28/04/2014

Գրաբարյան առցանց Աստվածաշունչ և համաբարբառ՝ զուգադիր անգլերեն Աստվածաշնչով հանդերձ


Armenian E-Bible: Classical Armenian - English Concordance
https://bible.armeniancathedral.org/

Վերոբերյալ հղմամբ գնալու դեպքում կօգտվեք գրաբարյան Աստվածաշնչի էլեկտրոնային համաբարբառից։ Հիանալի էլեկտրոնային գործիք է։
Համաբարբառը, ցուցադրման ու որոնման համակարգը ստեղծվել են «Առակ-29» բարեգործական հիմնադրամի (Երևան) լեզվաբանների և համակարգչային ծրագրավորողների խմբի կողմից (Թովմաս Սամուելյանի գլխավորությամբ)։

Առակ-29-ի կայքի հասցեն է՝ https://www.arak29.org։

Համաբարբառից օգտվելու համար ընտրեք անհրաժեշտ տառը։
























Իսկ եթե սեղմեք Table of Contents-ի վրա և ապա ընտրեք Աստվածաշնչի որևէ գրքի որևէ գլուխ, կտեսնեք այդ գլուխը գրաբարով և զուգադիր անգլերեն տարբերակով։






















25/04/2014

«Աշխարհացույցի» հեղինակը

Դարեր շարունակ «Աշխարհացույցը» համարվել է Մովսես Խորենացու գործը, սակայն  խորհրդային շրջանում այս գործը վերագրեցին 7-րդ դարում ապրած Անանիա Շիրակացուն, աշխարհաբար թարգմանությամբ հրատարակեցին դարձյալ Շիրակացու անունով և նրա ժողովածուում։ Այսպիսի վերագրման հիմնական պատճառն այն էր, որ «Աշխարհացույցում» կան տվյալներ, որոնք վերաբերում են ոչ թե 5-րդ դարին, այլ 7-րդ։ Դրանք, սակայն, «Աշխարհացույցի»՝ 7-րդ դարում կատարված խմբագրության հետևանք են, ինչպես ցույց է տալիս երջանկահիշատակ պատմաբան Բաբկեն Հարությունյանը դեռևս 1997 թ.-ին, այսինքն՝ 17 տարի առաջ, հրատարակած մի խիստ կարևոր ուսումնասիրության մեջ՝ «Աշխարհացոյցը» եւ չորս Հայքերի խնդիրը» (Երեւան, 1997)։ Այստեղ նա համոզիչ կերպով ապացուցում է, որ այս երկն իրոք գրվել է 5-րդ դարում և պատկանում է Մովսես Խորենացուն,  ինչպես և նշվում է մեզ հասած ձեռագրերում։

24/04/2014

Հատված «Շվեյցարական գյուղ»-ից

Ավետիս Ահարոնյանի «Շվեյցարական գյուղ»-ից (1913 թ.)։ Վերահրատարակությունը՝ շուտով մեր կողմից։ Էլ. գրքի տեսքով կարող եք բեռնել մեր կայքից։


Ես երբեք չեմ կարող մոռանալ մի դեպք, որին ականատես եղա շվեյցարական գյուղում և որ խորապես հուզեց ինձ։ Ամրան սկզբին հեռավոր գյուղում հարմար պանսիոն փնտռելով՝ կանգ առա մի գյուղացու տան առաջ։ Տանտիկինը, որից տեղեկություններ էի խնդրում, հետաքրքրվեց իմ ազգությամբ. ես մի փոքր շփոթված մնացի՝ հաստատ համոզված, որ այս գեղջկուհին այս խուլ լեռներում հայ անունը լսած չպիտի լինի, և հետևապես հարկավոր է երկար-բարակ բացատրել, թե ի՞նչ ասել է հայ․ սա մի հանգամանք էր, որ շատ էլ չէր շոյում իմ ազգային հպարտությունը։
- Հայ եմ,– ասացի վարանոտ եղանակով։
- Ի՞նչ եք ասում, հա՞յ եք, հա՞յ. խե՜ղճ հայեր, դժբա՜խտ ժողովուրդ, սուլթանը ձեզ ինչպես կոտորեց, ախ Տե՛ր Աստված, դու ինչո՞ւ թույլ տվիր, խե՜ղճ հայեր...

Ոչ ժամանակակից հայ հեղինակների գործերի հրատարակության հարցեր

Երբևէ հանդիպե՞լ եք Թումանյանի, Շիրվանզադեի, Րաֆֆու և այլ հայ հեղինակների լեզվում առկա ուղղագրական «վրիպակների», օրինակ՝ բառում ինչ-որ տառի բացթողման, և տարակուսել, թե ինչի հետ գործ ունեք՝ իսկապես վրիպակի՞, թե հեղինակների ապրած շրջանի հայերենի առանձնահատկությունների։ Իսկապես, միշտ չէ, որ հնարավոր է սա հասկանալ, հատկապես եթե լեզվաբան չես, այլ սովորական ընթերցող, որ ապրում ես 21-րդ դարում և խոսում-գրում մի հայերենով, որը տարբերվում է հայ դասական գրողների մեծ մասի լեզվից։ Եվ, ի վերջո, վրիպակների հետ էլ կարող ենք գործ ունենալ, եթե սրբագրիչն ինչ-որ բան չի նկատել։ Եվ պատկերացրեք, որ վրիպակի դեպքում, կարծելով, թե հեղինակի կիրառած բառաձևի հետ գործ ունենք, գործը կամ նրա մեզ հուզող հատվածը վերարտադրելիս վրիպակը շարունակ կրկնենք։ Կամ էլ, ընդհակառակն, կարծելով, թե վրիպակի հետ գործ ունենք, հեղինակի լեզուն «սրբագրենք»։

Երկու օգտակար ֆայերֆոքսյան հավելված բնագրասերների համար

«Բնագրասեր» բառով ի նկատի ունենք նրանց, ովքեր ոչ միայն կարդալ են սիրում, այլև կարդացածը նշումներով նկարազարդել կամ բնագրի պարունակությունը չափել։

Ահա այսպիսիների համար հարմար հավելվածներ (add-ons) են Firefox զննարկիչում Wired Marker-ը` կայքէջերի բնագրերում գունանշումների համար*, և Word Count Tool-ը՝ ընդգծված բնագրի բառերի և նիշերի քանակն իմանալու։ Տեղակայե՛ք, վայելե՛ք։

Ահա՛ դրանց տեղակայման համար անհրաժեշտ հղումները՝

https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/wired-marker/

https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/word-count-tool/?src=ss

Վերջին հավելվածը կա նաև Google Chrome-ի համար՝
https://chrome.google.com/webstore/search/word%20count%20tool

* Առանձին գրավոր նշումների համար հարմար է ֆայերֆոքսյան հետևյալ նշատետր հավելվածը՝ QuickFox (https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/quickfox-notes/

14/04/2014

FocusWriter ծրագիրը՝ արդեն նաև հայերեն

Սա մի պարզ տեքստային խմբագրիչ է, որն արդեն կարելի է գործածել նաև հայերեն (հայերենացումը կատարվել է մեր կողմից)։ Այն կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ http://gottcode.org/focuswriter/

Ծրագիրը հայերենով գործածելու համար պարզապես պետք է մկնիկով շարժվել դեպի պատուհանի վերևում գտնվող ընտրացանկը և Settings-ի Application language-ում ընտրել հայերենը, ապա ծրագիրը փակել, նորից բացել։ Վե՛րջ։ Այդուհետ ամեն ինչ հայերեն կտեսնեք։ 




09/03/2014

ԱՐԵՎԱԿԻ «թաքնված» հայերեն-անգլերեն բառարանը

«ԱՐԵՎԱԿ-ի (Արևելահայերենի ազգային կորպուսի կայքի) գրադարանը թաքնված հայերեն-անգլերեն բառարան է նաև։ Ինչպե՞ս։ Բացատրեմ։ Երբ ընտրում եք որևէ հայերեն բնագիր, օրինակ՝ Թումանյանի հեքիաթները, և էջը բացում, բնագրային սովորական շարվածք եք տեսնում, բայց բավական է՝ մկնիկով սեղմեք որևէ բառի վրա, որ տեսնեք այդ բառի անգլերեն թարգմանությունը՝ քերականական նշումներով հանդերձ։

Սա չափազանց հարմար կարող է լինել այն հայորդիների կամ հայերեն սովորողների համար, ովքեր անգլերեն գիտեն, իսկ հայերեն նոր են սովորում կամ ամեն հայերեն բառ չեն հասկանում, սակայն ցանկանում են հայերեն գրքեր ընթերցել։



Ինչպես գործածել «Նայիրիի» և այլ առցանց բառարանները GoldenDict ծրագրով

Առցանց բառարանները կարելի է գործածել նաև առանց այդ էջերը զննարկիչում այցելելու՝ գործածելով միայն GoldenDict-ը։ Դրա համար անհրաժեշտ է, որ այն կայքը, որը ցուցադրում է բառարանը, հասցեի տողն այնպես ցուցադրի, որ այնտեղ տեսանելի լինի փնտրվող բառը։ Ավելի մանրամասն բացատրենք «Նայիրիի» բառարանների միջոցով։

«Նայիրի» կայքի բառարանների էջերը հետևյալն են՝

«Նայիրիի» անգլերեն-արևմտահայերեն-անգլերեն և արևմտահայերեն-ֆրանսերեն-արևմտահայերեն բառարանները

«Նայիրիի» հայերեն բառարանները

Այդ կայքում առկա բառարանների ցանկը ժամանակ առ ժամանակ թարմացվում-համալրվում է նոր միավորներով։ Այնպես որ հարկ է միշտ ստուգել վերոբերյալ երկրորդ հղմամբ էջը։ Բոլոր բառարաններն իրենց հղումներով և մեր պատրաստած հատուկ դասավորությամբ նաև ներկայացրել ենք այս էջում։

07/03/2014

GoldenDict. իսկապես ոսկյա բառարան





Այս բառարանային ծրագիրն ունի համակարգչային երեք օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Անդրոիդի համար տարբերակներ։ Ձրի է և, որ ամենակարևորն է, կարող է ներընդունել այլ էլեկտրոնային բառարանների ձևաչափերով պատրաստված բառարաններ (Babylon .BGL, StarDict .ifo/.dict./.idx/.syn, Dictd .index/.dict(.dz), ABBYY Lingvo .dsl)։ Օրինակ՝ եթե գործածում եք Աբբիի Լինգվոյի բառարանները կամ ծանոթ եք դրանց, ապա կարող եք դրանք գործածել Գոլդենդիկտում, այլ բազմաթիվ բառարաններով, ինչպես նաև հանրագիտարաններով հանդերձ։ Բացի դրանից, Գոլդենդիկտը հնարավորություն է տալիս միանալու առցանց բառարանների, օրինակ՝ ՆԱՅԻՐԻ-ի հայերեն բառարաններին, Վիքիպեդիային և այլն։