որ այդ հեղինակինը չէ, այլ ընդամենը «վարիացիա» է այդ հեղինակի ինչ-որ գործի թեմայով, կամ ներկայացնում եք մտքեր, որոնք նա չի արտահայտել, այլ դուք եք երկնել։ Ես այդպիսի «թարգմանությունների» հանդիպել եմ և զարմացել մարդկային մտքի հանդգնության ու «աղվեսության» վրա։

Գրածս չի վերաբերում բոլոր դեպքերին։ Որովհետև հին լեզուներով ստեղծված գրականության մեջ միշտ էլ պատահում են իրոք դժվարհասկանալի կամ թերություններով (կրճատում, եղծում ևն) մեզ հասած նախադասություններ կամ դրանց մասեր, որոնք հասկանալն ու ճշտությամբ թարգմանելը դժվար է կամ նույնիսկ անհնար, ուստի դրանց թարգմանությունը կարող է լինել պայմանական։ Բայց նման դեպքերում միշտ ցանկալի է հնարավորության դեպքում ծանոթագրությամբ հայտնել այս խնդրի մասին, բնագրում չեղած բառ կամ արտահայտություն ավելացնելիս էլ գործածել ուղիղ փակագծեր և այլն։


◊◊◊

4) Կան գրաբար լավ իմացողներ (կամ անգամ ոչ այնքան լավ իմացողներ, որոնք, ցավոք, տեղյակ չեն դրան), որ սիրում են գրաբարով սեփական տեքստեր շարադրել (կամ ժամանակակից լեզուներից գրաբար թարգմանել) ու ներկայացնել հանրությանը։ Այս տեքստերը մեծավ մասամբ անբնական են, իսկ երբեմն էլ ունեն տարբեր տիպի սխալներ, որ վրիպել են հեղինակի աչքից։ Այս տեքստերն ընթերցողները, որոնց 90 տոկոսը, եթե ոչ՝ ավելին, գրաբար չգիտի, ի՞նչ են անում, երբ կարդում են այս գրվածքները։ Հիանում ու զարմանում են, ճի՞շտ է։ Կարգին չեն հասկանում՝ ինչ է գրված. միայն կարող են, ճիշտ թե սխալ, կռահել ինչ-որ բաներ։ Եթե գրաբարով տեքստեր շարադրելու ձեր նպատակը գրաբարի հանդեպ սեր արթնացնելն է այլոց շրջանում, ապա գրաբարով գրված շատ ավելի բնական ու շատ ավելի անսխալ տեքստեր կան Ե դարից ի վեր ստեղծված մեր հարուստ գրականության մեջ։ Միշտ էլ կարելի է գեղեցիկ հատվածներ ընտրել ու հրամցնել հանրությանը, որ մարդիկ կարդան, հիանան ու գրաբարով հետաքրքրվեն։ Բայց եթե սխալներով ու անբնական գրաբարն եք տարածում, մարդկանց մեջ գրաբարի սխալ ճաշակ եք ձևավորում, ուստի ստիպում եք մտածել, որ ձեր նպատակը մարդկանց զարմացնելն ու հիացնելն է միայն` ձեր սնափառության բավարարումը, և ո՛չ թե մարդկանց որևէ օգուտ տալը։ Եթե դուք գիտեք մի բան, որ չգիտի մարդկանց 90 կամ թեկուզ 95 տոկոսը, ապա միշտ կա այն 10 կամ 5 տոկոսը (կամ թեկուզ 2 տոկոսը, եթե այդքան եզակի եք ձեզ համարում), որ թե՛ գիտի ձեր գիտեցածը, թե՛ կարող է ձեր գիտելիքի բացերը նկատել։ Անգետներից սին պատիվ ու փառք ժողովելը մի՞թե ազնիվ ու պատվական արարք է, եթե դրա նպատակն այդ անգետներին գիտությամբ լցնելը, ձեր գիտելիքից, այսինքն՝ ձեզ տրվածից, նրանց էլ բաժին հանելը չէ, այլ սեփական (ընդ որում հաճախ պակասավոր) գիտելիքի միայն ցուցադրությունը։ Որովհետև ձեր այդ գրաբարյան տեքստերից ոչ մի օգուտ չկա մարդկանց. դեռ ավելին, գրաբար սովորել ցանկացողները սխալ գրաբար են սովորելու ձեզնից։ Օրինակ՝ ինքնավստահ կերպով այսպիսի գրաբար մատուցելը հանրությանը պախարակելի է. սա նման է գրաբարի ծաղրի։ Եթե իրո՛ք սիրում եք գրաբարը, մի՛ տրվեք գրաբարով ինչ-որ բան գրելու կամ թարգմանելու և ապա ձեր գրածը հանրությանը ներկայացնելու այս անտեղի ու անիմաստ գայթակղությանը։ 


◊◊◊

5) Քննական բնագրեր կազմողները պետք է իմանան հետևյալը։ Որևէ ձեռագրի հնությունը դեռ չի նշանակում, որ նրա պարունակությունն ավելի ճիշտ ու վստահելի է, քան մի ավելի նոր ձեռագրի պարունակությունը։ Եթե, օրինակ, «Ա» ստեղծագործության քննական բնագիրն եք կազմում և դրա համար հիմնվում այդ գործը պարունակող միայն ամենահին ձեռագրերի, ընդ որում՝ շատ փոքրաքանակ (ենթադրենք՝ մեկ-երկու-երեք) ձեռագրերի վրա՝ անտեսելով հետագա և ուշ դարերում եղած օրինակները, մի՛ կարծեք, թե իսկապես գիտականորեն վստահելի տեքստ եք հրապարակում։ Որովհետև դուք չգիտեք, թե «Ա»-ն ինչ ճանապարհ կամ ճանապարհներ է անցել իր ստեղծումից ի վեր։ Չի բացառվում, որ մի ավելի նոր ձեռագիր, որ դուք անտեսել եք, շատ ավելի վստահելի աղբյուրի հետագա կրկնօրինակ լինի, քան ձեր ընտրած ամենահին ձեռագրերը, որոնցում «Ա»-ն եղծված է, օրինակ՝ խմբագրված է կամ կոպիտ միջամտությունների ենթարկված։ 

Որևէ հին գործի օրինակները մեզ չեն հասնում միայն մեկ աղբյուրից․ նրանց անցած ճանապարհը միագիծ չէ։ Դրանք կարող են հասնել տարբեր վստահելիության աստիճան ունեցող տարբեր աղբյուրներից, ուստի տեքստի հնարավորինս լավ պահպանումն ու վստահելիությունը կախված  են նրանից, թե X  օրինակի աղբյուրը ո՛րն է եղել, ինչպիսի՛ն է եղել կամ հենց X-ը ստեղծողը որքա՛ն բարեխղճություն է ունեցել, և ոչ թե՝ թե  X  օրինակը ո՛ր դարում է ստեղծվել։ Որ հնությունը միշտ չէ, որ ճշտության ու վստահելիության ցուցիչ է, լավ գիտեն, օրինակ, հունարեն Ավետարանի ամենահին ձեռագրերի ուսումնասիրությամբ զբաղվողները։ Հին ձեռագիրը միայն այն դեպքում է անկասկած վստահելի, եթե ինքնագիր է, այսինքն՝ ստեղծվել է հենց հեղինակի ձեռքով։ Իսկ մենք հաճախ գործ ենք ունենում այնպիսի ձեռագրային օրինակների հետ, որոնցից անգամ ամենահները կարող են ստեղծված լինել սկզբնագիր օրինակից հարյուրավոր տարիներ հետո։ 

Իմ փորձից մի օրինակ բերեմ։ Հովհաննես Ծործորեցու «Մատթեոսի Ավետարանի մեկնության» գրաբարյան քննական բնագիրը (որը հրատարակության համար վերջնական տեսքի ես եմ բերել, բայց գործի կազմակերպիչը, ձեռագրերն ընտրողն ու արտագրողը ես չեմ եղել) կազմվել է ուշ շրջանի ձեռագրերի անտեսմամբ և այս գործի միայն տպագրի ու հնագույն պահպանված (միայն մեկ) ձեռագրի հիման վրա։  Սակայն երբ ես այս գործն ավելի ուշ թարգմանում էի աշխարհաբար, որոշ դեպքերում ստիպված եղա գնալ Մատենադարան, գտնել ավելի ուշ շրջանի ձեռագիր և թարգմանելիս այն հաշվի առնել, որովհետև թարգմանելիս հասկացա, որ քննական բնագիրն այնքան էլ վստահելի չէ և կարիք կա որոշ տեղեր հավելյալ ճշտելու։ Հայ բանասիրության մեջ հայտնի փաստ է, որ Հովհաննես Ծործորեցին ընդունել է կաթոլիկություն և, բնականաբար, հավատացել է կաթոլիկյան այնպիսի ուսմունքների, ինչպիսին են քավարանը, Սուրբ Հոգու՝ նաև Որդուց բխումը և այլն։ Պարզվեց, որ հին ձեռագրում, որ գործածվել էր քննական բնագրի կազմության համար, կաթոլիկյան ուսմունքին վերաբերող բոլոր մասերը խմբագրված էին, այսինքն՝ հին ձեռագիրը խմբագրություն էր Հայ առաքելական եկեղեցու հետևորդի ձեռքով, և տպագիրը նույնպես այդ խմբագրության հրատարակություն էր։ Մինչդեռ ավելի ուշ շրջանի ձեռագիրը պահպանել էր Ծործորեցու գործի վերոնշյալ հատվածները, ուստի այդ առումով շատ ավելի վստահելի էր։

Այնպես որ, եթե քննական բնագիրը կազմում եք ոչ թե մի բան արած ու հրատարակած լինելու համար, ոչ թե պարզապես ձեր հրատարակած գործերի շարքը հարստացնելու համար, այլ այն բարի նպատակով, որ հնարավորինս ավելի ճշգրիտ ու վստահելի տեքստ հրամցնեք հայագիտությանը, ապա երբեք մի՛ անտեսեք ուշ շրջանի ձեռագրերը և գործն անելիս մի՛ հիմնվեք այն թյուր կարծիքի վրա, թե հինը միշտ ավելի ճիշտ ու վստահելի է։ Ո՛չ, դա այդպես չէ։


◊◊◊

6) Քննական բնագրերի ու հին ձեռագրերի վերաբերյալ կա մի ուրիշ թյուր կարծիք ևս։ Ոմանք որևէ գրաբարյան գործի անգամ հին տպագրերը համարում են անկարևոր, անվստահելի, կասկածելի, իսկ այդ գործի մի ժամանակակից քննական բնագիր կամ պարզապես մի հին ձեռագիր՝ ավելի կարևոր  ու վստահելի։ Նախ՝ ցավոք սրտի, վերջին ժամանակներում հրատարակված որոշ քննական բնագրեր ոչ միայն վստահելի չեն, այլև այնքան սխալաշատ են կազմողի թե հրատարակչի փնթիության պատճառով, որ պարզապես աղբ են։ Բնականաբար, այդպիսի «քննական» բնագիրը չի կարող լինել ավելի վստահելի, քան մի որևէ բարեխիղճ տպագիր հրատարակություն։ 

Երկրորդ՝ որևէ գրաբարյան գործի որևէ տպագիր հրատարակություն ունի նույն կարևորությունը, ինչ որևէ ձեռագիր։ Միայն այն տպագիր հրատարակությունն է անկարևոր, որի աղբյուրը կա և կարող ես օգտվել այդ աղբյուրից։ Որովհետև ի՞նչ է ձեռագիրը. ձեռքով գրված տեքստ։ Իսկ ի՞նչ է տպագիրը. տպագրական մեքենայով «գրված» տեքստ։ Ձեռագրի և տպագրի միջև տարբերությունը միայն տեխնիկական է։ Ենթադրենք՝ մի գրաբարյան գործ մեզ հասել է թե՛ հին ձեռագրերով, թե՛ հին կամ նոր տպագիր հրատարակություններով։ Ենթադրենք՝ այդ գործը տպագրվել է թե՛ 17-րդ, թե՛ 18-20-րդ դարերում։ Արդյո՞ք այս հրատարակություններն ունեն պակաս արժեք ու կարևորություն, քան նույն 17-րդ դարում կամ թեկուզ ավելի հին որևէ դարում արտագրված որևէ ձեռագիր։ Ի՞նչ տարբերություն, թե այդ գործն ընդօրինակողները դա ինչով են արել՝ ձեռքո՞վ արտագրելով (հետն էլ «ձեռքի հետ» խմբագրելով, լիքը սխալներ թույլ տալով, բացթողումներ անելով ևն), թե տպարանի գործիքներով։ Միայն այն, որ ինչ-որ գործ կա մի հին ձեռագրում, չի նշանակում, որ այդ ձեռագրում եղածն ավելի վստահելի է, պակաս սխալաշատ, պակաս խմբագրված-փոփոխված, քան նույն գործի մի տպագիր օրինակ, որի աղբյուրն անշուշտ նույնպես մի ինչ-որ ձեռագիր է կամ ձեռագրեր (գուցե շատ ավելի վստահելի ու պակաս սխալներով)։ Այսինքն՝ մեր այս տպագիրն այլ բան չէ, քան հին ձեռագրի մեկ այլ արտագրություն՝ պարզապես տեխնիկական այլ միջոցներով կատարված։ 

Տպագրի տեքստը կարող է փոփոխված, խմբագրված, սրբագրված, այսինքն՝ միջամտությունների ենթարկվա՞ծ լինել։ Իհա՛րկե կարող է։ Բայց չէ՞ որ նույնը կարելի է ասել ցանկացած դարում արտագրված ցանկացած ձեռագրի մասին, եթե միայն այն ինքնագիր չէ, այսինքն՝ գործի հեղինակի սեփական ձեռքով գրվածը չէ։

Հետևաբար, որևէ հին գործի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար պետք է ունենալ այդ գործի այնպիսի քննական բնագիր, որը թե՛ չի անտեսում ուշ շրջանի ձեռագրերն ու տպագրերը և թե՛ կազմված է իսկապես բարեխիղճ և ոչ թե թափթփված անձի կողմից։ Սակայն որևէ գործի ո՛րևէ առանձին ձեռագիր կամ տպագիր նույնպես կարևոր է։ Որովհետև որևէ գործի քննական բնագիրն ունենալը, միևնույն է, դեռ չի նշանակում ունենալ այդ գործի սկզբնական վերականգնված տեսքը։ Այդ տեսքը կարող է շատ վաղուց վերացած լինել, եթե մեզ հասել են շատ ուշ շրջանի ձեռագրային ընդօրինակումներ։ Անկարևոր ու մերժելի է անբարեխիղճ կազմված կամ տպագրված քննակա՛ն բնագիրը, երբ կան նույն գործի ավելի բարեխիղճ հրատարակություններ։