1/27/24

«Ի»-ով վերջացող հատուկ անունների սեռական հոլովը

 Եթե վստահ չենք՝ -ով վերջացող հայկական անվան հոլովաձևն ինչ պիտի լինի, բացում ենք հայերենի ուղղագրական ամենավերջին բառարաններից մեկը և այնտեղ գտնում անհրաժեշտ բառի նաև հոլովական վերջավորությունը (բառի կողքին նշվում է, եթե այն կանոնական չէ կամ կարող է հասկանալի չլինել)։ Կարող եք անհրաժեշտ բառերը որոնել Փ. Մեյթիխանյանի ուղղագրական բառարանում, որն առցանց հասանելի է «Նայիրի» կայքում։

Իսկ եթե անհրաժեշտ բառը բառարանագիրը չի ներառել բառարանում, ապա հիշում ենք հետևյալը։

  1. Հայերենում սովորաբար ի-ով վերջացող բառերը պատկանում են ու հոլովման։ Հատուկ անունների դեպքում, եթե դրանք հայկական են, այս կանոնը նույնպես գործում է (եթե կան բացառություններ, բառարաններում սովորաբար նշվում է)։ Այսինքն՝ եթե անգամ չկա բառարանում, ենթադրենք, Վեդի բառը, ապա ապահովությամբ կարելի է գործածել դրա Վեդու սեռականը (որովհետև դա կանոնական ձև է)։ Եթե չկա Կումայրի-ն, ապա սեռականը՝ Կումայրու։ -ով վերջացող հայկական անունները (դարձյալ եթե բացառություններ չեն, որոնք սովորաբար կարելի է գտնել բառարանում) հանգիստ կարելի է նաև ի հոլովմամբ հոլովել, այսինքն՝ եթե գրենք Վեդիի կամ Կումայրիի, դարձյալ սխալված չենք լինի։

Րաֆֆի-ն, եթե հայտնի գրողի անունն է, սեռականում ունի -ու վերջավորությունը՝ Րաֆֆու, իսկ եթե ժամանակակից անձի անուն է, ապա՝ Րաֆֆիի։

  1. Ինչ վերաբերում է օտար անուններին, ապա դրանք հոլովվում են ի հոլովմամբ (Հարրիի, Մերիի, Աբադիի և այլն)՝ բացի սլավոնական -սկի, վրացական -շվիլի ածանցներով վերջացողներից, նաև Գորկի ռուսական ազգանունից (Գորկու)*։

* Օտար ազգանունների վերաբերյալ ավելի մանրամասն տես այս հոդվածը։