Այս հոդվածում ներկայացնում ենք, թե`
- ո՛րն է բուն չակերտ նշանը, որին էլ տրվել է «չակերտ» անունը,
- ե՛րբ է այդ անունը ստեղծվել և ինչպիսի՛ դեր կատարող նշանի համար,
- ուրիշ ի՛նչ անունով է այդ նշանը կոչվել,
- հայոց կետադրության պատմության մեջ չակերտի դերում ուրիշ ի՛նչ հիմնական նշաններ կամ միջոցներ են կիրառվել։
Նաև համեմատում ենք չակերտների տարբեր ձևերի կիրառությունը եվրոպական ազգերի համապատասխան նշանների կիրառության հետ և նախընթաց բովանդակության հիման վրա կատարում ըստ մեզ կարևոր արդիական եզրահանգում-առաջարկ։
Վերջում կցել ենք հայերենի պատմության մեջ չակերտների դեր կատարած բոլոր հիմնական նշանների բառարան, իսկ իբրև թեմային առնչվող հավելված՝ հղել մեր այն հոդվածներին, որոնցում բացատրել ենք այսօր հայերենում չակերտների կիրառության՝ ամենից ավելի դժվարությամբ յուրացվող սկզբունքները։
Այս նյութում հղված ձեռագրերի մասին հավելյալ տվյալներ կարող եք տեսնել մեր կայքի «Ձեռագրեր» բաժնում։
Հայերենի հնագույն կետադրական նշանները
Հավանաբար շատերը կզարմանան, եթե իմանան, որ չակերտները թե՛ հայերենի, թե՛ մի քանի այլ հին լեզուների (օրինակ՝ հունարենի և լատիներենի) ամենահին կետադրական նշաններից են։ Հայերենի կետադրական համակարգում դրանք ավելի հին են, քան շեշտն ու բութը, երկարն ու պարույկը և անգամ ստորակետը, եթե սրանով նկատի ունենք ոչ թե ներքևում դրվող պարզ կետը (ստոր-ա-կետ), այլ պոչիկով այն նշանը, որ գիտենք այսօր։
Չակերտներ կան մեզ հասած ամենահին հայերեն ձեռագրերում՝ հնագույն պատառիկներում, մեզ հասած ամենահին թվակիր հայերեն ձեռագրում՝ 887 թ. Ավետարանում, և այդուհետ կրկնօրինակված Ավետարաններում, ճաշոցներում, ճառընտիրներում, մեկնողական երկերի ձեռագրերում, այսինքն՝ այնպիսի բնագրերում, որտեղ կարիք կար ցույց տալու աստվածաշնչյան մեջբերումները։ Ավետարաններում չակերտները դրվում էին հինկտակարանյան մեջբերումները ցույց տալու համար, սուրբգրային մեկնություններում և այլուր՝ մեջբերվող սուրբգրային խոսքերը։
Ուրեմն՝ հին ձեռագրերում չակերտները մեջբերումներ նշանակելու համար էին։ Նույն նշանը՝ չակերտը, կիրառվում էր նաև իբրև սրբագրական-ծանոթագրական նշան։
Ամենահին հայերեն ձեռագրերում կետադրական համակարգն այնքան աղքատիկ է, որ նրանում սովորաբար գտնում ենք միայն հետևյալ նշանները՝
- կետեր՝ բառից հետո երեք տարբեր դիրքերում (ներքևում, մեջտեղում, վերևում),
- չակերտներ,
- պատիվ և
- հորիզոնական երկկետի կամ հորիզոնական գծիկի տեսքով մակակետեր։
Ահա սրանք են մեր հին կետադրական նշանները, որոնք բոլորն էլ վերցրել ենք հունարենից, քանի որ հունարենում դրանք կային հայոց գրերի գյուտից առաջ։ Կայուն երկկետ վերջակետ հնագույն ձեռագրերում դեռևս չկա. վերջակետի նշանակությամբ կարող է գործածվել թե՛ պարզ կետերից մեկը (ինչպես 887 թ. և Բլտ. 537 966 թ. Ավետարաններում), թե՛ երկկետն ու կցվող պոչիկ (ինչպես 989 թ. Էջմիածնի Ավետարանում), թե՛ քառանկյուն կազմող չորս կետերով նշան (ինչպես երբեմն Ժ դարի Փրզ. 44 ճաշոցում) և այլն։
Երեք դիրքով պարզ կետերը հայտնի են մ. թ. ա. 3-րդ դարից, և դրանց ստեղծումը վերագրվում է Արիստոփանես Բյուզանդացուն, որ ղեկավարում էր Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանը։ Դրանք տրոհման կամ դադարի նշաններ էին. ներքևում դրվողն ամենակարճ միավորի համար էր (հետագայի ստորակետի նախնական ձևը), մեջտեղում դրվողը՝ ավելի երկար, իսկ վերևում դրվողը համապատասխանում էր վերջակետին։ Ներքոբերյալ նկարներում կարող եք տեսնել հնագույն չակերտները և արիստոփանեսյան կետերը հայերեն հնագույն թվակիր ձեռագրում (887 թ.)։
887 թ. Ավետարանից. ձախակողմյան նկարում՝ լուսանցքում դրված նշանները
հայկական հնագույն չակերտներն են։
Չակերտների հիմնական ձևերը
Երբ խոսում ենք չակերտներից իբրև մեր ամենահին կետադրական նշաններից, նկատի չունենք չակերտների այն տեսքն ու կիրառությունը, որ կան այսօր։ Հայերենի հնագույն՝ բո՛ւն, իսկակա՛ն չակերտները (մոտավորապես այս տեսքի՝ ⚡︎), որոնց էլ հետագայում «չակերտ» անունն է տրվել, գործածվել են ամբողջ միջնադարում՝ մինչև նոր ժամանակներ ու գրատպության ի հայտ գալը, նույնիսկ որոշ տպագիր մատյանններում։ Դրանք տեսքով ու կիրառման ձևով տարբերվում են այսօր հայերենում կիրառվող չակերտներից, որոնք Հ. Զաքարյանի «Կետադրական բառարանում» (2013 թ.) «անկյունակ» են կոչվում անկյան տեսք ունենալու պատճառով։
Որպեսզի հասկանալի լինի հնագույն չակերտի տեսքը, պետք է մեր փոքրատառ թեք չ-ի ներքևի կեսը կտրենք-հանենք։ Ինչ որ մնաց, հնագույն հայկական չակերտն է կամ բուն չակերտը։ Հին ձեռագրերում այլ ձևերի չակերտներ նույնպես պատահում են (կետի կամ մի ուրիշ նշանի տեսքով), բայց դրանք հազվագյուտ են։ Մեր հիմնական չակերտը չ տառի ունկի նման նշանն է, որն իբրև մեջբերման և սրբագրական-ծանոթագրական նշան ամենատարածվածն է հայերեն ձեռագրերում ընդհուպ մինչև նոր ժամանակները։ Ներքոբերյալ նկարներում՝ լուսանցքներում, իրար տակ շարված նշանները հենց հնագույն կամ բուն չակերտներն են։
Մեր հին չակերտները հունական հին չակերտների մի տարբերակն են՝ դրանց ավելի «անփույթ» ձևը։ Համեմատության համար ներքևի նկարում տեսեք 4-րդ դարի (շ. 325-350 թթ.) հունարեն հանրահայտ վատիկանյան Ավետարանի չակերտները (Codex Vaticanus, Vat.gr.1209) և այս էջի հին հունարեն ու լատիներեն չակերտների նկարները։
Ինչ վերաբերում է ժամանակակից անկյունակներին (« »), որոնք օտար լեզուներում սովորաբար guillemet անունով են հայտնի, համարվում է, որ եվրոպական գրատպության մեջ դրանք առաջին անգամ գործածել է բելգիացի տպագրիչ Jodocus Badius-ը Ֆրանսիայում 16-րդ դարի առաջին կեսին, ուստի այսպիսի չակերտները հաճախ «ֆրանսիական» են կոչվում։ 16-րդ դարում հայերը դեռ հին կամ բուն չակերտներն էին գործածում ձեռագրերում, իսկ այդ շրջանի հայերեն տպագիր մատյաններում որևէ տեսակի չակերտ չկա։ Guillemet-ի «նախնին» հունական և լատինական ձեռագրերում գործածված հին չակերտն էր, որ հայկական հին չակերտից թե՛ ավելի լայն է, թե՛ ավելի սրանկյուն, ինչպես կարող եք տեսնել վերոբերյալ նկարում ու տրված հղմամբ։
Guillemet-ի մյուս տարբերակը, որն այստեղ «աղեղնակ» ենք կոչում անկյունակներից տարբերելու համար, նույնպես նախքան հայ գրատպության մեջ հայտնվելը լայնորեն գործածվել է ֆրանսերենում 18-19-րդ դարերում։ Ուրեմն այս նշանի երկու տարբերակներն էլ ունեն եվրոպական ծագում, հայկական չեն։
Անկյունակները, իսկ ավելի հաճախ՝ դրանց տարատեսակ աղեղնակները (ունեն ոչ թե անկյան, այլ փոքրիկ կորի կամ աղեղի տեսք), հայերեն տպագիր գրքերում ի հայտ են գալիս միայն 19-րդ դարի երկրորդ կեսից և հայերեն գրքերում տարածվում աստիճանաբար՝ մինչև 20-րդ դարի 30-ական թվականները, երբ արդեն դառնում են համատարած։
Մինչ այդ հայերը, մյուս եվրոպական ազգերի հետևողությամբ, տպագիր գրքերում գործածում էին ստորակետանման կամ ապաթարցանման կրկնակ չակերտներ՝ ներքևում կամ վերևում դրվող ստորակետերի կամ շրջված ստորակետերի (անգլ. inverted comma) նման։ Անգամ 1900-ին Նոր Ջուղայում Մելիք-Թանգյանի վերահրատարակած «Աշխարհաբարի քերականութիւնը» ձեռնարկի կետադրության բաժնում չակերտները ներկայացվում են ոչ թե աղեղնակի կամ անկյունակի տեսքով, այլ դեռևս ստորակետանման կամ ապաթարցանման։ Վիեննայում ապաթարցանման-ստորակետանման չակերտներն ամենաերկարակյացն էին՝ գործածվել են մինչև 20-րդ դարի 30-ականներ։ Հ. Աճառյանի գործերի՝ 1920-30-ական թթ. այն հրատարակություններում, որ նրա ձեռագրի լուսատիպ տպագրությունն են, չակերտները նույնպես ապաթարցանման են։
Մելիք-Թանգյանի «Աշխարհաբարի քերականութիւնը» գրքից, 1900 թ.
Երևանում և Էջմիածնում 1870-ականների վերջին հրատարակված գրքերում ապաթարցանման-ստորակետանման չակերտներ են, իսկ Էջմիածնում հրատարակվող «Արարատ» հանդեսում նույն 70-ականներին դրանք աղեղնակներ են (հանդեսի առաջին տարում՝ 1868-ին, դրանք դեռևս ապաթարցանման-ստորակետանման էին)։
Վենետիկում 1827-ին Հ. Գաբրիել Ավետիքյանի հրատարակած «Նարեկ աղօթից համառօտ եւ զգուշաւոր լուծմամբք բացայայտեալ»-ում չակերտներն աստղանիշ-զուգագծով են (սրա մասին հետո կխոսվի), 1836-37 թթ. հրատարակած Հայկազյան մեծ բառարանում ապաթարցանման-ստորակետանման են, իսկ Նարեկի նրա լուծմունքի երրորդ՝ 1859 թ. հրատարակության մեջ դրանք արդեն փոխարինվել են աղեղնակներով։
Խաչատուր Աբովյանի «Վէրք Հայաստանի» գործի հին հրատարակության մեջ (Թիֆլիս, 1858 թ.) ապաթարցանման-ստորակետանման չակերտներ են, իսկ 1864 թ. դարձյալ Թիֆլիսում հրատարակված «Պարապ վախտի խաղալիքի» մեջ՝ արդեն աղեղնակներ (աղեղնակներ են նաև Աբովյանի երկերի խորհրդային՝ 1984 թ. հրատարակության մեջ)։ Նույն Թիֆլիսում 1874-ին և հետագա թվականներին Րաֆֆու հրատարակած գործերում չակերտներն անկյունակներ են, մինչդեռ Շուշիում 1881-ին հրատարակված «Խենթը» վեպում՝ դեռևս ստորակետանման-ապաթարցանման։
Րաֆֆի, «Փունջ», հտ. Բ. Վիպասանութիւններ, Թիֆլիս, 1874 թ.
Բացող չակերտներն աղեղնակներ են, փակողը՝ անկյունակներ
Սրանից հետևում է, որ հին կամ նոր չակերտների գործածությունը կախված էր վայրից ու տպարանի արդիականացումից։ Աղեղնակներ, ապա անկյունակներ մեզանում սկսել են գործածել 19-րդ դարի կեսից, բայց ո՛չ ամենուր կամ ո՛չ՝ նույն վայրում հրատարակված բոլոր գրքերում․ անցումը հին նշաններից նորին՝ աղեղնակներին կամ անկյունակներին, հայկական տարբեր տպարաններում տեղի է ունեցել տարբեր ժամանակներում և աստիճանաբար։ Սակայն մի բան հստակ է․ հայ գրատպության մեջ շուրջ 150 տարի (18-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 30-ականներ) գործածվել են ստորակետանման կամ ապաթարցանման չակերտներ, որոնց էլ հետևել և հայ գրատպության մեջ ամրապնդվել են աղեղնակներն ու անկյունակները։
Աղեղնակներ Նար-Դոսի «Նորածին մանուկը» գրքում, 1904 թ.
Հայ տպագիր գրքի պատմության մեջ աղեղնակները շատ ավելի տարածված են եղել, քան այսօր գործածվող անկյունակները։ Խորհրդային շրջանի տպագիր հայերեն գրքերի գերակշիռ մասում որպես հիմնական տառատեսակ գործածվել է «Գրքի սովորական»-ը (այս անվանումը երբեմն կարելի է տեսնել գրքի վերջին էջի տվյալներում)։ «Գրքի սովորական»-ում, որ շեղ բոլորգիր տառատեսակ է, չակերտներն աղեղնակներ են, այսինքն՝ կոր են, անկյունաձև չեն։ Անկյունակներով տառատեսակներ (օրինակ՝ «Նորք»-ը) ավելի հաճախ գործածում էին գրքերի նախաբանի կամ մանր-մունր տեքստային առանձնացումների համար։ Իսկ այսօր համակարգչային տառատեսակներից միայն մի քանիսում կան աղեղնակներ․ մնացածում համատարած միայն անկյունակներ են (այս մասին ավելին տես ներքևում՝ բառարանում)։
Ինչպես հասկանալի դարձավ, մեր բոլոր տեսակի տարածված չակերտները՝ թե՛ միջնադարյան և հետմիջնադարյան ձեռագրային, թե՛ տպագիր մատյանների, մենք փոխառել ենք եվրոպական լեզուներից։ Չակերտների միայն մի տարբերակ կա (գործածվել է հիմնականում 18-19-րդ դարերի հայերեն գրքերում), որ թերևս կարելի է հայկական համարել, բայց այդ նշանները բոլորովին այլ տեսք ունեն և իրականում չակերտներ չեն, այլ կա՛մ կատարում են չակերտների դերը, կա՛մ օժանդակում դրանց․ մենք այդ նշաններին դեռ կանդրադառնանք։
Հետևաբար զարմանալի է «Հայերենի կետադրության համառոտ պատմություն» (Ե., 1972) աշխատության հեղինակ Հ. Մխիթարյանի այն պնդումը, թե հայերենում այսօր գործածվող չակերտներն ունեն հայկական ծագում և ինքնուրույն են զարգացել չակերտների հին ձևից, «միանգամայն ինքնուրույն գյուտ» են (տես նշ. գրքի էջ 113 և 117)։ Մեր հին կամ բուն չակերտը թե՛ տեսքով, թե՛ կիրառման ձևով ու գործառույթով նման է հին հունական չակերտին, որի հեղինակ է համարվում վերոհիշյալ Արիստոփանեսի աշակերտ Արիստարքոսը՝ հայտնի քերական Դիոնիսիոս Թրակացու ուսուցիչը։ Արիստարքոսյան չակերտի ամենավաղ վկայությունները մեզ հասել են շատ ավելի հին օտարալեզու՝ հունարեն և լատիներեն ձեռագրերից, քան մեզ հասած ամենահին հայերեն ձեռագրերը և երբեմն նախորդում են անգամ հայոց գրերի գյուտին։ Ուստի բացառվում է թե՛ մեր հնագույն բուն չակերտի, թե՛ առավել ևս ժամանակակից աղեղնակ թե անկյունակ չակերտների հայկական ծագումը, հատկապես որ հին հունական ու լատինական չակերտներն անկյան ավելի են նման, քան դրանց հայերեն տարբերակը՝ մեր բուն չակերտը, որը սուր անկյան տեսք չունի, որ ինքնուրույն զարգանալով՝ վերածվեր անկյունակի։
Հայոց հին գրչական արվեստը սկզբնապես հետևում էր հունականին․ անգամ հայոց քերականությունն էր արհեստականորեն հարմարեցվում հունական քերականությանը (նախևառաջ Դիոնիսիոս Թրակացու «Քերականության» թարգմանությամբ ու դրա մեկնություններով)։ Հայոց գրատպությունն էլ սկիզբ է առել Եվրոպայում։ Ուստի բնավ զարմանալի չէ, որ այս կամ այն նշանը, ըստ տվյալ ժամանակի համաշխարհային կետադրական զարգացումների, վերցրել ենք եվրոպացիներից։
Չակերտների կիրառման հին ձևերը
Ինչպես կարող եք տեսնել ձեռագրային հատվածների վերոբերյալ նկարներում, հին չակերտները դրվում էին մեջբերման ոչ թե սկզբում ու վերջում, այլ մեջբերումն ամփոփող տողերից յուրաքանչյուրի դիմաց, նաև մեծավ մասամբ ոչ թե կրկնակ չակերտներ էին, այլ մեկնակ։ Չակերտների կիրառությունը տողագլխային էր ոչ միայն հայերենում ու հունարենում, այլև լատիներենում և լատինագիր ու սլավոնագիր լեզուներում մինչև 19-րդ դար, ոչ միայն ձեռագիր, այլև տպագիր մատյաններում։ Չակերտները՝ իբրև մեջբերման նշան, անկախ իրենց տեսքից, դրվում էին տողագլուխներում (ձեռագրերում՝ լուսանցքում և սովորաբար մեկնակ, իսկ տպագիր գրքերում՝ հիմնականում տողի մեջ ներքաշված և սովորաբար կրկնակ)։ Տպագիր գրքերում, տողագլուխներում դրվող նշաններից բացի, նաև մեջբերման սկզբում ու վերջում սկսեցին չակերտներ դնել, իսկ երբեմն էլ միա՛յն սկզբում ու վերջում։ Վերջին կիրառույթը, ժամանակի ընթացքում ընդհանրանալով, հաստատուն տեղ գրավեց կետադրական համակարգում՝ ի վերջո դուրս մղելով տողագլխային չակերտները։
Սալլանթեանցի «Կրօնագիտութիւն քրիստոնէական»-ից, 1831 թ.
Հատուկ անունների համար չակերտներ չէին կիրառվում, ինչպես այսօր։ Հատուկ անունների մի մասը չակերտների մեջ ներառելու կիրառույթը եվրոպական լեզուներում սկիզբ է առել 18-րդ դարավերջին և սկսել տարածվել 19-րդ դարում՝ միայն 19-րդի կեսից փոխանցվելով մեզ։ Հին տպագիր գրքերում այսօր գործածվող չակերտների մի մասի փոխարեն կիրառվում էր տեքստային ձևավորման մոտեցումը։ Որևէ բան տեքստի մնացած մասից զատելու համար այն ներկայացնում էին այլ տառատեսակով, հայերեն գրքերում՝ սովորաբար նոտրգրով։
«Չակերտ» անունը
Արիստարքոսը չակերտը ստեղծել էր իբրև ծանոթագրական նշան, իսկ հետո այդ նույն նշանը կիրառում էին թե՛ իր սկզբնական նպատակով, թե՛ իբրև մեջբերման նշան։ Հայերեն ձեռագրերում նույնպես այդպես է։ Չակերտի նույն նշանը գործածվում էր թե՛ իբրև սրբագրական-ծանոթագրական նշան, թե՛ մեջբերումների համար։ Չգիտենք, թե որ դարից, այդ նշանը՝ իբրև սրբագրական-ծանոթագրական նշան, կոչվում էր «շալակ». «շալակ»-ի այս իմաստը գտնում ենք թե՛ «Առձեռն բառարանում» (1865 թ.), թե՛ Մխիթար Սեբաստացու «Բառգրքում» (1749 թ.). «Առձեռն բառարանի» տվյալը կրկնում են նաև Աճառյանն իր «Արմատական բառարանում» և Մալխասյանն իր «Բացատրական»-ում։ Ցավոք, չունենք այս իմաստով «շալակ»-ի գործածության տվյալներ և այն դեռևս չենք գտել տպագիր գրականության մեջ՝ բառարաններից բացի. պարզապես վստահում ենք բառարանագիրներին։
«Չակերտ» անունը ուշ է ստեղծվել՝ հավանաբար 18-րդ դարում (հնարավոր է՝ այն ստեղծել է Մխիթար Սեբաստացին․ սա հաստատելու կամ հերքելու համար հավելյալ ուսումնասիրության կարիք կա)։ Սկզբնապես այն նշանակել է սրբագրական շալակը։ Այս շալակ-չակերտն իբրև սրբագրական նշան գործածվում էր այսպես․ այնտեղ, ուր կար սխալ, տողերի միջև՝ բառի գլխին, դրվում էր սովորաբար մեկ շալակ (մեկնակ չակերտ), և մեկ շալակ էլ դրվում էր այդ տողի դիմացի լուսանցքում՝ ուղղված տարբերակի հետ։ Եթե շալակը բացթողումը լրացնելու համար էր, մեկ (կամ երկու շալակ իրար տակ) դնում էին բաց թողնված մասում և սովորաբար մեկն էլ՝ դիմացի լուսանցքում՝ լրացվելիք մասի հետ։ Երբեմն էլ շալակը գործածում էին ոչ թե սխալն ուղղելու կամ բացթողումը լրացնելու համար, այլ որևէ բառի բացատրություն ներկայացնելու։ Օրինակները տեսեք ներքոբերյալ նկարներում։
Սխալի ուղղման նպատակով դրված սրբագրական չակերտ կամ շալակ
Թբնգ. XIII 92. Սրբագրական չակերտ կամ շալակ` բացթողումը լրացնելու համար.
մեկը դրված է տողի ներսում՝
պատուիրանապահաց-ի հ-ի կողքին՝ վերևում,
մյուսը՝ լուսանցքում՝ ուղղման (ավելացվելիք ող-ի) վերևում
Փրզ. 27, Ներսես Լամբրոնացու արտագրած ձեռագրից,
«բեհեզ» բառի բացատրությունը ներկայացնող չակերտ կամ շալակ
Բլտ. 538, 1193 թ. Հռոմկլայի Ավետարանից մի հատված, ուր նույն նշանը՝ չակերտը, կիրառված է թե՛ իբրև սրբագրական նշան (ձախ սյունակում՝ բաց թողնված
անդրէն բառը տողում ներմուծելու համար), թե՛ իբրև մեջբերման նշան (աջ սյունակի ձախակողմյան լուսանցքում՝ յուր. տողի դիմաց)
«Չակերտ» բառը նախ գտնում ենք Մխիթար Սեբաստացու 1749 թ. «Բառգրքում» (եթե ընթերցողներն այս բառի գործածության ավելի հին վկայություն գիտեն, շնորհակալ կլինենք, եթե տեղեկացնեն)։ Սակայն Սեբաստացին չակերտը բացատրում է իբրև միայն սրբագրական նշան. այն ունի նույն տեսքը, ինչ ձեռագրային ամենատարածված՝ բուն չակերտը։ Հենց այս բառգրքում էլ առաջին անգամ կարդում ենք «չակերտ» եզրույթի կազմության և դրա նշանակության մասին՝ «չա» տառը կերտող, քանի որ այսպիսի չակերտը նման է փոքրատառ չ-ի վերին հատվածին (ունկին), որին ներքևից եթե մի փոքրիկ պոչիկ էլ ավելացնես, կկերտվի չ տառը։
Չակերտի բացատրությունը Սեբաստացու «Բառգրքում» (1749 թ., էջ 870-871)
Ինչպես տեսնում ենք, «չակերտ» եզրույթը նախապես ստեղծվել է սրբագրական նշանի համար և միայն հետո՛ կիրառվել մեջբերման նշանի իմաստով, ճիշտ ինչպես որ արիստարքոսյան չակերտն էր նախ ստեղծվել իբրև ծանոթագրական նշան, բայց հետո կիրառվել նաև մեջբերումների համար։
Հնագույն կամ բուն չակերտի վախճանն ու նորի ի հայտ գալը
Արդեն 1826 թ. մի քերականական ձեռնարկում (Մեսրովբ քհն. Տէր Յարութիւնեան, Քերականութիւն հայոց լեզուի, Կ. Պոլիս, պրբ. 1176) չակերտը ներկայացվում է իբրև մեջբերման կամ ուրիշի խոսքի նշան, բայց դեռևս ունի հնագույն՝ բուն չակերտի տեսքը։ Հեղինակը գրում է, որ նույն նպատակով գործածելի է նաև «զոյգ ստորատ»-ը (զույգ ստորակետերը), որոնք և հենց ինքը գործածում է իր ձեռնարկում իբրև տողագլխային չակերտներ, երբ կատարում է միքանիտողանոց մեջբերումներ։ Հ. Կոմիտաս Բագրատունին նույնպես իր «Քերականութեան» (1852 թ.) մեջ չակերտը ներկայացնում է որպես մեջբերման նշան և դարձյալ հին չակերտի տեսքով։ Իսկ, օրինակ, Արզանյանցների «Քերականութիւն հայ» ձեռնարկում (Թիֆլիս, 1840 թ., էջ 268) չակերտը ներկայացվում է ոչ միայն իբրև մեջբերման նշան, այլև արդեն միայն նո՛ր տեսքով՝ զույգ ստորակետերի. հնագույն բուն չակերտներն այլևս չկան։

Նկարում Մեսրովբ քհն. Տէր Յարութիւնեանի 1826 թ. վերոհիշյալ «Քերականութիւն»-ից մի հատված է։ Պրբ. 1176-ում ներկայացված են թե՛ չակերտի հին ձևը, թե՛ ստորակետանմանը։ Վերևում՝ պրբ. 1175-ում, աստղանիշ-զուգագիծ չակերտներն են, որոնց մասին կխոսվի հաջորդ գլխում։
Աստղանիշ-զուգագիծ չակերտներ (1730-ից մինչև 19-րդ դարի կես) և փակագծեր
Մխիթար Սեբաստացու համար չակերտը սրբագրական նշան էր, իսկ մեջբերման չակերտների գործառույթը նա հատկացնում էր կա՛մ մեկ այլ տառատեսակի գործածության՝ մեջբերումը մնացած տեքստից առանձնացնելու համար, կա՛մ այլ նշանների։ Մեջբերման կամ տեքստում իբրև օրինակ բերվող խոսքի սկզբում (բացող չակերտների փոխարեն) դնում էր աստղանիշ (*), իսկ վերջում (փակող չակերտների փոխարեն)՝ ուղղաձիգ զուգագիծ (||)։ Նա այսպիսի չակերտներ սկսել է գործածել 1730 թվականից, քանի որ մինչ այդ նրա հրատարակած գրքերում այդպիսի կամ որևէ այլ տեսակի չակերտներ չկարողացանք գտնել (եթե ընթերցողները գտնեն, շնորհակալ կլինենք, եթե տեղեկացնեն)։
Աստղանիշ-զուգագիծ չակերտները Սեբաստացու՝
Մատթեոսի Ավետարանի մեկնության 1737 թ. հրատարակության մեջ
Աստղանիշ-զուգագիծ չակերտները շատ տարածված են 18-րդ դարում և 19-րդի առաջին կեսում Վենետիկում (երբեմն նաև Կ. Պոլսում և Վիեննայում) հրատարակված հայերեն գրքերում, այսինքն՝ հայ գրատպության մեջ բավական երկար պատմություն ունեն և ոչ թե դիպվածային կիրառություն։ Դրանք գործածում էին Հ. Մխիթար Սեբաստացին, Հ. Միքայել Չամչյանը, Հ. Գաբրիել Ավետիքյանը, Հ. Մկրտիչ Ավգերյանը, վերոհիշյալ Մեսրովբ քհն. Տեր Հարությունյանը և այլք։ Իբրև բացող չակերտ՝ աստղանիշի փոխարեն խիստ հազվադեպ գործածվում էր դարձյալ զուգագիծ (օր.՝ Մ. Սալլանթյանցի «Կրօնագիտութիւն քրիստոնէական»-ում, Մոսկվա, 1831 թ., նկարը տե՛ս վերևում՝ «Չակերտների կիրառման հին ձևերը» գլխում)։
Երբ աստղանիշն ու զուգագիծը գործածվում են համեմատաբար ընդարձակ մեջբերումների համար, կարող են գործածվել տողագլխային չակերտների հետ միասին։ Տողագլխային չակերտները սովորաբար ստորակետանման են, բայց խիստ հազվադեպ կարող են նաև հայկական հին չակերտները լինել։ Մեջբերման յուրաքանչյուր տողի սկզբում ներքաշված դրվում են ստորակետանման կրկնակ չակերտներ, իսկ մեջբերման ճշգրիտ սկիզբն ու վերջը ցույց տալու համար (ներկայիս չակերտների տեղերում)՝ աստղանիշ ու զուգագիծ համապատասխանաբար։
Տողագլխային կրկնակ ստորակետերով և մեջբերման սկիզբն ու վերջը ցույց տվող
աստղանիշ-զուգագծով չակերտներ. Վարք սրբոց, Վենետիկ, 1810 թ.
Աստղանիշ-զուգագիծը տողագլխային բուն մեկնակ չակերտների հետ․
խիստ հազվադեպ կիրառություն (Գ. Ավետիքյանի «Մեկնութիւն չորեքտասան
թղթոց երանելոյն Պօղոսի առաքելոյ», հտ. Ա, 1806 թ., էջ ԺԲ)
Ահա՛ այս աստղանիշ-զուգագիծ «չակերտ»-ների մասին էինք վերևում գրել, որ, ամենայն հավանականությամբ, հայկական են (նկատի ունենք ոչ թե բուն նշանները, այլ դրանք իբրև չակերտ գործածելը), քանի որ գոնե առայժմ օտար լեզուներով հին գրքերում չենք կարողացել գտնել այսպիսի «չակերտ»-ների կիրառություն։ Եթե ընթերցողները գտնեն և մեզ տեղյակ պահեն, շնորհակալ կլինենք։ Նույն ժամանակներում հրատարակված օտարալեզու գրքերում աստղանիշի և զուգագծի փոխարեն նույնպես ստորակետանման կամ ապաթարցանման չակերտներ են։
Աստղանիշն ու ուղղաձիգ զուգագիծը գործածվում են նաև Ոսկանյան Աստվածաշնչում (1666 թ.), սակայն ոչ թե բացող ու փակող չակերտների դերով, այլ ծանոթագրական նշանների, որոնք դրվում են ծանոթագրվող աստվածաշնչյան խոսքի սկզբում։ Դրանք իբրև ծանոթագրական նշաններ գործածվում են նաև այլ գրքերում։ Օրինակ՝ Ղազար Ճահկեցու «Դրախտ ցանկալի»-ում (Կ. Պոլիս, 1735 թ.) և Հ. Արսեն Այտընյանի «Քննական քերականութիւն»-ում (1866 թ.) զուգագիծը ծանոթագրական նշան է։ Հնարավոր է՝ Ոսկանյան Աստվածաշնչում այս երկու ծանոթագրական նշանների համատեղ գործածությունն է ներշնչել հետագայում նույն այդ երկու նշանները բացող և փակող չակերտների դերում կիրառելու։
18-րդ դարի որոշ հրատարակություններում չակերտների դերը կատարում էին փակագծերը, օրինակ՝ Գրիգոր Տաթևացու երկերի հրատարակություններում և 1780 թ. «Ակնոց աչաց սրտի»-ում։
Ստորակետանման չակերտների դերի ընդլայնում
19-րդ դարի առաջին կեսի հայերեն գրքերում սկսեցին աստղանիշի և զուգագծի փոխարեն նույնպես ստորակետանման կամ ապաթարցանման չակերտներ գործածել՝ մեծավ մասամբ դուրս թողնելով տողագլխային ստորակետանման չակերտները, մինչև որ իսպառ հրաժարվեցին վերջիններից։ Օրինակ՝ 1848-ին լույս տեսած «Բազմավէպ»-ում թեև տողագլխային չակերտները դեռ պահպանվում են, սակայն մեջբերման սկիզբն ու վերջը ցույց տալու համար ստորակետանման չակերտներ են դրվում, ոչ թե աստղանիշ ու զուգագիծ։
Նույն զարգացումները (բացի աստղանիշ-զուգագծի գործածությունից) տեսնում ենք և օտար լեզուներում։ Գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն, անգլերեն, հունարեն հին գրքերում, որ լույս են տեսել մինչև մոտավորապես 19-րդ դարի սկիզբ, չակերտները դրվում են միջնադարյան չակերտների նման՝ մեջբերման յուրաքանչյուր տողագլխում։ Իսկ 19-րդ դարում աստիճանաբար հրաժարվում են այդպիսի կիրառությունից՝ չակերտներ դնելով միայն մեջբերման սկզբում ու վերջում։ Նույնն արել են նաև հայերը՝ որդեգրելով այլ ազգերի՝ չակերտների կիրառության սկզբունքները։
Խ. Աբովյանի «Վէրք Հայաստանի»-ի 1858 թ. հրատարակության ապաթարցանման-ստորակետանման չակերտները
Նույնպիսի չակերտներ «Արարատ»-ում, 1876 թ.
Չակերտների ձևը (ստորակետանման-ապաթարցանման) Ղուկասյանցի «Քերականութեան»
Ա հրատ.-ում (1884 թ.). ձևը նույնն է մնացել նաև Բ հրատ.-ում (1891 թ.)
Չակերտների մի քանի ձևերի անհրաժեշտությունը
Վերևում ներկայացված թե՛ տեղեկությունները, թե՛ պատկերային վկայությունները հստակ ցույց են տալիս, որ հայոց գրչական և տպագիր արվեստներում չակերտների հիմնական ձևերը եղել են մեկից ավելին, և որ ներկայում գործածվող անկյունակ չակերտների ձևն ընդամենը դրանցից մեկն է, ընդ որում ամենաերիտասարդը։ Հետևաբար անհասկանալի է միայն դրանից հավատարմորեն կառչելը՝ այն «հայկական» կոչելով (ինչպես վարվում են ոմանք) և մեր նախնիների գործածած մյուս գրանշանները մերժելով։ Ստորակետանման կամ ապաթարցանման չակերտները նույնպես մասն են մեր կետադրական ժառանգության և բավական երկար պատմություն են ունեցել մեր գրատպության մեջ։
Ժամանակակից լեզուների մեծ մասում չակերտների մեկից ավելի ձևեր են գործածվում միևնույն լեզվում. կան հիմնական և երկրորդական չակերտներ։ Չակերտների տարբեր ձևերի գործածությունը երբեմն անհրաժեշտություն է։ Օրինակ՝ երբեմն նույն տեքստում հարկ է լինում չակերտների մեջ ամփոփված խոսքի անմիջապես սկզբում կամ վերջում չակերտների հավելյալ զույգ դնել, եթե չակերտների մեջ առնված մեջբերումը սկսվում կամ ավարտվում է չակերտավոր միավորով, օրինակ՝ չակերտների մեջ գրվող հատուկ անունով։ Այսպիսի դեպքերում, իրար հաջորդող միաձև երկու կրկնակ չակերտների արտաքին անգրավչությունից խուսափելու համար, ոմանք ռուսերենի հետևողությամբ բաց են թողնում չակերտների մի զույգը։ Սակայն սա սխալ մոտեցում է, որովհետև բաց թողնված չակերտները թույլ չեն տալիս հստակ հասկանալ, թե մեջբերման սկիզբը կամ վերջը որն է։ Ռուսերենում նման դեպքերում թույլատրելի է նաև տարբեր ձևերի չակերտների՝ հիմնական անկյունակներից բացի նաև ապաթարցանման չակերտների կամ շտրիխների գործածությունը։ Ուստի հայերենում նույնպես, եթե գործածենք չակերտների մեկից ավելի ձևեր, նույն տեքստում կարող ենք մի նպատակով (օրինակ՝ միայն մեջբերումների համար) գործածել մի ձևի չակերտներ, իսկ մեկ այլ նպատակով (օրինակ՝ հատուկ անունների և այլ միավորների համար)՝ այլ։
ՀԱՅԵՐԵՆԻ ՉԱԿԵՐՏՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ
Բուն չակերտ, հնագույն չակերտ, շալակ (⚡︎) - չակերտի՝ հայոց ձեռագրերում ամենատարածված և հնագույն ձևը, որին էլ հետագայում (հավանաբար 18-րդ դարում) տրվել է «չակերտ» անվանումը, քանի որ տեսքով նման է «չ» տառի վերին հատվածին (ունկին)։ Սա մեր մատենագրության մեջ ամենաերկարակյաց չակերտն է, որ գործածվել է մեզ հասած ամենահին հայերեն ձեռագիր պատառիկների շրջանից մինչև 18-րդ դար, այսինքն՝ հազարամյակից էլ ավելի։ Այն մեծավ մասամբ մեկնակ էր (մեկ նշանից բաղկացած), գործածվում էր մեջբերումների համար (սկզբնապես միայն Ավետարանում՝ հինկտակարանյան մեջբերումները զատելու համար), դրվում էր լուսանցքում՝ մեջբերման յուրաքանչյուր տողի դիմաց։ Այս նույն նշանը նաև սրբագրական և ծանոթագրական նշան էր, որ կոչվում էր (չգիտենք՝ որ դարից) նաև «շալակ»։ Շալակը դրվում էր ուղղման, լրացման կամ բացատրության ենթակա բառի գլխին կամ բացթողման տեղում՝ տողերի միջև, և դրա դիմաց լուսանցքում՝ ուղղման կամ բացատրության հետ միասին։ Բուն չակերտի մոտավոր պատկերը ցույց տալու համար այս տեքստում մեր գործածած գրանշանը (⚡︎) բարձր լարման կամ կայծակի յունիկոդային նշանն է (U+26A1 + U+FE0E)։
Ա. Գ. Աբրահամյանի «Հայոց գիր և գրչություն» գրքում (Ե., 1973, էջ 179) հին չակերտը ներկայացվում է իբրև սիգմայաձև նշան։ Սակայն սիգմային այն նմանեցնելը շփոթեցուցիչ է, քանի որ, թեև բուն չակերտը որոշ նմանություն ունի բառավերջի փոքրատառ սիգմային (ς), սակայն թե՛ մեծատառ սիգման (Σ), թե՛ ստանդարտ փոքրատառ սիգման (σ) ուրիշ տեսք ունեն։ Հենց Աբրահամյանի գրքում, նրա թե հրատարակչի թույլ տված շփոթության հետևանքով, հին չակերտի համար բերված օրինակներում դրված է սիգմայի սխալ տարբերակ (σ), որ բուն չակերտի հետ առնչություն չունի։
Շալակ - տե՛ս Բուն չակերտ, հնագույն չակերտ, շալակ։
Փակագծեր - չակերտներին փոխարինող նշաններ 18-րդ դարի որոշ հրատարակություններում (օրինակ՝ Գ. Տաթևացու երկերում)։
Աստղանիշ-զուգագիծ (* ||) - չակերտների դերը կատարող նշաններ, որ գործածվել են հայերեն տպագիր գրքերում 18-րդ դարում ու 19-րդի առաջին կեսում՝ տողագլխային չակերտների հետ միասին կամ առանց դրանց։ Աստղանիշը ծառայում էր իբրև բացող չակերտ, ուղղաձիգ զուգագիծը՝ փակող։
Տողագլխային չակերտներ - մեջբերման յուրաքանչյուր տողի դիմաց դրվող չակերտներ, որ գործածվում էին թե՛ միջնադարյան ձեռագրերում՝ լուսանցային դիրքում, թե՛ մինչև 19-րդ դարի առաջին կեսի տպագիր գրքերում՝ տողի մեջ ներքաշված։ Տպագիր գրքերում ունեին կրկնակ ստորակետերի տեսք (,,), բայց հազվադեպ կարող էին լինել և հնագույն՝ բուն չակերտները (օրինակ՝ Գ. Ավետիքյանի «Մեկնութիւն չորեքտասան թղթոց երանելոյն Պօղոսի առաքելոյ», հտ. Ա, 1806 թ., էջ ԺԲ)։
Ստորակետանման չակերտներ (,,) - կրկնակ չակերտների տեսակ․ երկու հատ ստորակետից (երկստոր) բաղկացած չակերտներ, որ գործածվում էին թե՛ իբրև տողագլխային չակերտներ հայերեն տպագիր գրքերում 18-19-րդ դարերում, թե՛ իբրև բացող և փակող չակերտներ՝ 19-րդ դարում։ Կրկնակ ստորակետը հայերենում կոչվում է նաև «երկստոր» (երկստորը գործածվում է լիմոնճյանական նոտագրության մեջ իբրև 16-րդական տևողության նշան)։
Ապաթարցանման-ստորակետանման չակերտներ - կրկնակ չակերտներ, որոնց առաջին խումբը՝ բացողը, ապաթարցի դիրքում է՝ վերևում, և ունի ստորակետի կա՛մ ճշգրիտ (”), կա՛մ շրջված (“) տեսք (անգլ. inverted commas)։ Փակող զույգը ներքևում դրվող երկստոր է (,,)։ Հայերենում լայնորեն կիրառվել են 18-19-րդ դարերում։ Այսօր ապաթարցանման-ստորակետանման չակերտները գործածվում են մի շարք այլ լեզուներում, բայց ո՛չ՝ հայերենում, թեև ոչինչ չի խանգարում դրանք վերակենդանացնելու նաև հայերենում։
Ստորակետանման-ապաթարցանման չակերտներ - վերևում նկարագրված չակերտները՝ բացող և փակող զույգերի հակառակ դասավորությամբ։
Աղեղնակներ - 19-րդ և հատկապես 20-րդ դարերում հայերենում լայնորեն գործածված կրկնակ չակերտներ, որ նման են փոքրիկ աղեղների կամ կորերի, սրանկյուն չեն, բայց առաջին հայացքից կարող են շփոթվել անկյունակների հետ, քանի որ դրանց (guillemets) տարբերակ են։ Գործածվել են 18-19-րդ դդ. ֆրանսերեն գրքերում, 19-րդ դարում՝ նաև այլ լեզուներում։ Շվեյցարացի տառաստեղծ Ադրիան Ֆրութիգերի (Adrian Frutiger) "The Typefaces. The Complete Works" (3rd ed.) գրքում այսպիսի չակերտները կոչվում են "round" կամ "rounded" guillemets (էջ 309, 311)։ Հայերենում գործածվում են 19-րդ դարի մոտավորապես կեսից։ Խորհրդային շրջանում հրատարակված հայերեն գրքերի հիմնական «Գրքի սովորական» տառատեսակի չակերտներն են։ Այսօր կան հայերեն համակարգչային տառատեսակներից միայն մի քանիսում, ուստի համարյա չեն գործածվում։ Մեր ստուգած տառատեսակներում աղեղնակներ գտել ենք Ռ. Թարումյանի Arian Grqi, Arian-liga Grqi, ArTarumianGrqiBardzr_U, ArTarumianGrqiNor_U տառատեսակներում և ArTarumianAramianGrqi_U-ի թեք տարբերակում. բոլորն էլ՝ խորհրդային շրջանի «Գրքի սովորական» տառատեսակի տարբերակներ։
Անկյունակներ - 21-րդ դարում հայերենում գործածվող ամենատարածված չակերտները, որոնք նման են աղեղնակներին, բայց սրանկյուն են։ Տարածված են, քանի որ հայերենի համակարգչային տառատեսակներ հեղինակողները գրեթե բացառապես անկյունակներ են ստեղծում, իսկ հայոց լեզվի դասագրքերը, ձեռնարկներն ու տեղեկատուներն էլ՝ իբրև հայերենի միակ չակերտներ ներկայացնում անկյունակները։ Հայերենում գործածվում են 19-րդ դարի մոտավորապես կեսից։ Օտար լեզուներում անկյունակը հայտնի է guillemet անունով։
Շտրիխներ - ապաթարցի դիրքում դրվող ուղղագիծ (ո՛չ ստորակետանման) մեկնակ (') կամ կրկնակ ('') չակերտների ձև, որ հայերեն տպագիր գրականության մեջ սովորական (ոչ տեխնիկական) տեքստում չի գործածվում, ուստի հայերենի կետադրական համակարգի մաս չէ։ Ձեռագիր տեքստում դյուրագրության նպատակով կարող է փոխարինել չակերտների մյուս տեսակներին։ Թեք կրկնակ շտրիխներին նման է հայերեն ձեռագրերում և հնատիպ գրքերում գործածված երկորյակը (˝), որ համառոտագրության նշան էր։
ԹԵՄԱՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՎԵԼՎԱԾԻԿ
Չակերտներն արդի հայերենում կիրառման ամենամեծ դժվարությունները ստեղծող նշաններից են։ Հատուկ անուններում, հատկապես կազմակերպությունների անվանումներում, անգամ որոշ լեզվաբաններ դժվարանում են հասկանալ՝ չակերտներ պիտի դնե՞ն, թե ոչ, ուստի երբեմն դնում են այնտեղ, ուր դրանց կարիքը չկա։ Հետևաբար, մեր «Լեզվաոճական ուղեցույցում» փորձել ենք բացատրել դրանց կիրառությունը. տեսեք «Հատուկ անուններ (չակերտներո՞վ, թե առանց դրանց)» և «Չակերտները վերնագրում» հոդվածները։
Քանի որ նյութը հարուստ է փաստական տվյալներով, չի բացառվում, որ թույլ տված լինենք կարևոր վրիպակներ (օրինակ՝ մի թվի կամ թվանշանի փոխարեն մի ուրիշը ևն), որոնք դեռ չենք հաջողել նկատել։ Շնորհակալ կլինենք, եթե նկատված կարևոր վրիպակների մասին մեզ տեղյակ պահեք՝ գրելով grahavak@email.com հասցեով։