09/09/2021
Անգլերենից արևելահայերեն տառադարձություն
18/12/2020
Վերին արդարություն
Վերջերս վերին կամ աստվածային արդարության մասին ես շատ կարևոր բան սովորեցի թռչուններից ու կատուներից։ Սովորեցի, որ վերին արդարություն գոյություն չունի։ Որ եթե կա Աստված կամ մի գերագույն զորություն, նա բոլորովին այլ կերպ է մտածում և այլ կերպ գործում։ Նա անարդար է ըստ մեր չափանիշների, ուստի նրանից արդարություն ակնկալելը միամտություն է։ Նա չի պատժում անարդարություն գործած ազգերին, ինչը մենք շարունակ ակնկալում ենք ու սրա վերաբերյալ հույսեր փայփայում։
Ես սենյակիս պատուհանագոգին միշտ կեր եմ դնում թռչունների համար։ Մինչև պատերազմի սկիզբը հիմնականում ճնճղուկներ ու մեծ երաշտահավեր էին ամեն օր օգտվում կերամանից․ հատկապես ճնճղուկներն էին շատ։ Տատրակներ երբեք չէին գալիս։ Բայց պատերազմի հենց սկզբում հայտնվեցին փոքր տատրակներ, որոնք առ այսօր ամեն օր օգտվում են կերամանից, հաճախ նույնիսկ մինչև տասը տատրակ, իսկ ճնճղուկները տատրակների հայտնվելուն պես հեռացան այնպես, որ ընդհանրապես չեն գալիս։ Մեծ երաշտահավերն ինչպես նախկինում, հիմա էլ են գալիս, բայց կերամանի տարածքի հիմնական տերերը փոքր տատրակներն են։ Ես տխրել եմ ճնճղուկներիս համար։ Տատրակները շատ սիրուն են, իհարկե, ես նրանց շատ եմ սիրում, բայց ճնճղուկներս ավելի համովիկ էին, անվերջ ծլվլում էին, աղմկում և ուրախությունս էին։ Պատերազմի օրերին մտածում էի՝ հետաքրքիր կլինի, եթե պատերազմը վերջանա, ու տատրակներն ինչպես եկել էին պատերազմի սկզբում, այդպես էլ հեռանան, իսկ քշված ու իրենց նախկին տարածքից զրկված ճնճղուկներս վերադառնան։ Բայց չէ՛, ճնճղուկներս չեն գալիս, տատրակները գրավել են այս տարածքն ու չեն ուզում նրանից զրկվել։
Ու հանկարծ մի օր մտածեցի, որ ես անշուշտ չեմ կարող տատրակներին չսիրել, որ քշել են ճնճղուկներին ու գրավել նրանց տարածքը։ Ու չեմ կարող պատժել տատրակներին դրա համար։ Ես սիրում եմ տատրակներին և ամեն օր շարունակում եմ կերակրել նրանց։
Մեր տարածքում կան նաև կատուներ, որոնց կերակրում եմ, ու նրանք մեր պատշգամբում են գիշերում ու ցերեկը հանգստանում։ Շատ են, տուն չեմ առնում՝ մեկից բացի, որն ամենատարիքովն է։ Ու այդ տարիքովը մի օր հարձակվեց մի ավելի երիտասարդ արուի վրա մեր պատշգամբում ու համարյա գզեց ու քշեց պատշգամբից։ Երկու օր չերևաց երիտասարդ արուն։ Տխրել էի, որովհետև դրան էլ էի սիրում, նաև շատ բարկացել էի ավելի տարեց կատվի վրա։ Նույնիսկ մի օր չկերակրեցի նրան՝ որպես պատիժ։ Բայց հետո տեսա, որ չեմ կարող բարկանալ, ախր լավն է ։) Էլի սիրում եմ, ինքն էլ քսմսվում է ոտքերիս, գալիս պառկում անկողնուս։ Ի՞նչ անեմ, ո՞նց պատժեմ։ Չէ՛, չեմ պատժում, կերակրում եմ ու սիրում։
Ահա թե ինչ սովորեցրին ինձ կենդանիները վերին կամ աստվածային արդարության մասին։ Սովորեցրին, որ ինչքան էլ մի ազգ անարդար ու անբարո լինի, որ սեփականացնի մի ուրիշ ազգի տարածքը, մի ուրիշ ազգի «գզի» ու վտարի նրան նրա տարածքից, Աստված կամ վերին ինչ-որ ուժ կամ բնության համընդհանուր օրենքը, որ վերաբերում է անխտիր բոլոր արարածներին, ներառյալ մարդկանց, շարունակելու է հոգալ ու «սիրել» անարդարություն գործածին, ուրիշի տարածքը խլածին։ Այդ պատճառով էլ ինչքան էլ մենք ակնկալենք, հուսանք, մաղթենք՝ հույսը դնելով վերին արդարության վրա, որ մեր հանդեպ անիրավություն ու անարդարություն գործած ազգերն Աստծուց կպատժվեն մի օր, կկործանվեն, Բաքուն կվառվի, արդարությունը կվերականգնվի, դա տեղի չի ունենա, ինչպես որ տեղի չի ունեցել մինչև այսօր։ Մենք ենք, որ կորցրել ենք ու շարունակում ենք կորցնել, իսկ մեր հայրենիքն ու մեր ժողովրդի միլիոնավոր զավակների կյանքը խլածները շարունակում են բարգավաճել ու հանգիստ ապրել, շատանալ ու աշխարհը գրավել։
Արդարությունը կարող է վերականգնվել միայն մի՛ դեպքում։ Եթե հանկարծ ճնճղուկները քաջություն ձեռք բերեն, չվախենան տատրակներից ու հարձակվեն սրանց վրա ու քշեն իրենց նախկին տարածքից՝ նորից տիրանալով դրան։ Բայց դա ե՛ս չեմ անելու, հասկանո՞ւմ եք։ Դուք էլ չէիք անի։ Ես տատրակներին երբեք չեմ քշի, ինչքան էլ որ ճնճղուկների համար տխրած լինեմ։ Ահա այսպիսի «վերին» արդարություն։
09/12/2020
Հայհոյանք
Տեսեք, թե 1924-ին ինչ են գրել «Մաճկալ» լրագրում մեր սովորություններից մեկի մասին։
«.... Հայհոյանքը տարածված է մեր բոլոր գյուղերում, գյուղացիների մեջ։ Հայհոյում են և ծեր մարդիկ ու կնիկներ, և ջահել աղջիկներ ու տղերք։
Գյուղերում երեխան առաջին խոսքը, որ սովորում է, դա հայհոյանքն է։
Երեխաների լեզուն բացվում է հայհոյանքով, ու այդպես էլ մեծանում են։
Դեռ 3-4 տարեկան երեխաները իրար հետ խոսելիս պիտի հայհոյեն։
Նոր, մի դեռ չլսած, ճարպիկ հայհոյանք տալը մեր մի շարք գյուղերում, մանավանդ երիտասարդների՝ հոտաղ բատրակների մեջ խելոքության նշան է։
Հասակավոր մարդիկ նույնպես երկու խոսք առանց հայհոյանքի չեն կարող ասել։
Հայհոյանքներից ծագում է առնում մեծ կռիվներ, տուր ու դմբոց, քիթ ու պռունկ ջարդել և այլն։
Կռիվը տարածվում է շատ անգամ ամբողջ գյուղում և գյուղը բաժանում երկու թայֆաների, որը շատ վնասակար է։ Եթե խմած էլ եղած են, բանը պրծավ։
Ժամանակ է, որ մեր գյուղացիները վերջ տան այդ կեղտոտ սովորությանը։ Կոմսոմոլը մեծ գործ պիտի կատարել այս հարցում։ Նա պետք է օրինակ դառնա մյուսներին։
Այս ուղղությամբ օրինակելի որոշում է արել Դվինի գյուղգործկոմը։
Նա որոշել է վերջ տալ հայհոյանքին և նրանք, որոնք կհայհոյեն, նրանց ենթարկել տուգանքի — շտրաֆի 3-ական փութ ցորեն, հօգուտ գյուղի խրճիթ ընթերցարանի և ակումբի»։
«Մաճկալ», 1924/10
Հեղինակը (Յե.՞, լավ չի երևում) հավանաբար Եղիա Չուբարն է՝ թերթի գլխավոր խմբագիրը։
25/09/2020
Մաքրուհի ու մայրապետ
«Մաքրուհի»-ն ու «մայրապետ»-ը կրոնական եզրեր են։ Առաջինը նշանակում է մաքուր, սրբուհի և ոչ թե մաքրող (մաքուր + ուհի → մաքրուհի, հմմտ․ սուրբ + ուհի → սրբուհի, գեղեցիկ + ուհի → գեղեցկուհի), իսկ երկրորդը՝ միանձնուհի, կին կրոնավոր և ոչ թե սանիտար։
Լավ չէ, որ այս բառերը տարածվել են ո՛չ իրենց ոլորտում և ո՛չ ճիշտ իմաստով։ Ի՞նչ էր պատահել «հավաքարար»-ին, որ չգիտեմ ով և ինչու մեջտեղ գցեց «մաքրուհի» տգետ ու անպատշաճ կազմությունը, եթե այն գործածվում է հավաքարարի համար։
Մայրապետն էլ, բացի նրանից, որ նշանակում է կրոնավորուհի, երբեմն գործածվել է միայն բարձր աստիճան ունեցող կրոնավորուհու համար և ոչ թե շարքային վանական քրոջ։ Օրինակ՝ մայրապետներ էին կոստանդնուպոլսեցի հանրահայտ Սրբուհի մայրապետ Գալֆայանը, որ հիմնեց Գալֆայան որբանոցը, թիֆլիսեցի Հռիփսիմե մայրապետ Թայրյանցը, որ նվիրել է Էջմիածնի Մայր տաճարի կենտրոնական դուռը և մահվանից հետո թաղվել Սբ Գայանե վանքի բակում։ Այս կանայք ամուսնացած չէին, հագնում էին սև շորեր, վզից կախված ունեին խաչ, ապրում էին հատուկ միաբանություններում։ Դե հիմա հասկացեք, թե որքան անպատշաճ է «մայրապետ» կոչել այսօր հիվանդանոցներում աշխատող սանիտարներին։ Նույն տրամաբանությամբ, ուրեմն, տղամարդ սանիտարներին էլ պետք էր «վարդապետ» կոչել։
Սրբուհի մայրապետի նկարն էլ վերցրել եմ այստեղից։ Հղումով եթե գնաք, կտեսնեք ավելի շատ մայրապետների նկարներ։
16/07/2020
Ձեռնարկներ և աշխատություններ (հայոց լեզու)
◇ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
▪ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ
▪ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ
◇ Խոսքի մշակույթ
◇ Հնչյունաբանություն, բառագիտություն, ուղղագրություն
◇ Կետադրություն
◇ Հայոց լեզվի պատմություն
◇ Միջին հայերեն
◇ Տառադարձություն
◇ Բարբառագիտություն
◇ ԶԱՆԱԶԱՆ
◇ Ընդհանուր լեզվաբանություն
Գրաբարի ձեռնարկներն ու ընթերցարանները տես այստեղ։
04/03/2020
Feedback՝ հետադարձ կա՞պ
Որոշ բառերի անհարկի կամ սխալ կիրառություններ մոլախոտի պես տարածվելու հատկություն ունեն և շարունակ լսվելու պատճառով սկսում են իբրև ճիշտ ու գրագետ ընկալվել (ինչպես, օրինակ, «հավաքագրել»-ը, «ի շնորհիվ»-ը և այլն), իսկ իսկապես ճիշտ ու գրագետ ձևերը չկիրառվելու հետևանքով խորթանում են, բայց դրանից, միևնույն է, սխալն ու անգրագետը ճիշտ ու գրագետ չեն դառնում։
19/12/2019
Սպասե՞լ, թե սպասՎել
ՍպասՎում են անակնկալներ։
ՍպասՎում է հաճելի եղանակ։
ԲԱՅՑ՝
Մեզ սպասում են անակնկալներ։
Ձեզ սպասում է հաճելի եղանակ։
Երբ նշում ենք, թե ՈՒՄ է սպասում ինչ-որ բան, ապա այդ ինչ-որ բանը սպասո՛ւմ է ինչ-որ մեկին, չի՛ սպասվում ինչ-որ մեկին։
Ա-ն սպասում է Բ-ին։ (Ոչ թե Ա-ն սպասՎում է Բ-ին)։
Հետևաբար՝
Բ-ին սպասում է Ա-ն։ (Բառերի դասավորության փոփոխությունից բայի ձևը չի փոխվում)։
12/08/2019
Քննադատությունը քաղաքացիական պարտականություն է
1999 թվականի փետրվարին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի The Tech պարբերականում մեկը քննադատում է այդ նույն համալսարանի պրոֆեսոր, հայտնի լեզվաբան ու փիլիսոփա Նոամ Չոմսկուն Ամերիկայի կառավարությանը շարունակ սուր քննադատելու համար և ասում, թե թող Չոմսկին միայն իր ոլորտով՝ լեզվաբանությամբ զբաղվի և ոչ թե քաղաքականության մեջ քիթը խոթի՝ թքելով իրեն աշխատավարձ տվող պետության երեսին։ Ի պաշտպանություն Չոմսկու՝ նույն պարբերականի 1999 թ. մարտի 5-ի համարում տպագրվում են հոդվածներ, որոնցից մեկը՝ երիտասարդ գիտնական Ջուլիա Շտայնբերգերի փոքրիկ հոդվածը, վերնագրված է «Քննադատությունը քաղաքացիական պարտականություն է»։ Հեղինակը մասնավորապես գրում է, որ քննադատությունը ժողովրդավարական երկրի քաղաքացու իրավունքներից մեկն է, և որ ոչ մի ժողովրդավարական երկիր չի կարողանա զերծ մնալ կոռուպցիայից, եթե նրա քաղաքացիները քննադատաբար չվերաբերվեն իրենց կառավարությանը և չբարձրաձայնեն իրենց մտահոգությունների մասին։
Այնպես որ, սիրելի «լռակյա՛ց» հայեր ։), եթե չեք ցանկանում ապրել միապետական հասարակարգում, վերադառնալ ստալինյան կարգերին կամ խայտառակվել իբրև մի նոր Հյուսիսային Կորեա, ավելին՝ եթե չեք ցանկանում, որ տգետ կառավարիչների պատճառով ավերվի ու կործանվի մեր հայրենիքը, իսկ մեր ժողովուրդը հերթական անգամ զրկվի սեփական պետություն ունենալու բախտավորությունից (ցավոք, այս վտանգը միշտ էլ կա), անտարբեր մի՛ եղեք ձեր վախերի պատճառով, մի՛ լռեք կամ գոնե լռելու դեպքում մի՛ փորձեք քննադատողներին լռեցնել։ Սա այն դեպքն է, երբ դուք սխալ եք, իսկ խոսողները՝ ճիշտ ։)
09/07/2019
Հովհ. Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի (Երևան, 1988-1999) 9-10-րդ հատորների բովանդակությունը
Վրիպակներ գտնելու դեպքում տեղեկացրե՛ք, խնդրում ենք։
1-8-րդ հատորների ցանկը տեսնել այստեղ։
IX և X հատորների նամակների հասցեատերերի այբբենական ուղեցույց ․ ․ ․ . 747
* Թումանյան Հովհաննես, Հատոր իններորդ. Նամակներ. 1885-1904, Երևան, 1997
* Թումանյան Հովհաննես, Հատոր տասներորդ. Նամակներ. 1905-1922, Երևան, 1999
Հովհ. Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի (Երևան, 1988-1999) 1-8-րդ հատորների ցանկերը՝ հղումներով
Ներքոբերյալ տեքստը վերցվել է նույն կայքից, պարզապես բոլոր էջերի նյութը մեկտեղվել է նույն էջում՝ որոնումը հեշտացնելու համար։ Հնարավորինս սրբագրել ենք (քանի որ գրանշանների օպտիկական ճանաչման հետևանքով կային բազմաթիվ վրիպակներ), սակայն, վստահ ենք, էլի կլինեն վրիպակներ։ Եթե գտնեք, տեղեկացրե՛ք, խնդրում ենք։
9-10-րդ հատորների բովանդակության ցանկը կարող եք տեսնել այստեղ։
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1988
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 2. Քառյակներ, բալլադներ, թարգմանություններ, Երևան, 1990
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 3. Պոեմներ, Երևան, 1989. կամ այստեղ
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 4. Պոեմներ, Երևան, 1991. կամ այստեղ
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 5. Գեղարվեստական արձակ, Երևան, 1994
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 6. Քննադատություն և հրապարակախոսություն 1887-1912, Երևան, 1994
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 7. Քննադատություն և հրապարակախոսություն 1913-1922, Երևան, 1995
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 8. Ուսումնասիրություններ, օրագրեր և այլ նյութեր, Երևան, 1999
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 9. Նամակներ. 1885-1904, Երևան, 1997
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 10. Նամակներ. 1905-1922, Երևան, 1999
30/06/2019
Որտեղի՞ց ճարենք ստուպիդոմետր
Ա՛յ եթե լիներ մարդու ապուշությունը ստուգող ու չափող սարք՝ ստուպիդոմետր՝ ապուշաչափիչ, կարելի կլիներ դրանով չափել մարդու ապուշության աստիճանը, համեմատել մեկ այլ մարդու ապուշության աստիճանի հետ և որոշել, թե երկուսից ով է ավելի ապուշ։ Որովհետև սրտիս խորքում շատ լավ զգում եմ, որ զրո աստիճանի ապուշ դժվար թե գտնվի աշխարհում, ուստի մնում է միայն որոշել, թե ապուշության որ աստիճանը կարելի է անվտանգ համարել՝ «նորմայի մեջ», իսկ որ աստիճանից սկսած՝ անհանգստանալ։— Հարգելի՛ս, Դուք ապուշ եք,– ասում եք։
— Ապուշը դու ես, մի՛ վիրավորիր։
— Ես չեմ վիրավորում, իրականությունն եմ մատնանշում։ Ասելով, որ Դուք ապուշ եք՝ նկատի ունեմ, որ ապուշության Ձեր աստիճանը նորմայից շատ բարձր է, ինչն էլ թույլ է տալիս Ձեզ «ապուշ» կոչել։ Իսկ իմ ապուշության աստիճանն այնքան ցածր է, որ ոչ մի չափորոշիչով ես չեմ կարող ապուշ համարվել։ Եթե Դուք դրան կասկածում եք, կարող ենք ստուպիդոմետրով ստուգել։
Բայց ստուպիդոմետր չկա։ Հետևաբար, ոչ միայն անիմաստ է ինչ-որ մեկին «ապուշ» կոչելը, այլև խիստ վտանգավոր ։)
«Կոմիտաս վարդապետ» անվան մեջ բոբո տեսնողներին
Կոմիտասին իսկապես սիրող ու հարգող մարդը չի կարող սրբագրել այն անունը, որը ՆԱԽԸՆՏՐԵԼ է ինքը Կոմիտասը։ Կոմիտասի ամբողջական անունն է Տեր Կոմիտաս վարդապետ Սողոմոնյան. եթե աշխարհիկ անունն է պետք, ապա՝ Սողոմոն Սողոմոնյան։ Ուրեմն՝ քանի որ հոգևորականի ամբողջական անունը ներառում է թե՛ կրոնական կարգը, թե՛ ազգանունը, հստակ է, որ Կոմիտասի կենդանության օրոք հրատարակված նրա երկերում միայն «Կոմիտաս վարդապետ» գրելը՝ ազգանվան զեղչմամբ, գիտակից ընտրության արդյունք է։ Եթե նրա անունը գրեին ուրիշները, կգրեին Կոմիտաս վրդ. Սողոմոնյան՝ ազգանունն էլ հետը կնշեին, ինչպես միշտ անում են հոգևորականների անունները գրելիս։ Հետևաբար, Կոմիտասը հենց այդպես է ցանկացել, որ իրեն կոչեն՝ այդ երկու բառով։ Այդպես էլ ստորագրել է՝ Կոմիտաս վարդապետ։
Բացի դրանից, «Կոմիտաս» անունն առանց հավելյալ հստակեցման թերի է։ Նույնն է, թե ինչ-որ մեկին կոչես միայն Գևորգ, միայն Գրիգոր ևն։ Մենք ունենք նաև մեկ այլ նշանավոր Կոմիտաս՝ Է դարի Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսը, որը նույնպես նաև երաժիշտ է եղել և հեղինակել «Անձինք նուիրեալք» հայտնի շարականը։ Ուստի Կոմիտասը կարող է լինել նաև Աղցեցին, եթե չես հստակեցնում, թե որ Կոմիտասի մասին է խոսքը։
Համենայն դեպս կցում եմ երկու նկար՝ Կոմիտասի կենդանության օրոք հրատարակված նրա գրքերից տիտղոսաթերթեր, որ տեսնեք, թե ինչպես է նա ինքը ցանկացել ներկայանալ հանրությանը։ Խնդրում եմ, մարդու ընկալյալ անունը սրբագրել փորձելիս եթե չեք կարող այդ մարդու կարծիքը հարցնել, հետո նոր սրբագրել, այդ մարդու անունը ՀԱՆԳԻՍՏ թողեք և ավելի լուրջ ու օգտակար զբաղմունք գտեք։
28/06/2019
Երբ կասկածամտությունը լավ բան է
Համացանցը մի մեծ աշխարհ է, որում կարելի է գտնել համարյա ամեն տեղեկույթ, հետևաբար նաև ամեն տեսակ սուտ ու կեղծիք։ Ուստի տարածվող ապատեղեկատվությանն ու ստին ակամա մասնակից չդառնալու համար միշտ էլ ցանկալի է տեղեկույթը տարածելուց առաջ հետևել համացանցային զգուշության կանոններից մեկին՝ տեղեկույթը տարածելուց առաջ ճշտել դրա իսկությունը, եթե չեք տարածում հեղինակ ունեցող հոդված, որում տրված ցանկացած տեղեկության (ուրեմն նաև ստի) համար պատասխանատվություն կրում է հեղինակը։
Ճշտումներ կատարելիս շատ կարևոր է ուշադրություն դարձնել հրապարակված նյութում աղբյուրների առկայությանը։ Նշվա՞ծ են այս կամ այն տեղեկության աղբյուրները, աղբյուրներն իրակա՞ն են, վստահելի՞ են։ Եթե, օրինակ, որպես տեղեկության աղբյուր նշվում են անորոշ «գիտնականներ» («գիտնականները պարզել են, որ....», «ըստ գիտնականների՝ ....»), բայց ոչ մի գիտնականի ոչ անուն է նշված, ոչ էլ ներկայացվող տեղեկույթն ամփոփող գրավոր աշխատանքի կամ թեկուզ բանավոր խոսքի տվյալները՝ համապատասխան աղբյուրների հղումներով, կասկածե՛ք ձեր կարդացածին և տարածելուց առաջ ավելի երկար մտածեք՝ արժե՞ տարածել մի բան, որն ամենայն հավանականությամբ սուտ է։ Եթե մի տեղեկության աղբյուրները նշված չեն, որովհետև այն հանրահայտ է, ապա դուք հեշտությամբ կգտնեք դրա մասին տվյալներ, օրինակ, «Վիքիպեդիայում»։ Իսկ այլ դեպքերում պարտադիր ուշադրություն դարձրեք աղբյուրների (տպագիր թե առցանց) և դրանց վստահելի հղումների առկայությանը։
Այսպես նաև համացանցում տարածվում են հայտնի մարդկանց վերագրվող բազմաթիվ իմաստուն կամ գեղեցիկ խոսքեր, որոնք իրականում այլ ծագում ունեն, այսինքն՝ չեն պատկանում նշված հեղինակներին։ Ուստի երբ որևէ հանրահայտ ու մեծանուն մարդու իմաստուն կամ գեղեցիկ խոսք եք հայտնաբերում, տարածելուց առաջ փորձեք ստուգել համացանցի առավել հարուստ հատվածում՝ անգլիալեզու էջերում, թե արդյո՞ք այդ մարդն իրոք ասել կամ գրել է նման բան։ Սովորաբար այսպիսի կեղծիքը շատ հեշտությամբ է բացահայտվում։ Օրինակ՝ «Գուգլի» որոնման տողում գրեք այսպիսի մի բան. «Did Shakespeare/Hitler/Einstein say/write "...."», և որոնման արդյունքներից պարզ կդառնա՝ ձեր գտած խոսքի հեղինակը նշված անձն է, թե ոչ, որովհետև եթե գործ ունեք տարածված խոսքի հետ, վստահաբար այլք ևս ձեզնից առաջ ցանկացել են պարզել դրա իրական հեղինակին և պարզել են։
Կասեք՝ եթե լավ խոսք է, ի՞նչ կարևոր է, թե այն ով է ասել. կարևորը ասելիքն է և ոչ թե դրա հեղինակը։ Համաձայն եմ, ուստի է՛լ ավելի կարևոր է դառնում այդ լավ խոսքը տարածելիս կեղծիքին ակամա չմասնակցելը, այսինքն՝ խոսքը տարածել առանց կեղծ հեղինակի հիշատակման։ Կեղծիքը գիտակցորեն թույլ տված անձը դա արել է՝ քաջ հասկանալով, որ այդ խոսքը, եթե պատկանում է մի անհայտ անձնավորության, չի ունենա նույն արժեքը և չի տարածվի նույն ջանասիրությամբ, ինչ մեծանուն մարդկանց անունով տարածվողը։ Եվ հենց այդ պատճառով էլ նա սեփական խոսքը կամ մեկ այլ աղբյուրից վերցվածը տարածել է մի մեծանուն անհատի անունով։ Թեև կարծես թե որևէ բարոյական վնաս չի հասցնում այն մարդը, որ սխալ հեղինակով խոսք է տարածում, սակայն պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ նա հայտնվի դրախտում կամ, ամենայն հավանականությամբ, դժոխքում, և նրան պատահի, օրինակ, Շեքսպիրը և ասի. «Ո՛վ դու, ինչո՞ւ էիր իմ անունով տարածում մի բան, որը ոչ միայն չեմ ասել կամ գրել, այլև մտածել ու գրել եմ բոլորովին հակառակը։ Իմ համոզմունքին հակառակ միտք ինձ վերագրելը ծայրագույն անպատկառություն է։ Շեյթա՛ն և Բուբու, ավելացրե՛ք սրա կրակի ջերմաստիճանն ու ծծմբի խտությունը»։ Բա՞։
Այդպես նաև սուտ պատմություններ են հորինվում մեծանուն մարդկանց մասին՝ ինչ-որ բան քարոզելու համար։ Օրինակ՝ հավատացյալները Ալբերտ Այնշտայնի մասին մի կեղծ պատմություն են տարածում, որում ուսանող Այնշտայնն իբր ապացուցում է Աստծո գոյությունն իր դասախոսի հետ բանավեճում։ Սակայն մի փոքր հետազոտություն համացանցում, և պարզ է դառնում, որ այս պատմության նախնական տարբերակում ոչ մի Այնշտայն էլ չի եղել, այլ մի անանուն ուսանող, և հանրահայտ գիտնականի անունը պատմության մեջ հայտնվել է ավելի ուշ՝ այս հորինվածքին ավելի մեծ արժեք տալու համար («տեսե՛ք, անգամ Այնշտայնն է հավատացել Աստծուն և ապացուցել նրա գոյությունը»)։ Բացի դրանից, Այնշտայնի վերաբերյալ ոչ մի վավերական աղբյուրում նման պատմություն չկա։ Եվ միայն զարմանալ կարելի է, որ այս կեղծիքը գիտակցորեն կատարած մարդիկ՝ Աստծուն հավատացողները, կարծում են, թե Աստված իրենց այս ստի կարիքն ունի։
Այս երևույթը նոր բան չէ մարդկային մտքի պատմության մեջ։ Մարդիկ բոլոր ժամանակներում էլ, իրենց ցանկալի գաղափարներն առավել արժեքավոր ու ընդունելի դարձնելու և այսպիսով առավել հեշտությամբ տարածելու համար, դիմել են մարդկանց շրջանում հեղինակություն ունեցող անձանց անունների օգնությանը։ Իրենք ինչ-որ բան են գրել և, հասկանալով, որ այն միգուցե ոչ մեկին չհետաքրքրի՝ իրենց անվան անհայտ լինելու պատճառով, տարածել են իրենց գրվածքը, ասենք, սուրբ Ֆլանի անունով։ Կամ վերցրել են մի մերժված անձի (օրինակ՝ հերետիկոսի) երկ ու հեղինակին փոխարինել սբ Ֆլանով, որպեսզի կարողանան տարածել ինչ-որ ուսմունքի հիմնավորման համար իրենց անհրաժեշտ երկը։ Այդպես են ստեղծվել ու տարածվել, օրինակ, ավանդաբար առաջին դարի աթենացի եպիսկոպոս համարված Դիոնիսիոս Արիսպագացու անունով հայտնի և քրիստոնեական ուսմունքի ձևավորման մեջ շատ կարևոր դեր խաղացած երկերը, որոնց իրական հեղինակը, սակայն, ապրել է 5-6-րդ դարերում, և գիտնականները մինչ օրս զանազան տեսակետներ են հայտնում այն մասին, թե ով կարող էր լինել նա։
Գիտնականները, երբ ուսումնասիրում են այս կամ այն հին կամ միջնադարյան հեղինակի երկերը, միշտ բախվում են այս խնդրին և ստիպված են լեզվական ու բովանդակային վերլուծություններով տարբերել կեղծ գրվածքներն իսկականներից։
Իհարկե, միշտ չէ, որ հեղինակային կեղծ վերագրումները կատարվում են դիտավորյալ։ Երբեմն կարող ենք գործ ունենալ նաև շփոթմունքի կամ վատ հիշողության հետ, երբ, օրինակ, նույնանուն մի հեղինակ շփոթվում է մեկ ուրիշի հետ կամ հեղինակի անունը փոխվում է մարդկային վատ հիշողության պատճառով։
Այսօր, սակայն, այսպիսի շփոթմունքները կարող են արդարացվել միայն բանավոր խոսքում, երբ չունես որևէ բան ասելուց առաջ այն ճշտելու հնարավորություն, մինչդեռ գրավոր արտադրանք տալիս դրա հեղինակը պարտավոր է ճշտել իր տեղեկությունները, դրանց աղբյուրներն ու իրական հեղինակներին։
Զարմանալի է, որ թե՛ միտումնավոր ապակողմնորոշելու և չարիք հասցնելու, թե՛ իրենց պատկերացրած ճշմարտությունն ու բարին ուրիշներին հասցնելու համար մարդիկ երբեք չեն խորշել միևնույն զենքի՝ ստի գործածությունից։ «Նպատակն արդարացնում է միջոցնե՞րը» (ի դեպ, այս հանրահայտ խոսքը նույնպես հաճախ սխալմամբ վերագրվում է ո՛չ իր իրական հեղինակին)։
16/06/2019
Ձախողել և հաջողել
Երբ մարդն անհաջողության է մատնվում, ձախողում է, երբ հաջողություն է ունենում, հաջողում է։ Այս իմաստներով գործածում ենք չեզոք սեռի «ձախողել» և «հաջողել» բայերը՝ առանց «վ»-ի։
Մարդը կարող է նաև ձախողել կամ հաջողել գործը, ծրագիրը, փորձը ևն։ Այս դեպքում գործածում ենք ներգործական սեռի «ձախողել» և «հաջողել» բայերը ուղիղ խնդրի հետ։
Հետևաբար, ձախողՎում կամ հաջողՎում են գործը, ծրագիրը, փորձը ևն, բայց ո՛չ մարդը։
19/03/2019
Հարցական շեշտադրմամբ օժանդակ բայի «խնդիրը»
* Ամենաթարմ դասագրքերից մեկում՝ 2022 թ. «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» բուհական դասագրքում (հեղինակներ՝ Յուրի Ավետիսյան և այլք), պարույկի մասին կանոններում (էջ 303) ոչ մի հիշատակություն չկա օժանդակ բայի վրա պարույկ չդնելու մասին։ Իսկ դա նշանակում է, որ կանոնը թույլ է տալիս պարույկ դնել նաև՛ օժանդակ բայի վրա։ Տեսեք կից նկարը։
Այո՛, լուրջ չէ այս ինքնանպատակ «կանոնը», և պե՛տք է պարույկը դնենք այնտեղ, որտեղ հարցական շեշտադրում կա՝ շեշտվածն օժանդակ բայ կլինի, թե մի ուրիշ խոսքի մաս (այս ճկունությունն ի վերջո հայոց լեզվի հարստության նշան է)։ Բայց ո՛չ թե որովհետև մեր լեզուն այս կողմից արտասանական փոփոխություն է կրել և հիմա բնական է մեզ համար այսպիսի արտասանությունը, այլ որովհետև այդպիսի՛ն է արևելահայերենի բնական արտասանությունն առնվազն Խաչատուր Աբովյանի ժամանակներից։ Ոչ մի զարգացում էլ այս առումով տեղի չի ունեցել, ինչպես կարծում են ոմանք։ Ինչ ունեցել ենք, այն էլ ունենք, այսինքն՝ կարող ենք հարցական շեշտադրմամբ արտասանել թե՛ օժանդակ բայը, թե՛ դրա հետ գործածված բառերը։ Իսկ մեռած «կանոնը» պարզապես հնարվել է՝ անտեսելով թե՛ շուրջ երկուհարյուրամյա արևելահայ գրականությունից մեզ ավանդվածը, թե՛ արևելահայերենի՝ վստահաբար շատ ավելի հնուց եկած բնական արտասանությունը։ Զարմանալի է, որ որոշ մարդիկ արևելահայ դասականների գործերը կարդացել են ու չեն նկատել սա։
Բարեբախտաբար, ԱՐԵՎԱԿ-ը նման դեպքերում օգնության է միշտ հասնում։ Ես միայն երեք օժանդակ բայ եմ ընտրել որոնման համար (մնացածը դո՛ւք որոնեք, եթե ցանկանում եք) և ներքևում պատճենում եմ տվյալների միայն մի մասը։ Այսքանն էլ է բավական։
Հավաքագրե՞լ, թե հավաքել
«Հավաքագրել»-ը վերջին ժամանակներում խիստ տարածվել է մարդկանցից ցանկացած բան հավաքելու իմաստով (գումար, տվյալներ, զանազան իրեր, աղբ և այլն)։ Սակայն «հավաքագրել» բայը, ըստ հայերենի բառարանների, նշանակում է ինչ-որ նպատակի համար հավաքել ՄԱՐԴԿԱ՛ՆՑ (անգլ. recruit), ոչ թե անշունչ առարկաներ։ Գումարն ու այլ առարկաներ պարզապես «հավաքում» են (collect)։ Նույնիսկ եթե մտածենք, որ «հավաքագրել»-ը նոր իմաստ է ձեռք բերել շնորհիվ իր երկրորդ արմատի, որը հուշում է, որ դա սովորական հավաքումը չէ, այլ տվյալների գրանցումով հավաքումը, իսկ գրանցելով հավաքում են նաև գումար և այլ առարկաներ, ապա պետք է նկատել, որ այս բառն այժմ օգտագործում են անգամ այն դեպքում, երբ ոչ մի բան էլ չեն գրանցում, պարզապես հավաքում են մարդկանցից։ Այս պարագայում այս բառը դառնում է միանգամայն ավելորդ և նույնիսկ կարող է շփոթեցուցիչ լինել (եթե ինչ-որ մեկը մտածում է, որ հավաքագրելը գրանցումով հավաքելն է)։ Հետևաբար, կարճ բառը թողած՝ ինչո՞ւ նախապատվությունը տալ երկարին. ինչո՞վ իրեն չի արդարացնում «հավաքել»-ը։ Այնպես որ գումարը, տվյալները, իրերը, աղբը պարզապես ՀԱՎԱՔԵ՛Ք (անկախ նրանից՝ ձեր հավաքածի տվյալները մի տեղ գրանցում եք, թե ոչ)։
Նկարներում ներկայացված բառահոդվածները «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանից» և Էդ. Աղայանի բացատրական բառարանից են։


17/02/2019
Ի նկատի ունենալ
14/02/2019
Մուննաթ
12/01/2019
Ֆիկացնել ու իզացնե՞լ
հայացնել/հայերենացնել, հայացված/հայերենացված, հայացում/հայերենացում - ճիշտ ձևեր
նորմալԻԶացնել, նորմալԻԶացում - սխալ ձևեր
նորմալացնել, նորմալացում - ճիշտ ձևեր
բայց՝ նորմալիզացիա - ճիշտ ձև (թեև հայերենում ավելորդ)
ՀԻՇԵԼ։ Հայոց լեզուն չունի ոչ «-ֆիկ» կամ դրա նման բայածանց, ոչ էլ «-իզ» բայածանց։ Սա նշանակում է, որ հայերեն ածանցներով ու վերջավորություններով նոր բառեր ստեղծելիս, առավել ևս՝ հայերեն արմատներով, չենք կարող գործածել հայերենին չպատկանող մասնիկներ։ «Հայ» հայերեն արմատին ոչ մի դեպքում չենք կարող օտար ածանց ավելացնել ու ստանալ հայերեն նոր բառ, ինչպիսին «հայաֆիկացնել» սխալ կազմությունն է։ Մենք կարող ենք օտար արմատ կամ բառ վերցնել, դրան ավելացնել հայերեն մասնիկներ և ստանալ նոր բառեր, բայց հակառակն անել չենք կարող։ «Նորմալ»-ը հայերեն բառ չէ, բայց նրան կարող ենք ավելացնել հայերեն ածանցներ ու ստանալ նոր բառեր՝ աննորմալ, նորմալանալ, նորմալացում ևն։
Անգլերենի -ify (լատինական ծագման՝ -ificare, ֆր. -ifier) և -ize (հունական ծագման՝ -ίζω, ֆր.՝ -iser) վերջավորություններով բայերն ու սրանցից կազմված գոյականները հայերենում կամ պիտի որոշակի սկզբունքներով տառադարձվեն (օրինակ՝ գազԻՖԻԿացիա, մոնետԻԶացիա), կամ ո՛րևէ կերպ, հայերենի միջոցներով, թարգմանվեն, կամ էլ հայերենացվելիս կորցնեն նշված օտար մասնիկները՝ փոխարինվելով հայերենում դրանց համապատասխանող մասնիկներով։ Այս երկու մասնիկներն էլ ունեն անելու, դարձնելու իմաստ։ Հայերենում «-ցն» («-ացն», «-եցն») պատճառական բայածանցն է, որ կատարում է նույն դերը։ Համեմատե՛ք հետևյալ զույգերը.
mortify - մեռցնել
magnify - խոշորացնել
justify - արդարացնել
digitize - թվայնացնել
minimize - փոքրացնել
crystallize - բյուրեղացնել
Այս բայերից կազմենք գոյականներ։
mortification - մեռուցում
magnification - խոշորացում
justification - արդարացում
digitization - թվայնացում
minimization - փոքրացում
crystallization - բյուրեղացում
Մեր գրածը չի նշանակում, թե այս օտար մասնիկներով բոլոր բառերի հայերեն համարժեքները պատճառական բայեր կամ սրանցից կազմված գոյականներ են (օրինակ՝ baptize - մկրտել՝ ներգործական սեռի պարզ բայ, verify - վավերացնել, բայց նաև՝ ստուգել՝ ներգործական սեռի պարզ բայ, diversify - բազմազանել և ոչ թե դիվերսիֆիկացնել և այլն)։ Հետևաբար, վերոնշյալ օտար ածանցները կամ վերջավորություններն ունեցող գոյականները կամ բայերը միշտ հնարավոր չէ հայացնել պատճառական բայերով ու սրանցից կազմված գոյականներով։ Այստեղ պարզապես հուշում ենք, թե, եթե ցանկանում ենք այս օտար մասնիկներին համապատասխանող հայերեն ածանց գործածել, ո՛րն է դա հայերենում, եթե այն չի կարող լինել ոչ «-ֆիկ»-ը, ոչ էլ «-իզ»-ը։
Հիմա կարող եք հիշեցնել, որ ունենք «գազիֆիկացնել» բայը և սրանից կազմված «գազիֆիկացում»-ը։ Ունենք «մոբիլիզացնել»-ն ու «մոբիլիզացում»-ը։ Էլի բառեր կարող եք հիշեցնել։ Ես էլ կասեմ, որ լավ չէ, որ ունենք այս բառերը և որքան շուտ ազատվենք այսպիսի անճոռնի կազմություններից, այնքան լավ։ Մենք այս բառերի կարիքը չունենք։ Սրանցից առաջին զույգը ռուսերեն газифицировать-ի իմաստներով ենք գործածում, այսինքն՝ թե՛ գազամատակարարման իմաստով, թե՛ ինչ-որ բան գազացնելու, գազի վերածելու։ Օրինակ՝ անգլերենում gasify և gasification բառերով չենք կարող արտահայտել գազամատակարարման իմաստով газифицировать-ն ու газификация-ն։ Հայերենում նույնպես, ուրեմն, պարտադրված չենք որևէ բնակարան կամ բնակատեղի «գազիֆիկացնելու», եթե կարող ենք բնակարանը կամ բնակատեղին պարզապես ապահովել գազամատակարարմամբ։ Ինչ վերաբերում է «մոբիլիզացման»-ը, ինչո՞ւ մոբիլիզացնել, եթե կարելի է համախմբել, միավորել ուժերը, կատարել զորահավաք և այլն՝ ըստ պահանջվող իմաստի։ Այդպես նաև ինչո՞ւ ինչ-որ բան «մինիմԻԶացնել», եթե կարող ենք «նվազագույնի հասցնել» և այլն։ Չունե՛նք օտար մասնիկներով այսպիսի կազմությունների կարիքը։ Ծայրահեղ դեպքում կարող ենք գործածել օտար բառն ամբողջությամբ՝ «մոբիլիզացիա», «գազիֆիկացիա» ձևերը, և դրանց, ենթադրենք, ավելացնել «կատարել» բայը («մոբիլիզացիա/գազիֆիկացիա կատարել»)։ Բայց, ըստ իս, այս ծայրահեղ միջոցին դիմելու կարիքն էլ բնավ չունենք։ Հայերենն ունի՛ բավարար սեփական միջոցներ՝ իրեն խորթ օտարամասնիկ կազմություններից զերծ մնալու համար։
Կարող եք թերևս քիմիայի և այլ գիտությունների բառապաշարից էլ բերել «ֆիկացնելու» և «իզացնելու» օրինակներ, բայց վստահեցնում եմ. բոլոր դեպքերում էլ գործ ունենք բառերի անկանոն ու անհաջող հայացումների հետ։ Նման դեպքերում, եթե հայերեն ճիշտ ու լավ համարժեք գտնել չի հաջողվում, շատ ավելի լավ է պարզապես տառադարձությամբ գործածել օտար բառն ամբողջությամբ՝ առանց հայերեն ածանց ու վերջավորություն կցելու։
Դարձյալ ինչ-որ բանով «կիսվել»-ու մասին
«ԿիսՎել + գործիական հոլով» տարածված ռուսաբանությունը (делиться чем-то) մի՛ գործածեք, խնդրում եմ։ Այսինքն՝ ՈʼՉ՝ կիսվել փորձով, ուրախությամբ, նյութով և այլն։ Սա բացարձակապես հայերեն չէ, քանի որ մենք չունենք այսպիսի քերականական կառույցներ և այն, ինչ այսպիսի կառույցով ասում ենք, բոլորովին այլ բան է նշանակում. նշանակում է, որ մենք կիսվում ենք՝ մասնատվում, և մեզ կիսողը՝ մասնատողը, գործիական հոլովով դրված այդ բառն է, այսինքն՝ փորձը, ուրախությունը և այլն։ Մինչդեռ, անշուշտ, լրիվ ուրիշ բան ենք ուզում ասել, չէ՞. ուզում ենք ասել, որ մե՛նք ենք ինչ-որ բան կիսում՝ փոխանցում, դրան հաղորդակից դարձնում։ Ուրեմն՝ հայերենում կարելի է, փոխաբերական իմաստով, ԿԻՍԵԼ ինչ-որ բան մեկի հետ՝ կիսել փորձը, վիշտը և այլն, բայց ՉկիսՎել դրանցՈՎ։ Իսկ քանի որ հայերենը հարուստ լեզու է, պարտադիր չէ փորձը կամ մի ուրիշ բան միշտ ԿԻՍԵԼ, առավել ևս դրանով ԿԻՍՎԵԼ, կարելի է այն ներկայացնել, դրան հաղորդակից դարձնել և այլն (նայած որտեղ և ինչ համատեքստում)։ Այս սխալն արդեն համացանցում, հատկապես սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում, այնքան է տարածվել, որ մարդիկ չեն զգում, որ հայերեն չեն մտածում ու գրում։ Խնդրում եմ, որ այս տարածված սխալին հատուկ ուշադրություն դարձնեք և այն հնարավորինս արմատախիլ անեք գոնե ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ տեքստերում (եթե ոչ՝ խոսակցական հայերենում)։
Այս նյութը ՏԱՐԱԾԵԼԸ (և ոչ թե սրանՈՎ կիսՎելը) խիստ ցանկալի և հանձնարարելի է ։)
Հ.Գ. Այս մասին գրել էինք նաև մեր այս հոդվածում՝ «Իրական և մտացածին ռուսաբանությունների մասին» (06/08/2015)։








