06/04/2022

Չգործող հղումների մասին

Այստեղ տրվող տեղեկությունը կա մեր կայքի «Գրադարան» էջում, բայց հասկացանք, որ անհրաժեշտ է առանձին գրառմամբ ևս այն մատուցել ընթերցողներին։

ԿԱՐԵՎՈՐ

Եթե գիրքը տեղադրված է greenstone-ով սկսվող որևէ հասցեում (այսինքն՝ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի շտեմարաններում) և չի բացվում, նշանակում է՝ այդ գիրքը բացող առցանց ընթերցիչը չի գործում։ Այդ դեպքում գիրքը պիտի բացեք որպես PDF, այսինքն՝ հասցեի տողի վերջում _index.html-ը փոխարինեք .pdf-ով։

Օրինակ՝

http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/tchanaparhordutyun_i_metsn_hayastanh1_index.html

հասցեն պիտի դառնա՝

http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/tchanaparhordutyun_i_metsn_hayastanh1.pdf

Եթե սա էլ չօգնի, նշանակում է՝ գրքի հասցեն փոխվել է։ Ուստի գնացեք այս էջ, «ԷԼ. ԳՐՔԵՐ» սյունակում գտեք ձեզ անհրաժեշտ շտեմարանը, մտեք և որոնեք անհրաժեշտ գիրքը։

***

Եթե գրքի հասցեն սկսվում է ներքոբերյալ տողերից մեկնումեկով (այսինքն՝ գիրքը տեղադրված է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների կենտրոնի բաժին-կայքերից մեկնումեկում), ապա գիրքը չի բացվի, քանի որ այդ կայքերի հիմնական հասցեները փոխվել են։ Բայց դուք կարող եք դրանք բացել, եթե գրքի հասցեի սկզբի մասում ավելացնեք -am.armin մասը, ինչպես ներկայացված է ստորև։ (Առայժմ մենք ինքներս չունենք հնարավորություն մեր գրացուցակներում գտնելու այս բոլոր գրքերը և փոխելու հասցեները)։


Հասցեի www.armenianlanguage.am/ սկիզբը պիտի դառնա www.armenianlanguage-am.armin.am/


www.armenianarchaeology.am/  www.armenianarchaeology-am.armin.am/
www.armenianreligion.am/ www.armenianreligion-am.armin.am/
www.armeniaculture.am/ → www.armeniaculture-am.armin.am/
www.armeniansgenocide.am/ → www.armeniansgenocide-am.armin.am/
www.armeniandiaspora.am/ → www.armeniandiaspora-am.armin.am/
www.historyofarmenia.am/ → www.historyofarmenia-am.armin.am/


Օրինակ՝ 
http://www.armeniansgenocide.am/images/menus/687/OSMAN.pdf

http://www.armeniansgenocide-am.armin.am/images/menus/687/OSMAN.pdf


21/03/2022

Հայերենի «ֆ» տառը

Շատերին է հետաքրքրում, թե ով է ստեղծել հայերենի «ֆ» տառը, եթե այն չի ստեղծել Մեսրոպ Մաշտոցը։ Ոմանք կարդացել են, որ հայերենի «օ» և «ֆ» տառերը հետագայում՝ թերևս 11-րդ դարում, հունարենից են ներմուծվել հայոց այբուբեն, սակայն հունարեն այբուբենում չեն կարողանում գտնել «ֆ»-ին նման տառ։ Պատճառն այն է, որ հունարեն այբուբենի այսօր գործածվող տարբերակում են միայն փնտրում։ Հին դարերում տարածված հունարեն բոլորգիր տառատեսակում «ֆի» տառի (φ) տեսքը մեր «ֆ»-ի նման է։ Կից նկարներում 9-10-րդ դդ. հունարեն ձեռագրերից նմուշներ են, որտեղ կարող եք հստակ տեսնել «ֆ» տառաձևը։ Նկարների աղբյուրը հետևյալ էջն է՝ https://spotlight.vatlib.it/greek-paleography/feature/3-old-round-minuscule, որտեղ կարող եք նաև այլ ձեռագրային նմուշներ տեսնել։





Նոր պարսկերեն և արաբերեն բառեր արդի հայերենում

Թարմացվել է 2025 թ. հնվ. 23-ին։


Նոր պարսկերեն և արաբերեն բառեր, որոնց մի մասը հայերենին անցել է թյուրքական լեզուների միջոցով

Ներկայացվող ցանկը խիստ հեռու է ամբողջական լինելուց և չի հավակնում այդպիսին լինելու։ Այն պարզապես մոտավոր պատկերացում է տալիս արդի հայերենում (գրական լեզու և բարբառներ) դեռևս գործածվող և հայաստանաբնակների մեծ մասի (և ոչ թե միայն որոշակի բարբառներով խոսողների) համար հիմնականում հասկանալի այն փոխառությունների մասին, որոնք հայերենին անցել են միջին հայերենի շրջանից մինչև 20-րդ դար նոր պարսկերենից ու արաբերենից, հաճախ թյուրքական լեզուների (թուրքերեն, ադրբեջաներեն) միջոցով։ Ոչ միշտ է հստակ, թե բառն ուղղակի՞ փոխառություն է ծագման լեզվից, թե անցել է հայերենին թյուրքական լեզուների միջոցով։ Նույն բառը կամ դրա բարբառային ձևերից մեկը մի հայերեն բարբառ կարող էր թյուրքական լեզվի միջոցով անցած լինել, իսկ մի ուրիշում տեղ գտած լինել հենց ծագման լեզվից։

Ցանկի բառերի համար ներկայացված են հայերենում այսօր դրանց տրվող նշանակությունները, որոնք երբեմն կարող են տարբերվել ծագման լեզուներում (կամ հայերենում դրանց ունեցած նախկին) նշանակություններից։

Ցանկում ներառել ենք մի քանի վրացերեն ու քրդերեն բառ ևս՝ պարզապես դրանց ծագումը ցույց տալու համար։

Տեսեք նաև թյուրքական ծագման փոխառությունների մեր ցանկը։

 

Թյուրքական ծագման բառեր հայերենում

Թարմացվել է 2025 թ. նոյ. 4-ին։


Թյուրքական ծագման (թուրքերեն, ադրբեջաներեն, թաթարերեն) բառեր,

որ այսօր գործածական են հայոց լեզվի տարբեր շերտերում (գրական և խոսակցական հայերեն, բարբառներ)


Ներկայացված են այսօր հայերենում այդ բառերին տրվող նշանակությունները, որոնք երբեմն կարող են տարբերվել հենց թյուրքական լեզուներում (կամ հայերենում դրանց ունեցած նախկին) նշանակություններից։

Ցանկը հեռու է ամբողջական լինելուց և դեռևս լրացվելու է նոր միավորներով, և դեռևս կատարվելու են ճշգրտումներ, եթե նկատենք, որ իբրև թյուրքական ներկայացվող բառն իրականում պարսկական կամ արաբական ծագում ունի։ Այդ դեպքում այն տեղափոխելու ենք մեր կազմած մյուս ցանկը, որի հղումը տրված է ներքևում։ 

Հայերենի այսօր կենդանի որոշ բարբառներում կամ բարբառախոսների ավագ սերնդի շրջանում գործածվում են թյուրքական ծագման նաև այնպիսի բառեր, որ այս ցանկում չկան, սակայն դրանք, կարծում ենք, հասկանալի չեն այդ բարբառներով չխոսող հայաստանցիների մեծամասնությանը, ուստի այս ցանկում չեն ներառվելու։

Տեսեք նաև մեր մյուս ցանկը, որ ներկայացնում է հիմնականում նոր պարսկերենից ու արաբերենից փոխառություններ, որոնց մի զգալի մաս հայերենին անցել է դարձյալ թյուրքական լեզուների միջոցով։


Սննդին վերաբերող բառերը ներկայացված են հիմնական ցանկի ներքևում՝ առանձին։ 


27/12/2021

Ղփչաղերենն ուսումնասիրողների համար

 Եթե ուսումնասիրում եք կամ կամենում ուսումնասիրել ղփչաղերենը, ապա ձեզ օգտակար կլինեն հետևյալ երկու ձեռագրերը, որոնցում կան հայատառ ղփչաղերեն տեքստեր։ Հատկապես սաղմոսագիրքը շատ հարմար է ղփչաղերենի ուսումնասիրության համար, քանի որ սաղմոսների յուրաքանչյուր տուն այդ ձեռագրում ներկայացվում է նախ գրաբարյան թարգմանությամբ, ապա՝ ղփչաղերեն։ 



























Ահա՛ ձեռագրերի հղումները.

Սաղմոսարան, ԿՉԹ 3546 I Rkps (Լվով, 1575 թ․, գրաբար և հայատառ ղփչաղերէն)։ Սաղմոսագրքի ամէն տուն նախ տրւում է գրաբարով, ապա դրա ղփչաղերէն թարգմանութեամբ։

Ժամագիրք, ԿՉԹ 2412 IV Rkps (Լվով, [1600] թ․, հայատառ ղփչաղերէն և գրաբար)  


08/11/2021

Հայերենի հատուկ գրանշաններով տառատեսակներ

 Arian-liga Grqi և Arian-liga AMU  տառատեսակները (ազատ տարածվող, հեղինակ՝ Ռուբեն Թարումյան) հարմար են գրաբարյան այնպիսի տեքստերի մուտքագրման համար, որոնցում ուզում ենք պահպանել հին տպագիր գրքերում կամ ձեռագրերում տարածված ներքոբերյալ համառոտագրություն-գրանշանները (պատվի նշան, երեք կցագրեր և մեկ գաղափարագիր)։ 









Ինչպես գործածել այլագրերը

(Linux) Ctrl Shift U և այլագիր

(Windows) այլագիր և Alt X 

(Macintosh) Option և այլագիր

ԿԱՐԵՎՈՐ։ Ստեղնաշարի դասավորվածքը պիտի լինի անգլերենինը։


Ինչպես մուտքագրել պատիվով և վերոնշյալ մյուս գրանշաններով տեքստեր

09/09/2021

Անգլերենից արևելահայերեն տառադարձություն

Այս նյութում եղած ընդարձակ աղյուսակների պատճառով այն այստեղ դնում ենք որպես PDF նիշք, որը կարող եք թե դիտել, թե ներբեռնել։



 

18/12/2020

Վերին արդարություն

 Վերջերս վերին կամ աստվածային արդարության մասին ես շատ կարևոր բան սովորեցի թռչուններից ու կատուներից։ Սովորեցի, որ վերին արդարություն գոյություն չունի։ Որ եթե կա Աստված կամ մի գերագույն զորություն, նա բոլորովին այլ կերպ է մտածում և այլ կերպ գործում։ Նա անարդար է ըստ մեր չափանիշների, ուստի նրանից արդարություն ակնկալելը միամտություն է։ Նա չի պատժում անարդարություն գործած ազգերին, ինչը մենք շարունակ ակնկալում ենք ու սրա վերաբերյալ հույսեր փայփայում։ 

Ես սենյակիս պատուհանագոգին միշտ կեր եմ դնում թռչունների համար։ Մինչև պատերազմի սկիզբը հիմնականում ճնճղուկներ ու մեծ երաշտահավեր էին ամեն օր օգտվում կերամանից․ հատկապես ճնճղուկներն էին շատ։ Տատրակներ երբեք չէին գալիս։ Բայց պատերազմի հենց սկզբում հայտնվեցին փոքր տատրակներ, որոնք առ այսօր ամեն օր օգտվում են կերամանից, հաճախ նույնիսկ մինչև տասը տատրակ, իսկ ճնճղուկները տատրակների հայտնվելուն պես հեռացան այնպես, որ ընդհանրապես չեն գալիս։ Մեծ երաշտահավերն ինչպես նախկինում, հիմա էլ են գալիս, բայց կերամանի տարածքի հիմնական տերերը փոքր տատրակներն են։ Ես տխրել եմ ճնճղուկներիս համար։ Տատրակները շատ սիրուն են, իհարկե, ես նրանց շատ եմ սիրում, բայց ճնճղուկներս ավելի համովիկ էին, անվերջ ծլվլում էին, աղմկում և ուրախությունս էին։ Պատերազմի օրերին մտածում էի՝ հետաքրքիր կլինի, եթե պատերազմը վերջանա, ու տատրակներն ինչպես եկել էին պատերազմի սկզբում, այդպես էլ հեռանան, իսկ քշված ու իրենց նախկին տարածքից զրկված ճնճղուկներս վերադառնան։ Բայց չէ՛, ճնճղուկներս չեն գալիս, տատրակները գրավել են այս տարածքն ու չեն ուզում նրանից զրկվել։ 

Ու հանկարծ մի օր մտածեցի, որ ես անշուշտ չեմ կարող տատրակներին չսիրել, որ քշել են ճնճղուկներին ու գրավել նրանց տարածքը։ Ու չեմ կարող պատժել տատրակներին դրա համար։ Ես սիրում եմ տատրակներին և ամեն օր շարունակում եմ կերակրել նրանց։



Մեր տարածքում կան նաև կատուներ, որոնց կերակրում եմ, ու նրանք մեր պատշգամբում են գիշերում ու ցերեկը հանգստանում։ Շատ են, տուն չեմ առնում՝ մեկից բացի, որն ամենատարիքովն է։ Ու այդ տարիքովը մի օր հարձակվեց մի ավելի երիտասարդ արուի վրա մեր պատշգամբում ու համարյա գզեց ու քշեց պատշգամբից։ Երկու օր չերևաց երիտասարդ արուն։ Տխրել էի, որովհետև դրան էլ էի սիրում, նաև շատ բարկացել էի ավելի տարեց կատվի վրա։ Նույնիսկ մի օր չկերակրեցի նրան՝ որպես պատիժ։ Բայց հետո տեսա, որ չեմ կարող բարկանալ, ախր լավն է ։) Էլի սիրում եմ, ինքն էլ քսմսվում է ոտքերիս, գալիս պառկում անկողնուս։ Ի՞նչ անեմ, ո՞նց պատժեմ։ Չէ՛, չեմ պատժում, կերակրում եմ ու սիրում։

Ահա թե ինչ սովորեցրին ինձ կենդանիները վերին կամ աստվածային արդարության մասին։ Սովորեցրին, որ ինչքան էլ մի ազգ անարդար ու անբարո լինի, որ սեփականացնի մի ուրիշ ազգի տարածքը, մի ուրիշ ազգի «գզի» ու վտարի նրան նրա տարածքից, Աստված կամ վերին ինչ-որ ուժ կամ բնության համընդհանուր օրենքը, որ վերաբերում է անխտիր բոլոր արարածներին, ներառյալ մարդկանց, շարունակելու է հոգալ ու «սիրել» անարդարություն գործածին, ուրիշի տարածքը խլածին։ Այդ պատճառով էլ ինչքան էլ մենք ակնկալենք, հուսանք, մաղթենք՝ հույսը դնելով վերին արդարության վրա, որ մեր հանդեպ անիրավություն ու անարդարություն գործած ազգերն Աստծուց կպատժվեն մի օր, կկործանվեն, Բաքուն կվառվի, արդարությունը կվերականգնվի, դա տեղի չի ունենա, ինչպես որ տեղի չի ունեցել մինչև այսօր։ Մենք ենք, որ կորցրել ենք ու շարունակում ենք կորցնել, իսկ մեր հայրենիքն ու մեր ժողովրդի միլիոնավոր զավակների կյանքը խլածները շարունակում են բարգավաճել ու հանգիստ ապրել,  շատանալ ու աշխարհը գրավել։ 

Արդարությունը կարող է վերականգնվել միայն մի՛ դեպքում։ Եթե հանկարծ ճնճղուկները քաջություն ձեռք բերեն, չվախենան տատրակներից ու հարձակվեն սրանց վրա ու քշեն իրենց նախկին տարածքից՝ նորից տիրանալով դրան։ Բայց դա ե՛ս չեմ անելու, հասկանո՞ւմ եք։ Դուք էլ չէիք անի։ Ես տատրակներին երբեք չեմ քշի, ինչքան էլ որ ճնճղուկների համար տխրած լինեմ։ Ահա այսպիսի «վերին» արդարություն։

09/12/2020

Հայհոյանք


Տեսեք, թե 1924-ին ինչ են գրել «Մաճկալ» լրագրում մեր սովորություններից մեկի մասին։



«.... Հայհոյանքը տարածված է մեր բոլոր գյուղերում, գյուղացիների մեջ։ Հայհոյում են և ծեր մարդիկ ու կնիկներ, և ջահել աղջիկներ ու տղերք։

Գյուղերում երեխան առաջին խոսքը, որ սովորում է, դա հայհոյանքն է։

Երեխաների լեզուն բացվում է հայհոյանքով, ու այդպես էլ մեծանում են։

Դեռ 3-4 տարեկան երեխաները իրար հետ խոսելիս պիտի հայհոյեն։

Նոր, մի դեռ չլսած, ճարպիկ հայհոյանք տալը մեր մի շարք գյուղերում, մանավանդ երիտասարդների՝ հոտաղ բատրակների մեջ խելոքության նշան է։

Հասակավոր մարդիկ նույնպես երկու խոսք առանց հայհոյանքի չեն կարող ասել։

Հայհոյանքներից ծագում է առնում մեծ կռիվներ, տուր ու դմբոց, քիթ ու պռունկ ջարդել և այլն։

Կռիվը տարածվում է շատ անգամ ամբողջ գյուղում և գյուղը բաժանում երկու թայֆաների, որը շատ վնասակար է։ Եթե խմած էլ եղած են, բանը պրծավ։

Ժամանակ է, որ մեր գյուղացիները վերջ տան այդ կեղտոտ սովորությանը։ Կոմսոմոլը մեծ գործ պիտի կատարել այս հարցում։ Նա պետք է օրինակ դառնա մյուսներին։

Այս ուղղությամբ օրինակելի որոշում է արել Դվինի գյուղգործկոմը։

Նա որոշել է վերջ տալ հայհոյանքին և նրանք, որոնք կհայհոյեն, նրանց ենթարկել տուգանքի — շտրաֆի 3-ական փութ ցորեն, հօգուտ գյուղի խրճիթ ընթերցարանի և ակումբի»։



«Մաճկալ», 1924/10

Հեղինակը (Յե.՞, լավ չի երևում) հավանաբար Եղիա Չուբարն է՝ թերթի գլխավոր խմբագիրը։




25/09/2020

Մաքրուհի ու մայրապետ

 
«Մաքրուհի»-ն ու «մայրապետ»-ը կրոնական եզրեր են։ Առաջինը նշանակում է մաքուր, սրբուհի և ոչ թե մաքրող (մաքուր + ուհի → մաքրուհի, հմմտ․ սուրբ + ուհի → սրբուհի, գեղեցիկ + ուհի → գեղեցկուհի), իսկ երկրորդը՝ միանձնուհի, կին կրոնավոր և ոչ թե սանիտար։

Լավ չէ, որ այս բառերը տարածվել են ո՛չ իրենց ոլորտում և ո՛չ ճիշտ իմաստով։ Ի՞նչ էր պատահել «հավաքարար»-ին, որ չգիտեմ ով և ինչու մեջտեղ գցեց «մաքրուհի» տգետ ու անպատշաճ կազմությունը, եթե այն գործածվում է հավաքարարի համար։

Մայրապետն էլ, բացի նրանից, որ նշանակում է կրոնավորուհի, երբեմն գործածվել է միայն բարձր աստիճան ունեցող կրոնավորուհու համար և ոչ թե շարքային վանական քրոջ։ Օրինակ՝ մայրապետներ էին կոստանդնուպոլսեցի հանրահայտ Սրբուհի մայրապետ Գալֆայանը, որ հիմնեց Գալֆայան որբանոցը, թիֆլիսեցի Հռիփսիմե մայրապետ Թայրյանցը, որ նվիրել է Էջմիածնի Մայր տաճարի կենտրոնական դուռը և մահվանից հետո թաղվել Սբ Գայանե վանքի բակում։ Այս կանայք ամուսնացած չէին, հագնում էին սև շորեր, վզից կախված ունեին խաչ, ապրում էին հատուկ միաբանություններում։ Դե հիմա հասկացեք, թե որքան անպատշաճ է «մայրապետ» կոչել այսօր հիվանդանոցներում աշխատող սանիտարներին։ Նույն տրամաբանությամբ, ուրեմն, տղամարդ սանիտարներին էլ պետք էր «վարդապետ» կոչել։


Նկարը վերցրել եմ այստեղից։



Սրբուհի մայրապետի նկարն էլ վերցրել եմ այստեղից։ Հղումով եթե գնաք, կտեսնեք ավելի շատ մայրապետների նկարներ։





04/03/2020

Feedback՝ հետադարձ կա՞պ

Անգլ. feedback-ը հայերեն կարող է թարգմանվել թե՛ «հետադարձ կապ», թե՛ «արձագանք, կարծիք» ևն։ Բայց շատերը, չհասկանալով, որ այս թարգմանությունները տարբեր իմաստների և կիրառությունների համար են, կարծիք, արձագանք, մեկնաբանություն նշանակող feedback-ը նույնպես «հետադարձ կապ» են թարգմանում, որն արդեն շատ տարածված սխալ է։ Հետադարձ կապը «հաստատո՛ւմ» ենք. օրինակ՝ կայքերում՝ հետադարձ կապի համար տրված տվյալների միջոցով. այս դեպքում «հետադարձ կապ» թարգմանությունը ճիշտ է։ Իսկ մյուս իմաստով feedback-ը, որն ամենից շատ է գործածվում, «կապ» չէ, այլ որևէ բանի վերաբերյալ կարծիք, արձագանք, մեկնաբանություն։ Եթե մենք ակնկալում ենք ինչ-որ մեկի  feedback-ը մեր ասածին կամ արածին, մենք ակնկալում ենք նրա արձագանքը կամ կարծիքը, ոչ թե ինչ-որ կապ։ Ուստի այս իմաստով  feedback-ի ամենահարմար հայերեն համարժեքը «արձագանք»-ն է (ինչպես և հիմնականում թարգմանում է նաև, օրինակ, Մայքրոսոֆթը)։ Մենք նախկինում էլ ենք այս feedback-ի իմաստով գործածել «արձագանք»-ը, այսինքն՝ սա այս իմաստով նոր բառ չէ (օրինակ՝ «Նրա հրապարակումը բացասական արձագանքներ ստացավ». «Սպասում ենք ձեր արձագանք(ներ)ին»)։ Այս «արձագանք»-ը, ինչպես այս օրինակներից տեսնում եք, հենց feedback-ն է։

Որոշ բառերի անհարկի կամ սխալ կիրառություններ մոլախոտի պես տարածվելու հատկություն ունեն և շարունակ լսվելու պատճառով սկսում են իբրև ճիշտ ու գրագետ ընկալվել (ինչպես, օրինակ, «հավաքագրել»-ը, «ի շնորհիվ»-ը և այլն), իսկ իսկապես ճիշտ ու գրագետ ձևերը չկիրառվելու հետևանքով խորթանում են, բայց դրանից, միևնույն է, սխալն ու անգրագետը ճիշտ ու գրագետ չեն դառնում։


19/12/2019

Սպասե՞լ, թե սպասՎել


ՍպասՎում են անակնկալներ։
ՍպասՎում է հաճելի եղանակ։

ԲԱՅՑ՝

Մեզ սպասում են անակնկալներ։
Ձեզ սպասում է հաճելի եղանակ։


Երբ նշում ենք, թե ՈՒՄ է սպասում ինչ-որ բան, ապա այդ ինչ-որ բանը սպասո՛ւմ է ինչ-որ մեկին, չի՛ սպասվում ինչ-որ մեկին։

Ա-ն սպասում է Բ-ին։ (Ոչ թե Ա-ն սպասՎում է Բ-ին)։

Հետևաբար՝

Բ-ին սպասում է Ա-ն։ (Բառերի դասավորության փոփոխությունից բայի ձևը չի փոխվում)։

12/08/2019

Քննադատությունը քաղաքացիական պարտականություն է

Մեր մեջ տարատեսակ շատ վախեր կան, կարելի է ասել՝ մարդը վախերի կծիկ է նաև։ Վախն ընդհանրապես բնական երևույթ է, պաշտպանիչ։ Բոլոր կենդանի արարածներն էլ ունեն վախի զգացում։ Դարձյալ վախն է պատճառը, որ մարդիկ կա՛մ լռում են ի տես անարդարության, խաբեության ու անօրինության, կա՛մ փորձում լռեցնել սրանց մասին բարձրաձայնողներին, կա՛մ քծնում վախի առարկային։ Որովհետև վախենում են կա՛մ պատժից, կա՛մ ինչ-որ բան կորցնելուց, կա՛մ չստանալուց այն, ինչի ակնկալիքն ունեն։ Գիտակցաբար թե ենթագիտակցաբար։ Ես այս մարդկանց հասկանում եմ, բայց նրանց շրջապատում ինձ լավ չեմ զգում։ Լավ եմ զգում անվախների և ոչ անտարբերների հետ։ Որովհետև միայն ոչ անտարբերն է, որ չի կարողանում լռել, երբ անարդարություն ու չարիք է տեսնում։ Իսկ ինչ վերաբերում է պետական այրերին ու նրանց գործերը քննադատելուն և ոչ թե պարզապես միայն վատ երևույթները՝ ընդհանրաբար, ապա այսպիսի քննադատությունը ոչ միայն պախարակելի երևույթ չէ, եթե իսկապես ցանկանում ենք զարգացած ժողովրդավարական երկիր կառուցել, այլև ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է։ Կուզեի, որ եղեռն, օտարների լուծ ու խորհրդային տարիներ տեսած հայ ժողովուրդը հնարավորինս ավելի ու ավելի ձերբազատվեր իր վախերից և, այո՛, քննադատեր նրանց, ում ընտրում է և կարգում ծառայության։ Մենք թագավոր ու իշխաններ չենք ընտրում, մենք ընտրում ենք ծառայողներ, որոնք հաշվետու են հանրությանը՝ իրենց ընտրողներին, և ապրում են վերջիններիս հարկերի հաշվին։ Մեր ժողովրդի մի ստվար զանգված դեռ սա չի հասկացել, ցավոք, և կառավարական ու պետական ծառայողներին վերաբերվում է իբրև տերերի ու իշխանների։ Այս իսկ պատճառով «իշխանություններ» եզրն էլ է սխալ՝ անցյալի կարգերից մնացած ժառանգություն, որը չի համապատասխանում այն հասարակարգին, որին այսօր ձգտում են Հայաստանը և բոլոր քաղաքակիրթ երկրները։ Այս բառը պարզապես գործածում ենք հարմարության համար ու սովորության համաձայն։ Չքննադատվող, անվերջ հսկողության տակ չպահվող, ուստի զգոնությունը կորցնող «իշխանությունները» երկիրը դարձնում են միապետական, բռնապետական կամ ավազակապետական։ Մեզնից ոչ ոք, կարծում եմ, չի երազում ապրել Հյուսիսային Կորեայի պես մի երկրում։

1999 թվականի փետրվարին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի The Tech պարբերականում մեկը քննադատում է այդ նույն համալսարանի պրոֆեսոր, հայտնի լեզվաբան ու փիլիսոփա Նոամ Չոմսկուն Ամերիկայի կառավարությանը շարունակ սուր քննադատելու համար և ասում, թե թող Չոմսկին միայն իր ոլորտով՝ լեզվաբանությամբ զբաղվի և ոչ թե քաղաքականության մեջ քիթը խոթի՝ թքելով իրեն աշխատավարձ տվող պետության երեսին։ Ի պաշտպանություն Չոմսկու՝ նույն պարբերականի 1999 թ. մարտի 5-ի համարում տպագրվում են հոդվածներ, որոնցից մեկը՝ երիտասարդ գիտնական Ջուլիա Շտայնբերգերի փոքրիկ հոդվածը, վերնագրված է «Քննադատությունը քաղաքացիական պարտականություն է»։ Հեղինակը մասնավորապես գրում է, որ քննադատությունը ժողովրդավարական երկրի քաղաքացու իրավունքներից մեկն է, և որ ոչ մի ժողովրդավարական երկիր չի կարողանա զերծ մնալ կոռուպցիայից, եթե նրա քաղաքացիները քննադատաբար չվերաբերվեն իրենց կառավարությանը և չբարձրաձայնեն իրենց մտահոգությունների մասին։

Այնպես որ, սիրելի «լռակյա՛ց» հայեր ։), եթե չեք ցանկանում ապրել միապետական հասարակարգում, վերադառնալ ստալինյան կարգերին կամ խայտառակվել իբրև մի նոր Հյուսիսային Կորեա, ավելին՝ եթե չեք ցանկանում, որ տգետ կառավարիչների պատճառով ավերվի ու կործանվի մեր հայրենիքը, իսկ մեր ժողովուրդը հերթական անգամ զրկվի սեփական պետություն ունենալու բախտավորությունից (ցավոք, այս վտանգը միշտ էլ կա), անտարբեր մի՛ եղեք ձեր վախերի պատճառով, մի՛ լռեք կամ գոնե լռելու դեպքում մի՛ փորձեք քննադատողներին լռեցնել։ Սա այն դեպքն է, երբ դուք սխալ եք, իսկ խոսողները՝ ճիշտ ։)




09/07/2019

Հովհ. Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի (Երևան, 1988-1999) 9-10-րդ հատորների բովանդակությունը

Այստեղ էլ մեկտեղել ենք 9-10-րդ հատորների բովանդակությունը՝ նամակների որոնումը հեշտացնելու համար։ Հղումները տանում են «Վիքիդարանի» կայք։ Ներքևի ցուցակում տրված են միայն տարեթվերի առաջին էջերի հղումները։ Անհրաժեշտ էջը գտնել «Վիքիդարանի» բացված էջի աջակողմյան սյան Go to page հարմարանքի միջոցով։

Վրիպակներ գտնելու դեպքում տեղեկացրե՛ք, խնդրում ենք։

1-8-րդ հատորների ցանկը տեսնել այստեղ։

IX և X հատորների նամակների հասցեատերերի այբբենական ուղեցույց ․ ․ ․ . 747


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՏՈՐՆԵՐԻ

* Թումանյան Հովհաննես, Հատոր իններորդ. Նամակներ. 1885-1904, Երևան, 1997

* Թումանյան Հովհաննես, Հատոր տասներորդ. Նամակներ. 1905-1922, Երևան, 1999 

Հովհ. Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի (Երևան, 1988-1999) 1-8-րդ հատորների ցանկերը՝ հղումներով

Հղումները տանում են «Վիքիդարանում» տեղադրված տեսածրված համապատասխան հատորների տիտղոսաթերթեր։ Հատորի անհրաժեշտ էջը գտնել աջակողմյան սյան Go to page հարմարանքի միջոցով։

Ներքոբերյալ տեքստը վերցվել է նույն կայքից, պարզապես բոլոր էջերի նյութը մեկտեղվել է նույն էջում՝ որոնումը հեշտացնելու համար։ Հնարավորինս սրբագրել ենք (քանի որ գրանշանների օպտիկական ճանաչման հետևանքով կային բազմաթիվ վրիպակներ), սակայն, վստահ ենք, էլի կլինեն վրիպակներ։ Եթե գտնեք, տեղեկացրե՛ք, խնդրում ենք։

9-10-րդ հատորների բովանդակության ցանկը կարող եք տեսնել այստեղ։

◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1988
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 2. Քառյակներ, բալլադներ, թարգմանություններ, Երևան, 1990
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 3. Պոեմներ, Երևան, 1989. կամ այստեղ
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 4. Պոեմներ, Երևան, 1991. կամ այստեղ
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 5. Գեղարվեստական արձակ, Երևան, 1994
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 6. Քննադատություն և հրապարակախոսություն 1887-1912, Երևան, 1994
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 7. Քննադատություն և հրապարակախոսություն 1913-1922, Երևան, 1995
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 8. Ուսումնասիրություններ, օրագրեր և այլ նյութեր, Երևան, 1999
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 9. Նամակներ. 1885-1904, Երևան, 1997
◈ Երկերի լիակատար ժողովածու, հտ. 10. Նամակներ. 1905-1922, Երևան, 1999

30/06/2019

Որտեղի՞ց ճարենք ստուպիդոմետր

Պատահե՞լ է, որ կարդացել եք մեկի ըստ ձեզ տխմար, անտրամաբանական գրվածքը, որը շատ տրամաբանական ու խելացի է թվում ուրիշ շատերի, և զարմացել մարդկային ապուշության վրա։ Կամ նկատե՞լ եք, թե ինչպես է ապուշը մի ուրիշին ապուշ համարում, և անհանգստացել Երկիր մոլորակի ապագայի համար։ Պիտի խոստովանեմ, որ երբեմն մտքումս ինչ-որ մարդկանց «ապուշ» եմ կոչում։ Օրինակ՝ կարդում եմ մեկի գրած տխմարությունը և մտքումս ասում. «Հարգելի՛ս, Դուք ապուշ եք»։ Միայն մտքումս եմ ասում և չեմ գրում կամ բարձրաձայնում, որովհետև եթե ինչ-որ մեկին ասեմ, որ նա ապուշ է, նա կհակադարձի. «Ապուշը դու ես», և ես կհայտնվեմ շատ ծանր իրավիճակում, որովհետև չեմ կարողանա իմ կարծած ապուշին ապացուցել, որ ապուշը ես չեմ, այլ ինքը։ Օրինակ՝ դուք կարո՞ղ եք ապացուցել, որ ապուշ չեք։ Գուցե ապո՞ւշ եք։ Հատկապես կարո՞ղ եք ապացուցել սա նրան, ում ապուշ եք կարծում։ Որովհետև նրա համար էլ գուցե ձեր իմաստուն ու տրամաբանված խոսքն է ապուշություն, և դուք՝ ապուշ։

Ա՛յ եթե լիներ մարդու ապուշությունը ստուգող ու չափող սարք՝ ստուպիդոմետր՝ ապուշաչափիչ, կարելի կլիներ դրանով չափել մարդու ապուշության աստիճանը, համեմատել մեկ այլ մարդու ապուշության աստիճանի հետ և որոշել, թե երկուսից ով է ավելի ապուշ։ Որովհետև սրտիս խորքում շատ լավ զգում եմ, որ զրո աստիճանի ապուշ դժվար թե գտնվի աշխարհում, ուստի մնում է միայն որոշել, թե ապուշության որ աստիճանը կարելի է անվտանգ համարել՝ «նորմայի մեջ», իսկ որ աստիճանից սկսած՝ անհանգստանալ։

— Հարգելի՛ս, Դուք ապուշ եք,– ասում եք։
— Ապուշը դու ես, մի՛ վիրավորիր։
— Ես չեմ վիրավորում, իրականությունն եմ մատնանշում։ Ասելով, որ Դուք ապուշ եք՝ նկատի ունեմ, որ ապուշության Ձեր աստիճանը նորմայից շատ բարձր է, ինչն էլ թույլ է տալիս Ձեզ «ապուշ» կոչել։ Իսկ իմ ապուշության աստիճանն այնքան ցածր է, որ ոչ մի չափորոշիչով ես չեմ կարող ապուշ համարվել։ Եթե Դուք դրան կասկածում եք, կարող ենք ստուպիդոմետրով ստուգել։

Բայց ստուպիդոմետր չկա։ Հետևաբար, ոչ միայն անիմաստ է ինչ-որ մեկին «ապուշ» կոչելը, այլև խիստ վտանգավոր ։)



«Կոմիտաս վարդապետ» անվան մեջ բոբո տեսնողներին

Ի պատասխան նրանց, ովքեր առաջարկում են «Կոմիտաս վարդապետ» անվան միջից հանել «վարդապետ»-ը՝ դրա մեջ անհարկի կրոնական երանգ կամ չգիտեմ ուրիշ էլ ինչ տեսնելով

Կոմիտասին իսկապես սիրող ու հարգող մարդը չի կարող սրբագրել այն անունը, որը ՆԱԽԸՆՏՐԵԼ է ինքը Կոմիտասը։ Կոմիտասի ամբողջական անունն է Տեր Կոմիտաս վարդապետ Սողոմոնյան. եթե աշխարհիկ անունն է պետք, ապա՝ Սողոմոն Սողոմոնյան։ Ուրեմն՝ քանի որ հոգևորականի ամբողջական անունը ներառում է թե՛ կրոնական կարգը, թե՛ ազգանունը, հստակ է, որ Կոմիտասի կենդանության օրոք հրատարակված նրա երկերում միայն «Կոմիտաս վարդապետ» գրելը՝ ազգանվան զեղչմամբ, գիտակից ընտրության արդյունք է։ Եթե նրա անունը գրեին ուրիշները, կգրեին Կոմիտաս վրդ. Սողոմոնյան՝ ազգանունն էլ հետը կնշեին, ինչպես միշտ անում են հոգևորականների անունները գրելիս։ Հետևաբար, Կոմիտասը հենց այդպես է ցանկացել, որ իրեն կոչեն՝ այդ երկու բառով։ Այդպես էլ ստորագրել է՝ Կոմիտաս վարդապետ։

Բացի դրանից, «Կոմիտաս» անունն առանց հավելյալ հստակեցման թերի է։ Նույնն է, թե ինչ-որ մեկին կոչես միայն Գևորգ, միայն Գրիգոր ևն։ Մենք ունենք նաև մեկ այլ նշանավոր Կոմիտաս՝ Է դարի Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսը, որը նույնպես նաև երաժիշտ է եղել և հեղինակել «Անձինք նուիրեալք» հայտնի շարականը։ Ուստի Կոմիտասը կարող է լինել նաև Աղցեցին, եթե չես հստակեցնում, թե որ Կոմիտասի մասին է խոսքը։

Համենայն դեպս կցում եմ երկու նկար՝ Կոմիտասի կենդանության օրոք հրատարակված նրա գրքերից տիտղոսաթերթեր, որ տեսնեք, թե ինչպես է նա ինքը ցանկացել ներկայանալ հանրությանը։ Խնդրում եմ, մարդու ընկալյալ անունը սրբագրել փորձելիս եթե չեք կարող այդ մարդու կարծիքը հարցնել, հետո նոր սրբագրել, այդ մարդու անունը ՀԱՆԳԻՍՏ թողեք և ավելի լուրջ ու օգտակար զբաղմունք գտեք։



28/06/2019

Երբ կասկածամտությունը լավ բան է


Համացանցը մի մեծ աշխարհ է, որում կարելի է գտնել համարյա ամեն տեղեկույթ, հետևաբար նաև ամեն տեսակ սուտ ու կեղծիք։ Ուստի տարածվող ապատեղեկատվությանն ու ստին ակամա մասնակից չդառնալու համար միշտ էլ ցանկալի է տեղեկույթը տարածելուց առաջ հետևել համացանցային զգուշության կանոններից մեկին՝ տեղեկույթը տարածելուց առաջ ճշտել դրա իսկությունը, եթե չեք տարածում հեղինակ ունեցող հոդված, որում տրված ցանկացած տեղեկության (ուրեմն նաև ստի) համար պատասխանատվություն կրում է հեղինակը։

Ճշտումներ կատարելիս շատ կարևոր է ուշադրություն դարձնել հրապարակված նյութում աղբյուրների առկայությանը։ Նշվա՞ծ են այս կամ այն տեղեկության աղբյուրները, աղբյուրներն իրակա՞ն են, վստահելի՞ են։ Եթե, օրինակ, որպես տեղեկության աղբյուր նշվում են անորոշ «գիտնականներ» («գիտնականները պարզել են, որ....», «ըստ գիտնականների՝ ....»), բայց ոչ մի գիտնականի ոչ անուն է նշված, ոչ էլ ներկայացվող տեղեկույթն ամփոփող գրավոր աշխատանքի կամ թեկուզ բանավոր խոսքի տվյալները՝ համապատասխան աղբյուրների հղումներով, կասկածե՛ք ձեր կարդացածին և տարածելուց առաջ ավելի երկար մտածեք՝ արժե՞ տարածել մի բան, որն ամենայն հավանականությամբ սուտ է։ Եթե մի տեղեկության աղբյուրները նշված չեն, որովհետև այն հանրահայտ է, ապա դուք հեշտությամբ կգտնեք դրա մասին տվյալներ, օրինակ, «Վիքիպեդիայում»։ Իսկ այլ դեպքերում պարտադիր ուշադրություն դարձրեք աղբյուրների (տպագիր թե առցանց) և դրանց վստահելի հղումների առկայությանը։

Այսպես նաև համացանցում տարածվում են հայտնի մարդկանց վերագրվող բազմաթիվ իմաստուն կամ գեղեցիկ խոսքեր, որոնք իրականում այլ ծագում ունեն, այսինքն՝ չեն պատկանում նշված հեղինակներին։ Ուստի երբ որևէ հանրահայտ ու մեծանուն մարդու իմաստուն կամ գեղեցիկ խոսք եք հայտնաբերում, տարածելուց առաջ փորձեք ստուգել համացանցի առավել հարուստ հատվածում՝ անգլիալեզու էջերում, թե արդյո՞ք այդ մարդն իրոք ասել կամ գրել է նման բան։ Սովորաբար այսպիսի կեղծիքը շատ հեշտությամբ է բացահայտվում։ Օրինակ՝ «Գուգլի» որոնման տողում գրեք այսպիսի մի բան. «Did Shakespeare/Hitler/Einstein say/write "...."», և որոնման արդյունքներից պարզ կդառնա՝ ձեր գտած խոսքի հեղինակը նշված անձն է, թե ոչ, որովհետև եթե գործ ունեք տարածված խոսքի հետ, վստահաբար այլք ևս ձեզնից առաջ ցանկացել են պարզել դրա իրական հեղինակին և պարզել են։

Կասեք՝ եթե լավ խոսք է, ի՞նչ կարևոր է, թե այն ով է ասել. կարևորը ասելիքն է և ոչ թե դրա հեղինակը։ Համաձայն եմ, ուստի է՛լ ավելի կարևոր է դառնում այդ լավ խոսքը տարածելիս կեղծիքին ակամա չմասնակցելը, այսինքն՝ խոսքը տարածել առանց կեղծ հեղինակի հիշատակման։ Կեղծիքը գիտակցորեն թույլ տված անձը դա արել է՝ քաջ հասկանալով, որ այդ խոսքը, եթե պատկանում է մի անհայտ անձնավորության, չի ունենա նույն արժեքը և չի տարածվի նույն ջանասիրությամբ, ինչ մեծանուն մարդկանց անունով տարածվողը։ Եվ հենց այդ պատճառով էլ նա սեփական խոսքը կամ մեկ այլ աղբյուրից վերցվածը տարածել է մի մեծանուն անհատի անունով։ Թեև կարծես թե որևէ բարոյական վնաս չի հասցնում այն մարդը, որ սխալ հեղինակով խոսք է տարածում, սակայն պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ նա հայտնվի դրախտում կամ, ամենայն հավանականությամբ, դժոխքում, և նրան պատահի, օրինակ, Շեքսպիրը և ասի. «Ո՛վ դու, ինչո՞ւ էիր իմ անունով տարածում մի բան, որը ոչ միայն չեմ ասել կամ գրել, այլև մտածել ու գրել եմ բոլորովին հակառակը։ Իմ համոզմունքին հակառակ միտք ինձ վերագրելը ծայրագույն անպատկառություն է։ Շեյթա՛ն և Բուբու, ավելացրե՛ք սրա կրակի ջերմաստիճանն ու ծծմբի խտությունը»։ Բա՞։

Այդպես նաև սուտ պատմություններ են հորինվում մեծանուն մարդկանց մասին՝ ինչ-որ բան քարոզելու համար։ Օրինակ՝ հավատացյալները Ալբերտ Այնշտայնի մասին մի կեղծ պատմություն են տարածում, որում ուսանող Այնշտայնն իբր ապացուցում է Աստծո գոյությունն իր դասախոսի հետ բանավեճում։ Սակայն մի փոքր հետազոտություն համացանցում, և պարզ է դառնում, որ այս պատմության նախնական տարբերակում ոչ մի Այնշտայն էլ չի եղել, այլ մի անանուն ուսանող, և հանրահայտ գիտնականի անունը պատմության մեջ հայտնվել է ավելի ուշ՝ այս հորինվածքին ավելի մեծ արժեք տալու համար («տեսե՛ք, անգամ Այնշտայնն է հավատացել Աստծուն և ապացուցել նրա գոյությունը»)։ Բացի դրանից, Այնշտայնի վերաբերյալ ոչ մի վավերական աղբյուրում նման պատմություն չկա։ Եվ միայն զարմանալ կարելի է, որ այս կեղծիքը գիտակցորեն կատարած մարդիկ՝ Աստծուն հավատացողները, կարծում են, թե Աստված իրենց այս ստի կարիքն ունի։

Այս երևույթը նոր բան չէ մարդկային մտքի պատմության մեջ։ Մարդիկ բոլոր ժամանակներում էլ, իրենց ցանկալի գաղափարներն առավել արժեքավոր ու ընդունելի դարձնելու և այսպիսով առավել հեշտությամբ տարածելու համար, դիմել են մարդկանց շրջանում հեղինակություն ունեցող անձանց անունների օգնությանը։ Իրենք ինչ-որ բան են գրել և, հասկանալով, որ այն միգուցե ոչ մեկին չհետաքրքրի՝ իրենց անվան անհայտ լինելու պատճառով, տարածել են իրենց գրվածքը, ասենք, սուրբ Ֆլանի անունով։ Կամ վերցրել են մի մերժված անձի (օրինակ՝ հերետիկոսի) երկ ու հեղինակին փոխարինել սբ Ֆլանով, որպեսզի կարողանան տարածել ինչ-որ ուսմունքի հիմնավորման համար իրենց անհրաժեշտ երկը։ Այդպես են ստեղծվել ու տարածվել, օրինակ, ավանդաբար առաջին դարի աթենացի եպիսկոպոս համարված Դիոնիսիոս Արիսպագացու անունով հայտնի և քրիստոնեական ուսմունքի ձևավորման մեջ շատ կարևոր դեր խաղացած երկերը, որոնց իրական հեղինակը, սակայն, ապրել է 5-6-րդ դարերում, և գիտնականները մինչ օրս զանազան տեսակետներ են հայտնում այն մասին, թե ով կարող էր լինել նա։

Գիտնականները, երբ ուսումնասիրում են այս կամ այն հին կամ միջնադարյան հեղինակի երկերը, միշտ բախվում են այս խնդրին և ստիպված են լեզվական ու բովանդակային վերլուծություններով տարբերել կեղծ գրվածքներն իսկականներից։

Իհարկե, միշտ չէ, որ հեղինակային կեղծ վերագրումները կատարվում են դիտավորյալ։ Երբեմն կարող ենք գործ ունենալ նաև շփոթմունքի կամ վատ հիշողության հետ, երբ, օրինակ, նույնանուն մի հեղինակ շփոթվում է մեկ ուրիշի հետ կամ հեղինակի անունը փոխվում է մարդկային վատ հիշողության պատճառով։

Այսօր, սակայն, այսպիսի շփոթմունքները կարող են արդարացվել միայն բանավոր խոսքում, երբ չունես որևէ բան ասելուց առաջ այն ճշտելու հնարավորություն, մինչդեռ գրավոր արտադրանք տալիս դրա հեղինակը պարտավոր է ճշտել իր տեղեկությունները, դրանց աղբյուրներն ու իրական հեղինակներին։

Զարմանալի է, որ թե՛ միտումնավոր ապակողմնորոշելու և չարիք հասցնելու, թե՛ իրենց պատկերացրած ճշմարտությունն ու բարին ուրիշներին հասցնելու համար մարդիկ երբեք չեն խորշել միևնույն զենքի՝ ստի գործածությունից։ «Նպատակն արդարացնում է միջոցնե՞րը» (ի դեպ, այս հանրահայտ խոսքը նույնպես հաճախ սխալմամբ վերագրվում է ո՛չ իր իրական հեղինակին)։



16/06/2019

Ձախողել և հաջողել



Երբ մարդն անհաջողության է մատնվում, ձախողում է, երբ հաջողություն է ունենում, հաջողում է։ Այս իմաստներով գործածում ենք չեզոք սեռի «ձախողել» և «հաջողել» բայերը՝ առանց «վ»-ի։

Մարդը կարող է նաև ձախողել կամ հաջողել գործը, ծրագիրը, փորձը ևն։ Այս դեպքում գործածում ենք ներգործական սեռի «ձախողել» և «հաջողել» բայերը ուղիղ խնդրի հետ։

Հետևաբար, ձախողՎում կամ հաջողՎում են գործը, ծրագիրը, փորձը ևն, բայց ո՛չ մարդը։