3/19/19

Հարցական շեշտադրմամբ օժանդակ բայի «խնդիրը»

Հոդվածը թարմացվել է 2023 թ. հնս 27-ին։


Լեզվի կոմիտեի վերջին հորդորակներից մեկում («Հորդորակ հարցական նշանի և հնչերանգի մասին») դարձյալ հիշեցնում են մի «կանոնի» մասին*, որը թելադրում է օժանդակ բայի վրա հարցական նշան չդնել («Հայերենում օժանդակ բայի վրա հարցական նշան չենք դնում»)։ Բայց բոլոր արևելահայերս էլ շատ լավ գիտենք, որ մեր բնական խոսքում մենք հարցական շեշտադրմամբ արտասանում ենք նաև օժանդակ բայը, և հաճախ սա իմաստային կարևոր նշանակություն ունի. օրինակ՝ «Դու բերե՞լ ես հացը» և «(Ասում ես՝) հացը բերել ե՞ս» տարբերակները նույնիմաստ չեն։ Առաջինում ուզում ենք իմանալ՝ մեկը հացը բերել է, թե ոչ, իսկ երկրորդում զարմանք ենք արտահայտում հացը բերելու գործողության վերաբերյալ։ 

Ամենաթարմ դասագրքերից մեկում՝ 2022 թ. «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» բուհական դասագրքում (հեղինակներ՝ Յուրի Ավետիսյան և այլք), պարույկի մասին կանոններում (էջ 303) ոչ մի հիշատակություն չկա օժանդակ բայի վրա պարույկ չդնելու մասին։ Իսկ դա նշանակում է, որ կանոնը թույլ է տալիս պարույկ դնել նաև՛ օժանդակ բայի վրա։ Տեսեք կից նկարը։



Այս «կանոնի» խնդրի վերաբերյալ առցանց քննարկումներից հասկացել եմ, որ շատերը կարծում են, թե օժանդակ բայի վրա հարցական նշան դնելը (կամ, որ նույնն է, օժանդակ բայը հարցական հնչերանգով արտասանելը) նոր ժամանակների երևույթ է, և եթե այժմ այսպես ենք արտասանում, ուրեմն այսպես էլ պետք է կետադրենք։

Այո՛, լուրջ չէ այս ինքնանպատակ «կանոնը», և պե՛տք է պարույկը դնենք այնտեղ, որտեղ հարցական շեշտադրում կա՝ շեշտվածն օժանդակ բայ կլինի, թե մի ուրիշ խոսքի մաս (այս ճկունությունն ի վերջո հայոց լեզվի հարստության նշան է)։ Բայց ո՛չ թե որովհետև մեր լեզուն այս կողմից արտասանական փոփոխություն է կրել և հիմա բնական է մեզ համար այսպիսի արտասանությունը, այլ որովհետև այդպիսի՛ն է արևելահայերենի բնական արտասանությունն առնվազն Խաչատուր Աբովյանի ժամանակներից։ Ոչ մի զարգացում էլ այս առումով տեղի չի ունեցել, ինչպես կարծում են ոմանք։ Ինչ ունեցել ենք, այն էլ ունենք, այսինքն՝ կարող ենք հարցական շեշտադրմամբ արտասանել թե՛ օժանդակ բայը, թե՛ դրա հետ գործածված բառերը։ Իսկ մեռած «կանոնը» պարզապես հնարվել է՝ անտեսելով թե՛ շուրջ երկուհարյուրամյա արևելահայ գրականությունից մեզ ավանդվածը, թե՛ արևելահայերենի՝ վստահաբար շատ ավելի հնուց եկած բնական արտասանությունը։ Զարմանալի է, որ որոշ մարդիկ արևելահայ դասականների գործերը կարդացել են ու չեն նկատել սա։

Բարեբախտաբար, ԱՐԵՎԱԿ-ը նման դեպքերում օգնության է միշտ հասնում։ Ես միայն երեք օժանդակ բայ եմ ընտրել որոնման համար (մնացածը դո՛ւք որոնեք, եթե ցանկանում եք) և ներքևում պատճենում եմ տվյալների միայն մի մասը։ Այսքանն էլ է բավական։


***

«Վերք Հայաստանի» Աբովյան Խաչատուր 1841

Տասը Հասան խան հո չկա՞ աշխարքումս. հրես, ոտիս տակին ընկած, հոգին տալիս ա. երազ ե՞ք պատմում, թե՞ գինովացել եք:

---

Հասա՛ն խան, Հասան խան. տո՛, հրես գլուխը ճտի պես ձեռումս, դուք ինձ պառավի հեքաթ ե՞ք ասում:

«Հրապարակախոսություններ, հոդվածներ» Րաֆֆի

— Երևի, դուք կարդում ե՞ք, — իսկույն հարցնում է նա:

«Ոսկե աքաղաղ» Րաֆֆի 1870

— Տեսնում ե՞ս, որ ոչինչ չես հասկացել, — ասաց Մասիսյանը և սկսեց բացատրել իր կարծիքը անծանոթի անհասկացողության մասին:

---

Իմանում ե՞ք:

---

— Երևի աղային տեսնելու ե՞ս եկել, — հարցրուց պատանին:

---

— Ա՜յ տղա, Միքայել, մի ստաքան արաղ բեր Սիմոն Յագորիչին, այն մեծ ստաքանով, իմանում ե՞ս, — ասաց աղան և սկսեց համբարել փողերը:

---

— Տեսնում ե՞ս, լակոտ, էսպես կլինի ղոչաղ տղան, մարդու աչքի միջից մազ կթռցնե, և մարդը չի իմանա:

---

Տեսնում ե՞ս, աստված էդպես կբարկանա:

«Ջալալեդին» Րաֆֆի 1878

— Շատ լավ, — շարունակեց Սարհատը, — դու տեսել ե՞ս Բիժինկերտից փոքր-ինչ հեռու ձորի մեջ մի մատուռ:

«Կայծեր, մաս 1» Րաֆֆի 1883-1887

— Դու ճանապարհն իմանում ե՞ս, — հարցրեց Մարոն:

---

— Հիշում ե՞ս, Ֆարհատ, երբ մենք դեռ վարժատան մեջն էինք, շատ անգամ ասում էինք միմյանց. «Մենք եղբայրներ ենք, մենք պետք է միասին աշխատենք և միասին վայելենք մեր վաստակը»:

---

— Նրանք քեզ համար գուլբաներ գործում ե՞ն, քո ոտքերը մաժո՞ւմ են քնելու ժամանակ:

«Հարեմ» Րաֆֆի 1874

— Այստեղ դուք մինակ ե՞ք, — հարցրուց բոշային նմանող կինը:

---

Ճանաչում ե՞ք ովքեր են, մինն իմ կինն է, իսկ մյուսը՝ նրա քույրը:

«Խենթը» Րաֆֆի 1881

— Ի՞նչպես է, հավանում ե՞ս, քավոր Խաչո, — հարցրեց բեկը, ձեռքով գգվելով նժույգի սիրուն բաշը, — դու ձիաներ ճանաչում ես, ի՞նչպես է:

---

— Լալա՛, տեսնում ե՞ս, զավակս, — դարձավ հիվանդը դեպի մանկահասակ աղջիկը, որ աչքերը բռնած հեկեկում էր, — աստված դժբախտության ամենադառն րոպեներում դարձյալ չի մոռանում թշվառներին և ուղարկում է իր հրեշտակը նրանց մխիթարելու համար:

---

Հիշում ե՞ս, Մելիք-Մանսուրը մի ժամանակ «լավ ասեղներ» էր կանչում, և թափառում էր Ալաշկերտի գյուղերում, բայց նա այժմ մի առանձին զորաբաժնի գեներալ է»:

---

— Տեսնում ե՞ք, նա արդեն ստացել է իր ընծան, — ասաց բեկը՝ դառնալով դեպի տանուտերը:

---

— Չէ՛, ականջ դրեք, այդ նրա սիգնալն է, լսում ե՞ք ագռավի կռնչյունը...

«Տնային փեսա» Րաֆֆի

— Սաբետ, — ասում էր Թաթուխենց Նատալյան յուր մոտ նստած կնոջ ականջին, — տեհնում ե՞ս Շուշանի բախտն, վո՞ւնց առանց փուղի ու առանց բաժինքի տանու՜ փեսա ճարեց իր համար:

---

— Հավանում ե՞ս, Նատո ջան, — նույնպես ժպտելով հարցրուց պատանին:

«Սալբի» Րաֆֆի 1911

— «Ես վախենա՞մ, տեսնում ե՞ք այս խանչալը, այս կարաբինան, այս ատրճանակները, — պատասխանեցի ես, զենքերս ցույց տալով:

«Արձակ երկեր» Պատկանյան Ռափայել

Հեշտ բան ուզում ե՞ս — գնա գետինը փորիր, ջուր կրիր, ժամի դռանը մուրա — շտե քեզ հեշտ արհեստ, իսկ գրել կարդալը հեշտ արհեստ չէ:

---

Միքայել, ղորդ ե՞ս ասում, թե՞ հանաք ես անում:

---

Այժմ հավատում ե՞ք, որ ես այնքան աղքատ չեմ, որ երևում եմ արտաքին հանգամանքովս:

---

Հետո՞, դու ու քո հոգին, ես ինչո՞վս եմ փղի նմանում. մեկ լավ նայիր աչքերիս — փղի աչքերի նման ե՞ն, վզիս նայիր — փղի վի՞զ է. կռնակիս նայիր — փղի կռնա՞կ է, քայլվածքիս նայիր — փղի քայլվա՞ծք է:

«Մեղր և ճանճեր» Նար-Դոս

Պահ, Թորոսյան... դու այստեղ ե՞ս. ես մտա սենյակդ, այնտեղ չէիր:

«Մեղր և ճանճեր» Նար-Դոս

Հը՛, դարձյալ այստեղ ե՞ս:

«Պայքար» Նար-Դոս 1887

— Տեսնում ե՞ս... բաս ասա թուրքացել է, էլի, — նկատեց Օսանը:

---

Իսկի թողնում ե՞ն, որ մարդ հանգիստ մնա. մի օր մեկն է քարշ տալիս, մյուս օրը՝ մի ուրիշը:

---

Նրա դեմքը լավ ե՞ս դիտել — կասես ճմշկած ճանճուռ լինի, բայց աչքերը, — տե՛ս, նայում է վերնահարկին, — փիալեք են վառվո՞ւմ...

«Մահը» Նար-Դոս

Աշնանային ճանճն տեսել ե՞ս, որ ականջիցդ քշում ես՝ ճակատիդ է նստում, ճակատիցդ քշում` քթիդ է նստում:

---

Դուք այստեղ ե՞ք պառկած:

---

— Գնում ե՞ք:

---

— Լևոն, այդ դու ե՞ս, — հարցրեց Մինասյանը, այս անգամ ավելի ապշած նրա տարօրինակ համառ հայացքից քան թե նրա ընդհանուր արտաքինից:

«Մեր թաղը, զանազան պատմվածքներ, վիպակներ, հեքիաթներ» Նար-Դոս

— Տո, էդ ի՞նչ ա հալդ, էլի հիվանդ ե՞ս:

---

Հը՜, ի՞նչ ես ասում, — դարձավ նա գրբաց Գրիգորին, — տալիս ե՞ս, թե չէ:

---

— Հա՞ա, մեռել ե՞ք, սատկել ե՞ք:

---

— Հավերդ սատկել ե՞ն, էլ ձու չեն ածո՞ւմ:

«Պատմվածքներ» Մուրացան 1882-1886

— Դու արդեն զարթել ե՞ս, ես դիտմամբ թույլ տվի քեզ երկար քնելու. ինչո՞ւ համար ես կանգնել այդտեղ, արի՛, արի՛ ներս, — և այս ասելով նա կամեցավ բռնել Ելենայի ձեռքը:

---

— Դու գժվել ե՞ս, Անիչկա, ի՞նչ է պատահել:

«Նամուս» Շիրվանզադե Ալեքսանդր 1885

— Թողնում ե՞ս, որ խոսեմ, կրակ բռնածի պես ներս ես մտել թե չէ, էլ լեզուդ բունը չի մտնում:

---

— Փահ, երեխա ե՞ս, հապա հե՞րը:

«Կյանքի բովից» Շիրվանզադե Ալեքսանդր

— Ասել ե՞ս, որ տանն եմ:

---

«Ա՛յ տղա, կենդանի ե՞ս»:

«Արամբին» Շիրվանզադե Ալեքսանդր 1888

Հիշում ե՞ք այն օրն, երբ մեզ ցույց էիք տալիս այս բնակարանը:

«Պատմվածքներ և վիպակներ» Շիրվանզադե Ալեքսանդր

— Նշանված ե՞ս:

«Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ» Շիրվանզադե Ալեքսանդր

— Դուք համաձայն ե՞ք նրա բոլոր գովասանքներին հրեաների վերաբերյալ:

«Ազգային գործիչը» Շիրվանզադե Ալեքսանդր

ՆԱԶԱՆԻ. Հոգիս բերանս բերիր, ասելու ե՞ս, թե՞ չէ:

---

Հը, դու ե՞ս, Նազանի:

«Վարդան Ահրումյան» Շիրվանզադե Ալեքսանդր 1902

— Որդի, ուրեմն փողը քրոջիցդ ավել ե՞ս սիրում:

«Մորգանի խնամին» Շիրվանզադե Ալեքսանդր

Ուզում ե՞ք, պաչեցեք:

«Սոս և Վարդիթեր» Պռոշյան Պերճ 1860

— Ա՛յ պառավ, — ասեց, — դու խելքդ կորցրել ե՞ս, թե ի՞նչ ա, դու քու ձեռքովդ քու տունը քանդում ե՞ս, տղեդ բալքի մեռնում էր. էս ի՞նչ ա, իրեք օր ա, խելքը գլուխը չի գալի:

---

— Հը, աջ ե՞ս, թե ձախ, — նեքսև մտնելով՝ ծիծաղալով ասեց Սոսը, — ջիք ե՞ս, թե բոք (հաջող է՞, թե ոչ) :

---

Հետո ետ դառավ Սոսի մորը. — քեռակին, ասեց, տեսա՛ր տղիղ ո՛նց ձեռնեձեռը նշան դրի, ուրախ ե՞ս, թե չէ, դրուստն ասա, դու ըլիս ու Սոսի արևը, դու ըլիս քեռու լիս գերեզմանը:

«Հացի խնդիր» Պռոշյան Պերճ 1879

— Տո՛, դու գեղերիցն ես գալիս ու քաղցած ե՞ս, ես ավատամ, որ դու հիմի չորս-հինգ գեղում չոռլամիշ չես էլե՞լ ու խուրջինդ էլ պռտեհար լցված չի՞:

---

— Չեմ գիտում, դու իմանում ե՞ս, որ էդ Խեչանը մի սիրուն նշանած աղջիկ ունի:

---

Դուք ի՞նչ եք ասում, ա՛յ էլլիկ, համաձայն ե՞ք, թե ոչ:

«Ցեցեր» Պռոշյան Պերճ 1889

— Ամոթ չի՞, երեխա ե՞ս, — շշնջաց Սոնան:

---

— Փողերը բերել ե՞ն:

«Կռվածաղիկ» Պռոշյան Պերճ 1878

Ա՛յ, ասեմ ձեզ. մենք ունինք ոսկի գութան. տեսնում ե՞ք մեր բակումը պատի տակին ընկած փետե գութանը....

«Պատմվածքներ» Պռոշյան Պերճ

....թիֆլիսեցի Միխակին մոռացել ե՞ս, փողի հոտն առավ թե չէ, ձեռաց քարշ կտա իրանց սուկու խորովածն ուտեցնելու....

---

— Վասո ջա՛ն, դու ե՞ս:

«Սկիզբն երկանց» Պռոշյան Պերճ 1892

Այժմ տեսնում ե՞ք, որ սուտ չէի ասում, թե մի երկրորդ Խրիմյան Հայրիկի աշակերտ և ճետ էլ ես եմ:

«Կաֆլանքու» Փափազյան Վրթանես

— Որպես զինաթափ, խանո՛ւմ, մի՞թե դու չգիտես, որ ես մանկությունից մինչև այս հասակս առանց զենքի և ոչ մի րոպե չեմ անցկացրել, մի՞թե դու չգիտես, իմ զենքերը իմ անձի կեսն է և ես առանց զենքերի կես մարդ եմ. ո՛չ, առաջարկիր մի ուրիշ պայման և ես հետաքրքրության, լսում ե՞ս, լոկ միայն հետաքրքրության համար կաշխատեմ պայմանդ ընդունել:

«Սոխակի տղան» Փափազյան Վրթանես

— Կատակ ե՞ս անում, — բացականչեց Գրիգոր, — այդպես շո՞ւտ ես ուզում մեզ թողնել, իսկ մենք քեզ ուզում էինք միշտ մեզ հետ պահել... մինչև իսկ Սաթինիկ քեզ համար մի աղջիկ է գտել...

---

Հեռո՛ւ ինձնից... կարծում եմ որ Վարդուհին եք... և՛ այո՛, եթե մի օր էլ ուշանայիք Հախվերիսում... լսում ե՞ք, Գրիգոր, եթե մի օր էլ ուշանայիք... ես պիտի սիրեի ձեր Սաթինիկին...:

---

— Ձիերը պատրաստ ե՞ն, — հարցրեց Սոխակի Տղան անհամբերությամբ:

---

— Հա՞, — ժպտեց Սոխակի Որդին, — է, ի՞նչ ես անում, գործերդ լավ ե՞ն:

«Տժվժիկ, Ժառանգներ և այլ երկեր» Ատրպետ

— Զահլա տարար, գիտես թե քու տաշտերն ե՞ն տունը պահելու:

«Պատմվածքներ» Թումանյան Հովհաննես

— Ասի` հիմի տեսնում ե՞ս:

---

— Ադա, դու սովիցը խելքդ թռցրել ե՞ս, Համբո, էդ ի՞նչ ես անում, — ձայնը բարձրացրեց Անդրին մոտեցողին ճանաչելով:

---

— Ա՜յ տղա, դեռ կանգնած ե՞ք, էս րոպեիս գնացեք, սրա կնգանը բերեք, — տեղիցը վեր թռավ տանուտերը:

«Հեքիաթներ» Թումանյան Հովհաննես

— Մոզին ուզում ե՞ս:

«Քննադատություն և հրապարակախոսություն, նամակներ» Թումանյան Հովհաննես

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում:

«Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից» Չարենց Եղիշե 1927

— Տղա ե՞ք բռնաբարել, — հարցրեց պետը լուրջ շեշտակի նայելով վարդապետին:

«Երկեր» Չարենց Եղիշե

Ուզում ե՞ք, պարո՜ն:

«Մթնաձոր» Բակունց Ակսել

— Քանի ե՞ս տալիս ձվերը, — հարցնում է կինը:

---

— Գնում ե՞ս:

«Վեպեր և վիպակներ» Բակունց Ակսել

Գեներալ Կուտուզովի տղան ե՞ս:

---

— Էլի փեշակիդ ե՞ս... — ու մտրակի կոթը մեկնեց քարի մոտ դրած տանձենու տունկերին:

---

— Գալիս ե՞ն, — ասաց մեկն ու վազելով իջավ ներքին թաղը:

«Պատմվածքներ, ակնարկներ, հեքիաթներ» Բակունց Ակսել

— Ռուշա՛ն, պիոներ ե՞ս...

---

— Էհ, սրանք չարվադար ե՞ն:

«Ցաված սիրտս երգեր հյուսեց» Իսահակյան Ավետիք

Էյհեյ, լսեցեք, ձայն տվեք իրար,

Ամենքդ ե՞ք ոտքի, մարդ քնած չկա՞.

Շո՛ւտ հագեք-կապեք զենքեր ու զրահ....

«Ակնարկներ, մանրապատումներ, վիպակներ» Դեմիրճյան Դերենիկ

Կարող ե՞ս Արազը կտրես անցնես:

«Երգիծական պատմվածքներ և ֆելիետոններ» Դեմիրճյան Դերենիկ

— Չէ, ասում եմ, քրիստոնյա ե՞ս, թե չէ:

---

— Ինչպես ե՞ք, տիկին, — հարցնում եք:

---

— Շուտ-շուտ ե՞ք սրում ածելիները:

---

Տեսել ե՞ք Մուսոլինիի նկարը:

«Պատմվածքներ» Դեմիրճյան Դերենիկ

— Հը՞, էստեղ ե՞ս, քեզ էի ման գալի:

---

Գալիս ե՞ս, Սուրեն:

---

— Այս երկու տղադ ե՞ն:

«Պիեսներ» Դեմիրճյան Դերենիկ

ԲԱՐԵՂԱՄ. Դու էլ ե՞ս վերցնում... լավ, ձևակերպիր այդ ևս:

---

ՕԼԻՆԿԱ. Դուք նեղացած ե՞ք որևէ մեկից:

«Երկեր, հ.10» Դեմիրճյան Դերենիկ

ՄԻ ՖՐՈՆՏԱՅԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐ. (Ի՞նչ, սակարկում ե՞ք դեռ գյուղացիների գլխի վրայով ձեռք եք մեկնում բուրժույների՞ն...

---

ՏԻԽՈՄԻՐՈՎ. Ապստամբությո՞ւն, դուք ապստամբելու ե՞ք, ասե՛ք:

«Պապ թագավոր» Զորյան Ստեփան 1944

Դու կարող ե՞ս...

«Տխուր մարդիկ» Զորյան Ստեփան

— Բա իմացել ե՞ս, — ասում է աշխուժով. – Տոնոյի կովը ծնել է, օրապակաս հորթ է բերել:

«Ամիրյանի ընտանիքը» Զորյան Ստեփան 1921

— Ինչպես ե՞ք, — հարցրեց Արամը:

«Զրույցներ, մանրավեպեր, հեքիաթներ» Զորյան Ստեփան

— Ինձ երեխի տեղ ե՞ք դրել, — ասում է, — կարգին թոկ տվեք:

«Մարդկության մայրը...» Անանյան Վախթանգ

— Հլա խոսում էլ ե՞ս...

---

Ինչի՞, անասուն ե՞ն, թե մարդ...

«Հովազաձորի գերիները» Անանյան Վախթանգ 1956

— Կեցցես, բա ասում եք մազերը երկար ե՞ն, — բացականչեց Գագիկը:

«Պատմվածքներ» Անանյան Վախթանգ

— Դեռ խոսում էլ ե՞ս, էն ի՞նչ դրիր իմ գլխին, որ մտիցս ընկնի,ծիծաղելով պատասխանում է նա ու փափախը վերցնելով գլուխն է ցույց տալիս:

---

— Ստեփան, բա մոռացել ե՞ս, որ տղեդ Ստեպան Ստեպանիչ է։

«Անլեզու ընկերները...» Անանյան Վախթանգ

— Ողջ-առողջ ե՞ս, — գոռացի ես, որպեսզի թնդյունների մեջ ձայնս տեղ հասնի:

---

Սատկել ե՞ն...

---

Դա թե՝ այ որդի, ծակը կա՞, լսում ե՞ս, հերիք է, էս մսի կտորն ինչի՞դ է պետք:

«Համլետը ինչպես տեսա....» Փափազյան Վահրամ

Տեսնում ե՞ք, հարկը լուծեց օրենքը և թշվառ, երազացնոր Դանիացին, թեև մեծ դժվարությամբ, բայց հաշտվեց կյանքի չոր իրականության հետ:

---

Զգում ե՞ք, օրիորդ, այդ էլ մի բան է:

«Օրերի ճանապարհը» Գյուլնազարյան Խաժակ 1954-1958

— Վա՛յ, ուրեմն դու որբանոցում եղել ե՞ս:

---

— Է՜ ինչ անենք, դու գող ե՞ս, որ գողացած ապրանքը ծախես:

---

— Խուժան ե՞ս:

---

— Դու պատկոմ ե՞ս:

---

— Հը՞, — ժպտաց նա, — էլի իրար խանգարում ե՞ք:

«Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը» Գյուլնազարյան Խաժակ 1962-1963

— Վա՛յ, հայ ե՞ք, որդի, — ուրախանում է պառավը:

---

Ձեզանից մարդ ե՞ն տարել:

«Երկեր» Կամսար Լեռ

— Աչքովդ ե՞ս տեսել, թե լսել ես:

«Սայաթ-Նովա» Դարյան Զարզանդ 1960-1963

Սպահանից ե՞ս, թե՞ Գյուրջի շհարից:

«Ժամանակներ» Քոչար Հրաչյա 1939

— Վայ ձեր տունը շեն կենա, կարծում եք, թե ես անհասկացող ե՞մ, բա թե որ ստի ախորժակ չունեիք, ո՞ւր էիք Օհանեսի գրածների համար սար ու քար ընկնում, բա նա ճիշտ է գրե՞լ, բոլորը եղած բաներ ե՞ն:

«Սպիտակ գիրքը» Քոչար Հրաչյա 1964

— Նուռերն արդեն կծաղկեն, Նահապետ, էսօր տեսիր ե՞ս, հարցնում էր այս անգամ Նուբարը, խոսքը փոխելու համար, — էս աշուն պտուղ կուտա՞ն...

«Մխիթար Սպարապետ» Խանզադյան Սերո 1961

— Նույնն ե՞ն, արդյոք, խորհում մյուսները ևս՝ Տեր-Ավետիսը, Պղինձ Արթինը, հարյուրապետներից շատերը:

«Սիրո մրմունջներ, երգիծական պատմվածքներ, քանդակներ» Մահարի Գուրգեն

Տես, ի՛նչ գեղեցիկ երեկո է... զգում ե՞ս, որ այս երեկոն ստեղծվում է հատկապես ինձ և քեզ համար:

«Այրվող այգեստաններ» Մահարի Գուրգեն

Ինձ մոտ ե՞ք եկել,– հարցրեց, ակնոցի վրայից ուշադրությամբ նայելով Օհանես աղային: